Հա

Համայնք

15/07/2018

Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

«alikonline.ir» - Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային:

64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուխտագնացութիւնը վայելում էր բարձր հովանաւորութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի, իսկ արարողութիւններին եւ բոլոր ձեռնարկներին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

Ատրպատականից, Իրանի տարբեր քաղաքներից եւ արտասահմանից շուրջ 6 հազար ուխտաւորներ ժամանել էին Ս. Թադէի վանքը, աղօթքով ս. պատարագով եւ ազգային տօնախմբութեամբ կատարելու Սբ. Թադէոս Առաքեալի եւ Սբ. Սանդուխտ Կոյսի տօնը, համաձայն Հայ եկեղեցու տօնացոյցի հրահանգին:

Նախապէս վանքի շրջապատում լարւած հարիւրաւոր վրանների ապահովումը Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի կողմից կատարւած լինելով ուխտաւորներ հինգշաբթի, 12 յուլիսին վանք ժամանեցին եւ տեղաւորւեցին, նախապատրաստւելով յառաջիկայ երկու օրերի հոգեւոր եւ ազգային ծրագրերին:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 5.00-ին վանք ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների: Սրբազան Հայրը զանգի ղօղանջների ներքոյ, հոգեւոր դասի եւ ժողովրդի դիմաւորութեան արժանացաւ, օրհնելով հացն ու աղը, իսկ տաճարում, կանոնական աղօթքից յետոյ նա սոյն ուխտագնացութեան առիթով իր առաջին պատգամը տւեց ուխտաւոր բազմութեան. «Ազգային ու հոգեւոր հպարտութեամբ ներկայ են բոլորս այստեղ, այս վեհավայրում, հոգեւոր ու ազգային ցնծութեամբ կատարելու մեր առաջին Լուսաւորիչներից Սբ. Թադէոսի եւ առաջին հայ նահատակ՝ սրբուհի Սանդուխտի տօնը: Մեր ժողովրդի իրաւունքն է ուրախանալը, դարերի ընթացքում տեսած զուլումներից եւ ջարդերից յետոյ: Սակայն, չմոռանանք աղօթքի հրաշազան դերը մեր կեանքում եւ այս եռօրեայ ուխտագնացութեան ընթացքում աղօթենք մեզ համար եւ աղօթենք բոլոր նրանց համար որոնք աղօթքի կարիք ունեն: Աղօթենք ամբողջ աշխարհի խաղաղութեան համար, աղօթենք աշխարհի ղեկավարների համար որ Աստւած առաւել իմաստութեամբ լցնէ նրանց միտքը, համայն աշխարհի բարօրութեան համար: Մէկ խօսքով, մեր սրտից բխած աղօթքով, առաւել սրբացնենք այս սրբավայրը, որ իր մենութեան մէջ, ամբողջ տարւայ ընթացքին, դէպի երկինք ուղղւած մնայուն աղօթք է մեզ համար»,- ասաց Սրբազանը:

Ապա տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ աղօթակցութեամբ հաւատացեալ ուխտաւորների:

 

Բացում՝ վանքի նոր սեղանատան

Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ, առաջնորդ Սրբազանը իր շքախմբով եւ ժողովրդի ընկերակցութեամբ ուղղւեց դէպի վանքի հարաւային կողմը, որտեղ նոր կառուցւեց մէկ շքեղ սեղանատուն (բուֆէ), Եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան եւ Մշակութային ժառանգութիւնների կողմից: Ամբողջութեամբ հայկական ոճի բոլոր զարդանախշերով յագեցւած սեղանատունը, առանձին շէնքով ու բոլոր յարմարութիւններով, այսուհետ կը ծառայի բոլոր ուխտաւորներին եւ այցելուներին, հայկական համադամ ճաշատեսակների սպասարկութիւն կատարելով:

Առաջնորդ Սրբազանը դռան մուտքի ժապաւէնը հատեց ծափողջոյնների ներքոյ եւ շրջագայեցաւ նորակառոյց բոլորակաձեւ շէնքի տարբեր մասերը, տեղեկանալով դրա գործունէութեան բոլոր մանրամասներին: Ապա, ներկայ բազմութեան իր խօսքը ուղղելով, ասաց. «Բոլոր վանքերը ունենում են սեղանատներ, որտեղ վանականներ իրենց համեստ կերակուրն են ուտում: Այստեղ էլ, ի՜նչ դժւարին պայմաններում վանականներ հազիւ կարողացել են անցեալում իրենց առօրեայ սնունդը ստանալ: Այսօր փառք Աստուծոյ, այս շքեղ պայմաններում մեր ուխտաւորները եւ այցելուները ճաշելու են, վայելելով հայկական խոհանոցի բարիքները: Թող ձեր բոլորի վկայութեամբ բացւած լինի Սբ. Թադէի վանքի այս սեղանատունը, իբրեւ մէկ անբաժան մասնիկը վանական մեր համալիրին»: Ապա, Սրբազան Հայրը բարձր գնահատեց Իրանի եկեղեցիներ պահպանման պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեանի տքնաջան աշխատանքը եւ նւիրւածութիւնը յատկապէս Ատրպատականի վանքերին, ինչպէս նաեւ Իրանի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան ներդրումը՝ մեր եկեղեցիներ վերանորոգութեան աշխատանքներում:

 

Բացում՝ վանքի յուշանւէրների բաժանմունքի

Առաջնորդ Սրբազանի ձեռամբ բացումը կատարւեց նաեւ Սբ. Թադէ վանքի յուշանւէրների նոր բաժանմունքին: Արեւմտեան բակի մէջ գտնւող նորակառոյց բաժանմունքը, իր կամարակապ սրահով, եւ կամարակապ խորշերով, լինելու է յուշանւէրների եւ մուտքի կտրոնների ստացման ապակեպատ յարմարութեամբ սրահ: Սրբազան հայրը այս բաժանմունքի մուտքի դռան ժապաւէնը եւս հատելով օրհնեց կառոյցը, դարձեալ իր գնահատանքը յայտնելով բոլոր աշխատողներին, վանքի բանւորներին, Իրանի եկեղեցիների պահպանման կենտրոնի աշխատակիցներին՝ տնօրէն Շերլի Աւետեանին, Կարէն Մկրտիչեանին եւ Ալէն Գրիգորեանին:

Յուշանւէրների բաժանմունքում ցուցադրութեան եւ վաճառքի են դրւել զանազան տեսակի հայկական կիրառական արւեստի նմոյշներ՝ խաչքարեր, ասեղնագործներ, կտաւեղէն, ինչպէս նաեւ աղօթագրքերի եւ մեր վանքերի պատմութեան նւիրւած հատորների հաւաքածոյ:

 

«Զարթօնք» պարախմբի զոյգ ելոյթները

Հինգշաբթի 12 եւ ուրբաթ 13 յուլիս 2018-ի երեկոներին, ժամը 7-ին, վանքի հիւսիսային մասում, ուխտաւորների վրանների հրաապարակում տեղի ունեցան Թեհրանից ժամանած «Զարթօնք» պարախմբի փառաւոր երկու ելոյթները, ղեկավարութեամբ պարուսոյց Լոռեթա Աւետիսեանի: Պարախումբը Ատրպատական էր ժամանել հրաւէրով Թաւրիզի Հայ համալսարանական միութեան վարչութեան:

Ելոյթները հովանաւորում էր եւ նախագահում առաջնորդ Սրբազանը: Բացման խօսքով հանդէս եկաւ Թաւրիզի Հայ համալսարանական միութեան վարչութեան ատենապետուհի՝ Անահիտ Յակոբեանը: Նա ողջունելով պարախմբի հիմնադրութեան 30-ամեակը, նորանոր յաջողութիւններ մաղթեց բոլորին՝ պարուսոյց Լոռեթա Աւետիսեանին եւ խմբի անդամներին: Անահիտ Յակոբեան անդրադարձաւ այն բացառիկ առիթին եւ վայրին՝ Սբ. Թադէի սրբացնող միջավայրին, որտեղ ելոյթ էր ունենում պարախումբը եւ մշակութային վայելք պարգեւելու ուխտաւոր բազմութեան:

Հայկական պարերի ճոխ փնջերով, ազգագրական եւ ժամանակակից մեր պատմութեան անցքերին խորհուրդը ունեցող պարերով, ելոյթ ունեցան «Զարթօնք»-ի աղջիկներն ու տղաները, ուխտաւոր ժողովրդի խանդավառութիւնը հասցնելով իր գագաթնակէտին: Պարեղանակներին ընկերակցում էր ասմունք, առաւել եւս հասկանալի դարձնելով խորհրդանշական շարժուձեւերի իմաստն ու խորհուրդը: Վրանների ամբողջ երկայնքին շարւած աթոռների վրայ նստած, ուխտաւոր հանդիսատեսները վայելեցին հայ պարերն ու պարեղանակները, բացօթեայ երկնքի համատարած խորհրաւորութեան մէջ:

Վերջին պարը պարելուց յետոյ, պարախմբի անդամները մնացին բեմում, իսկ պարուսոյցը առաջնորդ Սրբազանին նւիրեց արծաթեայ յատուկ յուշանւէր, իր երախտագիտութիւնը յայտնելով նրան, սոյն ելոյթին շնորհած իր հովանաւորութեան համար:

Առաջին եւ երկրորդ օրւայ ելոյթների աւարտին բեմ հրաւիրւեց առաջնորդ Սրբազանը, որ իր հայրական խօսքով քաջալերեց պարախմբին, յատկապէս գնահատելով պարուսոյց Լոռեթա Աւետիսեանին. «Այսօր դուք մեզ իսկապէս փոխադրեցիք մեր պատմական վանքերի շրջապատը, որտեղ հարսանիքների կամ ազգային այլ տօնախմբութիւնների առիթով հայ երգն ու պարը խանդավառում էր մեր ժողովրդին: Դուք մեզ առաջնորդեցիք հայոց պատմութեան բաւիղներից, դրա էջերի մութ ու ստւերոտ եւ յոյսի ու լոյսի անցքերից: Այսպէս է եղել մեր պատմութիւնը, երգով ու վէրքով, մշակոյթով ու արւեստով: Շարունակեցէ՛ք ձեր մշակութանւէր կեանքն ու ծառայութիւնը, Հայ մշակոյթի ջահը բարձր պահելով: Մենք Սփիւռքի մէջ միայն մեր գոյութիւնը չպահպանեցինք ու միայն այդ չէ՛ մեր նպատակը, այլեւ մեր մշակոյթը ծաղկեցնել եւ այսպիսի բարձունքի հասցնել», ասաց Սրբազանը: Նա այս առիթով գնահատեց նաեւ ԹՀՀ Միութեան վարչութեանը, միշտ մշակութային ձեռնարկներով մեր կեանքը հարստացնելու համար: Իր խօսքի աւարտին, առաջնորդ Սրբազանը պարուսոյց Լոռեթա Աւետիսեանին եւ սոյն ելոյթի կազմակերպական աշխատանքներին գործուն մասնակցութիւն բերած Վարուժան Բարոյեանին նւիրեց իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորից մէկական օրինակ:

 

Հսկումի ժամերգութիւն

Ամէնօրեայ առաւօտեան եւ երեկոյեան ժամերգութիւններից բացի, Ուրբաթ գիշեր ժամը 8-ին, տաճարում կատարւեց Գիշերային ժամերգութիւն, մասնակցութեամբ հոգեւորականաց դասի եւ բարեպաշտ ուխտաւոր ժողովրդի: Այս տարի եւս եկեղեցում զետեղւած մեխերով պատւած հսկայ փայտեայ խաչի վրայ ուխտաւորներ իրենց սրտի փափագները արձանագրեցին եւ դրեցին, խնդրելով Սբ. Թադէոս առաքեալի եւ Սբ. Սանդուխտ կոյսի բարեխօսութիւնը:

Յայտնենք, թէ թեմի քահանայ հայրերը հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին նաեւ մկրտութեան արարողութիւն կատարեցին, իրենց երեխաները վանքում կնքելու ուխտ ունեցող ընտանիքների համար:

 

Ուխտի սուրբ պատարագ՝ տաճարում

Ուխտագնացութեան վերջին, բայց գլխաւոր օրը՝ շաբաթ 14 յուլիս 2018-ին, Սբ. Թադէի վանքի տաճարում պատարագեց եւ քարոզեց Ատրպատականի առաջնորդը: Խորանին սպասարկում էին Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը եւ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Սբ. պատարագի երգեցողութիւնը կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Սբ. Խորանին սպասարկում էին թեմի սարկաւագաց եւ դպրաց դասերը՝ զոյգ բուրվառով, քշոցակրութեամբ, կերոնակրութեամբ եւ մոմակրութեամբ:

Ապա, թեմակալ առաջնորդը իր հոգեւոր պատգամը սկսեց, Տիրոջ փառքի տաճարում ներկայ ուխտաւորների աղօթքին միացնելով իր աղօթքը փառք տալով երկնաւոր Հօր, որ այս տարի եւս առիթ էր ընծայել մեր թեմին, կազմակերպել սոյն ուխտագնացութիւնը, Հայ ժողովրդի աղօթական ոյժը մէկ անգամ եւս համախմբե-լու եւ առաքելու առ Աստւած, վասն խաղաղութեան աշխարհի, վասն շինութեան սուրբ եկեղեցւոյ եւ վասն բարօրութեան ազգիս հայոց: Սրբազանը վեր հանեց Ս. Թադէոսի եւ Սանդուխտ կոյսի նահատակութեան դրւագի խորախորհուրդ իմաստը, որով բացւել էր նաեւ Հայ ժողովրդի հոգեւոր փրկութեան ուղին. «Կորչելու էր մեր ազգը, այնպէս ինչպէս շա՜տ ուրիշ հեթանոս ժողովուրդներ իրենց մշակոյթով կորւել են պատմութեան մշուշում, եթէ չլինէին մեր լուսաւորիչ սուրբ առաքեալները, ու մանաւանդ հայ ազգի առաջին նահատակ՝ Ս. Սանդուխտ կոյսը: Այսպէս բացւեց ճանապարհը Հայ ժողովրդի հոգեւոր փրկութեան եւ ազգային ինքնութեան»,- ասաց Սրբազանը: Ապա, նա անդրադարձաւ 2018 տարւայ խորհրդանշական իմաստներին՝ Հայաստանի անկախութեան կերտման 100-ամեակին, ինչպէս նաեւ Ատրպատականի հայոց թեմում Օսմանցիների կողմից գործադրւած Խոյի հայերի կոտորածի 100-ամեակին, յառաջատեսիլ հայեացքով նայելով նաեւ յառաջիկայ տարի տօնախմբելու 65-ամեակը Սուրբ Թադէի ուխտագնացութիւնների ոսկեայ շարանին: Վերջապէս, նա որդիական ակնածանօք շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան կէս դարեայ ծառայութիւնը, միաժամանակ Վեհափառ Հայրապետի սիրոյ ջերմ ողջոյնները հաղորդելով հաւատացեալ ուխտաւոր ժողովրդին:

Յայտնենք, որ այս առիթով «Կոմիտաս» երգչախումբը առաջին անգամ լինելով հնչեցրեց «Գոհութիւն» բաժնի քառաձայն կատարումը, Ատրպատականի հայոց թեմի բարեպաշտ ժողովրդի որդիական սէրն ու երախտագիտութիւնը յայտնելու Վեհափառ Հայրապետին, իր կէս դարեայ հոգեւորական անձնդիր ծառայութեան համար:

Սրբազան Հայրը Հայաստանի անկախութեան եւ Սբ. Թադէի Հայ ազատագրական պատմութեան անցքերը պեղելով, յայտնեց, որ անկախութեան հռչակման կարեւոր դէմքերից Սարգիս Յարութիւնեանը, 1904 նոյեմբերից մինչեւ 1905 փետրւար ամիսը մնացել էր Սբ. Թադէում եւ այնտեղ իր նամակները սկսել էր ստորագրել Արամ Մանուկեան անունով, որը հետագայում լինելու էր իր ճանաչւած անունը...:

Իր քարոզում առաջնորդ Սրբազանը շեշտեց հաւատքի կարեւորութիւնը եւ դիմեց հաւատացեալներին, որ վանքի սրբացնող կամարների տակ, Յիսուսի աշակերտների հետ միասին աղերս ներկայացնեն առ Աստւած, հաւատքի յաւելման համար. «ՏԷ՜ր մեր հաւատքը աւելացրու, ասացին աշակերտները, իսկ մենք, որ միշտ թերի ենք այս կէտում, յաճախ Պետրոսի նման թերահաւատութեամբ ընկղմում ենք մեղքի տիղմի մէջ ու ապա կանչում ենք Յիսուսին՝ օգնութեան համար: Մեր հաւատքի յաւելման համար աղօթենք, փրկւելու երեւելի եւ աներեւոյթ բազմատեսակ թշնամիներից եւ փորձութիւններից», ասաց Սրբազանը: Ապա, եզրափակելով իր խօսքը, նա ասաց. «Թող Սուրբ Թադէոսի Աջը օրհնի մեզ բոլորիս եւ օրհնի բոլոր նրանց, որոնք փափաքեցան այստեղ լինել, սակայն չյաջողւեց նրանց, ինչ-ինչ պատճառներով: Թող նրա Սուրբ Աջով օրնւած ջուրը բժշկութիւն պարգեւի բոլոր հիւանդներին, ու հոգեւոր եւ մարմնական ախտերով տառապող բոլոր հոգիներին»:

Ս. պատարագի աւարտին, Սբ. Թադէոս առաքեալի աջով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն, մասնակցութեամբ ներկայ բոլոր հոգեւորականների: Երգչախումբը խոր ապրումով կատարեց «Կիլիկիա»ն, բարեպաշտ ժողովրդի երգակցութեամբ: Ապա, սուրբ Աջով գլխաւորւած եկեղեցականաց թափօրը, ուղեկցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի արիներին, ուղղւեց դէպի շրջափակ եւ ամբողջ տաճարի շուրջը պտտւելով եկաւ առաջնորդական յարկաբաժնի՝ վանահօր սենեակի առջեւ, որտեղ երգչախումբը կատարեց «Հայր Մեր»-ը: Ապա, Սրբազան Հայրը «Պահպանիչ»-ով օրհնեց ժողովրդին, գնահատական իր խօսքը ուղղեց ազգային իշխանութեան, երգչախմբին, կրտսերաց դպրաց դասին, Խնամակալ մարմինին, ու յատկապէս Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, կատարւած կազմակերպ եւ բծախնդիր աշխատանքի համար: Նա յատկապէս գնահատեց երգչախմբի ղեկավար երաժիշտ Վարդան Վահրամեանին եւ յատուկ յուշանւէրով պատւեց նրան:

 

Բացում՝ նկարչական ցուցասրահի

Սբ. պատարագից անմիջապէս յետոյ, Իրանի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութեան տնօրէնը, առաջնորդ Սրբազանի հետ միասին բացումը կատարեց վանքի նկարչական ցուցասրահի: Ի դէպ, դրա յատակում վերանորոգութեան ընթացքում յայտնաբերւել էր թոնիր, որը մասնագէտների տւած ձեւաւորումով, ապակեպատւել էր, պատմութիւնը փրկելու նպատակով: Կիսամութ խուցին յատուկ լուսաւորութիւն էր տրւել, վանական համալիրի ընդհանուր մթնոլորտին համաշունչ:

 

Հանդիպում պետական ներկայացուցիչների հետ

Շաբաթ առաւօտեան, վանքի մօտակայքում տեղակայւած հսկայ վրանի ներքեւ պաշտօնական հանդիպում կայացաւ առաջնորդ Սրբազանի եւ պետական ներկայացուցիչների միջեւ, ներկայութեամբ Թեմական խորհրդի՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի անդամների, Իրանի եկեղեցիների պահպանման պետական կենտրոնի տնօրէն Շերլի Աւետեանի եւ հիւրերի:

Հանդիպման վայրը ժամանեցին արեւմտեան Ատրպատականի նահանգապետ դոկտ. Շեհրիյարի ներկայացուցիչը, ընկերակցութեամբ Չալդրանի կուսակալ Քարիմ Հոսէյնզադէի, Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուների եւ պետական այլ անձնաւորութիւնների:

Հանդիպման ընթացքում Կուսակալը եւ նահանգապետի ներկայացուցիչը մեծարանքի խօսքերով գնահատեցին իրանահայութեանը, որոնք աւանդութիւնների պահպանումով օրինակ են հանդիսանում այլ մշակոյթների հետեւող ժողովուրդներին: Օրինապահ քաղաքացի լինելու հայութեան վարկը մէկ անգամ եւս շեշտւեց պետական սոյն հանդիպման ընթացքում: Կուսակալը անդրադարձաւ վերջին ամիսներին կատարւած շինարարական հսկայ աշխատանքներին, դէպի վանք տանող ճանապարհի ասֆալթապատման եւ այլ ծրագրերի: Նա շեշտեց նաեւ, որ ժողովրդի կենցաղային պայմանները ապահովելու համար ո՛չ մէկ ճիգ չի՛ խնայւել: Կուսակալը իր ուրախութիւնը յայտնեց, որ հինգերորդ տարին լինելով իր պաշտօնավարութեան, կարողանում է օգտակար հանդիսանալ Հայ ժողովրդին, ուխտագնացութեան այս օրերին:

Առաջնորդ Սրբազանը իր խօսքում վեր հանեց Սբ. Թադէի վանքի միջազգային արժէքը եւ վայելած համահայկական յարգանքը, որի համապատասխան հոգածութեան առարկայ պէտք է լինի այն. «Սբ. Թադէի վանքը, իբրեւ սրբավայր, արժանի է իւրայատուկ յարգանքի, բոլոր ազգերի եւ կրօնների պատկանող այցելուների կողմից: Յիսուսի առաքեալներից մէկի նահատակութեան վայրն է այս, եւ ո՛չ թէ սոսկ մշակութային կոթող: Կրօնները կապրեն ու աւելի երկար կը գոյատեւեն իրարու հանդէպ յարգանքով եւ իրարու սրբավայրերի նկատմամբ ունեցած նոյն երկիւղած մօտեցումով»,- ասաց նա: Ապա, իր շնորհակալութիւնը յայտնեց բոլոր պետական ներկայացուցիչներին, սոյն ուխտագնացութեան կազմակերպական աշխատանքներին ընծայած դիւրութեանց համար:

Սբ. Թադէի ուխտագնացութիւնը, շուրջ վեց հազար ուխտաւորներով, աշխարհի տարբեր երկրներից, այս տարի եւս բացառիկ առիթ հանդիսացաւ մեր ժողովրդի քրիստոնէական հաւատքի վերանորոգութեան եւ ազգային պատկանելիութեան գիտակցութեան ամրապնդման, գնահատելու այն՝ ինչ որ մեր գոյութեան համար անհրաժեշտ է, եւ մեր հաւաքական կեանքի համար էական:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։