Հա

Համայնք

10/06/2018

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում

Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

«alikonline.ir» - Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

Երկուշաբթի, 4 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանը մեկնեց Ղարադաղ եւ եղաւ Նորաշէն եւ Յոյժ գիւղերում: Ստորեւ Սրբազան Հօր կատարած ուխտագնացութեան նկարագրականը՝ ի՛ր գրչով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

«Ինչպէս ուրիշ շատ երկրներում, կամ նոյնիսկ Իրանում ապրող հայերից ոմանց նման, ես էլ մինչեւ Ատրպատականում հոգեւոր ծառայութեան կոչւելս, չէի իմանում թէ որքա՜ն ընդարձակ տարածութիւն ունի այս թեմը, թէ ո՛րքան հեռու են իրարից Ատրպատականում նախապէս ապրած հայերի բնակավայրերը՝ գաւառները, քաղաքներն ու գիւղերը, եւ թէ ինչքա՜ն պատմութիւն կայ անթեղւած այս հողում:

Հեռաւոր բնակավայրեր այցի առաջին փորձառութիւնս էր եղել Տղմուտի հովիտը, 2015 թւին, որտեղ կառուցւած հսկայ եկեղեցիների շրջապատում դեռեւս երեւում էին գիւղական տների աւերակները: Մինչեւ այսօր ճանապարհ չունեցող սոյն գիւղերը, որտեղ միայն ոտքով կարելի է հասնել, եւ այն էլ մեծ դժւարութիւններով եւ երկա՜ր ժամեր քարերի վրայից քայլելով, կամ մէկ մետր բարձրութիւն ունեցող խոտերի միջից անցնելով, բնականաբար այդ օրերին էլ մեկուսացած էին, իրենց սեփական՝ խաշնարածի եւ վարուցանքի կեանքը տնօրինելով:

Ղարադաղը, կամ հայոց նախկին Փայտակարանը, այս առումով եղաւ իմ երկրորդ փորձառութիւնը, որը սակայն նախորդից աւելի դժւարահասանելի էր: Մինչեւ այսօր Ղարադաղի մեծ մասը սովորական ինքնաշարժի ճանապարհ չունի, իսկ եկեղեցիներէն ոմանք կառուցւած են ներկայ գիւղերից հեռու, խիտ ծառերով պատւած դժւարանցանելի անտառների մէջ, որոնք լեցուն են արջերով եւ այլազան գազաններով: Վստահաբար սոյն եկեղեցիների շուրջ էին գիւղերի տները նախապէս, այսինքն գիւղերը այդ եկեղեցիների շրջապատում էին գտնւում, սակայն նոր արօտավայրերի յարմարեցումով, կամ գիւղացիների բռնի տեղափոխութեամբ, մենակ էին թողնւել եկեղեցիները:

Ղարադաղը, Լեռնային Ղարաբաղի ճիշտ հարեւանութեամբ, Մայր Արաքսի աջ ափից անմիջապէս վեր խոյացող դարձեալ լեռնային խիստ բնութեամբ տարածաշրջան է, անմատչելի լեռներով ու խոր անդունդներով, որոնց լանջերին գտնւող հարթ տարածքների վրայ իրենց գիւղերը հիմնելով ապրել են մեր նախնիք, կառուցելով իրենց հաւատքի տաճարները եւ վարելով իրենց գեղջկական կեանքը:

Ղարադաղում ապրած հայերի կրած նեղութիւնների եւ անգութ խաների կողմից հարստահարւելու, եւ նրանց չհպատակելու դէմքում՝ տանջանքների ենթարկւելու մասին մեր ընթերցած բողոքի նամակները մեր Առաջնորդարանի դարաւոր արխիւատնում, սոսկում են պատճառել մեզ, բառի բովանդակ իմաստով: Անմարդկային վերաբերմունք ցուցաբերած խաների մէջ, 20 դարի սկզբին, իր դաժանութեամբ միւսներին գլել ու անցել է Հաջի Խանը, որի տմարդութիւնը եւ նենգութիւնը համեմատելի է ընդհանուր ազգաց պատմութեան ամէնից դաժան բռնատէրերի վարքի հետ:

Ինչպէս իմ բոլոր ուսումնասիրական ճամբորդութիւններիս, Ղարադաղ գնալու համար էլ, առաւօտեան, լոյսը բացւելուց շա՜տ առաջ ճանապարհւեցի մի քանի կամաւորների ընկերակցութեամբ: Մայր ճանապարհի հեզընթաց ասֆալթը շուտով սպառւեց, իր տեղը զիջելով հողաբաց քարքարոտ նեղ ճամբին, որտեղից ամենագնաց (4WD) մէկ մեքենայ կարող է անցնել դժւարութեամբ: Առատահոս անձրեւների պատճառած ցեխն էլ, իր հերթին, առաւել եւս դժւարացրել էր անցքը ջրալի նոր փոսերով ու խոր բացւածքներով, նոյնիսկ ամենագնացի շարժումը դանդաղեցնելով: Ճանապարհի մէկ կողմի լեռնալանջից թափւած հողն ու պոկւելով վայր ընկած պատահական ժայռաբեկորները, միւս կողմում երեւացող խոր անդունդը վախազդու լինելով հանդերձ, հաւասարակշռւում էին բնութեան կուսական գեղեցկութեամբ, երկրի վրայ դրախտային իսկական տեսարաններ պարզելով մեր աչքին: Անմերձենալի լեռների վրայ անգամ փռւած թարմ կանաչով մարգագետինները, որոնց վրայ ցանցառ շարւած աւելի մուգ կանաչ ծառերն ու թփերը, միայն Ադամ ու Եւայի բացակայութիւնն էին շեշտում, շրջապատւած դեռեւս բարի գազաններով:

 

Աղջաղալայ բերդում

Թաւրիզից Ղարադաղ տանող ճանապարհին մեր դիմաց պարզւած առաջին պատմական կոթողը եղաւ այն բերդը որը կոչւում է Աղջաղալայ, թուրքերէնից բառացի թարգմանութեամբ՝ Սպիտակ Բերդ: Հետաքրքիր է, որ դա կառուցւել է լեռնային սեւ քարերով, սակայն դրանք իրարու միացրած կրաշաղախը սպիտակ լինելով, հեռւից բերդը աւելի սպիտակ է երեւում, քան՝ սեւ: Ճիշտ դրա համար այն կոչւել է Աղջաղալայ:

Ամրոցների համար բնական անմատոյց բարձրութեան պայմանը լրացում է այս բերդը, գտնւելով բլրան կատարին, բարձրադէտ դիրքով: Պատմական ո՛չ մէկ տեղեկութիւն չկարողացանք գտնել սոյն բերդի կառուցման թւականի եւ այլ մանրամասնութիւնների մասին, սակայն աշտարակների կառուցման ձեւից ենթադրելով, այն վաղ միջնադարի կառոյց պիտի լինի, որի պարիսպները փուլ են եկել անցած դարերի ընթացքում: Հաւանաբար հայ Մելիքներից մէկին է պատկանել այն, որը ժամանակի ընթացքում աւերւել է յարձակումների եւ անտիրութեան հետեւանքով:

Աղջաղալան զբաղեցնում է բլրան գրեթէ ամբողջ կատարը, շուրջ 10 հազար քռ. մետր տարածք, հեռւից կիսակամար՝ աղեղաձեւ պատկեր ներկայացնելով: Նրա մուտքը հարաւակողմն է: Աղջաղալայից այսօր մնացել են միայն եօթ աշտարակներ, իւրաքանչիւրը շուրջ 20 մետր բարձրութեամբ, եւ պարսպի մէկ բեկոր, աւելի ցածր բարձրութեամբ: Բերդը հեռւից նշմարելի է իր 360 աստիճան շրջահայեաց դիտատեսարանով, եւ պատմում իր անցեալի փառքի մասին:

 

Նորաշէն գիւղում

Մեր ճանապարհը շարունակեցինք, հասնելու համար Նորաշէն, Ղարադաղի նախապէս ամէնից շատ հայութիւն ունեցած գիւղերից մէկը: Մառախլապատ դարձդարձիկ եւ լեռնային ճանապարհը եթէ սովորական ճանապարհի նմանւէր, Թաւրիզից Նորաշէն 105 կլմ. տարածութիւնը, դէպի հիւսիս-արեւմուտք, շատ աւելի կարճ տեւողութիւնում կարելի կը լինէր յաղթահարել: Սակայն, բաւական ցածր նստած եւ բոլոր ձորամէջերը լցրած ամպերը ճեղքել անցնելը, ինչպէս նաեւ ոլորապտոյտ ճանապարհները, ինքնին մեծ դժւարութիւն էին յառաջացնում անցորդների համար: Երբեմն ձորերից բարձրանալու ճանապարհին, երբ աւելի բարձր ես լինում նստած ամպից, սքանչելի տեսարաններ են պարզւում, «ամպի ծով»-ից դուրս եկած լեռների գագաթները կղզիի կամ թերակղզիի նմանւում են, անրջային պահեր պարգեւելով ճամբորդներին…:

Նորաշէն հազիւ հասած, գիւղի ներկայ երեք տներից մէկի բնակիչը դիմաւորեց մեզ, զարմանալով այդ ժամին հայ այցելուներիս ներկայութեան համար: Նախկին հայաբնակչութեան պատմութեան քիչ շատ ծանօթութիւն ունեցող մարդը ցոյց տւեց գիւղին շատ մօտիկ մէկ մատուռի աւերակները, ասելով, որ Նորաշէնի Սբ. Գէորգ եկեղեցին հեռւում՝ անտառների մէջում լինելով, հայեր այս մատուռն են օգտագործել իրենց առօրեայ հոգեւոր արարողութիւնների համար: Գիւղացու ասելով, մատուռը լեռնային անտաշ քարերով եւ կրաշաղախով ծեփւած շատ փոքր կառոյց էր եղել: Բարձր խոտերի մէջ հազիւ նշմարեցինք դրա աւերակները, որոնք թաղւել էին խենթաբար աճած մացառուտում: Գիւղը նաեւ ունեցել է գերեզմանատուն, որի քարերից միայն մի քանիսը երեւում էին հսկայ կաղնու շւաքի տակ, իսկ կանգուն երեք տները նախկին տէրերից՝ հայերից մնացած կառոյցներ էին, որոնք ներկայիս երեք ընտանիքներ զբաղեցրել են: Մեզ դիմաւորող գիւղացին ասաց, որ հայերը ամէն ինչ մեզ թողեցին եւ գնացին այստեղից:

Անմիջապէս ձեռնարկեցինք Նորաշէնի եկեղեցու մեր այցին, որը աւելի քան ուխտագնացութիւն էր լինելու…: Երկու ժամ ոտքով քայլելու էինք անտառախիտ լեռների միջով, անցնելով կածաններից, բարձրանալով յոգնեցուցիչ զառիվերներ, միաժամանակ, ծառերի խտութեան հետեւանքով հազիւ նշմարելի հեռուները զննելով, զգուշանալու համար վայրի կենդանիների հաւանական յարձակումներից: Արդէն իսկ արջեր իրենց նոր «այցետոմսը» թողել էին գետնի վրայ, իրենց ներկայութեան փաստը ցոյց տալով մեզ: Բարեբախտաբար մեզ ընկերակցող գիւղացին զինւած էր որսորդական հրացանով, որը անհրաժեշտութիւն է նման խիտ եւ անակնկալներով յղի անտառներում: Որոշ տեղերում կօշիկ, գուլպայ ու տաբատ թրջւում էին, առաւօտեան դեռ թարմ ցօղի պատճառով, որը վայրի բոյսերի ամանանման ծաղիկները եւ անսանձ աճած խոտերի ցօղունները լցրել էր «երկնային արցունք»ով: Տեղ-տեղ հանդիպած սառնորակ աղբիւրների ջրերը անյագ էին դարձնում մեզ, ո՛չ այնքան մեր գերյոգնածութեան հետեւանքով, ինչքան իրենց կախարդական համի պատճառով:

 

Սբ. Գէորգայ մենաստանում, կամ Հին Յոյժ գիւղում

Մեզ այնպէս էր թւում, որ շուտով հասնելու էինք Սբ. Գէորգ եկեղեցին, որը յետագայում կոչւել է «Սբ. Գէորգայ Մենաստան», սակայն թաց անտառի ցեխը, որը մեր կօշիկներին կպնելով մեր քայլերը ծանրացրել էր, աւելի տաժանելի դարձրեց ուխտագնացութիւնը:

Սուրբ Գէորգը եղել է Հին Յոյժ գիւղի եկեղեցին, այսինքն՝ վանքի կամ մենաստանի կարգավիճակ չի՛ ունեցել այն, այլ՝ յետագայում, գիւղի բռնի տեղափոխման հետեւանքով մենակ է մնացել, նմանւելով մենաստանի, որտեղ շատ անցուդարձ չեն ունեցել հայեր: Ինչպէս ակնարկեցի վերեւում, Ղարադաղում շատ կրկնւած դէպքեր էին գիւղերի տեղափոխութիւնները, երբեմն գաղթի պատճառով եւ երբեմն էլ խաների քմահաճ կարգադրութիւններով: Հայկական գիւղերից մի մասի հանգստութիւնը ապահովել են Թումանեան ականաւոր տոհմի մեծահարուստ եղբայրները, մենատէր խաներից գնելով 19 գիւղեր, որոնց շարքին նաեւ թուրքական գիւղեր, ազատելով հայ եւ տեղացի գիւղացիներին այդ ջիւաղների ձեռքից եւ շատ չնչին հարկեր դնելով իրենց հողերում գործող հայերի վրայ: Ատրապատականի քաջարի առաջնորդ հոգելոյս Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեանի, 1921 թւին, պարսկական կառավարութեան մօտ կատարած միջնորդութեամբ եւս հակակշռւում են խաների ոտնձգութիւնները հայկական գիւղերում, որովհետեւ նրանք 1918-ից սկսած արնաքամ էին արել Ղարադաղահայութեանը, ծանրագոյն տուրքերով, անխիղճ դատաստաններով եւ յաճախակի աւազակութիւններով:

Սբ. Գէորգի անմիջական շրջապատում գտնւած Հին Յոյժը, հայ Մելիքների դարաշրջանում նրանց սեփականութիւնն է եղել, մինչեւ Թաթարների կողմից աւերւելը: Եկեղեցին վերանորոգւել է այս արշաւանքից յետոյ, երբ յուժեցիները վերադարձել են նոյն տարածաշրջանը եւ կեանքը վերստին ծաղկեցրել: Ըստ աւանդութեան, Ղարադաղի բոլոր գիւղերը աւերելուց յետոյ, Արաքսի ափում բանակած Թաթարները, լեռներից հոսող եւ Արաքսի մէջ լցւող ջրերում դարմանի հետքեր նշմարելով, ջրի ուղղութեամբ բարձրացել են սարն ի վեր, եւ վերջապէս գտել լեռների ծերպում, անտառի խորքում թաքնւած եւ իրենց տեսողութիւնից վրիպած այս գիւղը, եւ բռնագրաւել դրա ցորենի ամբողջ պաշարը:

1800-ականների կէսերին յուժեցիները գաղթել են Ղարաբաղ: Ապա շուրջ 20 տարի յետոյ վերադարձել են Ղարադաղ: Փոխանակ վերանորոգելու իրենց տները, շուրջ 10 կլմ. հարաւ, յարմար արօտավայր գտնելով, հաստատւել են այնտեղ, մինչեւ որ Թաղի անունով խանը նրանց արօտավայրերին տիրանալու համար խրախուսում է տեղացի թուրքերին, նեղութիւններ տալով զզւեցնել յուժեցիներին: Վերջիններս չիմանալով իրենց գլխին եկած փորձանքներին, անասունների գողութիւն եւ այլ տեսակի յարձակումներ, դիմում են Թաղի խանին եւ պաշպանութիւն խնդրում: Նա էլ տեղափոխում է նրանց նախկին Յոյժի եւ այս Յոյժի մէջտեղում ընկած հողատարածքը, որտեղ նրանք նոր գիւղ են կառուցում, անունը դնելով Նորաշէն, իսկ Հին Յոյժի Սբ. Գէորգ եկեղեցին մնում է անտառի խորքում, ամբողջովին մենակ, զրկւելով իր ժողովրդի պաշտպանութիւնից:

Մեր հետազօտական արշաւի ընթացքում փաստեցինք Հին Յոյժի գիւղատեղի թաքուն լինելը, որովհետեւ ձորի բերանում յանկարծ յայտնւեց լերան լանջին յենած, եւ միայն իր տանիքով երեւացող Սբ. Գէորգ եկեղեցին: Այնքան յոգնած էինք սար ու ձոր քայլելուց, որ եկեղեցու յայտնւելը հանգստացրեց մեզ հոգեպէս:

Գեղածիծաղ կանաչների ծոցում գրկւած եկեղեցին նոյն վիճակում չէր մնացել, ինչպէս նկարագրել էին քառորդ դար առաջ այնտեղ այցելած ծանօթ հայեր: Թաւրիզում ապրող, ծագումով Նորաշէնցի վարպետ դերձակ Իշխան Յարութիւնեանը տարիներ առաջ դրա կտուրը թիթեղապատել էր տւել, պաշտպանելով այն բնութեան խստութիւնից: Թիթեղը անպէտ թաշկինակի նման այժմ ծռմռւել եւ շպրտւել էր կողքի ձորը: Եկեղեցու արտաքին կրաշաղախ ծեփը թափւել էր եւ լեռնային անտաշ քարերը ի յայտ էին եկել իրենց պարզ մերկութեամբ, իսկ երկու վայրի կաղնու ծառեր, տանիքի հողից աւիշ ծծելով, հարաւային պատի միջից բուսել էին եւ այնքան հաստացել, որ վտանգ էին սպառնում ամբողջ պատին:

Սբ. Գէորգը փոքր եկեղեցի է, երկթեք տանիքով միանաւ շէնք, ամբողջովին կառուցւած լեռնային անտաշ քարերով: Պատերի հաստութիւնը շուրջ մէկ մետր է: Ներքին տարածութիւնը 10x5 մետր, իսկ բարձրութիւնը՝ 5 մետր: Եկեղեցին ունի երկու լուսամուտ, 50x20 սմ., մէկը՝ խորանի յետեւում, խորհրդաւոր լուսաւորութեան համար, իսկ միւսը մուտքի դռան վերեւում, արեւմտեան պատի վրայ: Դռան բարձրութիւնը 120 սմ. է, իսկ մուտքի կամարի մասում մէկ մետրանոց հսկայ ժայռաբեկոր է յարմարեցւած, որը ծեփի թափւելուց յետոյ է ի յայտ եկել: Եկեղեցու հին լուսանկարների մէջ դա տեսանելի չէ՛:

Ի դէպ, այս եկեղեցու դռան մասին է այն աւանդութիւնը, որ երբ յուժեցիները հեռանում են գիւղից, մէկ մահմետական գալիս է եւ դրա փայտէ դուռը տեղից պոկելով, մէջքին բարձած ուզում է տանել եւ իր տանը յարմարացնել: Դժւարով հասնում է տուն եւ ուզում է թեթեւանալ իր բեռից: Սակայն, հրաշքով այն կպած է մնում իր մէջքին: Հարեւաններ ասում են, որ պէտք է մատաղ կտրի եւ դուռը վերադարձնի իր տեղը: Մէկ խոյ մորթում են, մատաղ անում եւ ապա մարդը տանում է դուռը եւ հազիւ եկեղեցու մօտ հասած, դուռը պոկւում է մէջքից…: Նա իր տեղն է ամրացնում դուռը: Պատմական դուռը գոյութիւն չունի այժմ, իսկ դրա փոխարէն դարձեալ Իշխան Յարութիւնեանը, Թաւրիզում պատրաստել տւած երկաթեայ գեղահիւս ճաղերով դուռ է զետեղել, որը տապալւել էր գետին:

Խորանի բեմը մէկ մետր բարձրութիւն ունի, երկու մետր խորութիւն եւ չորս մետր լայնք: Մասամբ պահպանւել են խորանի աջ ու ձախ կողմերի սկիհի եւ հաց ու գինու խորշերը, սակայն խորանը գոյութիւն չունի: Նոյնիսկ եթէ այն ուղղահայեաց եւ հորիզոնական զոյգ քարերով կազմւած նախնական խորան էր, փչացւել է եւ վերացւել: Մկրտարանի խորշի ցածի մասը՝ հիւսիսային պատի մէջում, խորանի զոյգ խորշերի ցածի մասերը եւ եկեղեցու յատակի մէկ մասը փորւել են գանձախոյզների աւերիչ ձեռքերով, քար ու կիրով լցնելով եկեղեցու յատակը: Տանիքը դեռեւս ապահով է, քարերով կազմւած իր միանաւ կամարով, առանց սիւների, ուղղակի հիւսիսային պատից հարաւային պատի վրայ նստած:

Եկեղեցին դրսից քառանկիւն է երեք կողմերով՝ արեւմտեան, հիւսիսային եւ հարաւային, բայց արեւելեան կողմը, ներսի կիսակամարի նման է, լեռնային կոպիտ քարերի կիսակլոր հիանալի հիւսւածքով, որը գրեթէ նմանւում է բերդերի անկիւններում կառուցւած աշտարակների արտաքին տեսքին:

Եկեղեցու արեւմտեան կողմը, ձորի սկզբում կայ երկյարկանի շէնքի աւերակ: Միայն կողքի պատերից ոմանք կիսափուլ վիճակում են, պատուհանների բացւածքների տեղերով: Մեզ առաջնորդող գիւղացու պատմածի համաձայն, ցածի մասը ախոռ իբրեւ օգտագործւել է, իսկ վերեւը՝ ուխտաւորների կացարան:

Եկեղեցու հարաւային կողմում, ձորի բերանում կան մի քանի տապանաքարեր, հայերէն արձանագրութեամբ, որոնք հոգեւորականների գերեզմանաքարեր են: Այս գիւղի՝ Հին Յոյժի գերեզմանատունը եկեղեցուց մէկ կլմ. հեռւում, ձորի զառիթափում է, որը մացառուտի մէջ կորւել է: Մեծ դժւարութեամբ հասնելով այստեղ, «Հոգւոց» մրմրջացինք մի քանի տասնեակ քարերի վրայ, որոնք անձրեւների պատճառաւ հասակ առած խոտերի արանքից նայում էին մեզ: Այստեղ եւս հասել էին գանձախոյզները, աջ ու ձախ շպրտելով գերեզմանաքարերը, որոնք անտաշ ժայռաբեկորներ են:

Վերադարձի ճանապարհը յուսահատեցուցիչ էր ոչ այնքան դժւարանցանելի լինելու, այլ՝ Սբ. Գէորգը իր մենութեան մէջ անյոյս թողնելու մեր ներքին զգացմունքի պատճառով…: Չէինք ուզում բաժանւել նրանից եւ նրան շրջապատող երազային բնութիւնից: Կա՞յ արդեօք աշխարհում բնական գեղեցկութիւն սրա նման, որը առանց պարտիզամշակութեան մարդկային ծրագրաւորման, աստւածային նախախնամական ծրագրով այսքան գեղեցիկ ու կատարեալ լինի…: Ծառերի բների հագած մամուռն անգամ թաւշեայ չքնաղ տեսք ունի, աւելի՛ շքեղ, քան՝ նորաձեւութեան մետաքսահիւս ոեւէ թանկարժէք բանւածք:

 

Նոր Յոյժ գիւղում

Սբ. Գէորգ հասնելու դժւարին ճանապարհը նորից անցնելով, վերադարձանք Նորաշէն, որտեղից երեք կլմ. հեռաւորութեան վրայ, դէպի հարաւ-արեւելք էր գտնւում նոր՝ երկրորդ Յոյժ գիւղը: Այստեղ հաստատւելուց յետոյ, յուժեցիները նոր եկեղեցի չեն կառուցել, այլ հաւանաբար Կիրակի օրերին եւ տօնական առիթներով այցելել են Սբ. Գէորգ, որը արդէն հարազատ հոգեւոր տուն էր իրենց համար, դարեր առաջ պապերի ձեռքով կառուցւած իրենց հաւատքի ծննդավայրը:

Նոր Յոյժ գիւղում հնութիւն չէր երեւում, մի քանի տներ կային, որոնք գիւղացիների վկայութեամբ հայերի տներ էին եղել: Մեր հարցին թէ դպրոց կա՞յ գիւղում, երեխաները պատասխանեցին, ասելով որ հինգ աշակերտ ունի տեղի դպրոցը եւ այդ հինգ աշակերտները իրենք են…:

Գիւղը գերեզմանատուն է ունեցել, որի քարերը վերացնելով շուրջ քսան տարի առաջ, գիւղացիք այն վերածել էին վարելահողի: Նրանք շատ պնդեցին հիւրասիրել մեզ, սակայն օրը մթնում էր եւ պէտք էր տեղ հասնել:

Հին ու Նոր Յոյժ գիւղերի եւ յուժեցիների վերջին կայանի՝ Նորաշէն գիւղի մեր այցը արդիւնաւորւեց հոգեկան այն բաւարարւածութեան զգացումով, որը անբացատրելի ապրումների ու յոյզերի առիթ է հանդիսանալու մեզ, մեր ամբողջ կեանքի տեւողութեան:

Կեանքը ապրւել է այստեղ մարդկանց կողմից եւ դեռ շարունակւելու է ապրւել, պատմութիւնը կերտւել է ու դեռ շարունակւելու է արձանագրւել, իսկ այն ինչ ինձ է վերապահւած իբրեւ բախտ, մեր հայրերի ոտահետքերով քայլելն ու նրանց թողած մասունքները գրի եւ լուսանկարի ճամբով շատ հաւանական կորստից փրկելն ու յաւերժացնելն է»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։