Print this page
28/07/2018 - 11:00

Եզակի գրքի իւրայատուկ շնորհանդէս՝ որը Ատրպատականի հայոց թեմի անցեալը ներկայ դարձրեց Գլենդէլում

Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 25 յուլիս 2018-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Գլենդէլի «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» երիտասարդական կենտրոնի «Իսահակ եւ Ժանէթ Գազանճեան» սրահում տեղի ունեցաւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսը, կազմակերպութեամբ «Սարդարապատ» գրախանութի եւ հովանաւորութեամբ Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւնների՝ «Ջան Թաւրիզ»-ի, «Իրանահայ միութիւն»-ի, «Ղարադաղի ժառանգութիւն»-ի, «Ուրմիայի հայրենակցական միութիւն»-ի եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն»-ի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսութեան ներկայ գտնւեցին աւելի քան 300 մշակութասէր հայորդիներ, գլխաւորութեամբ Արեւմտեան թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանի, Կիլիկեան Ուխտի երէց միաբաններից գերշ. Տ. Եփրեմ արք. Թապագեանի, առաջնորդական փոխանորդ գերշ. Տ. Թորգոմ եպս. Տօնոյեանի, հոգեւորականների եւ միութիւնների ու կազմակերպութիւնների ներկայացուցիչների: Բազմութեան պատճառով սրահի սահմանները նեղ էին թւում սոյն ձեռնարկի համար:

Շնորհանդէսի բացման խօսքը կատարեց Էրւին Եաղուպեան, անդրադառնալով սոյն ձեռնարկի իւրայատուկ նշանակութեան, յատկապէս իրանահայերի համար, որոնք իրենց բնիկ ծննդավայրից երկրից հանգամանքների բերումով հեռու լինելով, ե՛ւ կարօտի յագեցման, ե՛ւ նորագոյն տեղեկութիւնների ստացման առումով վայելք էին ապրելու յիշեալ գրքի ներկայացումով:

Գրքի ներկայացումը կատարեց հանրայայտ պատմաբան դոկտ. Կարօ Մոմճեանը: Նա անցած տարիների ընթացքում մօտկից հետեւած լինելով Ատրպատականի առաջնորդի աշխատանքային ուղեգծին, համացանցի միջոցով, նրա իւրաքանչիւր քայլափոխին ծանօթացել էր, սպասելով նման մէկ հրատարակութեան ի լոյս ընծայման, եւ որը արդէն իրականացւել էր:

Հանգամանօրէն ու համապարփակ ներկայացնելով մեծածաւալ աշխատութիւնը, որը 530 էջերի սահմաններում ամփոփում է թեմի շուրջ 238 եկեղեցիներից 95-ի նկարագրականները, դոկտ. Մոմճեանը արտայայտւեց դրա իւրայատուկ նշանակութեան: Նա շեշտեց որ, ականատեսի վկայութիւն եղող սոյն աշխատութիւնը դիւանային արձանագրութեան համազօր է, դժբախտաբար կորչելու դատապարտւած մի քանի տասնեակ կառոյցների մասին, այսինքն փրկութեան լաստ, որը գէթ գիրի ճամբով դրանց փրկութիւնն է ապահովում եւ պատմութեան ծովափ դուրս բերում: Բանախօսը երեք մասերի բաժանեց իր խօսքը, նախ անդրադառնալով Ատրպատականի ընդհանուր պատմութեան տարբեր դարաշրջանների անցուդարձերով, ապա նման գիտական աշխատանք կատարող հոգեւորականների թիւի նւազումի տխուր երեւոյթին, եւ դրա դիմաց Սրբազան Հօր կերպարին, եւ ի վերջոյ գրքի արժէքին, որին հետեւելու են նաեւ յաջորդ հատորները: Նա դոկտորական թէզի արժանի հատոր համարեց այն, որի գլխաւոր աղբիւրը ականատեսի վկայութիւնն է հեղինակին:

Շնորհանդէսի երկրորդ բաժնում խօսքը տրւեց գրքի հեղինակ Սրբազան Հօր: Նա առաջին հերթին իր շնորհակալութիւնը յայտնեց Լոս Անջելէսում գործող իրանահայ հինգ միութիւններին, ինչպէս նաեւ նրանց միջեւ կապ հանդիսացած Բիանքա Մանուկեանին, Սարդարապատ գրախանութին, եւ նրա վարիչ՝ Յարութ Մկրտիչեանին, որոնք իրարու մօտ գալով յաջողացրել էին սոյն ձեռնարկը: Նա իր ուրախութիւնը յայտնեց նաեւ Արեւմտեան թեմի առաջնորդի եւ իր միաբանակից եղբայրների ներկայութեան համար: Ապա, նա սահիկների իրերայաջորդ շարանով ներկայացրեց իր աշխատանքային փորձառութեան գագաթնակէտերը հանդիսացած մի շարք լուսանկարներ, որոնք ցոյց էին տալիս սոյն գործի դժւարին հանգամանքները: Ճանապարհների չգոյութիւնը մէկ կողմից, ինչպէս նաեւ եկեղեցիներից շատերի գտնւած վայրերի վաղուց հայաթափւած եւ թուրքերով կամ քրդերով բնակւած լինելը միւս կողմից, ինքնին մեծ դժւարութիւններ իբրեւ ներկայացրեց նա, որոնք յաղթահարւել էին կամքով, ու պատմութեան սիրոյն կատարւած զոհողութիւններով:

Հեղինակ Սրբազանը առիթից օգտւելով, միջանկեալ ակնարկներ կատարեց Ատրպատականի հայութեան կեանքին, ցոյց տալով դրա կենսունակութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւսիսային մասում, Հայաստանի սահմանամերձ իր կարեւոր դիրքով, եւ դարերից ի վեր ցեղային մեծամասնութեան մէջ գոյատեւող իբրեւ փոքրամասնութիւն: 

Սահիկները ընդգրկում էին այնպէս ինչպէս Թաւրիզի մօտակայքում գտնւող շրջաններ, նոյնպէս եւ շատ հեռաւոր շրջաններում՝ Ուրմիա, Սալմաստ, Սօմա, Պռատոսդ եւ Ղարադաղ գաւառների եկեղեցիներից ոմանք: Յատկանշական էր Արտազի շրջակայքում Սբ. Կիրակոսի մենաստանի յայտնութիւնը, ինչպէս նաեւ Տղմուտի հովտի եկեղեցիներին տւած իր այցը եւ կատարած տեղագրութիւնը:

Հանդիսութեան եզրափակիչ խօսքը վերապահւել էր Արեւմտեան թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Մուշեղ արք. Մարտիրոսեանին: Նա եղբայրական սիրով եւ բարձր գնահատանքով արտայայտւեց կատարւած աշխատանքի մասին, շեշտելով այն նւիրեալ ծառայութիւնը, որը Սրբազան Հայրը իրականացնում է Ատրպատականում եւ մէջբերելով գրքի յառաջաբանից այն համեստ արտայայտութիւնները, որոնք հեղինակը արձանագրել է, թէ՝ նա յաւակնութիւն չունի ամբողջական մէկ պատմագիրք գրած լինելու թեմի մշակութային ժառանգութիւնները ներկայացնող: Վերջապէս գրքի արժէքը գնահատեց նա, շեշտելով ականատեսի վկայութիւն լինելու փաստը եւ նորանոր յաջողութիւններ մաղթեց տեղագրութեան արշաւների եւ նոր հատորների համար:

Շնորհանդէսի աւարտական մասով կատարւեց գինեձօն, երբ հեղինակ Սրբազանի հետ գիրքը գինիիով «մկրտել»ու համար բեմ հրաւիրւեցին Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ Սրբազանը, Եփրեմ արք. Թապագեանը, քահանայ հայրերը, տիրամայր Շուշան Չիֆթճեանը, Սրբազան Հօր օծման կնքահայր տէր եւ տիկին Հրայր եւ Գոհար Ճերմակեանները եւ միութեանց ներկայացուցիչները:

Աւարտին Ատրպատականի առաջնորդը մակագրեց իր գրքից օրինակներ, մինչ կազմակերպիչ յանձնախմբի կողմից ներկայ բազմութեան մատուցւեց հիւրասիրութիւն: Յայտնենք, որ սրահը զարդարւել էր մէկ երկվեցեակ պատկերներով, որոնք ներկայացնում էին Ատրպատականի տարբեր շրջանների եկեղեցիների եւ վանքերի լուսանկարները:

Յատկանշական է աւելացնել, որ նոյն օրը Խանասորայ արշաւանքի յիշատակութեան օրը լինելով, Ատրպատականի հայոց առաջնորդը իր սահիկների ցուցադրումը սկսեց դէպի Դերիկի վանք կատարած այցի նկարագրականից, որտեղից, ինչպէս ծանօթ է, ֆետայական խմբերը ուղղւել էին դէպի Խանասոր: Նա յիշեց նաեւ, որ ըստ պատմական տեղեկութիւնների, սոյն ջոկատների ֆետայիները իրենց զինավարժութիւնը կատարել էին Թաւրիզի Լիլաւա թաղամասի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան զինագործարանում: Սրբազանը նաեւ աւելացրեց, որ նոյն զինագործարանը այսօր մէկ թաւրիզահայի սեփական տունն է:

Յայտնենք, որ «Ջան Թաւրիզ» եւ «Սալմաստի ժառանգութեանց ընկերակցութիւն» միութիւնների վարչութիւնները յատուկ յուշանւէրներով պատւեցին Ատրպատականի հայոց առաջնորդին, բարձր գնահատելով նրա նւիրեալ աշխատանքը իրենց պատմական թեմում: Հանդիսութիւնը եզրափակւեց «Պահպանիչ» աղօթքով:

Շնորհանդէսը առիթ դարձաւ, որ տարբեր քաղաքներից ու գաւառներից գաղթած իրանահայեր հանդիպեն իրարու, զրուցեն անցեալից եւ նոր ծանօթութիւններով զօրացնեն իրենց գաղութային պատկանելիութիւնը:

Յարակից լուրեր