Հա

Համայնք

05/07/2018

Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

«alikonline.ir» - Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

22 յունիս 2018-ին, Սրբազան Հօր կատարած այցը Գինդիմնան գիւղ, ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

 

«Վինա գիւղի հարաւ-արեւելեան կողմում, դրանից 5 կլմ. հեռաւորութեան վրայ է գտնւում Գինդիմնան նախկին հայկական գիւղը, որը Ղարադաղի Մնջւան գաւառակի մաս է կազմում: Սոյն գիւղը եւս, հռչակաւոր Թումանեան եղբայրների սեփականութիւնն էր, որը ծախու էին առել թուրք խաներից, տեղի հայաբնակչութեան հանգստութիւնը ապահովելու եւ ծանր հարկերից ազատելու համար նրանց: Գինդիմնանը, անտառապատ լերան արեւելեան ստորոտի հարթութեան վրայ փռւած է, հիւսիսից, արեւելքից եւ հարաւից շրջապատւած ընդարձակ վարելահողերով:

Հողոտ ու քարքարոտ ճանապարհը Վինայից մինչեւ Գինդիմնան, ծխի գուլաների նման բարձրացնում էր փոշին, անթափանց մառախուղի տպաւորութիւն թողելով ամրան այս օրերին: Մեր մեքենայի պատճառած փոշին պարտադրում էր յաջորդ մեքենային սպասել, եւ կամ որոշ հեռաւորութիւն պահպանել, վերստին տեսնելու համար նեղ եւ վտանգաւոր ճանապարհը:

Վինայից դուրս գալով, երբ արդէն հեռւից տեսնում էինք Գինդիմնանը, հողոտ ճանապարհը երկու մասի էր բաժանւում: Դէպի աջ ճանապարհը տանում էր Գինդիմնան, իսկ ձախը՝ այլ գիւղեր:

Կէսօրւայ շոգին գիւղ մտնելով, աջ ու ձախ վազվզող շփոթահար հաւերից բացի այլ արարածի չհանդիպեցինք: Վերջապէս, օտար մարդկանց ներկայութիւնը զգալով, մի քանի տներից տարեց մարդիկ դուրս եկան: Փաստօրէն, օրւայ այդ ժամին միայն տարեցներ եւ շատ քիչ թւով կանայք մնացել էին գիւղում, մնացածները դաշտ էին գնացել վարուցանքի:

Ի դէպ, որոշ գիւղերում տարեցները աւելի օժանդակութիւն են ցուցաբերում քան ջահելները, իսկ այլ գիւղերում՝ հակառակը: Որոշ տեղերում տարեցները շատ պահպանողական են իրենց արտայայտութիւններում, յատկապէս գիւղի մասին, սակայն երիտասարդները մեզ օգնելու պատրաստակամութիւն են ցուցա¬բերում:

Գիւղից դէպի հիւսիս-արեւելք նայելով, բացառիկ մէկ տեսարան է բացւում: Լերան գագաթին սրածայր ժայռեր են ցցւել իբրեւ բերդանման բնական գեղեցկութիւն, իսկ դրանցից աւելի ցածր, դարձեալ սրածայր ժայռասիւներ, իբրեւ այդ բերդի ստորոտի պարիսպները...:

 

Սբ. Յովհաննէս եկեղեցու աւերակը

Ծերունին ցոյց տւեց մեզ իր տան դիմացի բարձունքը, որը գիւղի արեւմտեան կողմն էր, գիւղի մուտքի ձախին, որտեղ գտնւել էր եկեղեցին: Նա ասաց որ միայն դրա աւերակները կան այսօր, որովհետեւ դա տարիների ընթացքում անխնամ մնալով, փլւել էր: Իրօք էլ, բարձունքի վրայ, հասակ առած խոտերի մէջ ծւարած գտանք եկեղեցու յատակագծի անտաշ քարերը, որոնք հազիւ մէկ մետր բարձրութիւն ունէին, արեւելեան պատի կողմը:

Գիւղացի տարեց մարդը նաեւ ասաց, որ եկեղեցին շատ վաղուց տանիք չի՛ ունեցել, եւ ինք տեսել է, որ հայեր այնտեղ պսակադրութեան արարողութիւն են կատարել՝ բաց տանիքի ներքեւ: Արդեօ՞ք դա եղել էր գիւղի հայաթափումից յետոյ մի առիթով, երբ Գինդիմնանցի մէկ ընտանիք ուզեցել էր անպայման իր պսակադրութիւնը կատարւէր պապենական գիւղում: Հարցական էր մեզ համար:

Սբ. Յովհաննէս եկեղեցին, որը Գինդիմնանցի հայերի ձեռքով կառուցւել էր 19-րդ դարի սկզբին, տարբեր չէր կարող լինել Ղարադաղի միւս գիւղերում մեր տեսած եկեղեցիներից: Սա էլ ունեցել էր երկթեք տանիք, իսկ չափը, համաձայն դրա յատակագծի, նոյնպէս 8x5 մետր տարածութեամբ մէկ շինութիւն: Կառոյցի աւերակներից բացակայող շատ քարեր փաստում էին, որ գիւղացիներ իրենց շինութիւնների մէջ օգտագործել էին դրանք, անցած տարիների ընթացքում:

Եկեղեցու աւերակներում, դրա դռան մասնիկներից կամ խորանի քարերի բաժիններից փնտռելու մեր ճիգերը ի զուր անցան, մէկ կողմից անմշակ եւ անխնամ մնացած գետինում աճած խոտերի, եւ միւս կողմից ամրան այդ տապին մացառուտում առատօրէն յայտնւող օձերից խայթւելու վախի պատճառով:

Եկեղեցու գտնւած վայրի հանդիպակաց կողմում, գիւղի ճանապարհի աջ մասում, գիւղացին ցոյց տւեց գիւղական հին տների աւերակներ, որոնք դարձեալ անմերձենալի էին, ե՛ւ կիսափուլ տանիքների վտանգաւոր կացութեան, ե՛ւ մացառներով պատւած լինելու պատճառով: Սակայն, մեզ յաջողւեց մտնել դրանցից գէթ մէկի մէջ եւ ուսումնասիրել մեր նախնեաց առօրեայ կենցաղի վերաբերող նիւթեր, ինչպէս՝ պատերի մէջ բացւած խորշեր, որտեղ ձմրան պաշար էին ամբարում, կամ՝ կրակարանի տեղն ու խորութիւնը, ձմրան ցրտից պաշտպանւելու համար: Արժի արձանագրել, որ Փայտակարան ամբողջ նահանգը յայտնի էր Ատրպատականում ածուխի պատրաստութեան հսկայ արդիւնաբերութեամբ: Ղարադաղում էր պատրաստւում ածուխը եւ այն փոխադրում էին Պարսկաստանի այլ քաղաքներ:

Մեր շրջագայութեան ընթացքում յաճախ հանդիպեցինք սեւացած դէմքերով եւ ձեռքերով ածխագործների, կամ սեւացած հողերի մէջ նրանց պատրաստած փայտի խիտ դէզերին, որոնք շուտով ածխի էին վերածւելու:

 

Գինդիմնանի հայոց գերեզմանատունը

Գիւղ հասնելու դեռ մէկ կիլոմետր մնացած, ձախ բլրան գագաթի հարաւակողմում է գտնւում Գինդիմնան գիւղի հայոց գերեզմանատունը, որի արեւմուտքում, բարտիների շւաքի ներքոյ, Գինդիմնանի ներկայ բնակիչները հաստատել են իրենց գերեզմանատունը: Նրանք յարմար են գտել հայ գիւղացիների ընտրած նախկին վայրը իբրեւ գերեզմանատուն, այսինքն՝ գիւղից դուրս մէկ հողատարածք:

Հայոց գերեզմանատունը արձանագրութենէ զուրկ քարերի կոյտ է, երբեմն ցանցառ եւ երբեմն խիտ հեռաւորութեամբ ժայռաբեկորների մէկ տխուր անդաստան: Բարեբախտաբար գերեզմանակրկիտ բախտախնդիրների ոտքը կամ ձեռքը չի՛ հասել այստեղ, եւ ուրեմն իր տեղից շարժւած քար չկայ գերեզմանատնում: Սակայն, շրջապատում գտնւած վարելահողերը գնալու համար բացւած հողաշէն ճանապարհը պատճառ է հանդիսացել, որ հայոց գերեզմանատան քարերի մէկ մասը տապալի եւ վերոյիշեալ ճանապարհի եզրին մնայ իբրեւ ցածր պարիսպ:

Կիզիչ արեւի տակ «Հոգւոց» արտասանեցինք Գինդիմնանում ննջած մեր բոլոր նախնիների յիշատակին եւ ապա դուրս եկանք, կանաչ խոտերում հրդեհւող անտաշ ժայռաբեկորների անձայն պատարագից:

 

Գինդիմնան կամ՝ Վարդանաշէն

Ղարադաղում գտնւած գիւղերից ոմանք նոյնանուն լինելով, յաճախ շփոթի են մատնում ուսումնասիրողներին: Օրինակ, Ղարադաղի Դըզմար եւ Հասանով գաւառակներում ունենք Խանագահ եւ Յոյժ գիւղերը, իսկ դրանց համանուն գիւղերի հանդիպում ենք Արաքսպար գաւառակում եւս: Սակայն, դրանք տարբեր եւ իրից շատ հեռու աշխարհագրական վայրերում են գտնւում:

Գինդիմնան գիւղը, որը 1930 թւից յետոյ կոչւել է Վարդանաշէն, երբեմն շփոթւում է Վինա գիւղի մօտերը գտնւած նախկին Վարդանաբերդի հետ, չնայած սա գիւղ չէ՛, այլ նոյնանուն բերդի աւերակներն են միայն մնացել այնտեղ:

Խանագահ գիւղի Ազիզեան-Մնացականեան դպրոցի վերջին ուսուցիչ Յովհաննէս Յովսէփեանը իր յուշերում արձանագրել է, որ Ողանցի Թումանեան գերդաստանի վերջին ժառանգորդը՝ Վարդան Թումանեանը վերադառնում է Ղարադաղ եւ փոխանակ Վինա գիւղի իրենց գերդաստանի ժառանգութիւն հանդիսացող հսկայ ամարանոցում բնակութիւն հաստատելու, մեզ անծանօթ պատճառներով հաստատւում է Գինդիմնան գիւղում: Նա իր անւան յիշատակը յաւերժացնելու համար, գիւղը կոչում է Վարդանաշէն (= Վարդանի գիւղ):

Դարձեալ նոյն ուսուցիչ Յովսէփեանը, 20-րդ դարի առաջին երեսնամեակին Վարդանաշէն գիւղի տւած իր այցի օրերին հարցափորձելով գիւղի աւագանուն, մի աւանդութիւն է լսում նրանցից, գիւղի Գինդիմնան անւան մասին: Մեզ եւ ընդհանրապէս բոլոր հայերի համար էլ այս անունը անհեթեթ պիտի թւայ, որովհետեւ հայկական ծագում չունի եւ նոյնիսկ ոմանց համար էլ ծիծաղի առարկայ է:

Յովսէփեանին բացատրութիւն տալով այս մասին, գիւղի տարեցները յիշում են իրենց պապերից լսածը, ըստ որի, գիւղը նոր հիմնւած լինելու օրերին, պետական մի պաշտօնեայ է գալիս արձանագրութիւն պահելու: Գիւղացի հայերը թոնրում թխած երկար լաւաշ հացով եւ աղով են դիմաւորում նրան: Պաշտօնեան զարմացած հացի այս տեսակի համար, «Գեանդիմնան» (=Ցորենահաց) բացագանչում է, իսկ հայեր հաճեցնելու համար պետական քննչին, գիւղի անունը դնում են նրա ասածը, որը հետագային աղաւաղւելով եղել է Գինդիմնան: Ուրեմն, 1930 թւականից մինչեւ գիւղի հայաթափումը, այն կոչւել է Վարդանաշէն, ցանկութեամբ եւ ի յարգանս Թումանեանների միակ ժառանգորդին:

Գիւղից դուրս գալուց առաջ, մեզ օժանդակող ծերունու հետ լուսանկարւեցինք, ոնց որ Թումանեան Վարդան աղայի հետ զրուցած լինէինք: Սա իր ձեռնափայտին յենած, հազիւ կարողանում էր մարմնի հաւասարակշռութիւնը պահպանել: Բաւարար էր մեզ համար այն իրողութիւնը, որ այս ծերունին մէկ կեանք նախկին հայաբնակ Վարդանաշէն գիւղում էր ապրել, եւ բացայայտ ասում էր, որ սա հայերի գիւղն էր եղել, երկու անուններով՝ Գինդիմնան եւ Վարդանաշէն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։