Print this page
11/08/2018 - 11:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը դարձեալ Ղարադաղում

Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կոթողների իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի իր աշխատանքը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դարձեալ Ղարադաղում էր:

Ղարադաղի Ամրադուլ գիւղին առաջնորդ Սրբազանի տւած այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: 

«alikonline.ir» - Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կոթողների իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի իր աշխատանքը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դարձեալ Ղարադաղում էր:

Ղարադաղի Ամրադուլ գիւղին առաջնորդ Սրբազանի տւած այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

«Քարագլուխ գիւղից հինգ կլմ. հարաւ գտնւում է Ղարադաղի նախկին հայաբնակ գիւղերից Ամրադուլը: Նախ պիտի իջնել ընդարձակ ձորը, ապա բարձրանալ մի բլրան գագաթը, հասնելու համար վերոյիշեալ գիւղը, որի մուտքը նեղ է, երկու բլրակների միջից անցքի նմանութեամբ, որը բնական մէկ դուռ է հանդիսանում գիւղի համար: Նախքան գիւղ հասնելը, յատկապէս գարնան ձիւնհալին, ձորամիջում գեղեցիկ տեսարան պիտի պարզւի, որովհետեւ եթէ մեր այնտեղ այցի օրերին՝ Յունիս ամսին, լերան կատարից թափւում էր բարակ հոսող ջուրը մինչեւ ձորի յատակը, գարնան վստահաբար այն փոքր ջրվէժի վայելք է տալու այցելուներին:

25 յունիս 2018-ի կէսօրին մտանք գիւղը, որը նախ անմարդաբնակ թւաց մեզ, որովհետեւ գիւղացիներից շատերը վստահաբար հանդերում էին, իրենց աշխատանքին: Երեւի բարեբախտութիւն էր այս, որովհետեւ երբ բարձրացանք մինչեւ եկեղեցու մօտը, որը գիւղի ամէնից բարձր դիրքում էր գտնւում եւ իրենից վերեւ միայն մի քանի տներ կային, երկու երեխաներ շրջապատեցին մեզ, հետաքրքիր հայեացքով նայելով բացառապէս գիւղ այցելած օտարականներիս:

Ամրադուլ գիւղի հայ բնակիչները 1946 թւին վերջնականապէս լքել են իրենց պապենական գիւղը եւ բոլորով տեղափոխւել հայրենիք, ընդառաջելով Սովետական Հայաստանից հնչած ներգաղթի հայրենասիրական ջերմ կոչերին:

 

Ամրադուլի Սբ. Հռիփսիմէ եկեղեցին

Գիւղի քարաշէն ամէնից գեղեցիկ կառոյցներից մէկն է հայոց նախկին Սբ. Հռիփսիմէ եկեղեցին, որը մզկիթի էր փոխակերպւել տասնամեակներ առաջ:

Մեզ մօտեցած ամօթխած երեխաներից երբ հարցրեցինք թէ ո՞ւմ մօտ է գտնւում «մզկիթ»-ի դռան բանալին, նրանք ցոյց տւեցին «մզկիթ»-ի կողքում, դէպի վերեւ գտնւող մէկ տուն, որը հաւանաբար պահապանի պաշտօն ունէր նաեւ, այս պատմական սրբավայրին:

Նշւած տան դուռը բացւեց եւ մէկ պառաւ կին անմիջապէս իր լաչակը տանելով երեսին, մինչեւ քիթը ծածկեց, ու միայն աչքերը բաց թողելով նայեց մեզ: Նա ընդառաջելով մեր խնդրանքին, շուտով ներսից բերեց բանալին, ու անձամբ դուռը բացելու փոխարէն, ամենայն վստահութեամբ յանձնեց մեզ այն, հաւանաբար նախզգալով որ այդ սրբավայրի իսկական տէրն ենք մենք: Այնուհետեւ, «ազատ համարձակ» բացեցինք «մզկիթ»-ին դուռը, ու մանրամասն ուսումնասիրեցինք մեր եկեղեցու կրած փոփոխութիւնները եւ մահմետական կրօնի պաշտամունքային կարգի յարմարեցումից դուրս, նախկին հայկական պատմութիւն ունեցած մնացորդացը այս կառոյցի:

15x8 մետր տարածքով եւ 6 մետր բարձրութեամբ եկեղեցին կառուցւած է լեռնային անտաշ քարով եւ փայտածածկ կտուրով: Ըստ երեւոյթին, վերջին ամիսներին այն վերանորոգւել էր, յատկապէս դրա երդիքը ջրամեկուսացւել էր, եւ այս պատճառով այնտեղ լցւած կուպրը հոսել էր եկեղեցու արտաքին քարերի վրայ, մինչեւ պատուհանների մէջ թափւելով, բանւորների անփութութեան հետեւանքով:

Սբ. Հռիփսիմէ եկեղեցու մուտքը գտնւում է հիւսիսային պատի վերջում, որի նախկին փայտաշէն դուռը փոխարինւել է երկաթեայ նոր դուռով, որ իր ճաղերի յետեւում ունի ապակեայ լուսամուտեր:

Մուտքը կամարակապ քարով հիւսւած է, որի վերեւ կայ եկեղեցու շինութեան վիմագիր արձանագրութիւնը: Կամարաձեւ քարի երկու կողմերում քանդակւած խաչեր կան, 20 սմ. մեծութեամբ, իսկ համաչափ թեւերով 10 սմ. մեծութեամբ խաչ՝ շինութեան թւականի կողքում, մէկ հատ էլ միեւնոյն խաչից՝ դռան ձախ կողմում պատի վրայ: Արձանագրութեան երկու կամարաւոր տողերից յետոյ, աւելի խոր մասի վերեւում ձեււած է վարագուրաձեւ զարդաքանդակ, որը արւեստի նշոյլ է շաղ տալիս վիմագրութեան ընդհանուր պատկերի վրայ: Այն աշխարհաբար է գրւած, սակայն կիսագրագէտ մէկ վարժապետի, կամ գեղջուկ քահանայի ցուցմունքով: Երկու տող կամարաձեւ եւ ապա ուղղահայեաց գրութեամբ արձանագրութիւնում կարդում ենք.

«Ս[ՈՒՐ]Բ ՀՌԻՓՍԻՄԷԻ ԵԿ[Ե]ՂԵՑԻՍ ԿԱՌ[ՈՒ]ՑՎԱՒ ԱՄՐ[Ա]Դ[ՈՒ]Լ ԳԻՒՂԻ Ժ[Ո]Ղ[Ո]ՎՐԴԻ/ ԱՇԽ[Ա]ՏՈՒ[ԹԵԱՄ]Բ. ՅԱՐՍԻՑ (Պարսից) Ս[Ա]ՀՄ[ԱՆԱ]ԴՐՈՒ[Թ]Ե[ԱՆ]/

ՍԿԶԲՈՒՄ Կ[Ա]ԼՈՒԱԾԱՏԷՐ Տ[ԷՐ ԵՒ] Տ[ԻԿԻՆ] Թ[ՈՒ]Մ[Ա]ՆԵ[Ա]ՆՑՆԵՐԻ ՕՐՈՎ./

ՈՐՄԱՆԱԴԻՐ (Որմնադիր) ԽԱՉԱՏՈՒՐ/

ՂԱԶԱՐԵԱՆՑԻ Վ[Ա]ՐՊ[ԵՏ]ՈՒ[ԹԵԱՄ]Բ./

1910 + ԹՈՒԻՆ Ք[ՐԻ]Ս[ՏՈՍ]Ի:»:

 

Գնահատելու ենք անշուշտ, որ եկեղեցին մզկիթի վերածած մահմետական կրօնի հետեւորդները այս գիւղում, ազնւութիւնը էին ունեցել սոյն արձանագրութիւնը պահպանելու, միայն այն ներկելով իրենց կրօնի ընդունած պատւական կանաչ գոյնով, ընդհանուր դռան համար մէկ գունաւոր շրջանակ ստեղծելով:

Եկեղեցուց դուրս գալուց յետոյ երբ բանալին յանձնում էինք միեւնոյն կնոջ, որի ամուսինը հաւանաբար պահակն էր «մզկիթ»-ին, նա մեզ ասաց, որ առաջնորդարանի արտօնութեամբ են իրենք մզկիթի վերածել նախկին եկեղեցին, որոշ հարցերում համաձայնութեան գալով Ատրպատականի թեմի Ազգային իշխանութեան հետ: Երեւի այդ համաձայնութեան մաս էր կազմում արտաքին տեսքի եւ արձանագրութեան անաղարտ պահպանումը: Մինչդեռ, մեր այցելած նախորդ գիւղում, Քարագլխում, մենք տեսել էինք եկեղեցու դռան վերեւի վիմագիր արձանագրութեան ամբողջովին սրբւած լինելը, որի փոխարէն մէկ նոր արձանագրութիւն էր փորագրւել, մզկիթի անունն ու վերջին «բարեփոխման» թւականը դնելով այնտեղ:

20-րդ դարի սկզբնական տարիներում կառուցւած ամրաշէն եկեղեցին ունի բարձրադիր երկու չափի պատուհաններ: Արեւելեան եւ արեւմտեան պատերի վերեւի կենտրոնում, գրեթէ կտուրի մօտ, 90x60 սմ. մեծութեամբ պատուհաններ, որոնք վերջին ժամանակներում երկաթէ ճաղերով են ապահովւել: Մնացած պատուհանները նեղ եւ կամարաձեւ թագագլուխներով գեղեցիկ լուսամուտեր են, բերդերի աշտարակների նետաձգութեան բացւածքները յիշեցնող: Սրանց մեծութիւնը 60x25 սմ. է: Բոլոր պատուհաններն էլ ներսի կողմից ունեն շեղ կտրւածք դէպի ցած, լոյսը հաստ պատերից ներս հրաւիրելու ճարտարապետական ընդունւած ոճով կառուցւած:

Սոյն պատուհաններից երեքը գտնւում են հիւսիսային պատի վրայ, իրարից համաչափ հեռաւորութեամբ եւ միեւնոյն բարձրութեան վրայ: Միւս երկուքը գտնւում են հարաւային պատի կենտրոնական պատուհանի երկու կողմերում, իսկ մէկ հատը, հիւսիսային պատի վերջում, դռան մօտիկ: Արեւելեան պատի երկու ծայրամասերում կան շատ փոքր օդանցքներ, գետնից երկուքուկէս մետր բարձրութեամբ, որոնք աւանդատների օդափոխութեան համար բացւած են: Արտաքնապէս հազիւ նշմարելի են սոյն «պատուհանները», որոնք ճնճղուկների թաքստոցի նմանութիւնն ունեն:

Եկեղեցու ներքնամասը, կառուցային ընդհանուր գծերով մնացել է նոյնը: Այսինքն՝ խորանի բեմը եւ պատի երկու կողմերում սկիհի եւ հաց ու գինու խոռոչները պահպանւել են, սակայն խորանն ու բեմի աստիճանները վերացւել են. խորանը՝ որը շատ հաւանաբար փայտից էր սարքւած, հեռացւել է բեմից եւ ոչնչացւել: Բեմի աստիճանները ըստ երեւոյթին բեմի երեսից դէպի դուրս էին ցցւած: Հիւսիսային պատի խոռոչում դեռեւս կանգուն է մկրտութեան աւազանը, իր միակտուր քարով: Աւանդատների գերանաշէն երկրորդ յարկերը, որոնք հաւանաբար պահեստ իբրեւ օգտագործւում էին, մնացել են նոյնութեամբ:

Պարզ երեւում էր նաեւ, որ ներկայի վերնատունը, շուրջ երեք մետր լայնքով, նոր է կառուցւել, այսինքն մզկիթի վերածումից յետոյ աւելացւել է, կանանց համար առանձին աղօթասրահ ստեղծելու մտադրութեամբ: Եկեղեցին տասը գերանասիւներ ունի, որոնք դասի ու ատեանի կենտրոնական երկու կողմերը բռնում են, երկու շարքի վրայ կանգնած, պահպանելով կտուրի ծանրութիւնը: Սակայն, եկեղեցու վերանորոգութեան ընթացքում, դրանք ծեփւել են եւ քառանկիւն տեսք են ստացել, միաժամանակ սպիտակացւելով: Դասի բարձրութիւնը վերացւել է, եւ եկեղեցու ամբողջ յատակը հաւասարեցւել:

 

Ամրադուլի Հայոց գերեզմանատունը

Գիւղից բաւական հեռու, շուրջ երկու կլմ. հեռաւորութեան վրայ, մէկ ուրիշ ծառախիտ բլրան գագաթին է գտնւում Ամրադուլի հայոց գերեզմանատունը: Դա մեզ ենթադրել է տալիս, որ Ղարադաղի այլ գիւղերի նման, Ամրադուլը եւս իր տեղը փոփոխութեան է ենթարկել դարերի ընթացքում: Այսինքն, գերեզմանատան մօտիկ պիտի լինէր նախկին գիւղը, որը հետագայում մեզ անծանօթ պատճառներով տեղափոխւել է դիմացի բլրան վրայ, սակայն գիւղի ժողովուրդը փափագել է գերեզմանատունը պահել որտեղ որ կայ, եւ հաւանաբար դժւարութեամբ այնտեղ է տարել իր նոր մեռելներին: Այլապէս, գիւղում ինչքան փնտռեցինք հայոց գերեզմանատուն կամ հարցրեցինք դրա մասին, բոլորն էլ ասացին, որ Ամրադուլի միակ գերեզմանատունը այս բլրի վրայ եղածն է: Այս մասին մեզ պարզ ասաց Ամրադուլի գիւղացիներից Մահմուդ Քազեմը: Իրօք էլ, նշւած բլրան վրայ շուրջ հարիւր տապանաքարերի հանդիպեցինք, որոնցից ոմանք ըստ սովորութեան զոհ էին դարձել գանձախոյզների «հետազօտական» քանդարար աշխատանքին, մեծ մասամբ աջ ու ձախ շպրտւելով:

Գրեթէ բոլոր քարերն էլ արձանագրութիւն ունեն, եւ լաւ փորագրութեամբ, այսինքն պատահական փորագրիչի գործ չեն դրանք: Նախկին գիւղի շատ հին լինելու մասին վկայութիւն են նաեւ, այստեղ թաղւած ննջեցեալներից շատերի 1800-ականների սկզբներում մահացած լինելը: Տապանաքարերից ոմանք նոյնիսկ նախշազարդ երիզներ ունեն, իսկ ուրիշներ՝ խաչի կամ սկիհի բարձրաքանդակ: Բոլորի միջից մեր ուշադրութիւնը գրաւեց մէկ կտրիճ հերոսի տապանաքարը, որը պատկանում է Պետրոս բէգ Մելիք-Իսքանտարեանի: Նա ծնւել էր 1860-ին եւ նահատակւել 1921-ին, Օսմանական բանակի դէմ անհաւասար մարտի ընթացքում: Պետրոս բէգի տապանաքարի վրայ կարդում ենք հետեւեալ ներբողային վկայութիւնը. «ՊԵՏՐՈՍ ԲԷԳ/ ՄԵԼ[ԻՔ-]ԻՍՔԱՆ/ՏԱՐԵԱՆ 1860-1921/ ԵՂԵՌՆԱԿԱՆ/ ՄԱՀՈՎ ՄԵՌ/ԱՒ. ԿՏՐԻՃ ԷՐ/ ՈՒ ԱՆՎԱԽ:»:

Մենք մեր հոգեւորականի պարտականութիւնը ի սրտէ կատարեցինք նաեւ այս գերեզմանատնում, «հոգւոց» աղօթքով յիշելով բոլոր հանգուցեալ ամրադուլցիներին, որոնց յետնորդ հարազատները հաւանաբար Պարսկաստանի տարբեր քաղաքներում կամ աշխարհի տարբեր երկրներում, ինչքա՜ն պիտի փափագէին հասնել այստեղ, մի քանի մոմ վառելու եւ մէկ պտղունց խունկ ծխելու իրենց սիրելիների շիրիմների վրայ…: Ծառախիտ բլրան մէջ կորւած եւ անճոռնի աճած բարձր խոտերի միջում ծածկւած շիրիմներ էլ շատ կային, որոնց մօտ չկարողացանք գնալ: Նաեւ չկարողացանք գտնել «Սուրբ Միսալամ» ուխտատեղին, որը Ղարադաղցիների վկայութեամբ մէկ անշուք գերեզմանաքարի վրայ կառուցւած խորանաձեւ փոքր կառոյց էր, իսկ այդ գերեզմանը պատկանում էր մէկ Մահտեսիի:

Վերեւ մեր կատարած ենթադրութիւնը՝ Ամրադուլ գիւղի տեղափոխութեան մասին, հաստատւում է նաեւ այն փաստով, որ սոյն գերեզմանատան մօտիկ գտնւում են Դարուկ Խնա անունով մէկ հայկական հին գիւղի աւերակները, որտեղ մաշւած վիճակում երեւում են փլատակներ: Թէ ե՞րբ էր հիմնադրւել այս գիւղը, կամ թէ ո՞ր թւին այնտեղից հայերը տեղափոխւել էին դիմացի բլուրը եւ հիմնել իրենց նոր գիւղը եւ այն անւանել Ամրադուլ, ո՛չ մէկ տեղեկութիւն չունենք:

Այս առաքելութիւնն էլ աւարտած, գոհունակ սրտով վերադարձանք Առաջնորդարան, Թաւրիզ, մեր նախնիների կենցաղային եւ ապահովական դժւարին դրութեան մասին խորհրդածելով, երկարատեւ ճանապարհորդութեան ամբողջ ընթացքում:

Յարակից լուրեր