Print this page
24/07/2018 - 09:50

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը «Ջան Թաւրիզ» միութեան Սբ. Թադէի օր դաշտահանդէսին՝ Լոս Անջելէսում

Կիրակի, 22 յուլիս 2018-ին, Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» միութեան վարչութեան կազմակերպութեամբ, տարիների աւանդութեան համաձայն, Գլենդէյլի «Հօնոլուլու» այգում տեղի ունեցաւ Սբ. Թադէի վանքի օրւայ դաշտահանդէսը: 

«alikonline.ir» - Կիրակի, 22 յուլիս 2018-ին, Լոս Անջելէսում գործող «Ջան Թաւրիզ» միութեան վարչութեան կազմակերպութեամբ, տարիների աւանդութեան համաձայն, Գլենդէյլի «Հօնոլուլու» այգում տեղի ունեցաւ Սբ. Թադէի վանքի օրւայ դաշտահանդէսը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Այս տարի, բարեբախտ զուգադիպութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան Լոս Անջելէսում գտնւելով, վարչութիւնը ուրախութեամբ հրաւիրեց նրան ներկայ լինելու սոյն թաւրիզահայ հաւաքին:

Վարչութեան անդամներից Աշոտ Ամիրխանեանի բարի գալստեան խօսքից յետոյ, առաջնորդ Սրբազանը իր պատգամը ուղղեց ներկայ ժողովրդին, որ իր ծննդավայր Ատրպատականի նւիրական սրբութեան՝ Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան յիշատակի սիրով հաւաքւել էին այգում, վերապրելու ուխտագնացութիւնների հոգեպարար մթնոլորտի ներշնչանքը:

Առաջնորդ Սրբազանը ծառերի շւաքի տակ հաւաքւած ժողովրդին իր խօսքը ուղղելով, ասաց. «Դեռ մեր ոտքերից չթօթափած Սբ. Թադէի վանքի վեհավայրի փոշին, այս տարւայ ուխտագնացութիւնից մէկ շաբաթ յետոյ ահաւասիկ այստեղ ենք, մեզ հետ բերելով Սուրբ Թադէոս առաքեալի սրբացնող օրհնութիւնը: Պայմանների բերումով մղոններ անդին էք գտնւում Ատրպատականից, սակայն Ատրպատականը իր բոլոր յիշատակներով ապրում է ձեր  մէջ: Աւանդութիւնները մեծ դերակատարութիւն ունեն մէկ ազգի կամ մէկ հաւաքականութեան ընդերկար գոյատեւման գործընթացում: Ձեր զաւակների ու ձեր թոռների սրտում Սբ. Թադէի եւ մեր միւս վանքերի եւ թանկարժէք յիշատակների սէրը դո՛ւք էք վառ պահելու: Վստահ եղէք, որ նրանք իմանալով այս բոլորի մասին, աւելի կապւելու են իրենց հայկական արմատներին եւ ինքնութեան, որովհետեւ բազմամշակոյթ այս հոսանքի մէջ մոլորւելու ճանապարհները բազմաթիւ են եւ բազմազան»: Սրբազան հայրը գնահատեց նաեւ «Ջան Թաւրիզ»-ի վարչութեան եւ բոլոր ներկաներին, իրենց աշխատանքին եւ քաջալերական մասնակցութեան համար:

Յայտնենք, որ վարչութեան կողմից այգում կանգնւել էր Սբ. Թադէի վանքի հսկայ պատկերը, որ ներկաների սրտում առաւել ջերմացնում էր սէրը հանդէպ սրբավայրի, որի հետ լուսանկարւելով, մի պահ նրանք հոգեպէս թռչում էին դէպի Արտազ գաւառը եւ աւելի մօտենում Հայ եկեղեցու առաջին վանական համալիրի սրբատաշ քարերին:

Նշենք, որ սոյն պաշտօնական բաժնից յետոյ տեղի ունեցաւ ճաշկերոյթ եւ ընկերական ժամանց, մինչեւ երեկոյ:

Յարակից լուրեր