Հա

Համայնք

25/07/2018 - 12:30

«Ով անցեալի արմատներից սնունդ չի քաղի՝ ապագան չի տեսնի յստակ». «Ասպարէզ»-ի հարցազրոյցը՝ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ

Ստորեւ ներկայացնում ենք «Ասպարէզ» օրաթերթի հարցազրոյցն Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

«alikonline.ir» - Ստորեւ ներկայացնում ենք «Ասպարէզ» օրաթերթի հարցազրոյցն Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

«Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում Հայկական Յուշարձանների Հետքերով». այսպէս է կոչւում Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հեղինակած գիրքը, որի շնորհանդէսը նախատեսուած է յուլիսի 25-ին, Գլենդելի Երիտասարդական կենտրոնի սրահում: Հրատարակութիւնը, թեմի տարբեր շրջաններում հայկական եկեղեցիներն ու մշակութային կոթողներն ուսումնասիրելու եւ տեղագրելու եօթամեայ գործունէութեան արդիւնքն է:

 

- Սրբազան, կը խնդրէի պատմէք գրքի ստեղծման մասին, եւ ներկայացնէք որոշ մանրամասներ:

- Այս օրերին Սուրբ Թադէոս առաքեալի վանքում լինելով եւ ուխտագնացութեան հանդիսապետելով, սրբավայարից գալով, ցանկանում եմ նախ ողջունել մեր բոլոր ընթերցողներին՝ Սուրբ Թադէոս առաքեալի նահատակութեան վայրից օրհնութիւն բերելով բոլորին: Ուրախ եմ, որ առիթ ստեղծուեց Լոս Անջելէսում կատարելու իմ գրքի շնորհանդէսը:

«Ուղեւորութիւն Ատրպատականի Հայոց Թեմում Հայկական Յուշարձանների Հետքերով» գրքում, որ այս շարքի 530 էջից կազմուած առաջին հատորն է, ներկայացուած են Ատրպատականի հայոց թեմի տարածքում գտնուող 238 եկեղեցիներից 95-ի մասին տեղեկագրութիւններ, լուսանկարներ, մանրամասներ: Այս հատորի արժէքը նրանում է, որ հեղինակն անձամբ այցելել է այդ 95 եկեղեցիներ, այսինքն՝ ականատեսի նորագոյն, վերջին շրջանի վկայութիւններ: Ես լուսանկարել եմ, չափագրել, թէեւ ոչ մասնագիտական ձեւով, բայց չափագրութեան ներկայ մեթոդներով, իւրաքանչիւր եկեղեցի ու կոթող, մշակութային կառոյց:

Պատմութեան ընթացքում շատերն են եղել այն վայրերում որտեղ ես եղայ եւ պէտք է այցելեմ, եւ կան որոշ գրաւոր տեղեկութիւններ, բայց ո՛չ լուսանկարներ ու մանրամասներ, ինչը ես եմ ներկայացնում գրքում: Ներկայում, իմ այցելած վայրերում բազմաթիւ եկեղեցիներ կիսաւեր են, որոշներից՝ միայն հողաթումբ է մնացել կամ քարակոյտ: Ես ներկայացրել եմ այնպէս ինչպէս կան՝ կից տեղեկութիւններով:

 

- Ինչո՞ւ են ձեր նշած եկեղեցիներն ու կոթողները նման վիճակում:

- Ատրպատականի թեմի ներքոյ գտնուող շրջանները, որտեղ մեր եկեղեցիներից շատերը գտնւում են՝ հիմնականում վաղուց հայաթափուած են: Այդ վայրերում, որտեղ հայեր չեն ապրում, ճիշդ է, պետութիւնը, գիւղական խորհուրդը, Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակութային կոթողների պահպանման վարչութիւնն աշխատանքներ իրականացնում են, սակայն՝ այնքանով որքան կարողանում են:

Շատ եկեղեցիներ ու մշակութային կոթողներ աւերուել են բնութեան աղէտների հետեւանքով: 1930 թուականին Սալմաստում տեղի ունեցած հզօր երկրաշարժի պատճառով, բազմաթիւ եկեղեցիներ են քանդուել: Ընթացքում, որոշները վերանորոգուել են որոշ չափով՝ այդ ժամանակ տարածքում բնակուող հայերի կողմից, բայց որոշներն այդպէս էլ մնացել են աւերակ վիճակում: Օրինակ, Սալմաստի Մահլամ գիւղի եկեղեցին երկրաշարժից յետոյ մինչ օրս քանդուած է, սակայն Յաղթուան գիւղի Սուրբ Գէորգ եկեղեցին վերանորոգուել է 1932-ին: Հետեւաբար, երբ հայաթափուած է շրջանը, այնտեղ տիրութիւն անող չկայ:

Խօսելով, Ատրպատականի հայոց թեմի մասին, անկարելի է պատկերացնել, որ այդ հսկայական տարածքին առաջնորդարանը կարող է հասու լինել: Շատ տարածքներում, որոնց մասին գրել եմ, եօթ-ութ ժամ հեռու են առաջնորդարանից, եւ այնտեղ հասնելը ոչ միայն ժամանակի առումով է դժուար, նաեւ ճանապարհների չգոյութեան: Նման իրավիճակում այդ տեղանքներ հասնելը, չչափազանցնեմ, ինքնին հերոսութիւն է: Ես ընդունել եմ այս աշխատանքն իբրեւ փոքր ծառայութիւն, եւ կարծում եմ, որ մշակութայնօրէն, գրաւոր ու լուսանկարների միջոցով գրքում ամփոփումը՝ փրկութիւն է այդ կառոյցների համար:

 

- Որքա՞ն են տեւել աշխատանքներն այս գրքի համար: Յաջորդ հատորներում ի՞նչ էք նախատեսում ներկայացնել:

- Ես եօթ տարի է, որ Ատրպատականի թեմում եմ որպէս առաջնորդ, եւ առաջին օրուանից այս նիւթը եղել է հետաքրքրութեանս առարկան: Առաջին հատորը եօթ տարուայ աշխատանքիս արդիւնքն է: Այս գրքին կը հետեւի երկրորդը, որտեղ կը ներկայացնեմ այն եկեղեցիներն ու կոթողները, որտեղ դեռ չեմ եղել:

Երրորդ հատորում տեղ կը գտնեն զրոյցներս այն մարդկանց հետ, ովքեր տարբեր շրջաններից եկել ու հաստատուել են ներկայում հայաշատ երկու քաղաքներում՝ Ուրմիայում եւ Թաւրիզում: Ատրպատականում այսօր շատ քիչ հայեր են մնացել. Սալմաստում, օրինակ, երեք կամ չորս ընտանիք է մնացել միայն:

Տարբեր շրջաններից նրանց տեղափոխութիւնն, անշուշտ, իր պատճառներն ունի եւ գլխաւորը՝ հայկական կրթօջախների բացակայութիւնն է եղել: Դպրոցական երեխայ ունեցող ընտանիքները չեն ցանկացել իրենց զաւակներին օտար վարժարան ուղարկել, ստիպուած փոխել են բնակութեան վայրը:

Միաժամանակ ես ուսումնասիրում եմ նաեւ տուեալ եկեղեցու շուրջ գտնուող համայնքի մասին առկայ բոլոր աղբիւրները: Զրուցակիցներս, որ տարբեր շրջաններից են, հիմնականում տարեց մարդիկ էին, որոնցից շատերն այսօր արդէն չկան: Նրանց միջոցով բաւական տեղեկութիւններ եմ ստացել իրենց շրջանների, գիւղերի մասին՝ առօրեայի, կեցութեան, կենսաձեւի, եւ այլն: Եւ սրանք տեղեկութիւններ են, որոնց ոչ մի այլ աղբիւրում չես գտնի: Եւ իսկապէս, այս աշխատանքը մեծ հարստութիւն է մեզ համար նաեւ պատմագրութեան առումով՝ անյայտ չբցայայտուած էջերին լոյս սփռելու առումով: Մեր պատմութեան, մեր մշակոյթի գանձարկղը հարստանում է նման հրատարակութիւններով:

  

- Ձեր գիրքը կը ներկայացուի Լոս Անջելէսում, այստեղ գործող հինգ իրանահայ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, Ուրմիայի հայրենակցական միութեան, Սալմաստի Ժառանգութեանց ընկերակցութեան, Իրանահայ միութեան եւ «Ղարադաղի ժառանգներ»-ի ու Սարդարապատ գրախանութի հովանաւորութեամբ: Նման համախմբուածութիւնն ինքնին ենթադրում է աշխատութեան նկատմամբ համայնքի վերաբերմունքը: Որքանո՞վ է կարեւոր հոգատարութիւնը մեր մշակութային, հոգեւոր ժառանգութեան նկատմամբ ու դրանց հանրայնացումը:

- Ուրախ եմ, որ Լոս Անջելէսում գործող իրանահայ միութիւններն իրենց անցեալով ապրում են, որովհետեւ՝ ով անցեալ չունի, ապագայ էլ չի ունենայ: Ով անցեալի արմատներից սնունդ չի քաղի՝ ապագան չի տեսնի յստակ: Այսօր այդ ապագան ինչպէ՞ս պիտի ապրի, եթէ ոչ՝ նոր սերնդով: Միութիւնների գործունէութեան շնորհիւ նաեւ մեր նոր սերունդները կարող են դաստիարակուել նաեւ անցեալի արժէքներով, որովհետեւ այսօր, յատկապէս Ամերիկայում ձուլումը շատ հեշտ է, հետեւաբար եւ կապը նախնեաց հետ դատապարտուած է կորսուելու արագօրէն:

Կարծում եմ, որ այսօր, առաջին հերթին, ատրպատականցի հայը, ով հանգամանքների բերումով հեռացել է ծննդավայրից, ամուր կապերը պահպանի, եւ ոչ միայն այստեղ, տեղական մակարդակով ձեռնարկների միջոցով, նաեւ անմիջական օժանդակութեամբ:

 

- Առիթից օգտուելով, կը ցանկանայի հարցնել Ատրպատականի հայոց թեմի այսօրուայ եւ մարտահրաւէրների մասին:

- Ատրպատականի հայոց թեմը հայ եկեղեցու հնագոյն թեմն է: Երբեմն, երբ թեմում ժողովրդի թիւը քչանում է, կամ շատ իրադարձութիւններից լուրեր չեն ստացւում, թւում է, թէ թեմն արժեզրկւում է: Սակայն այդպէս չպէտք է դիտարկել, այլ՝ դիտարկել պատմական տեսանկիւնից: Օրինակ, ո՞ր թեմում է, որ գոյութիւն ունի աշխարհի ամենահին վանական համալիրը: Ինչո՞ւ Ատրպատականի թեմում գտնուող Սուրբ Թադէի վանքի արժէքը, որպէս նաեւ քրիստոնեայ աշխարհի ամենահին վանական համալիրի, որ ընդունուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից, հայ ժողովուրդը չպէտք է ամբողջականօրէն իմանայ: Թեմը պէտք է արժեւորուի ո՛չ թէ ժողովրդի քանակով, ո՛չ թէ նիւթական հնարաւորութիւններով, այլ՝ այսպիսի արժէքներով, որոնք համաշխարհային մասշտաբով ինքնին արժէք են:

Այսօր Ատրպատականի հայոց թեմը, ճիշդ է, ժողովրդի թուով քչացել է, նիւթական առումով երբեմն խնդիրներ է ունենում, բայց չի նշանակում, որ այդ թեմի կենսունակութիւնը նուազում է: Ո՛չ, մեր բոլոր միութիւնները գործում են, դպրոցները գործում են, եկեղեցին իր բոլոր արարողակարագով կանոնաւորաբար ներկայութիւն ունի ժողովրդի կեանքում, եւ դա նշանակում է, որ թեմն ապրում է: Եւ ես, ընդհանրապէս, սիրում եմ այդ թեմը կոչել Վերապրող հրաշք, որովհետեւ երբ ժամանակի ընթացքում թեմեր են եղել, որ կասեցրել են աշխատանքները, Ատրպատականի հայոց թեմում, աւելի քան երկու հազար տարի անընդմէջ եղել են ու կան հայեր, եւ դա ինքնին պատմական հրաշք է:

Զրոյցը՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆԻ

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • «Մեր ամբողջ ջանքն այն է, որ եթէ սիրիահայերը մեկնեն Լիբանանից, Հայաստան մեկնեն». Յակոբ Բագրատունի
    «Մեր ամբողջ ջանքն այն է, որ եթէ սիրիահայերը մեկնեն Լիբանանից, Հայաստան մեկնեն». Յակոբ Բագրատունի

    Լիբանանահայ համայնքի կեանքի, դժւարութիւնների, Հայաստան-Լիբանան յարաբերութիւնների եւ յարակից այլ հարցերի շուրջ «Yerkir.am»-ը եւ «Շանթ» ՀԸ-ն զրուցել են ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանում հայկական պատգամաւորական բլոկի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունու հետ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

  • Հազարաւոր վայրեր ծածկանուններ ունէին, օրինակ՝ ծաղիկը կամ Վիշապը՝ Պոլիսն էր…
    Հազարաւոր վայրեր ծածկանուններ ունէին, օրինակ՝ ծաղիկը կամ Վիշապը՝ Պոլիսն էր…

    Պէտք է մօտէն ճանչնալ Երուանդ Փամպուքեանը։ Պատմաբան, ուսուցիչ, խմբագիր, ծածկագրագէտ, ապրած է մտաւորական ու կրթական բեղուն կեանք մը։ 86 տարեկան հասակին տակաւին երիտասարդի աւիւնով կ՚աշխատի, կը հետազօտէ։

    2017-ին լոյս ընծայեց՝ «Մեծ Եղեռնի առաջին վաւերագրողը՝ Շաւարշ Միսաքեան» հատորը, որուն առաջին բաժինը՝ «Նամակներ Պոլսոյ թաքստոցներէն», կ՚ընդգրկէ Շաւարշ Միսաքեանի նամակները, գրուած՝ 1915-ին եւ ուղղուած՝ Սոֆիա, ՀՅԴ Պալքանեան Կեդրոնական կոմիտէին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։