Հա

Համայնք

02/08/2018 - 11:00

Հայ եկեղեցու հնագոյն թեմի՝ Ատրպատականի հայոց թեմի պատմութիւնը ներկայացւեց Ֆրէզնոյում

Երեքշաբթի, 31 յուլիս 2018ի երեկոյեան ժամը 7-ին, կազմակերպութեամբ Ֆրէզնոյի «Ասպարէզ» ակումբի մշակութային յանձնախմբի եւ Ֆրէզնոյի հայկական թանգարանի, իւրայատուկ բանախօսութիւն եւ ձեռնարկ տեղի ունեցաւ Միութեան սրահում, ներկայութեամբ մշակութասէր Ֆրէզնօհայութեան: 

«alikonline.ir» - Երեքշաբթի, 31 յուլիս 2018ի երեկոյեան ժամը 7-ին, կազմակերպութեամբ Ֆրէզնոյի «Ասպարէզ» ակումբի մշակութային յանձնախմբի եւ Ֆրէզնոյի հայկական թանգարանի, իւրայատուկ բանախօսութիւն եւ ձեռնարկ տեղի ունեցաւ Միութեան սրահում, ներկայութեամբ մշակութասէր Ֆրէզնօհայութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ձեռնարկը նպատակ ունէր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի լոյս ընծայած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի ներկայացումը կատարել, միաժամանակ անդրադառնալով Հայ եկեղեցու հնագոյն թեմի անցեալի եւ ներկայի պատմութեան: Ներկաների շարքում էին Ֆրէզնօյի հոգեւոր հովիւ հոգշ. Տ. Տաճատ վրդ. Աշըգեանը, Ֆրէզնոյում Հայաստանի Հանրապետութեան հիւպատոս Պերճ Աբգարեանը, Ֆրէզնոյի համալսարանի հայագիտութեան ամբիոնի վարիչ՝ Բարլօ Տէր-Մկրտիչեանը, Ֆրէզնոյի հայկական թանգարանի տնօրէն Վարուժան Տէր-Սիմոնեանը, Սբ. Երրորդութիւն Մայր եկեղեցու երեսփոխանական եւ հոգաբարձական կազմը, աշխարհահռչակ սոփրանօ Իզապէլ Պայրագտարեանը եւ գաղութի զանազան Մարմինների ներկայացուցիչ անդամներ:

Այս առիթով, Թաւրիզից ժամանել էր Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը, իբրեւ գլխաւոր բանախօս սոյն ձեռնարկին: Բացման խօսքը կատարեց կազմակերպիչ յանձնախմբի անդամ՝ Վահագն Արսլանեան: Ներկայ բազմութիւնը իրազեկելով առիթի մասին, նա վեր հանեց Ատրպատականի հայոց թեմի կարեւոր տարածաշրջան լինելու հանգամանքը մեր պատմութեան նշանակալից անցքերի իբրեւ վայր եւ ապա հպանցիկ անդրադարձաւ հրատարակւած գրքի շնորհանդէսի առիթին: 

530 էջերի ծաւալով գրքի մասին համապարփակ արտայայտւեց Ֆրէզնոյի հայկական թանգարանի տնօրէն եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ Վարուժան Տէր-Սիմոնեանը: Պատմութեան անցքերից սկսելով, նա հասաւ մինչեւ Ատրպատականի հայոց թեմի ներկան եւ մշակութային ժառանգութիւնների նորագոյն ցանկագրման եւ տեղագրման աշխատանքին, որի միայն առաջին փուլի աւարտը նշւում էր սոյն գրքի հրատարակութեամբ եւ կազմակերպւած շնորհանդէսով:

Նա յատկապէս անդրադարձաւ Սրբազան Հօր ջանքերին, որ գործակցութեամբ Ազգային իշխանութեան կարողանում է նոր խանդավառութիւն յառաջացնել ե՛ւ թեմում, ե՛ւ արտասահմանի ակադեմական շրջանակներում: Վարուժան Տէր-Սիմոնեանը ընդգծեց անցած տարի Թաւրիզում կայացած հայագիտական առաջին գիտաժողովը, յայտարարելով որ երկրորդը տեղի է ունենալու յառաջիկայ սեպտեմբերին:

Ապա խօսքը տրւեց Ատրպատականի հայոց առաջնորդին, որպէսզի սահիկների միջոցով առաւել կենդանացնի այն, ինչ որ գիրի ու գիրքի ճամբով կարողացել էր պատմութեան դատողութեան յանձնել:

Ատրպատականի առաջնորդը նախ իր շնորհակալութիւնը յայտնեց կազմակերպիչ յանձնախմբին եւ բոլոր ներկաներին, որոնք հետաքրքրւելով Հայ եկեղեցու հնագոյն թեմի եւ իրենց սեփական պատմութեան հետքերով, հաւաքւել էին «Ասպարէզ»-ի սրահում, վերապրելու համար Հայ ժողովրդի անցեալը:

Սրբազան Հայրը անգլերէն լեզւով ընդհանուր ներածական կատարեց թեմի կառոյցի եւ պատմութեան յատկանշական դէպքերի մասին, եւ ապա իր հետախուզական արշաւին մանրամասները ներկայացրեց, սահիկների ճամբով ցոյց տալով տեղագրական աշխատանքի դժւարութիւնները, ու երբեմն արկածախնդրական ճամբորդութիւնները դէպի հեռաւոր, հայաթափւած եւ անմարդաբնակ գաւառներ ու գիւղեր:

Հետաքրքրական բաժիններից էին վերանորոգման աշխատանքները, որոնք յատկապէս պատմական մեծ արժէք ունեցող վանքերի եւ եկեղեցիների վրայ կատարւում է Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից, ինչպէս Սբ. Թադէի վանքում, այնպէս եւ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում եւ Ծոր-Ծորում:

Սահիկների նոր եւ ճոխացւած հաւաքածոն այնքան ազդեցութիւն գործեց ներկայ բազմութեան, որ նրանք մտքով փոխադրւեցին Հայոց պատմութեան ակունքները՝ Հայոց քրիստոնէական հաւատքի խորքը՝ Սբ. Թադէոս առաքեալի քարոզչութիւնը եւ Սանդուխտ կոյսի հետ նահատակութիւնը նրա հօր՝ Սանատրուկ արքայի հրահանգով:

Վերջապէս, հանդիսութիւնը եզրափակւեց կարճ ֆիլմի ցուցադրութեամբ, որը ներկայացնում էր Սբ. Ստեփանոս Նախավկայ վանքի հակիրճ պատմութիւնը, պատրաստւած օտար հասարակութեան համար: Շնորհանդէսի աւարտին Սրբազան Հայրը իր թեմի տարբեր շրջանների սրբավայրերը ներկայացնող մեծադիր նկարները նւիրեց հոգեւոր հովիւին, Հայաստանի հիւպատոսին, Հայագիտութեան ամբիոնի վարիչին եւ կազմակերպիչ յանձնախումբի նւիրեալ անդամներին:

Հիւրասիրութեան ընթացքում, ներկայ ժողովրդից նրանք ովքեր փափաք յայտնեցին, Սրբազան Հայրը ուրախութեամբ մակագրեց իր գրքից օրինակներ, որպէսզի Ատրպատականը իր անցեալով ու ներկայով շօշափելի լինի մշակութասէր անձանց ձեռքերում:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։