Հա

Համայնք

26/05/2018

Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզի ամավերջի հանդէսը

Հինգշաբթի, 24 նայիս 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի ճոխ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 24 նայիս 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի ճոխ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նւիրւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցած հանդիսութեան ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան ներկայացուցիչներ՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը, Թաւրիզում գործող ազգային միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ,  կրթական մշակներ, ծնողներ ու հարազատներ:

Բացման խօսքով, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ատենապետուհի Անահիտ Յովսէփեան յատուկ շեշտադրումով նշեց սոյն հանդիսութեան Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման հարիւրամեակին ձօնւած լինելը, անդրադառնալով ներկայ Հայաստանի անկախութեան, «որը կանգնել է առաջին հանրապետութեան հիմքի վրայ», ասաց նա: Ապա, նա ամփոփ ներկայացրեց ամբողջ տարւան աշխատանքը, գնահատելով բոլոր նւիրեալներին, որոնք ջանք չխնայեցին հայ մատղաշ սերնդի կրթութեան գործին համար: Նա իր երախտագիտութիւնը յայտնեց նաեւ բոլոր այն անձանց, որոնք սատար հանդիսացել էին ընդհանրապէս  Հ.Օ.Մ.-ի աշխատանքներին եւ յատկապէս սոյն հանդիսութեան նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիսութեան գեղարւեստական բաժնի բացումը կատարելով, ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը յայտնեց որ երեխաները Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան հարիւրամեակի առիթով եւս երգեր են մատուցելու հանդիսականներին, ձեռնարկը ձօնելով սոյն պանծալի հարիւրամեակին: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց իր պաշտօնակիցներին՝ Անի Դիլանեանին, Կարէն Սարգիսեանին եւ Կարինէ Գրիգորեանին, որոնց հետ ամբողջ տարեշրջանի ընթացքում համագործակցաբար յառաջ էին տարել կրթական գործունէութիւնը:

Գեղարւեստական ծրագրի ընթացքում երգերով եւ արտասանութիւններով, կրթօջախի երեխաները ներկայացրին տարւայ ընթացքում իրենց սովորած դասերը, առաջնորդութեամբ իրենց ուսուցիչներին՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների եւ երգի ուսուցիչ՝ Կարէն Սարգիսեանի: Նրանք յատուկ ոգեւորութեամբ կատարեցին ազգասիրական ու հայրենասիրական երգեր, մանկական իրենց շրթներից օրհ-ներգ մատուցելով մեր պապերի հայրենիքին:

Հանդիսութեան երկրորդ բաժնում, պատշաճ հիւրասիրութիւնից յետոյ, երեխաները պարերով հանդէս եկան, եռագոյն փուչիկներով, ծաղիկներով եւ այլ բեմական յարդարանքով ներգրաւելով հանդիսականներին: Ե՛ւ զուգապարերի ընթացքում ե՛ւ խմբային պարերի ընթացքում երեխաները դրսեւորեցին բարձր ունակութիւն պարարւեստի նկատմամբ:

Օրւայ վիճակախաղի զոյգ կտրոնները շահեցին երկու փոքրիկներ՝ Էլինա Անտոնեանը եւ յաջորդ տարեշրջանի համար Մանկապարտէզի սան արձանագրւած՝ Անդրէ Վարդանեանը:

Ապա, նախ բեմ հրաւիրեցին առաջնորդ Սրբազանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, Հ.Օ.Մ.-ի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը, յանձնելու համար վկայականները: Այս տարի Նախակրթարանի բաժինը աւարտած երկու աշակերտներն էին Էրեբունի Մարգարեանը եւ Վարդան Գասպարեանը:

Նրանք աջահամբոյրով առաջնորդ Սրբազանին ձեռամբ ստացան իրենց վկայականները, իսկ մանկապարտէզի երեխաները իրենց տարեկան վկայագրերը ստա-ցան Թեմական խորհրդի ատենապետի եւ Հ.Օ.Մ.-ի ատենապետուհիի ձեռամբ: Նոյն առիթով բոլոր երեխաների համար Մարգօ Եդիգարեանի կողմից տրամադըրւած նւէրներ յանձնւեցին:

Աւարտին, ներկաներին իր պատգամը ուղղեց առաջնորդ Սրբազանը, որ բարձր գնահատեց ամբողջ տարւայ ընթացքում կատարւած մարդակերտման աշխատանքը, Հ.Օ.Մ.-ի յարկի տակ, նւիրեալ մէկ խումբ անձերի միջոցով, հովանաւորութեամբ վարչութեան. «Ոչ մէկ յարկ եկեղեցու տեղը չի լցնում քրիստոնեայ մարդու կեանքում, սակայն մեր հայրերը միշտ եկեղեցու հետ են համեմատել ընտանեկան եւ կրթական յարկերը: Ուստի մեզ համար հայ կրթօջախները մէկական եկեղեցիներ են, բառին լայն ըմբռնումով, որտեղ, նորափթիթ հոգիները մեր մատղաշ սերնդի, լցւում են աննիւթական արժէքներով», ասաց Սրբազանը: Նա բարձր գնահատեց Հ.Օ.Մ.-ի վարչութեան, ուսուցչական կազմին եւ նրանց օժանդակող բոլոր անձանց, ինչպէս նաեւ Թեմական խորհրդին, որ դժւարին պայմանների մէջ իսկ իր օժանդակութիւնը չի՛ զլանում թեմի կրթական առաքելութեան:

Գիշերւայ ուշ ժամին հանդիսականներ հեռացան սրահից, յիշատակելի օր անցկացրած լինելու յուշերը թանձրացնելով խօսուն բազմաթիւ լուսանկարներով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։