Հա

Համայնք

14/06/2018 - 09:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

«alikonline.ir» - Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

 

«Ինչպէս մեր բոլոր շրջագայութիւնների ընթացքում, սկզբից արդէն գիտակցում ենք, որ հեշտ ճանապարհորդութիւններ չեն սպասում մեզ, յատկապէս մեր թեմի ներկայ պայմաններում, յարմարաւէտ փոխադրամիջոցի չգոյութեամբ, աշխարհագրական հեռաւորութիւնները նկատի ունենալով եւ մանաւանդ լեռնային ճանապարհների նախնական վիճակում գտնւելու պատճառով:

Ղարադաղի հրաշագեղ բնութեան ծոցում դրախտային կեանքով ապրելու բոլոր պայմանները ունենալու հետ միասին, քաղաքական անապահովութիւնը հեռաւոր անցեալում՝ Թաթարական արշաւանքների ժամանակաշրջանում, կամ աւելի նոր՝ ժամանակակից պատմութեան սեւ օրերուն՝ Օսմանեան յարձակումների թիրախ լինելու դժբախտ տարիներին, վերոյիշեալ դրախտը մեր նախնիների համար վերածւել է հրաբորբ դժոխքի:

Ղարադաղում մեր երկրորդ շրջագայութեան երրորդ գիւղը հանդիսացաւ Խանագահը՝ հայութեամբ բնակւած ամէնից մեծ գիւղը, մինչեւ 20-րդ դարի կէսերին, որի ազդեցութիւնը մեծ էր նոյն գաւառակում գտնւող միւս գիւղերի վրայ, անւանի գիւղատէրերի առկայութեամբ եւ վարելահողերի ընդարձակութեամբ:

Առաջնորդարանի չափաբերական մատեանների փութանակի թերթատումը դարձեալ կը տայ այն փաստը, թէ Ղարադաղի գիւղերում ամէնից աւելի խորհրդակատարութիւնները տեղի են ունեցել Խանագահում: Զարմանալի է նաեւ, որ 19-րդ դարի աւարտից մինչեւ 20-րդ դարի սկզբնական տարիներին, Խանագահից առաջնորդարան եկած ամուսնալուծման դիմումնագրեր էլ կան…: Սոյն իրողութիւնը իր տխուր ծալքերի հետ միատեղ, կարո՞ղ ենք արդեօք նշան համարել արտաքին աշխարհից աւելի շատ լուր ունենալու, որտեղ յաճախակի երեւոյթի վերածւել սկսել էր ապահարզանը:

Ղարադաղի մէկ գիւղից միւսը մեր շրջագայութիւնը, նկատի ունենալով ճանապարհների չգոյութիւնը եւ տեղափոխւելու դժւարութիւնը, ապահովեցնում է մեզ, որ այդ թւերին շատ աւելի մեկուսացւած էին գիւղերը եւ շատ դժւար կարողանային յարաբերւել իրարու հետ հարեւան գիւղերի բնակիչները: Վստահաբար անտառների միջից անցուդարձի արահետներ բացել էին նրանք, սակայն դարձեալ մնայուն երթեւեկի ճանապարհներ չէին կարող լինել դրանք, մանաւանդ նկատի ունենալով Ղարադաղի վայրի բնութեան ծոցում մինչ այժմ ապրող գազաններն ու թունալից զեռունները:

Մենք օրւայ երկրորդ կէսին հասանք Խանագահ: Ծառախիտ լեռների փէշերին, նրանց լայնանիստ ծալքերի վրայ փռւած գիւղ է Խանագահը: Գիւղի գագաթին, թագի նման կանգուն է եկեղեցին, եւ նրա հովանու ներքոյ, մինչեւ ձորը, իրարու վրայ հանգչած են տները: Ամենագնաց (4WD) մեքենան հողաշէն, անհարթ եւ քարքարոտ ճանապարհից հազիւ կարողանում էր անցնել, իր բոլոր կարողականութիւնը հաւաքելով եւ ի գործ ածելով: Ի դէպ, Նորաշէն գիւղից Խանագահ եթէ անտառների միջով ոտքով անցնէինք՝ աւելի կարճ տեւողութեան ընթացքում կը հասնէինք, սակայն ինքնաշարժով գիւղ հասնելու դէպքում, ստիպողաբար այն պտտւելու է շրջակայ բոլոր լեռների կողերով, հետզհետէ իջնելու համար ձորը, ապա այնտեղից դարձեալ բարձրանալու եւ հասնելու համար Խանագահ եւ այս ճանապարհը Նորաշէնից 6 կլմ. է, դէպի հարաւ:

Գիւղի մուտքից առաջ, մինչեւ այսօր Թաւրիզում ապրող խանագահցիների յիշած աղբիւրն է, գլխաւոր աղբիւրը, որից հինգ մետր երկարութեամբ եւ մէկ մետր լայնքով ու կէս մետր խորութեամբ աւազան են սարքել խանագահցի նախկին հայ բնակիչները, իրենց կենդանիներին ջուր խմցնելու համար: Աւազանը մնացել է, միայն ցեմենդով վերանորոգւել եւ այսօր էլ ծառայում է միեւնոյն նպատակին: Նրա կողքին տեսանք խանագահցի թրքուհի, որը միանւանի կառքով տան լւացքը բերել էր եւ գետի ջրերում լւանում էր լաթերը:

Գիւղի մուտքի բարձունքի ճանապարհի ձախ կողմում, ձորի բերանի առաջին յարկի վրայ մեղուների փեթակներ էին շարւած խնամքով, առանձնատների շքեղ մէկ թաղամաս յիշեցնելով, որը շարունակութիւն է բնականաբար հայ խանագահցիների նախկին մեղւաբուծական ունակութեան: Շրջանը անտառային բոյսերով ու գունագեղ ծաղիկներով հարուստ է, որի նմաններին կարելի չէ՛ հանդիպել սովորական դաշտերում: Մեզ ընկերակցող որսորդ գիւղացին երբեմն ուշանում էր հասնել մեր քայլերին, մանիշակագոյն ծաղիկներ իրենց արմատից քաղելու պատճառով, որոնք նրա անւանումով «հինգմատանի» դեղաբոյսեր էին: Գիւղացու ասելով, այս ծաղիկը բուժիչ մեծ յատկութիւն ունի, որի համար շատ թանկ կը վճարեն բուսաբան դեղագործներ:

 

Խանագահի Սբ. Ստեփանոս եկեղեցին

Եկեղեցու ցից բարձունքը մագլցելիս, մեր առաջին մտածումը եղաւ այն, որ մեր նախնիք ինչպէ՞ս էին բարձրացել բլուրը մինչեւ եկեղեցի, երբ մենք մեր քառասուններում դժւարաւ էինք յաղթահարում խիստ զառիվերը: Գիւղի մուտքի առաջին աջ փողոցից դէպի վեր՝ ձախ ձեռքի վրայ կիսով չափ ճամբից բարձր, կիսով չափ ճանապարհից ցած երեւում է երկթեք տանիքով Սբ. Ստեփանոս եկեղեցին: Երկթեք տանիքը Ղարադաղում եկեղեցիների կառուցման համար տարածւած ճարտարապետական ոճ է եղել հաւանաբար: Չափերն էլ, գործածւած քարատեսակն էլ, կամարների ագուցման եղանակն էլ, գրեթէ յար եւ նման են իրարու: Եկեղեցու կառուցման թւականի մասին ո՛չ մէկ արձանագրութիւն ունենք, սակայն 17-րդ դարի կառոյց է լինելու այն, արտաքին տեսքով՝ ուղղանկիւն քառանկիւն:

Եկեղեցու դուռը փնտռելուց յոգնած, քիչ էր մնացել յուսահատւէինք, կարծելով որ գիւղացիներ ծեփել են այն: Սակայն իջնելով հարաւային ձորամէջը, այնտեղ աճած հսկայ թզենու լայն տերեւների տակից նշմարեցինք 120 սմ. հասակով դուռը, որը գրեթէ փակւել էր անցորդների դիմաց, ծառի բազմաճիւղ բնի անխնամ աճի հետեւանքով: Այն գտնւում է հարաւային պատի վերջաւորութեան: Դռան շրջանակաձեւ քարը եւ փայտէ մեխազարդ դուռը (60 մեծ մեխերով զարդարւած), աւելի մեծ՝ երկու մետր կամարի միջում են գտնւում եւ եկեղեցու շէնքից կէս մետր աւելի խոր են ընկած, ինքնին փոքր եւ մէկ հոգանոց գաւիթ ստեղծելով սրբավայրի մուտքում: Դռան վերեւ, պատից դուրս եկած մէկ մետրանոց գերան կայ, որի վրայ անցեալում զանգեր են ամրացւած եղել: Այլապէս, եկեղեցին մասնաւոր զանգակատուն չունի, առանձին գմբէթով կամ ջոկ աշտարակով: Դուռը մի քանի քարադիր աստիճաններ ունի մուտքին, սակայն թափւած հողն ու անտիրութեան մատնւած շրջափակում բուսած մացառները դժւարացնում են եկեղեցի մուտքը, բնական պարիսպ հանդիսանալով գանձախոյզների դիմաց, պաշտպանելով կառոյցը նրանց աւերիչ ձեռքերից ու… ոտքերից:

Սբ. Ստեփանոսը քարաշէն է, լեռնային անտաշ քարերով կերտւած եւ կրաշաղախով հիւսւած, երկթեք տանիքի ներքեւում միանաւ թաղով կապւած հիւսիսի եւ հարաւի պատերից, եւ հողով ամրացւած, դրա համար էլ խոտը իր կանաչ գորգը հանգիստ փռել է եկեղեցու կտուրում: Ներսից եւ դրսից կրաշաղախով է ծեփւած եղել եկեղեցին, սակայն տարիների ընթացքում որոշ տեղերում թափւել է ծեփը եւ քարերը ի յայտ են եկել իրենց բոլոր մանրամասնութիւններով: Տանիքի շուրջբոլորը դէպի դուրս ցցւած երիզային քարեր է ունեցել, որոնցից մի քանիսը մնացել են հիւսիս-արեւմտեան անկիւնում: Մնացածը կա՛մ անձրեւներն ու ձունն են թափել եւ կամ՝ գիւղացիներն են տարել իրենց օգտագործման համար:

12x5 մետր ներքին տարածութեամբ եւ 5 մետր բարձրութեամբ եկեղեցին ունի մէկ մետր հաստութեամբ պատեր եւ երեք լուսամուտներ, իւրաքանչիւրը 50x20 սմ. բացւածքով, մէկը խորանի յետեւի կիսակամարի վերեւում՝ բարձրադիր, երկրորդը հարաւային պատի յառաջամասում, իսկ երրորդը արեւմտեան պատում՝ երկուսն էլ նոյնպէս բարձրադիր: Լուսամուտները ներսից, ցածի մասից շեղակի կտրւածք ունեն, լոյսը դէպի ցած բերելու համար, իսկ դրսից կիսակամար թագեր ունեն, արեւային քարեղէն ժամացոյց յիշեցնող զարդագծերով քանդակւած:

Խորանի բեմը մէկ մետր բարձրութիւն ունի, հիւսիսային կողմում երկու աստիճանով, որոնք պոկւել են իրենց տեղից: Խորանը հին ոճով, մէկ ուղղահայեաց եւ մէկ հորիզոնական քարերով էր կերտւած, որոնք գետին են տապալւել եւ նրանց յատակը գանձախոյզները քանդել են, թանկարժէք իրեր գտնելու յոյսով: Եկեղեցու յատակն էլ ընդհանրապէս տեղ-տեղ քանդւել է, դարձեալ գանձախոյզների ձեռքով: Խորանի կիսակամարի աջ ու ձախ կողմերի տապանակները (պատի միջի խորշերը որոնց մէջ սկիհը, հացն ու գինին են պահւում), անվնաս չեն մնացել: Գանձախոյզները դրանց ցածի մասերը քանդել են, դարձեալ նոյն սին յոյսով: Նման վերաբերմունքի է ենթարկւել նաեւ մկրտարանը, որը գտնւում է եկեղեցու հիւսիսային պատի յառաջամասում, խորանի բեմին շատ մօտիկ: Դրա երեք մետր բարձր կամարը ունի պարզ խոյակներ, վերեւի մասի թռիչքը միացնող, իսկ ընդհանուր խորշը կէս մետր խորութիւն ունի պատի մէջ: Մկրտարանի հսկայ միակտոր քարը տապալւել է, տակից գանձ յայտնաբերելու նպատակով եւ գլխիվայր թողւել եկեղեցու յատակում:

Խանագահ գիւղի հայերով բնակւած ժամանակաշրջանում բազմամարդ լինելու մասին, վերեւում արդէն ակնարկեցինք: Դրա փաստերից մէկն այն է, որ անցեալում, եկեղեցու արեւմտեան պատի վրայ երկու մետր լայնքով եւ երկուք մետր բարձրութեամբ վերնատուն է կառուցւել ծառի անտաշ գերաններից, կազմելով մի պատշգամբ: Փաստօրէն գիւղի ժողովրդի համար շատ փոքր էր այս եկեղեցին, եւ հաւատացեալների մէկ մասը այնտեղ բարձրանալով հետեւում էր արարողութեան:

Եկեղեցու հիւսիսային պատից մինչեւ հարաւային պատ, խորանի բեմի մօտիկ, երեքուկէս մետր բարձրութեան վրայ կայ 15 սմ. հաստութեամբ գերան, որը հաւանաբար կանթեղների համար էր, բարձրից լուսաւորելու եկեղեցին: Սոյն գերանի տակ կանգնած, դէմքներս կործանւած խորանի վերեւի պատուհանից ցաթող լոյսին ուղղելով, աղօթեցինք առ Աստւած, մեր ձայն միացնելով գիւղի վերջին հոգեւոր հովւի՝ Տ. Եզնիկ քհնյ. Ոսկանեանցի ձայնին, որ երկա՜ր տարիներ ծառայել էր գիւղում եւ երգել ու ասել. «Թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա՛ եւ զերկրպագուս անւանդ քում՝ պահեա՛ ի խաղաղութեան…»: Վստահաբար մեր աղօթքն էլ միացաւ դարերի ընթացքում սոյն եկեղեցու պատերին կպած մոմերի մուրին, մեր այցի կնիքը Աստծու այս սրբարանի վրայ եւս դնելով:

 

Խանագահի «Ազիզեան-Մնացականեան» դպրոցի աւերակները

1898-ին Ատրպատականի առաջնորդ է ընտրւում Սահակ արք. Այւատեանը, եւ նրա հովւական ծառայութեան առաջին գործը նշանաւոր մէկ դէպք է լինում. նա բացումն է կատարում Խանագահ գիւղի հայոց դպրոցի, որտեղ շուրջ կէս դար իմացական լոյս ու կրթութիւն էր ջամբւելու հայ մատաղատի սերունդներին:

1879-ին, Թաւրիզում հիմնւած հայոց «Արամեան» դպրոցը եթէ մէկ կողմից ամբողջ Իրանում առաջին կանոնաւոր դպրոցն էր համարւել, միւս կողմից աղջկանց ուսման ու կրթութեան տրւած ուշադրութիւնը այս թեմում, քաղաքացիական զարգացման ու յառաջդիմութեան բացառիկ նշան էր: Դպրոցների կառուցման նոր շարժումը, որը Թաւրիզում 1896-ին «Թամարեան» դպրոցի բերդանման շէնքի շինութեամբ իր գագաթնակէտին էր հասել, բարի օրինակ էր հանդիսացել գաւառական շրջանակում, երբ ամէնից ընդարձակ գիւղում՝ Խանագահում, նոյն տարւայ գարնան հիմնադրւում է «Ազիզեան-Մնացականեան» դպրոցը, որի բացումը կատարւում է երկու տարի անց: Գիւղական դպրոցների առաջինն էր այս: Ի դէպ, յետագայում, Ղարադաղում մեծ անուն վաստակած առեւտրական Թումանեաններին շատ էին մեղադրելու ղարադաղցիք, ասելով թէ Թաւրիզում դպրոց սարքելու փոխարէն, իրենց գիւղերում դպրոցներ բացեն եւ գիւղերի երեխաներին լոյս ու կրթութիւն ջամբելու բարի նպատակը հետապնդեն:

Խանագահի դպրոցի բարերարներն են թաւրիզեցի տէր եւ տիկին Մնացական եւ Ազիզ Տէր-Յակովբեանց, որոնք մեծ նւիրատւութեամբ ստանձնում են հայաշատ Խանագահում երկսեռ դպրոց հիմնելու աշխատանքը: Նրանք անզաւակ էին, ուստի սոյն բարերարութեամբ, բազմաթիւ զաւակների հայր ու մայր են լինում, դպրոցում սովորող երեխէքին իրենց զաւակները համարելով:

Եկեղեցու հիւսիսակողմը այսօր երեւում են աւերակները այս դպրոցի, սպիտակ սրբատաշ քարեր, մայր դռան մուտքի կամար, որի կենտրոնական քարը, որտեղ արձանագրութիւն է լինում սովորաբար, պոկւել է եւ հեռացւել: Գոյութիւն ունի  արեւմտեան  պատը  լեռան  կողին, հիւսիսակողմը եւ հարաւակողմը մէկական դասարանի հիմքեր, իսկ արեւելակողմը ամբողջովին բաց, որտեղից հրաշալի երեւում են Խանագահ գիւղի դիմացի վարելահողերը աստիճան առ աստիճան փռւած մինչեւ ձորը:

Դպրոցի աւերակների մէջ, պատերի վրայի յուշաքարերից ո՛չ մէկը չկայ: Դասարանների արեւելեան բաժանմունքներից եւ միջանցքներից ոչինչ չի՛ մնացել: 1919 թւին Օսմանեան բանակը աւերում է դպրոցը, փլցնում կտուրը եւ դուռ ու պատուհան տանում իր հետ: Խանագահցի հայերը իրենց գիւղը վերադառնում են 1922-ի զինադադարից յետոյ եւ մասնակի վերանորոգումներ են կատարում դպրոցում, որը գործում է մինչեւ 1946-ի ներգաղթը, երբ վերջնականապէս լքելով իրենց պապենական գիւղը, խանագահցիները տեղափոխւում են Հայաստան: Հաւանաբար այսօրւայ նոր խանագահցիները՝ ներկայում այստեղ ապրող թուրք գիւղացիները, դպրոցի յղկւած մաքուր քարերը տարել են եւ իրենց տների շինութեան մէջ օգտագործել, վերացնելով հայերէն տառերով գրւած բոլոր արձանագրութիւնները:

 

Խանագահի հայոց գերեզմանատունը

Գիւղի գերեզմանատունը եկեղեցու շրջապատում է գտնւում: Եկեղեցու հիւսիսային մասում եղած նեղ արահետը լայնացւելով երեք մետր ճամբի է վերածւել, որի հետեւանքով մի շարք գերեզմանաքարեր քշւել են դէպի եկեղեցու հիւսիսային պատի տակ: Հարաւային եւ արեւելեան պատերի տակ եւս շիրմաքարերի հանդիպեցինք, որոնցից շատերը քանդակազարդ են եւ հայերէն արձանագրութիւն ունեն: Անարձանագիր քարերն էլ գէթ քանդակազարդ են եւ խորանասիւների բարձրաքանդակներով յագեցւած: Հոգեւորականների շիրմաքարերը մի քիչ տարբերւում են միւսներից, իրենց հասակով եւ խաչաքանդակներով, որոնք գտնւում են եկեղեցու արեւելեան կողմում, մացառների մէջ կորչած եւ մամռակալած:

Հների կողմից պատմւած այն մարմարեայ շիրմաքարը, որը եկեղեցու ներսում, մուտքի դռան աջ կողմում գետնի հաւասար էր թաղւած, մենք չտեսանք: Վստահաբար գանձախոյզների համար առաջնահերթութիւն էր եղել այս փայլուն քարի ներքեւը փորփրելն ու կրկտելը, մահացածի աճիւնների միջից մի բան գտնելու երեւակայութեամբ:

Երբ դուրս էինք գալիս գիւղից, անկնկալ այցելուներիս դիմելով, եկեղեցու հարեւան տան գիւղացի մարդը հարց տւեց.

- Մտե՞լ էք եկեղեցին. ամէն ինչ կարգի՞ն է այնտեղ…:

Բայց մենք շուտով մոռացանք նրա տւած անիմաստ հարցը, երբ մեր վերադարձի ճանապարհին բարձունքից դիտելով Մայր Արաքսը Ղարադաղի եւ Ղարաբաղի բաժանարար իբրեւ սահման, այլ մտորումների մէջ թաղւեցինք, մինչեւ որ առաւօտեան վաղ ժամերին հասանք Թաւրիզ, առաջնորդարան»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։