Հա

Համայնք

12/07/2018 - 12:20

Սբ. Թադէի վանքի եռօրեայ ուխտագնացութեան հաւատքի ճանապարհորդութիւնը սկսւեց

Հինգշաբթի, 12  յուլիս 2018-ի առաւօտից, Հայոց պատմական Արտազ գաւառում, Սբ. Թադէոս առաքեալի վանքում սկսւեց տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, որը սոյն շղթայի 64-րդն է այս տարի:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 12  յուլիս 2018-ի առաւօտից, Հայոց պատմական Արտազ գաւառում, Սբ. Թադէոս առաքեալի վանքում սկսւեց տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, որը սոյն շղթայի 64-րդն է այս տարի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամիսներ առաջ կատարւած նախապատրաստական աշխատանքով, հովանաւորութեամբ թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, եւ կազմակերպութեամբ Վանքերի Ուխտագնացութեան յանձնախմբի, սոյն ուխտագնացութիւնը կատարւելու է հոգեւոր ու ազգային բարձր նախանձախնդրութեամբ, առաւելագոյն չափով օգտւելու դրա սրբացնող եւ հոգեպարար մթնոլորտից:

Արդէն իսկ Իրանի տարբեր քաղաքներից եւ արտասահմանից խմբեր եւ ընտանիքներ ժամանել են Սբ. Թադէ եւ նախօրօք իրենց ապահովւած վրաններում տեղակայւել, վայելելով վանքի գմբէթների հովանին:

Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին, թէ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի եւ Ազգային իշխանութեան կողմից հարկ եղած պետական արտօնութիւնները ձեռք են բերւել, մեր ժողովրդի կեցութիւնը եւ կենցաղային բարւօք պայմանները ապահովելու համար:

Ուխտագնացութեան երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու մի շարք ձեռնարկներ, որոնք առաւել եւս խանդավառելու են ուխտաւոր ժողովրդին եւ գօտեպնդելու նրանց իրենց քրիստոնէական հաւատքին եւ ազգային պատկանելիութեան մէջ:

ա) Առաջնորդ Սրբազանը ժամանելու է վանք, այսօր՝ հինգշաբթի, 12 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 5-ին եւ հանդիսապետելու է երեկոյեան ժամերգութեան:

բ) Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան կողմից եւ նրա ժրաջան տնօրէն Շերլի Աւետեանի հսկողութեամբ կառուցւած վանքի սեղանատան (բուֆէ) բացումն է կատարւելու, առաջնորդ Սրբազանի ձեռամբ:

գ) Դարձեալ, միեւնոյն հիմնարկութեան կողմից, Վանքի մուտքի սենեակներից երկուսի հիմնական վերանորոգումը կատարւած լինելով, եւ դրանք յուշանւէրների ցուցասրահի վերածւած լինելով, նոյն օրերին կատարւելու է նաեւ յուշանւէրների սոյն վաճառատան բացումը:

դ) Վանքի մուտքի բակում կառուցւած նկարչական նոր ցուցասրահում բացումն է կատարւելու Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարբեր տարիների լուսանկարների: Սոյն բացման հանդիսութեան ներկայ է գտնւելու Արեւմտեան Ատրպատականի նահանգապետը, ընկերակցութեամբ պետական հիւրերի:

ե) Հինգշաբթի 12 եւ ուրբաթ 13 յուլիս 2018-ի երեկոներին, Թեհրանի «Զարթօնք» պարախումբը ելոյթ է ունենալու վանքի տարածքում, իր հիմնադրման 30-ամեակի առիթով, ղեկավարութեամբ պարուսոյց Լոռեթա Աւետիսեանի:

զ) Շաբաթ, 14 յուլիս 2018-ին, Սբ. Թադէի տաճարում մատուցւելու է սուրբ եւ անմահ պատարագ, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդի եւ սպասարկութեամբ թեմի հոգեւորականաց դասի: Երգեցողութիւնը կատարւելու է «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

է) Նոյն օր, պատարագից յետոյ տեղի է ունենալու առաջնորդ Սրբազանի եւ նահանգապետի պաշտօնական հանդիպումը, պետական ներկայացուցիչների եւ Թեմական խորհրդի ներկայութեամբ:

Ուխտագնացութեան երեք օրերի ընթացքում, աղօթքով, տօնակատարութիւններով եւ ժողովրդական խանդավառ խրախճանքներով, մեր ազգային, ընտա-նեկան եւ հասարակական կեանքը զօրացնելու ենք:

Սոյն ուխտագնացութեան բացառիկ երեւոյթը, որը եռօրեայ դրութեամբ հազւադէպ է դարձել մեր ազգային-եկեղեցական կեանքում, ինքնին պատգամ է ուղղւած համայն Հայ ժողովրդին. «Հայ ուխտաւոր, Սբ. Թադէի սրբաբոյր գմբէթների հովանու ներքոյ ուխտի՛ր լինել միասնական եւ հաւատարիմ՝ քո ազգին, եկեղեցուն եւ հայրենիքին»:

Յարակից լուրեր

  • 120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից
    120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից

    Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը:

  • Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)
    Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)

    Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Սբ. Թադէոս Առաքեալի Վանքի Ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տեղի է ունենալու յուլիս ամսի 25, 26 եւ 27-ին (3, 4 եւ 5 մորդադ) կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի։

  • Ս. Թադէի Վանքի երկրորդ գմբեթի նորակերտ խաչի օծումը Ուրմիոյ ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում
    Ս. Թադէի Վանքի երկրորդ գմբեթի նորակերտ խաչի օծումը Ուրմիոյ ծխական Ս. Ստեփանոս եկեղեցում

    Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ Կիրակի, 18 Նոյեմբեր 2018-ին, Հայ եկեղեցու անդրանիկ թեմի հոգեւոր կենտրոն՝ Սբ. Թադէոս Առաքեալի վանքի երկրորդ գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Ուրմիայում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի:

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։