Հա

Համայնք

Չորեքշաբթի, 18 Յուլիսի 2018 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Քարագլուխ գիւղում

Տեղագրական իր ծրագրին եւ թեմի պատմութեան անցեալի հետքերով ընթանալով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Ղարադաղի Քարագլուխ նախկին հայկական գիւղը, որտեղ կանգուն է դեռ հայոց Սբ. Յովհաննէս եկեղեցին: 

«alikonline.ir» - Տեղագրական իր ծրագրին եւ թեմի պատմութեան անցեալի հետքերով ընթանալով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Ղարադաղի Քարագլուխ նախկին հայկական գիւղը, որտեղ կանգուն է դեռ հայոց Սբ. Յովհաննէս եկեղեցին:

Առաջնորդ Սրբազան Հօր այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

«Անկարելի է երեւակայել, որ Ղարադաղի գիւղերից մէկին այցելութիւն տւողին կը յաջողւի երկրորդ գիւղ էլ այցելել, մանաւանդ երբ դա ուսումնասիրական այցելութիւն է, պրպտողական աշխատանք է, հարցուփորձով հայկական հետքեր գտնելու ճիգ է, ինչպէս նաեւ տեղացի գիւղացու հետ լեզու ճարելու մասնագիտութիւն է, գիւղում դեռեւս կանգուն բոլոր հայկական արմատ ունեցող կառոյցների տեղերը տեսնելու նպատակով:

Վարդանաշէն կամ Գինդիմնան գիւղից մինչեւ Քարագլուխ երկուսուկէս կլմ. է, դէպի հարաւարեւելք: Ընդհանրապէս գիւղերի տրւած անունները եթէ անձնանունների հետ կապւած արմատ չունեն, ուրեմն դրանց աշխարհագրական դիրքին կամ շրջանի բուսականութեան հետ առնչւած կոչումներ են այդ անունները: Այսպէս է եւ Քարագլուխ անունը: Ծոցատետրիս մէկ անկիւնում այդ անունը գրած, երբ գնացի այցելելու սոյն գիւղը, ու յանկարծ երկու լեռների արանքում մի անցքի վրայ, տափարակ վայրում տեսայ այն, հասկացայ թէ ինչո՞ւ մեր հայրերը սոյն գիւղը Քարագլուխ են անւանել: Որովհետեւ իսկապէս դա երկու լեռների մէջտեղում բնականօրէն բացւած լեռնանցքի քարքարոտ սկզբում, այսինքն «գլխում» երեւացող գիւղ է, որի նոր՝ թուրք բնակիչները այն կոչում են «Դաշբաշի», ուղղակի թարգմանաբար հայերէնից: Վստահաբար անցեալում հայերն են սովորացրել նրանց, իրենց գիւղի անւան նշանակութիւնը, իսկ հիմա նրանք պահել են այդ անւան թուրքերէն տարբերակը, այսինքն՝ հայերէնին թարգմանութիւնը:

 

Քարագլուխ գիւղը

Գիւղ մտանք կէսօրին: Լսել էինք, թէ նախապէս հայեր եկել էին այստեղ Թաւրիզից, նախկին Ղարադաղցիների ընկերակցութեամբ, որոնք հարցրել էին Հայ եկեղեցու տեղը, սակայն գիւղացիները ասել էին, թէ այստեղ եկեղեցի գոյութիւն չի՛ ունեցել: Այցելող հայերն էլ իբրեւ թէ հաւատացել էին ասւածին, մտածելով որ գիւղացիները այն քանդել էին, սակայն չէին ուզում անցեալի տխուր էջը բացել՝ չմեղադրւելու համար գիւղի նախկին տէրերից: Ուրեմն, այնտեղ այցելած հայերը հաշտւել էին եկեղեցին քանդւած լինելու իրողութեան հետ եւ վերադարձել: 

Մեր այցի ժամանակ գիւղի արահետներում երեւացող միակ երիտասարդը բարի գտնւեց, երեւի կրօնաւորների հանդէպ յաւելեալ յարգանք ունենալով, եւ ասաց թէ եկեղեցին վաղուց մզկիթի էր վերածւել: «Աստծու տունը ազգութիւն չի՛ ճանաչում» ասելով, համոզեցինք երիտասարդին, որ մեզ ցոյց տայ գիւղին «մզկիթ»ը: Դա մեր կանգնած վայրից շատ հեռու չէր, սակայն ուղղակի տների արանքում, մի նեղ ու աննշան արահետում գտնւելով, կարելի չէր շուտով ճանաչել: Պէտք էր անցնել տների դռների առաջից, քարքարոտ արահետից անցնել, հասնելու համար քառանկիւն մէկ կառոյցի, որ Քարագլուխ գիւղի հայոց Սբ. Յովհաննէս եկեղեցին էր:

 

Սբ. Յովհաննէս եկեղեցին

Գիւղի եկեղեցին իր հարաւային կողմում, որտեղ է նաեւ իր դուռը, ունի փոքրիկ ցանկապատւած բակ, 8x3 մետր մեծութեամբ: Եկեղեցին քարաշէն է, անտաշ լեռնային քարով կերտւած կառոյց, ունի 4 մետր բարձրութիւն եւ ներքին 12x4 մետր տարածք: Փաստօրէն երկար-բարակ մէկ սրահ է, որի արեւելեան կողմում կայ խորանի բեմը:

Պարզ է, որ Սբ. Յովհաննէսը վերանորոգման է ենթարկւել, մզկիթի վերածւելու ընթացքում: Նրա փայտածածկ եւ գերանահիւս տանիքը վերանորոգւել է եւ ջրամեկուսացման յատուկ նիւթով պատւել: Ներքին պատերը ծեփւել են եւ ներկւել եւ գետինը ցեմենդապատւել է: Եկեղեցու կենտրոնի ամբողջ երկայնքում շարւած գերանները վերանորոգւել են, որպէսզի տանիքի ծանրութիւնը կարենան պահպանել: Խորանի բեմը չի վերացւել: Դա մէկ մետր բարձրութիւն ունի գետնից, իսկ այնտեղ բարձրանալու երկու աստիճանները գտնւում են հարաւային անկիւնում, դէպի դաս նայող դիրքով: Ամբողջ եկեղեցին քառանկիւն կառոյց ունի, ուստի, խորանի մասը կիսակամար մէջք չունի, այլ ուղիղ: Խորանի բեմի տարածքը ներկայիս օգտագործւում է իբրեւ մզկիթի խոհանոցը, որտեղ զետեղւած են թէյի սարքն ու այլ յարմարութիւնները, նամազի (Իսլ. աղօթք) ժամից առաջ կամ յետոյ հիւրասիրելու համար ներկաներին:

Դուռը, ինչպէս ասացինք, հարաւային պատի կենտրոնում է գտնւում: Եկեղեցին ունի երեք պատուհաններ: Մէկը արեւելեան պատի վերեւ, խորանի յետեւից խորհրդաւոր լոյս հրաւիրելու համար դէպի ներս, երկրորդը հարաւային պատի վրայ, խորանի բեմին շատ մօտիկ, 2x1 մետր չափով, վերեւը կիսակամար, իսկ երրորդը՝ երեք փեղկանի, մայր դռան ձախ կողմում, դարձեալ հարաւային պատի վրայ, սակայն քառանկիւնաձեւ, առանց վերեւի կիսակամարին: Ըստ գիւղացի երիտասարդի ասածին, իրենք աւելի լայնացրել էին այս պատուհանը, վերանորոգութեան ընթացքում: Դռան եւ երկու պատուհանների վերեւում գերաններ են ամրացւել, դէպի վերեւ շարունակւող պատի ծանրութիւնը բռնելու համար: 

Եկեղեցու արտաքին պատերը եւս վերանորոգւել են: Նախապէս կրաշաղախով իրարու ագուցւած քարերը, վերանորոգումի ընթացքում ցեմենդով են միացւել, ամրացնելով շէնքի կառոյցը: Միակ դժբախտութիւնը որ պատահել է Սբ. Յովհաննէսին, նրա դռան վերեւի հայերէն արձանագրութեան դիտումնաւոր մաքրումն է, որը կատարւել է վերանորոգողների եւ եկեղեցին մզկիթի փոխակերպողների ձեռքով, այն էլ անյաջող ճիգով:

Այնպէս ինչպէս երեւում է, եկեղեցու ճակատին ամրացւած կիսակամար մարմարեայ արձանագրութիւնը, 100x60 սմ. մեծութեամբ, ունեցել է երեք խաչեր: Վիմագրութիւնը մաքրող «վարպետ»ը, հայերէն տառերու բաժինները եւ խաչերի ոտքերու մասերը հարթացրել է, եւ նոր մակերեսի վրայ գրել է մզկիթի անունը: Սակայն երեք խաչերի վերեւի երեք թեւերը դուրս են մնացել այս կոտորածից, եռանկիւն գծերի տպաւորութիւն թողելով: Այս փոքրիկ նշոյլը, նախկին արձանագրութիւնից, մխիթարական ազդեցութիւն գործեց մեզ վրայ, եւ պատճառ հանդիսացաւ որ գոհունակ սրտով մեկնենք Քարագլուխ հայկական գիւղից, անշուշտ մեծ ուրախութեամբ լուսանկարւելով եկեղեցին մեզ ցոյց տւած երիտասարդի հետ, ընդառաջելով նրա ջերմ փափաքին:

 

Քարագլուխի հայոց գերեզմանատունը

Գիւղից մէկ կիլոմետր հարաւ, բարձունքի վրայ է գտնւում հայոց գերեզմանատունը, բազմաթիւ խաչաքանդակ եւ հայերէն արձանագրութեամբ քարերով: Թէ՝ Քարագլուխ գիւղում վարպետ քանդակագործներ են եղել, փաստ է, որովհետեւ խաչաքանդակների արւեստագիտական ճաշակը եւ խորապէս հայկական զարդանախշերը այդ են յուշում դիտողին: Դրանց մէջ ամէնից փոքրը 80x60 սմ. մակերես ունի եւ 50 սմ. հաստութիւն: Ոմանց կողքի մասերն էլ քանդակւած են, սակայն ընդհանրապէս միայն քարի մակերեսի վրայ են գտնւում նախշերը եւ արձանագրութիւնը: 

Գերեզմանաքարերից ոմանք մէկ մետր բարձրութիւն եւ մէկ մետր երկայնք ու 30 սմ. լայնք ունեն, ոտքի կանգնած դիրքով, որոնք աւելի հին դարաշըրջանների են պատկանում:

Զոյգ խաչերով տապանաքարերի հանդիպեցինք սոյն գերեզմանատնում, որի նմաններին հանդիպել էինք Ղարադաղի այլ գերեզմանատներում: Հաւանաբար սոյն շրջանի գիւղերի յատուկ տապանաքարի համար ընդունւած արւեստ է եղել այս, որը կիրառել են քանդակագործներ մօտակայ գիւղերում: Ենթադրաբար կարող ենք ասել, որ ամուսինների տապանաքար կարող են լինել այս ոճի քարերը, այլապէս, երկու խաչերը անբացատրելի կը մնան, երբ Երրորդութեան համար անհրաժեշտ երրորդը բացակայ է. իսկ Երրորդութեան խորհրդանշանով, այսինքն՝ երեք խաչերի առկայութեամբ քարերի հանդիպել ենք միայն եկեղեցիներում, խորանի բեմի ճակատը կամ խորանի խաչկալի վերեւի կամարը զարդարող:

Գերեզմանաքարերի գրութիւնների մեծամասնութիւնը անյաջող ձեռացագրի տպաւորութիւն կը թողնի, թէպէտ քանդակողները փորձել են երկաթագրի տպաւորութիւն տալ տողերին:

Սոյն գերեզմանատուն եւս գանձախոյզներ «այցելել» էին, մի քանի շիրմաքարեր տապալել կողքի ձորակի մէջ եւ հանգուցեալների ոսկորները ցրւել, առանց մի նշանակալից գանձի տիրանալու. վստահաբա՛ր: Որովհետեւ տարիներ ետք իր գիւղին այցի եկած մի ծերունի պատմում էր մեզ Թաւրիզում, որ պատասխանելով գիւղի նոր բնակիչներից մէկի հարցին, թէ որտե՞ղ են թաղել իրենց ոսկիները, ծերունին պատասխանել է, որ երբ գիւղը լքում էին ու Թաւրիզ փախչում, ուտելու հաց չունէին, ոսկին ո՞րտեղից ունենային:

Ըստ երեւոյթին, գանձի հանդէպ հետաքրքրութիւնը դեռ վառ է Քարագլխում, որովհետեւ շրջակայքը ուսումնասիրելուց երբ վերադառնում էին եւ դարձեալ անցնում գիւղի գերեզմանատան կողքից, մէկ խումբ գիւղացի երիտասարդների հանդիպեցինք, որոնք հաւաքւել էին շիրմաքարերի մօտ: Մի անխնամ ու լքւած տարածք, բարձր խոտերով ու փշոտ թուփերով վայրենացած, որ նոյնիսկ հանգստանալու համար այցելուներ հրապուրելու երեւոյթ չունի…:

Related items

Image Gallery

{gallery}48319{/gallery}

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Սխալներ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ