Հա

Համայնք

02/07/2018 - 12:00

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: 

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

 

«alikonline.ir» - Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր Սբ. պատարագ մատոյց եւ քարոզեց՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, իսկ Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում ս. պատարագը մատոյց արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեան: Թաւրիզում ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում՝ ղեկավարութեամբ դոկտ. Վարդան Սիմոնզի: 

«Հայր մեր»-ից առաջ, Առաջնորդ Սրբազանի գլխաւորութեամբ, խորանի բեմում, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ սկսւեց Հայրապետական մաղթանքը,  որին  յաջորդեցին  սուրբգրային  համապատասխան ընթերցումներ եւ յատուկ խմբագրւած աղօթքներ՝ վասն արեւշատութեան եւ «ընդ երկայն աւուրս» գահակալութեան Վեհափառ Հայրապետի եւ ի պայծառութիւն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

Առաջնորդ Սրբազանը իր պատգամը տալով, վեր հանեց օրւայ աւետարանական հատւածում հինգ հազար կերակրման հրաշքում յիշւած հինգ նկանակ հացի բազմացման պատկերը, փոխաբերութեամբ այն ներկայացնելով իբրեւ բաշխւող իրականութիւն. «Հացը բաշխւում է եւ կեանք է տալիս: Քրիստոս իր մարմինը նաեւ հացի խորհրդանիշով բացատրեց, որը բաշխւեց համայն մարդկութեան փրկութեան ի խնդիր: Մարդկային ընկերութեան ամէնից փոքր բջիջում՝ ընտանիքում եւս իբրեւ հաց բաշխւող անձեր կան՝ ծնողները, որոնք իրենց կեանքը զոհում են իրենց զաւակների համար: Նաեւ կան մեր հաւաքական կեանքի համար իրենց անձը զոհաբերողներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայոց հովւապետի ծանր բայց քաղցր լուծը իր ուսերին վերցրեց 23  տարիներ առաջ, Աստծու եւ մեր ժողովրդի առջեւ կատարելով իր նւիրական ուխտը: Կաթողիկոսական այս Սուրբ Աթոռն էր, որ տիրութիւն կատարեց ցեղասպանւած հայ ժողովրդի զաւակներին, նրանց հետ քայլելով աքսորի ու մահւան ճանապարհից եւ նրանց հետ յարութիւն առաւ մեռելներից: Սփիւռքում, երբ մեր հայրենիքը տւայտում էր սովետական անհաւատ վարչակարգի ճիրաններում, երբ հոգեւորականները աքսորւում եւ սպանւում էին անխնայ, ո՞վ տիրութիւն առաւ Սփիւռքահայութեան, եթէ ոչ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Ո՞վ բացեց հոգեւոր դպրանոցը Անթիլիասում, նոր հոգեւորական սերունդ պատրաստելու համար: Ո՞վ բացեց հայոց դպրոցները, գրեթէ բոլո՛ր գաղութներում, Կիրակնօրեայ վարժարանները, Միութիւնները, երիտասարդական խմբաւորումները եկեղեցիների շուրջ համախմբւած, կամ ո՞վ կառուցեց այսքա՜ն եկեղեցիները աշխարհի չորս ծագերին, եւ այն էլ ցեղասպանւած ժողովրդի արդար քրտինքով, եթէ ոչ Կիլիկեան Սուրբ Աթոռը, պահպանելու համար Սփիւռքահայ նոր սերունդների քրիստոնէական դիմագիծն ու հայի ինքնութիւնը: Վերջապէս, Հայաստանի անկախացումից յետոյ, ո՞վ դարձաւ ռահվիրայ հայրենակերտման սրբազան առաքելութեան, եթէ ոչ Սփիւռքը, իր նիւթաբարոյական ներդրումով, քաջալերանքով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

Հայաստանի անկախացումից յետոյ եղան անձեր եւ կազմակերպութիւններ, այստեղ ու այնտեղ, որոնք այլեւս ժամանակավրէպ համարեցին Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը, բայց այսօր նրանք էլ տեսնում են, որ չարաչար սխալւել էին իրենց այդ անհեռատես ու քաղաքականօրէն խակ գաղափարախօսութեամբ եւ սին քարոզարշաւով: Այո՛, շատե՜ր սխալւեցին, բայց Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը աներեր շարունակեց իր հայակերտման սրբազան ուղին, ի խնդիր մեր համազգային երազների ու տեսիլքների իրականացման: Երախտագէտ լինենք եւ ո՛չ թէ երախտամոռ, որովհետեւ դա ապերախտութիւն է՝ հանդէպ հայ Սփիւռքի մեծագոյն կենտրոնին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

Իր պապենական հողերից վտարանդի Կիլիկեան Ս. Աթոռի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան առաջին Ծառան դառնալով, Վեհափառ Հայրապետը ազգային եւ միջազգային բոլոր մակարդակների վրայ մեր ազգի արդար դատը ու եկեղեցու պատիւը բարձր պահեց, ու շարունակում է իր վեհ առաքելութիւնը, բարձրագոյն աստիճանի գիտակցութեամբ եւ նախանձախնդրութեամբ»,- ասաց Սրբազանը:

Հայրապետական մաղթանքը իր աւարտին հասաւ երգչախմբի եւ ներկայ հաւատացեալների կողմից միաբերան երգւած «Կիլիկիա» մաղթերգով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։