Հա

Համայնք

Չորեքշաբթի, 27 Յունիսի 2018 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղաղան գիւղում

Ղարադաղի գիւղերը յաճախ տեղափոխւել են, նոր անուններ կրելով, իսկ հին գիւղը կա՛մ բնակւել է օտարներով, եւ կամ՝ մնացել է աւերակ: Այսօր անուններ կան գիւղերի, պատմական գրքերում արձանագրւած, որոնց հետքն անգամ չի՛ մնացել: Երբեմն յիշւում են գիւղատեղեր, որտեղ ո՛չ միայն տների, այլեւ գիւղի եկեղեցու փլատակներն էլ չեն մնացել, հաւասարւելով հողին: 

«alikonline.ir» - Իր թեմի բոլոր հոգեւոր ու մշակութային ժառանգութեանց տեղագրութիւնը կատարելու առաքելութեան լծւած, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի պատմական նշանակութիւն ունեցող եւ նախապէս Վասպուրականի մաս կազմած գիւղերից՝ Աղաղան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուրբաթ, 15 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Աղաղան գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

«Ղարադաղի գիւղերը յաճախ տեղափոխւել են, նոր անուններ կրելով, իսկ հին գիւղը կա՛մ բնակւել է օտարներով, եւ կամ՝ մնացել է աւերակ: Այսօր անուններ կան գիւղերի, պատմական գրքերում արձանագրւած, որոնց հետքն անգամ չի՛ մնացել: Երբեմն յիշւում են գիւղատեղեր, որտեղ ո՛չ միայն տների, այլեւ գիւղի եկեղեցու փլատակներն էլ չեն մնացել, հաւասարւելով հողին: 20-րդ դարասկզբին նրանք որ գոյութիւն են ունեցել եւ ապա դատարկւել մինչեւ 1946 թւի ներգաղթը, եւ նոյնիսկ մինչեւ 1956 թւականը, մինչեւ այսօր գոյութիւն ունեն, ոմանք իբրեւ անմարդաբնակ գիւղատեղեր, աւերակի վերածւած եւ լքւած վիճակում, իսկ ոմանք էլ թուրքերով բնակւած:

Դեռեւս 19-րդ դարի երկրորդ կէսին, գրւել են յուշեր՝ Ղարադաղի աւերւած գիւղերից ոմանց մասին, նկարագրելով դրանց վայրերը, յիշելով քարակոյտերի վերածւած տները, եւ բացատրութիւն տալով յիշեալ գիւղերի գերեզմանոցների մասին, որոնց քարերը ձորերում եւ անանցանելի կիրճերում են մնացել: Սոյն գերեզմանատներից շատ հեռու չեն եղել նաեւ դրանց գիւղերը, որոնք ոչնչացել են:

Գիւղերի ոչնչացումը ունեցել է իր դրդապատճառները: Դրանց ոչնչացումը դժբախտաբար հայ գիւղացիների կամքով չի՛ եղել, այլ՝ այդ գիւղերի բնակչութեան իրենց հպատակեցրած խաների կողմից դրւած ծանր հարկերի եւ կամ յաճախակի յարձակումների պատճառով: Դրանց հետեւանքով, գիւղի ամբողջ բնակչութիւնը գաղթել է մօտակայ կամ հեռաւոր շրջաններ, իր ընտանիքի համար ապահով տեղ, իր անասունների համար յարմար արօտավայր եւ իր ապրուստի համար բարեբեր վարելահողեր գտնելու յոյսով:

Դէպի Ղարադաղ կատարած մեր այցելութիւնների դժւարիններից մէկն էր լինելու Աղաղան գիւղին տւած մեր այցը:

Աղաղանը Ղարադաղի հինգ գաւառակներից՝ Դըզմարի սահմաններում գտնւող փոքրիկ գիւղ է, գաւառի հիւսիս-արեւմտեան ծայրամասում, արեւակող ցից սարալանջի վրայ հիմնւած, բարձունքից սկսած մինչեւ ձորակ:

Հայկական գիւղ լինելուց առաջ, դա եղել է թուրքական՝ Քարւանսարա անունով գիւղը: Այնպէս ինչպէս հայեր երբեմն լքել են իրենց հաստատած գիւղերը եւ ինչ-ինչ պատճառներով հեռացել, նոյնպէս էլ՝ թուրքեր: Մի աւանդութիւն կայ Աղաղան գիւղի անւան առնչւած, որը ցոյց է տալիս, թէ «Աղաղան» անունը, գիւղի նախկին բնակիչներն են դրել եւ ապա գիւղը թողել ու հեռացել:

Պատահում է, որ մի օր գիւղից երկու երիտասարդներ դուրս են գալիս եւ չեն վերադառնում: Ի վերջոյ գիւղացիները ենթադրում են որ դրանք յօշոտւել են վայրի գազաններից: Յետոյ, գետի մօտ արեան հետքեր են տեսնում եւ հետեւելով դրանց, հասնում են աղբիւրին, որտեղ գտնում են երկու երիտասարդների դիակները: Մահացած երիտասարդներին թաղելուց յետոյ, «Ախրի ղան» (Թարգմ.՝ Վերջը՝ արիւն), ասելով, գաղթում են գիւղից սրտաբեկ, եւ ապա հայեր տիրանում են դրան ու զարգացնում: Այսպիսով, դրանց տւած «Ախրի ղան» կոչումը այս գիւղի, հետզհետէ վերածւել է «Աղաղան»-ի:

Թաւրիզից առաւօտեան վաղ ժամերին ճանապարհւելով հանդերձ, կէսօրւայ մօտ հասել էինք Աւան թրքական գիւղը: Լեռնային քարքարոտ ճանապարհներում չկան քարիւղ լցնելու կայաններ, եւ մեր մեքենային քարիւղի ամբարը արդէն սպառւում էր: Ուստի, ուղղակի խնդրեցինք աւանցի գիւղացիներից, որ մի քիչ քարիւղ ծախեն մեզ, որպէսզի կարողանայինք շարունակել մեր ճանապարհը դէպի Աղաղան: Դժւար ընդառաջեցին մեր խնդրանքին, հակառակ որ կրկնակի արժէք տալ խոստացանք նրանց:

Գիւղից ութսունամեայ մէկ թուրք ծերունուն համոզեցինք որ մեզ առաջնորդի դէպի Աղաղան: Ճանապարհի ընթացքում նա պատմում էր իր մանկութիւնից, երբ հայեր դեռեւս ապրում էին Ղարադաղում, եւ հայկական հարեւան գիւղերում ունէին լաւ ծանօթներ: Այն ատեն դեռ պատանի, բայց նա լաւ յիշում էր իր հօր ծանօթներին՝ Սուրիկին, Յակոբին, եւ ուրիշ հայերի:

 

Քիւռանդ գիւղի մօտ, հայկական հին գերեզմանոցը

Անհաշիւ ժամանակներից հայաթափւած է Քիւռանդի հարեւան հայկական գիւղը, որի հողային սահմանները ընդգրկում էին նաեւ Աղաղանի ներկայ հողատարածքը: Հայերից յետոյ ո՛չ ոք չի՛ բնակւել այնտեղ, եւ հաւանաբար այն քարակոյտերը որոնք այսօր երեւում են, պարզապէս հայերի տների աւերակներ են:

Քիւռանդը մաս է կազմում Դըզմար գաւառակի, դրա հողային սահմանի վերջին գիւղը հանդիսանալով: Հայկական գիւղի տեղը, Աղաղանի ճանապարհին, մեզ ցոյց տւեց մի հովիւ: Գիւղի տների պատերից երկու քար անգամ իրարու վրայ չէր մնացել, այլ՝ բոլորը տարտղնւել էին բլրալանջին: Ղարադաղցի նախկին ուսուցիչ Յովհաննէս Յովսէփեանը իր յուշերում արձանագրել է, որ այնտեղ կար մէկ «Սրբավայր, որը կիսաւեր շինութիւն էր՝ կառուցւած սրբատաշ քարից, պահպանւում էր միայն խորանը», որտեղ Զատկին ուխտի էին գնում Աղաղանի եւ Իւրկիւթի հայերը: Անշուշտ մեր այցի ժամանակ այս շինութիւնն էլ վաղուց կործանւել էր եւ վերացւել: Նոյնիսկ եթէ մարդկային ձեռքերը չլինէին դրա կործանման պատճառը, խիստ բնութիւնը, այդ բացատում, իր աւերը գործելու էր ուշ կամ շուտ:

Քիւռանդ գիւղի հարեւանութեամբ, հայկական այս աւերակ գիւղի բազմամարդ հայաբնակչութեան մասին համրօրէն վկայում է, շուրջ 6 հազար քռ. մետր գերեզմանոցը: Այն գտնւում է վերեւի լեռնանցքում, որտեղից գիւղական աւելի լայն ճանապարհ բացելու հետեւանքով, այն կիսւել է երկու մասի: Հազարաւոր հին շիրմաքարեր փռւել են այնտեղ վաղ ժամանակներից, որոնք անմշակ ժայռաբեկորներ են, տափակ, ողորկ եւ կլորաձեւ, առանց արձանագրութեան: Գանձախոյզների կատարած աւերիչ գործը այստեղ պատճառ հանդիսացաւ, որ մենք կարողանայինք ուսումնասիրել մեր նախնիների մեռել թաղելու եղանակը:

Գերեզմանափոսը բացելուց յետոյ, դրա չորս կողմի պատերին ուղղահայեաց յենել են 100x50 սմ. մեծութեամբ եւ 10-15 սմ. հաստութեամբ ժայռաբեկորներ, պնդացնելով պատերը: Ապա, պատանքւած ննջեցեալը փոսում զետեղելուց յետոյ, նոյն քարերից շարքով շարել են իբրեւ կափարիչ, դրանք հանգչեցնելով կողքում ուղղահայեաց դրւած քարերին: Սրանից յետոյ հողը լցրել են վրան եւ զետեղել տապանաքարը: Այսպիսով, հողի տակում քարաշէն մի սենեակ էր ստեղծւում, քարեղէն դագաղի նմանութեամբ:

Բացւած գերեզմաններից մէկը պարզ բացայայտում էր վերոյիշեալ թաղման եղանակը, որտեղից բան չգտնելով, գանձախոյզներ արեւի լոյսի տակ էին թողել հանգուցեալի աճիւնները, ու հեռացել անտէր վայրից: Մենք «Հոգւոց» մրմնջացինք այնտեղ թաղւած մեր բոլոր ննջեցեալ նախնիների հոգիների խաղաղութեան համար, իսկ տարտղնւած աճիւնները վերստին ծածկեցինք հողով:

 

Աղաղան գիւղը

Աւանից Աղաղան քարքարոտ տանջալից ճանապարհի ընթացքում, մեզ ընկերակցող ծերունին յայտնեց, որ Աղաղանը ներկայումս կանգուն է բայց անմարդաբնակ, եւ միայն մէկ թուրք մարդ ապրում է ամբողջ գիւղում: Աւերակ գիւղերի հանդիպել էինք, ինչպէս նաեւ ամբողջութեամբ անմարդաբնակ բայց դեռ կանգուն գիւղերի: Սակայն, ամբողջ գիւղին տիրացած մէկ հոգու՝ առաջին անգամ էինք հանդիպելու: 20-րդ դարասկզբին, գիւղը պատկանել է Հաջի Ռուստեմ Խանին, որը իր դաժանութեամբ յայտնի է, Ղարադաղի հայոց պատմութեան էջերում:

Աղաղանը Ղարադաղի բնական հարստութիւններով ամենից յայտնի շրջաններից է: Օտարերկրացիները երկու դար առաջ որոշ տեղերում հանքեր են փորել, սակայն պատերազմների եւ անապահով կացութիւնների բերումով դրանք փակւել են: Շրջանը հարուստ է արճիճի, պղնձի եւ երկաթի հանքերով, իսկ աւելի սակաւ՝ ոսկու եւ արծաթի: Ականատեսներ պատմել են, որ հանքավայրերում երբ օտարներ աշխատում էին, շերտաւոր, կամ հաստ մոմի նման գլանաձեւ նիւթեր էին դուրս գալիս: Ղարադաղցի հայերը լաւ դարբիններ լինելով, իրենց համար երկրարագործական խոփեր եւ այլ գործիքներ են սարքել, օգտւելով տեղի առատ երկաթի հումքից: Կանայք զբաղւել են շերամաբուծութեամբ, կարպետ եւ կտաւ հիւսելով: Այնքան առատ է շերամը այս շրջաններում, որ ծառերի տերեւների վրայ դրանց մնացորդացը կարելի է տեսնել այնքան յաճախականութեամբ:

Շուրջ երկու ժամ լեռնային տաժանելի ճամբորդութիւն կատարելուց յետոյ, ձախ կողմում, ձորի մէջ երեւաց թուրքական Աննըղ գիւղը, որտեղ գնալու ճանապարհի աջ կողմում, բաժանւում էր մէկ ուրիշ աւելի նեղ եւ շատ աւելի զառիվեր ճանապարհ, որը պարզ ցոյց էր տալիս, թէ այնտեղից երկար ժամանակ մարդ չէր անցել: Անձրեւների պատճառով քարեր էին պոկւել լեռներից եւ ընկել ճանապարհի մէջ, ջուրը խոր փոսեր էր բացել ճամբի մէկ ծայրից միւսը, դժւարացնելով մեր անցքը: Հետզհետէ աւելի պարզ էր դառնում, որ Աղաղանից այն կողմ տեղ չկար գնալու, իսկ Աղաղան էլ գնացող չկար, անմարդաբնակ լինելու պատճառով:

Ի դէպ, հարցրեցինք մեզ ընկերակցողին, որ եթէ հնարաւորութիւն կար, Աղաղան այցելելուց յետոյ, Աննըղից իջնէինք Արաքս, եւ այնտեղից շարունակէինք մեր ճանապարհը: Սակայն ի յայտ եկաւ, որ Աննըղից անդին դեռեւս ճանապարհ չէր բացւել, եւ միայն ոտքով կարելի էր կտրել այն, անշուշտ երկար ժամեր քայլելով, հասնելու համար Արաքսի ափը:

Մի քանի լեռների շուրջը պտտւելուց յետոյ, երեւացող վերջին լեռան ցից լանջին երեւաց Աղաղանը: Բաց եւ գոց կանաչների մի համանւագ էր դրան շրջապատող բնութիւնը: Հեռւից նայելով, տները իրարու վրայ աստիճանաբար կառուցւած սանդուղխքի պատկեր էին ներկայացնում:

Անտառախիտ բարձր լեռներում է ծւարած Աղաղանը: Հարաւի կողմից Սիլեան սարն է, արեւելեան կողմից՝ Թանդիր Գեադիկը, արեւմտեան՝ Պուպիզը, հիւսիսից՝ Մեծ ու Փոքր Դուլանները, եւ դեռ հարաւ-արեւմուտքից՝ Նիւզենդիլը:

Տների մեծ մասը կանգուն էին, իսկ ոմանք՝ կիսափուլ: Մեզ ընկերակցող աւանցի թուրքը ձայն տւեց գիւղում բնակւող միակ մարդուն, որը շուրջ 75 տարեկան էր: Նա հովւական մականը ձեռքին շուտով հասաւ մեզ մօտ: Այդքան ցից լեռնալանջի վրայ հաստատւած գիւղում, որտեղ վերեւ բարձրանալու կամ ցած իջնելու աստիճանային յարմարութիւն չկայ, մարդը յենւելով իր մականին, հանգիստ բարձրանում էր եւ իջնում, նոյնիսկ մեզնից էլ աւելի արագ շարժումներով:

Մեր հարցին, թէ ո՞վ է տւել քեզ այս գիւղը, նա պատասխանեց, թէ գիւղը դատարկ էր եւ ինք եկել է այստեղ, որոշ ժամանակ այս տնում է ապրում, յետոյ միւս, որը որ նախընտրէր: Մէկ տան մէջ շանն էր կապել, շուն՝ որը աւելի գայլի կատաղութիւն ունէր քան սովորական շան, եւ որը գիշերները բաց էր թողնում ապահովութեան համար, նկատի ունենալով վայրի բնութեան մէջ ապրող գազանները, եւ իր մենմենակութիւնը այդ հեռաւոր վայրում: Միւս տունը իր հաւանոցն էր սարքել, երրորդում այծերն էր լցրել, եւ այսպէս շարունակաբար, բոլոր՝ շուրջ 40 տներում գրեթէ մի բան ունէր: Տների դռներն ու պատուհանները, իր ասելով, հներն էին, շատ քիչ բան էր նորոգել: Տանիքներում կային ամառային պատուհաններ, որոնք «բաջա» են կոչւում:

Գիւղի ցածում, դիմացի լեռից երկու գետակներ իջնում են եւ նորաբաց նեղ ճանապարհը կտրելով մտնում ձորակի մէջ, որտեղ անցեալում զետեղւած է եղել աղաղանցի հայերի սարքած ջրաղացը: Աղաղանցիները Մեծ գետը կոչում էին «Մեծ գետ», իսկ փոքրը՝ «Կուճի գետ»: Մեզ ընկերակցող աւանցի ծերունին ջրաղացը լաւ յիշում էր, եւ ցոյց էր տալիս այն ժայռը, որի վրայ կանգնած է եղել պտուտաւոր ճախարակը: Սոյն երկու գետերն էլ թափւում են Արաքս:

Աղաղանցիները 1900-ական թւերին որոշել են գաղթել դէպի Թաւրիզի մօտակայքը, սակայն հետագայում հրաժարւել են այդ ծրագրից, ինչպէս կարդում ենք այս մասին, այդ օրերի մամուլում. «Նրանք մտածում են գալ Մուժումբարի մօտ գտնւող Սոհրուլ անմարդաբնակ գիւղում բնակութիւն հաստատել: Բայց մի հարց. այդ նոր բնակավայրից նրանք կը ստանա՞ն այն, ինչ պէտք է. այնտեղի կլիման կը յարմարւի՞ նրանց»:

Աղաղանցի երիտասարդներից ոմանք այդ օրերին պանդխտացել են Բագւում, իրենց գիւղում թշւառութեան մէջ տւայտող ընտանիքներին օժանդակութիւն ցուցաբերելու համար: Բոլորը յաջողութիւն չեն գտնել բնականաբար, իսկ իրենց նոր միջավայրում, գաւառի խաւար անկիւնից դուրս եկած, ոմանք կորւել են մեծ քաղաքի կեանքի տարբեր փողոցների խաչմերուկներում…:

 

Աղաղանի եկեղեցին

Մեր արխիւատան մէջ պահպանւող չափաբերական մատեաններում, որոնք իւրաքանչիւր գիւղից ու գաւառից են տեղափոխւել եւ հանգրւանել առաջնորդարանում, հանդիպել ենք Աղաղանում տեղի ունեցած բազմաթիւ խորհրդակատարութիւնների, որոնց կատարման իբրեւ վայր նշւել է Ս. Շողակաթ անունով եկեղեցի: Գիւղի այսօրւայ միակ «տէր»ը ասաց, որ ինք մանկութեան օրերին էլ եղել է այս գիւղում, սակայն նոյնիսկ եկեղեցու աւերակի մասին տեղեկութիւն չունի:

Նա չէր կարող ճանաչել հայոց եկեղեցին, որովհետեւ Աղաղանի Ս. Շողակաթը անշուք մէկ տնակի տպաւորութիւն է թողնում, 6x5 տարածութեամբ եւ 4 մետր բարձրութեամբ, հայոց դպրոցի կողքին, մէկ բակի մէջ, ինչպէս իր տեղագրութեան մէջ յիշում է ղարադաղցի հրապարակագիր Բակունին:

Դպրոցին ուղղակի կպած, փոքր գաւթով եւ դէպի արեւմուտք բացւած նեղ 40x20 սմ պատուհանով եւ 170 սմ. դուռով, դարձեալ դէպի արեւմուտք բացւած, մի մատուռ է այն, քան՝ եկեղեցի, որտեղ տեղի են ունեցել եկեղեցական արարողութիւնները: Եկեղեցին էլ փայտածածկ է եւ հողաշէն կտուր ունի: Ընդհանրապէս մեր մատեաններում միեւնոյն քահանայի անունը կարդում ենք ե՛ւ Աղաղանում տեղի ունեցած ծիսակատարութիւնների արձանագրութիւններում, ե՛ւ Իւրկիւթում: Ուրեմն, շատ հաւանաբար մէկ քահանան երկու հարեւան գիւղերի հոգեւոր հովիւն էր եղել միաժամանակ:

Աղաղանից Իւրկիւթ ոտքով ճանապարհ կայ, անտառների միջով, որի հետքերը մինչեւ այսօր պարզ երեւում են, հակառակ դրա, որ Իւրկիւթն էլ այսօր անմարդաբնակ գիւղ է եւ սոյն ճանապարհից երթուդարձ չկայ:

Մի ուխտատեղի մատուռ էլ գոյութիւն է ունեցել Սիլեան սարի կատարում, որտեղ ժողովուրդը ուխտի գնալու սովորութիւն է ունեցել Համբարձման եւ Վարդավառի տօներին: Մատուռը կառուցւած է եղել մեծ քարերով, իսկ նրա միջում եղել է մի սրբի գերեզման: Մատուռի մօտակայքում «ընկած կամ կանգուն են մնացել ահագին քարեր, որոնք մի ժամանակ կարծես ծառայել են ինքնապաշտպանութեան համար իբրեւ դիրքեր»:

Աղաղանցիների շատ սիրած եւ երկիւղածութեամբ յարգած նշանաւոր չինարի ծառը, որը հազարամեակների կեանք ունի, մենք տեսանք առողջ եւ կանաչ: Դրա նւիրականութեան մասին նաեւ խօսում էր Աղաղանի այսօրւայ միակ բնակիչը: Արմատները այնքան հսկայ են, մի մասն էլ հողից դուրս ցցւած, որ իսկապէս ազդում է նայողի վրայ: Աղաղանցիները հաւատում էին որ այս չինարի ծառը սուրբ էր եւ դրա ճիւղերը կտրատելը մեղք էին համարում: Մենք դրա շւաքի տակ մի պահ նստելու հաճոյքը վայելեցինք, մանաւանդ որ գիւղում վերեւ ու ցած անելուց յոգնած, հանգստանալու կարիք էինք զգում:

Գիւղի արեւմտեան վերջամասում էլ մի նւիրական ծառ կայ, աւելի փոքր քան վերոյիշեալ վիթխարի չինարը, որի տակ եղել է մի քարակոյտ, որտեղ մոմեր էին վառում աղաղանցիները ամէն տարի, Կանաչ Կիրակիին, հաւատալով որ այնտեղ մէկ սուրբ է թաղւած: Վայրը նրանք կոչել են «Ծառէն սուրբ»:

 

Աղաղանի հայոց դպրոցը

Գիւղը հազիւ տեսած, փշաքաղւեց մեր մարմինը: Պատմական շատ յուզիչ անցեալ ունեցած գիւղ էինք մտնում: Գիւղ, որտեղ Իրանի պատմութեան ականաւոր դէմքերից՝ Եփրեմ Խան Ասլիբէգեանը իր առաջին ջոկատն էր կազմաւորել…:

Եփրեմի ցաւալի սպանութեան առիթով, Թաւրիզում լոյս տեսնող «Աղաղան» թերթը լանօրէն անդրադառնում է նրա հերոսական ջանքերին, ի նպաստ նոր Պարսկաստանի, յիշելով որ Եփրեմը հարազատ դէմք էր Աղաղանում, եւ երեք տարիներ Աղաղան գիւղի դպրոցում ուսուցչութիւն վարելու ընթացքում «իր անշահասէր բնաւորութեան շնորհիւ, գիւղացիների եւ աշակերտութեան մէջ թողել է անմոռանալի յիշողութիւններ»:

Աղաղանի բոլոր տների շարքի գրեթէ ամենից վերեւում, դեռեւս կանգուն է շատ հին միայարկ քարեղէն մէկ կառոյց, 10x5 քռ. մետր տարածութեամբ, եւ 4 մետր բարձրութեամբ փայտածածկ եւ հողաշէն կտուրով որը Գասպար Սարգսեանի կողմից, 1894-ին բացւած Աղաղանի հայոց դպրոցն է: Դա գիւ¬ղի միւս տներից շատ չի՛ տարբերւում արտաքին տեսքով, սակայն չափով աւելի մեծ է: Ունի երկու սենեակ, սակայն դպրոցը ունեցել է չորս բաժանմունքներ: Այսինքն, հաւանաբար իւրաքանչիւր սենեակ վարագոյրով էր կիսւել, չորս մասի բաժանելու համար դպրոցի ուսումնական ծրագիրը: 1912-ի վիճակագրով, Աղաղանի երկսեռ դպրոցի աշակերտութեան թիւն էր 43:

Ազգային առաջնորդարանիս 1903-ի վիճակագրութեան համաձայն, Աղաղան հայկական գիւղում ապրում էր 41 ընտանիք, իւրաքանչիւրը շուրջ վեց հոգուց բաղկացած, այսինքն՝ 246 շունչ: Վստահաբար ընտանիքի բոլոր երեխաներին չէր վիճակւում դպրոց յաճախել, որովհետեւ նրանք նաեւ պէտք է օգնէին իրենց ծնողներին, գիւղատնտեսութեան աշխատանքներում:

 

Օսմանցիների կատարած ջարդը Աղաղանում

1918-ի օգոստոսին Օսմանցիները հասնում են Աղաղան: Ըստ սովորութեան, խաբէութեամբ փորձում են թալանել գիւղը: Նրանք յայտարարում են, թէ գիւղը զօրանոցի է վերածւելու, եւ բնակիչները երկու ժամւայ ընթացքում պէտք է դատարկեն այն, իրենց հետ վերցնելով միայն արժէքաւոր իրերը եւ ուտեստ: Աղաղանցիները խուճապի են մատնւում: Իրենց ամբողջ ունեցած շարժուն գոյքը եւ ուտելիքը հաւաքում են եւ ասկեարների ուղեկցութեամբ հեռանում են գիւղից, բռնելով Աւան գիւղի ճանապարհը: 

Հազիւ հասած մօտակայ մի բացատ, ասկեարները սպանում են գիւղի քահանայ Տէր Արտակին, եւ բոլոր գիւղացիներից պահանջում իրենց մօտ եղած ոսկեղէն ու այլ թանկարժէք իրերը յանձնել: Թալանւելուց յետոյ աղաղանցիներից ոմանք սթափւելով իրենց գլխին սարքւած այս խաղից, ուշքի են գալիս եւ փախուստի դիմում մօտակայ անտառները: Նոյն օր, սպանւում են 54 աղաղանցիներ: Նրանց թաղումը կատարում է Խանագահ գիւղի քահանայ Տէր Եզնիկ Ոսկանեանը, որը նաեւ հետագայում պատմել է այս մասին, ինչպէս իր յուշերում գրում է Յ. Յովսէփեանը, աւելացնելով, որ «Ղարադաղի ողջ գիւղերին կը վիճակւէր աղաղանցիների ճակատագիրը, եթէ չլինէր Ուշտուբին գիւղի թուրքերի վարմունքը: Նրանք անմիջապէս զինւեցին եւ Իւրկիւթի հայերի հետ միասին փակեցին թուրքական ջոկատի առաջխաղացումը Սիլեան սարի լեռնանցքում»:

 

Աղաղանի հայոց գերեզմանատունը

Գիւղի առաջին տեսարանը բացւում է գերեզմանոցի քարերով, որոնք բլրան վերջի ծայրին, դէպի ձորակ թեքւող մասի վրայ եւս շարւել են: Որոշ կարգ ու կանոն կայ այս գերեզմանատնում, շիրմաքարերի շարքը պահպանւել է, սակայն արձանագրութիւն ունեցող քար չկայ, իսկ գերեզմանաքար ասւածները, այս գերեզմանատնում անմշակ ժայռաբեկորներ են, որոնք մեծ ու փոքր չափեր ունեն:

Գիւղի արեւմտեան կողմից, ձորակի միջից ճանապարհ է բացւել: Այս պատճառաւ գերեզմանատունը փոքր ինչ կրճատւել է եւ եզրում գտնւած քարերից ոմանք տապալւել են: Սակայն, ընդհանուր առմամբ լաւ վիճակում է գտնւում գերեզմանատունը, մանաւանդ որ գանձախոյզների աւերիչ հետքեր չկան այստեղ, գիւղի միակ բնակիչն էլ նման հետաքրքրութիւն չունի…:

Մենք այստեղ էլ «Հոգւոց» մրմնջացինք աղաղանցի բոլոր հանգուցեալ հայերի հոգիների խաղաղութեան համար, որոնք երկնքից նայում էին մեզ, զարմացած այսքան տարիներ ետք հայ հոգեւորականի այցով:

Պուպուզ սարի ցածում էլ մի գերեզմանատուն են ցոյց տալիս, որը սակայն հայկական չէ՛, եւ շատ հաւանաբար Աղաղանի նախկին բնակիչների գերեզմանոցն է եղել: Այնտեղ եղել է մի մեծ տապանաքար, «Դարւիշէն Քար» անունով, քանդակազարդ, որը հաւանաբար յայտնի մէկ դարվիշի տապանաքար էր:

 

Վերջաբան

Փակելու համար Աղաղանի տւած մեր այցելութեան նկարագրականի այս սեղմ էջերը, մէջբերում ենք աւելի քան հարիւր տարի առաջ, օրւայ մամուլում արտայայտւած մտահոգութիւնը՝ Ղարադաղի դատարկւելու մասին. «Ղարադաղի հայ ազգաբնակչութիւնը գաղթում է: Ահա օրւայ անսպասելի հարւածը: Գաղթում են ո՛չ թէ աննշմարելի կերպով, ո՛չ թէ գիւղացու տգէտ կամ սոված լինելու պատճառով, այլ շնորհիւ երես առած գիւղատէր խաների աննկարագրելի բռնութիւնների ու հալածանքների: Մինչ օրս չտեսնւած չարախինդ սանձարձակութեամբ, խաները քշում են հայերին Ղարադաղից, որոնք թողած իրենց քրտինքով կանգնեցրած անշուք, բայց այնքան թանգ խրճիթները, սիրած վայրերը, պապերի ու զաւակների գերեզմանները, անցեալից մնացած այնքան թանկագին յիշատակները, գնում են մի օտար կտրի տակ իրենց համար նոր բոյն շինելու…»:

Նոյն մտահոգութիւնը թարմացած ձեւով պիտի արձանագրենք մենք այստեղ, համայն իրանահայութեան կեանքում վարակի վերածւած մի երեւոյթի համար, որը կոչւում է արտագաղթ: Անցեալի եւ այժմու մտահոգութիւնները մէկ տարբերութիւն ունեն, որ՝ այսօր ո՛չ ոք մեզ չի՛ քշում այս երկրից, այլ մենք ենք լքում ու գնում, մի օտար կտրի տակ մեզ համար նոր բոյն շինելու: Բայց որտե՞ղ ենք գնում եւ ի՞նչ ենք որոնում այնտեղ…»:

Related items

Image Gallery

{gallery}47843{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։