Հա

Համայնք

Շաբաթ, 30 Յունիսի 2018 11:00

Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Վինա գիւղում

Ուսումնասիրական եւ տեղագրական իր եօթնամեայ գործունէութիւնը շարունակելով, նւիրւած թեմի տարբեր շրջաններում գտնւող մշակութային ժառանգութեանց ցանկագրման, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը ուղղւեց դէպի Ղարադաղի Վինա գիւղը:

«alikonline.ir» - Ուսումնասիրական եւ տեղագրական իր եօթնամեայ գործունէութիւնը շարունակելով, նւիրւած թեմի տարբեր շրջաններում գտնւող մշակութային ժառանգութեանց ցանկագրման, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուղղւեց դէպի Ղարադաղի Վինա գիւղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուրբաթ, 22 յունիս 2018-ին, Սրբազան Հօր Վինա գիւղի տւած այցելութեան նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: 

 

«Ուրբաթ, 22 յունիս 2018-ի առաւօտուն Վինա գիւղ հասանք, Թաւրիզից մեզ հետ ունենալով մի քանի հայ կամաւորներ: Այս մեր երկրորդ այցն էր Վինա գիւղը, որը այնքան հռչակաւոր է Թումանեան գերդաստանի բերդանման, պարսպապատ դղեակով:

Հեռւից նշմարեցինք, որ դղեակը անցած անգամւանից մինչեւ այսօր մեծ վերանորոգութիւնների էր ենթարկւել այս յետամնաց գիւղում, երկրի մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան նախաձեռնութեամբ: Ծածկւել էր դրա տանիքը, պատշգամբների փայտէ սիւները աւելացել էին, ինչպէս նաեւ տանիքը ձիւնից եւ անձրեւների խոնաւութիւնից պաշտպանւել էր թիթեղեայ ծածկով: 

Մեր երկրորդ այցի նպատակն էր հետախուզել գիւղի եկեղեցին եւ այլ սրբավայրեր, որոնք ցոյց չէին տրւել մեզ նախորդ անգամ: Փաստօրէն գիւղի բնակիչ մէկ ծերունու ասած խօսքը, թէ «այստեղ եկեղեցի չկայ եւ հայեր չեն ապրում», չոր արտայայտութիւն էր թւացել մեզ անցած տարի: Ուստի, միայն կարողացել էինք մի պատանու առաջնորդութեամբ գտնել Թումանեանների դղեակի արեւելեան կողմում, բլրան վերեւ դեռ կանգուն Սբ. Յովհաննէս մատուռը, իսկ պատանին դրա տեղը ցոյց տալուց անմիջապէս յետոյ, աննշմար հեռացել էր մեզանից:

Բայց մենք չյուսահատւեցինք այս անգամ: Գիւղի տներից մէկի դուռը բաղխեցինք եւ մի պառաւ կին բացեց, իսկ նրա որդին ազնիւ գտնւեց մեզ ընկերակցել մինչեւ գիւղի հայոց գերեզմանատունը: Նա ցոյց տւեց նաեւ գիւղի արեւմտեան կողմում, բլրան վրայ գտնւած մէկ մատուռի աւերակները, եւ ասաց, թէ գիւղի եկեղեցին մզկիթի է վերածւել: Ա՛յս էր պատճառը, շատ հաւանաբար, որ ո՛չ ոք մեզ ցոյց չտւեց եկեղեցու տեղը, իսկ մենք, գիւղի մզկիթը հարցնելով, ի վերջոյ գտանք հայոց եկեղեցին…:

 

Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին

Պառաւ կնոջ ցոյց տւած ուղղութեամբ գնացինք գիւղին մէջ եւ երկու տների արանքում, կենդանիների համար ձմրան իբրեւ կեր խուրձ-խուրձ հաւաքւած հսկայ դէզերի ետին փակւած գտանք Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

20x8 մետր մեծութեամբ եւ 5 մետր բարձրութեամբ եկեղեցին քարաշէն է, անտաշ քարերով կերտւած, որոնք իրարու միացւել են կրաշաղախով: Կտուրը գերանածածկ եւ հողաշէն է, որը ջրամեկուսացւել է յատուկ ձիւթապատ նիւթով, որի հետեւանքով ձիւթը հոսել է արտաքին պատերի վրայ, մինչեւ անգամ եկեղեցու վիմագիր արձանագրութիւնների տառերի մէջ լցւել:

Եկեղեցին շատ վաղուց վերածւել է մզկիթի, որը ըստ երեւոյթին այսօր գործածական աղօթավայր չէ՛ գիւղացիների համար: Նրանք այլ աղօթատեղի ունեն, սակայն տասնամեակներ առաջ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը վերածել են մզկիթի, պարզապէս եկեղեցու կարգավիճակից դուրս բերելու համար այն:

Մզկիթի վերափոխման ընթացքում, եկեղեցու դռան տեղը փոփոխութեան է ենթարկւել: Եկեղեցու իսկական դուռը գտնւում է հարաւային պատի արեւմտեան ծայրամասում, 3x2 մետր կամարակապ խոռոչի միջում, որի վերեւի քարերը եւս ուղղահայեաց դիրքով կամարահիւս են: Սոյն կամարի միջում կայ եկեղեցու վիմաքանդակ արձանագրութիւններից մէկը, որը իր ցածի մասում ունի բարձրաքանդակ խաչ: Դժւարընթեռնելի սոյն յիշատակարանում կարդում ենք.

ԱՅՍ ԵԿԵՂԵՑՒՈՅ/Ն ԱՆՈՒՆ Է Ս[ՈՒՐ]Բ ԳՐԻ/ԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՀԱՅԱՍ/ՏԱՆԵԱ(Յ)Ց ԵՒ ՇԻՆՈՂ ՍՈՐԻՆ Է ՈՂ/ԱՆՑԻ ԳՐԻԳՈՐ ԿՈՅՍ ՄԱՀՏԵՍ ՀԱՅ/Ր ՀՈԳԵՒՈՐ ԼՈՒՍԱՀՈԳԻ

ՄԱՀՏԵՍԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆՑ ԾՆՈՂԱՑ Ս/ՈՐԻՆ ԳԷՈՐԳ ԵԿԱՆԵԱՆ ԹԱՄԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՇԻՆՎԵՑԱՒ ՀՐԱՄԱՆ/ԱՒՆ Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՅԻՆ ԵՒ ԱՍՎԱԾ Է ԻՒՐԵԱՆ ՈՎ Ս[ՈՒՐ]Բ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ՀԱՍՏԱՏԵՑ/ԱՒ ԿՈՅՍ ՄԱՀՏԵՍԻ ԱԲՐԱՀԱՄԻ ԵՐԱՆՈՎՆ Է ԱՅՍ ԱՊԱՇԽԱՐԱՆԱՑՆ ԶՎԵՐԱՅ ԳՆՈՂՆ/ ՎԵՐՍՏԻՆ Ա[ՍՏՈՒԱ]Ծ Է ԵՒ ԱՅՆ ԹԱՄԱՐՈՒ ԱՍՎԱԾ/ՈՎՆ ՇԻՆՎԵՑԱՒ Ի ԳԵՕՂՆ ՎԵՆԱՆ ԴՈՐԱ/ ԱՆՈՒՆ Ս[ՈՒՐ]Բ ՅՈՎՀԱՆՆԷՍ Ս[ՈՒՐ]Բ ՅԱԿՈՎԲՈՍ Ս[ՈՒՐ]Բ ՄԻՔԱՅԷԼ ԵՒ ԱԲՐԱՀԱՄ ՄԱՀՏԵՍԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆՑ ՅԻ/ՇԱՏԱԿ Է ՆՐԱՆՑ ՕՋԱՂԷՆ ԵՒ Ս[ՈՒՐ]Բ ՆՇԱՆՆ Է ՆՐԱՆՑ ԱՐԱՐՈՂԷՆ ՅԻՇԱՏԱԿ Է ԿՈՅՍ ՄԱՀ/ՏԵՍԻ ԳՐԻԳՈՐԻՆ Ի 1884 ՇԻՆՎԵՑԱՒ Ս[ՈՒՐ]Բ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵԿԵՂԵՑԻՆ Ի 1885Ի ԱՅՍ ՎԻՆԱՆ ԳԵՕՂՆ ԼՈՒՍԱ/ՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՁԵՌԱՄԲՆ ԿՈՅՍ ՄԱՀ/ՏԵՍԻ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՄԱՀՏԵՍԻ

Յիշատակարանը կիսագրագէտի պատահական ցուցմունքով գրւած գրաբարախառն արձանագրութիւն է, որից իմանում ենք, որ եկեղեցու բարերար շինողն եղել է Երուսաղէմ ուխտի գնացած (մահտեսի) մի բարեպաշտ Ողանցի Գրիգոր, որը նաեւ եկեղեցու անունը Սբ. Գրիգոր Լուսաւորչի անւամբ կնքելով, իր անունն է յաւերժացրել: Իր անւան դիմաց «լուսահոգի» բառը ցոյց է տալիս, որ արձանագրութիւնը զետեղեւել է եկեղեցու դռան վերեւ նրա մահից յետոյ:

Յիշատակարանում արձանագրւած երկու թւականները, կարող են շփոթութեան պատճառ հանդիսանալ: Սակայն, դրանցից առաջինը պէտք է հասկանալ իբրեւ շինութեան թւական, իսկ երկրորդը՝ Մահտեսու մահւան թւական:

Սոյն արձանագրութեան ներքեւ գտնւող դուռը, գիւղի հայաթափումից յետոյ անկանոն քարերով շատ պատահական հիւսւել է, վերջնականապէս փակելով եկեղեցու իսկական մուտքը, որի դուռը շատ հաւանաբար փայտից էր սարքւած: Նոր դուռը, երկաթից պատրաստւած եւ ճաղերի միջում ապակեայ լուսանցքով, զետեղւել է նոյն պատի արեւելեան սկզբում:

Եկեղեցու միակ բակը, որը հարաւային կողմում է, անգործածելի տարածքի է վերածւել, բարձր խոտերով ծածկւած, իսկ եկեղեցու պատի տակ, գրեթէ մինչեւ առաստաղ լցւած է արջառների ձմեռւայ պաշար խոտի խուրձերով:

Նոր զետեղւած դռան մօտ, դէպի ձախ, եկեղեցու պատուհանն է, 100x50 սմ. մեծութեամբ եւ դարձեալ նոր դռան ոճով, երկաթից պատրաստւած: Ինչքան էլ սպասեցինք հարեւան տան մօտ, սակայն բանալին չբերւեց, այն իր մօտ ունեցողին դաշտ գնացած լինելու պատճառաբանութեամբ, եւ մենք չկարողացանք տեսնել եկեղեցու ներքնամասը, եւ չիմացանք թէ ի՞նչ փոփոխութիւններ էին արւել այնտեղ, կառոյցը մզկիթի վերածւելուց յետոյ:

Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու արտաքին պատերի վրայ եղած երկրորդ ընդարձակ արձանագրութիւնը, դարձեալ սպիտակ միակտոր քարի վրայ, մօտաւորապէս նոյն՝ 200x100 սմ. մեծութեամբ, եւ դարձեալ կիսակամար, գտնւում է դարձեալ միեւնոյն՝ հարաւային պատի վրայ, եկեղեցու սկզբնական դռան արձանագրութիւնից կէս մետր հեռաւորութեամբ: Առաջին արձանագրութեան նման դժւարընթեռնելի սոյն յիշատակարանը, անունների առումով աւելի ընդարձակ տեղեկութիւններ է տալիս բարերարի ընտանիքի անդամների մասին, ինչպէս նաեւ յիշատակում է արձանագրութիւնը պահող Խաչատուր Իսախանեանի անունը: Այս յուշաքարի նախորդից աւելի շքեղ լինելու պատճառը այն է, որ քարը իր աջ ու ձախ կողմերում ունի բարձրաքանդակներ, որոնք ներկայացնում են երկու անձնաւորութիւններ: Ձախ կողմի քանդակը ներկայացնում է մի անձ, որը շատ հաւանաբար քահանայ է, ձեռքին խաչ, իսկ աջ կողմի քանդակը դարձեալ մի անձ, որը իր ձեռքում ունի մուրճ, եւ հաւանաբար այս է եկեղեցու շինողը:

Այս երկրորդ յիշատակարանը դարձեալ կիսագրագէտի ցուցմունքով, գրաբարախառն արձանագրութիւն է: Այնտեղ կարդում ենք.-

ԱՅՍ Է ՄԱՀՏԵՍԻՆ ՈՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՏՈՂՆ Է/ ՎԱՐԴԱԶԱՐ ՀԱՅՐ ՀՈԳԵՒՈՐ ԿՈՅՍ ՄԱՀՏԵՍԻ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՄԱՐ/ԹԱՅԻ ԱԲՐԱՀԱՄԵԱՆՑ ԾՆՈՂ ՍՈՐԻՆ ՍՏԵՓԱՆ ՏԷ/Ր ՊՕՂ[ՈՍ]ԵԱՆ ԱԶԿԻՒԼ ՆԱԶԱՐԵԱՆՑ ՍՈՑԱ ԱՊԱՇԽԱՐԱՆ/ Է ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵԱՆ (= ՎԻՆԱՅԻ) 1885-ին ԵՒ ՈՐԴԻՍ ՈՒՆԵՆ/ ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՐԱՊԵՏ ԵՒ ՅԻՇԱՏԱ/Կ Է ԱՅՍ ՏԱՄՊԱՆ ԳՐՈՂ ԽԱՉԱՏՈՒՐ ԻՍԱ/ԽԱՆԵԱՆ ՆԱԶԱՐԵԱՆՑ ԵՒ ԳՈՐՈՎԱԳՈՒԹ ՄԱՅՐՆ ԱՍԻԼԷԻ/ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՈՂՈՐՄԻ ԱՅՍ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՀԱՆՎԱԾ/ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՀՈԳՒՈՑ ԵՒ Ա[ՍՏՈՒԱ]Ծ ՕՐՀՆԷ ԱՅՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՄԿՐՏՎԱԾ ԵՒ ՈՂՈՐՄԻ/ ԱՄ[ԵՆԱՅՆ] ԿԵՆԴԱՆԵԱՑ ԵՒ ԵՐԱԽՏԱՒՈՐԱՑ ԱՆՈՒԱՆԵԱԼ Ի ԽԱՆ ԱՅՍ ԵԿԵՂԵՑԻ Պ[Ա]ՇՏՈՂԱՑ/ ԿՈՂԱԿԻՑ ՎԱՐԴԱԶԱՐԻ ՇԱՀԱԶԻԶԱ[Յ] ՅԻՇԵԱԼ ՄԱՆԿԱՆՑ ՄԱՅՐՆ:

Եկեղեցու բակում, խոտերի դէզերի տակ կային տապանաքարեր, որոնք հաւանաբար բարերարի ընտանիքի անդամների դամբաններ են: Նրանցից մէկը, որը կարողացանք յայտնաբերել խոտերի միջից, կենտրոնում ունի զարդաքանդակ, որը նման է ծաղկի, կամ յաւերժութեան նշանի: Արձանագրութիւնը կիսատ կարելի եղաւ ընթերցել.

ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՎԱՐԹ/ԱՆԻՆ ՈՐ Է ՈՐԴԻ ԱԲՐԱՀԱՄ/ԻՆ ԹԱՂՈՒԱԾ ԱՄԻՆ […]

 

Սբ. Խաչ աւերակ մատուռը

Վինայի հարաւ-արեւմտեան բլրի վրայ մի մատուռի աւերակ ցոյց տւեց մեզ վինացի գիւղացին, որը նաեւ հայոց գերեզմանոցի տեղն էր ցոյց տւել: Հերկւած եւ ցանւած դաշտերի միջից անցանք, հասնելու համար բլրի գագաթին, որտեղից այնքան պարզ երեւում էր Արաքսը: Այնտեղից դիտւած, խոր մէկ հովտի վերեւի շուրթին կանգնած հրաշալի դիրք էր ունեցել այս մատուռը, որը կոչւել էր «Ալամա Սբ. Խաչ» (Թրգմ.՛ «Ժողովրդի Սբ. Խաչ»): 

Կաղնու մի կիսամերկ ծառ, որը աճել է ճիշտ աւերակ քարակոյտի մէջ, այսօր սոյն եկեղեցու գտնւած վայրի նշանն է, որը հեռւից պարզ երեւում է մենակ, հերկւած դաշտերի ընդարձակ տարածքում: Սպիտակ անտաշ քարերով կառուցւած շատ փոքր մատուռ պէտք է եղած լինի այս, դատելով նրա աւերակի տրամագծից:

Անունից երեւում է, որ դա վինացիների համար ազգային-եկեղեցական տօնախմբութեան առիթով ուխտագնացութեան վայր էր եղել, ինչպէս Համբարձումը, Վարդավառը եւ այլ տօնական առիթներ, երբ գիւղից դուրս էր գալիս ժողովուրդը:

 

Վինա գիւղի հայոց գերեզմանատունը

Գիւղի հարաւ-արեւմտեան կողմում, նախքան Սբ. Խաչ մատուռի բարձունքը ելնելը, ընդարձակ, շուրջ 5 հազար քռ. մետր տարածութեան վրայ փռւել է հայոց գերեզմանատունը, որի հիւսիսային ծայրամասում գտնւած բլրի վրայ եղել են Վարդանաբերդի աւերակները: Փլատակի նմանող անտաշ քարեր կան այնտեղ, սակայն կարելի չէ՛ վստահ ասել, թէ յիշեալ բերդի աւերակներն են դրանք: Հաւանաբար գիւղի հայաթափումից յետոյ, դրա սրբատաշ քարերը նոր բնակիչները օգտագործել են իրենց շինութիւններում: Սակայն գերեզմանատունը կայ եւ նոյնիսկ որոշ քարերի վրայ երեւում են հոգածութեան նշաններ: Այսպէս, շատ նոր ժամանակների կրանիթեայ սեւ քարեր, կամ մարմարեայ սպիտակ քարեր, հանգուցեալի անունով եւ ծննդեան ու վախճանի թւականներով, ամրացւել են հին քարերի երեսին: Սոյն հոգածութեան կնիք կրող քարերից մէկը կրում է 1980 թիւը, իբրեւ մահւան թւական: Այս նշանակում է, որ գիւղի հայաթափումից շատ յետոյ, սոյն ննջեցեալի թաղումը կատարւել է այստեղ: Հաւանաբար նա կտակել էր իր զաւակներին, որ իր մահից յետոյ դիակը ամփոփեն իր պապենական գիւղում, նախնիների մօտ, նրանց աճիւններին միախառնւելու համար:

 

Գերեզմանատան շիրմաքարերը տարբեր դարաշրջանների են պատկանում: Դրանցից հնագոյնները անտաշ ժայռաբեկորներ են, իսկ աւելի նոր դարաշրջանի պատկանողները յղկւած են, տառերը ունեն երկաթագիր ձեռագրի ոճ, ինչպէս նաեւ քանդակազարդ երիզներ ու զարդանախշեր: Ոմանց վրայ սոսկ անւան յիշատակութիւններ չկան, այլեւ հանգուցեալի այս կամ այն բարեմասնութիւնը, կամ զբաղեցրած պաշտօնը ջատագովող ածականներ:

 

Գիւղի ձմեռանոցը՝ Քէշիշ Ղշլաղը

Նոյն օրը այցելեցինք Վինայի հիւսիս-արեւելեան կողմում, 5 կլմ. հեռաւորութեան վրայ գտնւող գիւղը, որը կոչւում է Քէշիշ Ղշլաղը: Անւան թարգմանութիւնը որոշ բացատրութիւն տալիս է գիւղի մասին, որը նշանակում է՝ «Քահանայի ձմեռանոցը»: 

Բնականաբար միայն հոգեւորականները չէին գալիս այստեղ ձմրան ցրտից փախչելով, այլեւ գիւղի հարուստ դասակարգը: Սակայն, այսպէս է կոչւում գիւղը մինչեւ այսօր:

Բաւական բարեկարգ վիճակ է ներկայացնում գիւղը այսօր, տների կառուցման առումով: Հին հայկական տներից միայն մի քանիսը մնացել են, այն էլ աւերակ վիճակում: Գիւղական կեանքը, սակայն, բացայայտ երեւում է իր յետամնացութեան բոլոր երանգներով: Հնդկահաւեր ազատ ճեմում են գիւղի մայր փողոցում, իսկ սագը իր ճտերով շրջագայում է տների դռների առջեւ:

Հակառակ դրա որ արդէն ուսումնասիրել էինք գիւղի պատմութիւնը, հարց տւեցինք մէկ գիւղացու, թէ արդեօ՞ք եկեղեցու աւերակ կայ գիւղում: Գիւղացին շատ պարզ ասաց, որ սա Վինայի քահանաների ձմեռանոցն է եղել, եւ այստեղ եկեղեցի չի՛ եղել, բոլոր արարողութիւնները կատարւել են Վինա գիւղի եկեղեցում:

Քէշիշ Ղշլաղի ամբողջ տարածութեան վրայ գտնւող հսկայ ընկուզենիները, իրենց առատ բերքով բացայայտ նշան էին, որ այնտեղ հայեր էին ապրել, մշակել հողն ու անցել…»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ