Հա

Համայնք

13/08/2018 - 12:00

Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

 «Որդեգրւենք Ս. Կոյս Մարիամին եւ յաւերժօրէն զգանք նրա մայրական գգւանքը»

Ատրպատականի հայոց առաջնորդ՝

Գրիգոր եպս. Չիֆթճեան

 

«alikonline.ir» - Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 12 օգոստոս 2018-ին, Թաւրիզի Մարալան թաղամասի պատմական Սբ. Աստւածածին մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր սբ. պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ըստ աւանդութեան տօնելու համար նաեւ սոյն ուխտավայր-մատրան անւանակոչութեան օրը: Խորանին սպասարկում էին Թաւրիզի Հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ Սարկաւագաց, կիսասարկաւագաց եւ դպրաց դասերը: Երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ՝ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզի բնաբանը վերցրել էր օրւայ շարականից, երբ Սուրբ Կոյսի թաղման համար հաւաքւած առաքեալները եւ նորադարձ քրիստոնեաներից մտերիմ անձեր, նրա անշնչացած մարմնի շուրջ ներբող էին հիւսում ասելով. «Օրհնեալ ես ամենօրհնեալդ ի կանայս»: Ապա, ներկայացնելուց յետոյ Սուրբ Կոյս Մարիամի դէպի երկինք վերափոխման աւանդապատումը, Սրբազան Հայրը խօսեց Աստւածամօր տիպարի մասին, իբրեւ հիմքը ընտանեկան յարկի եւ դրա հետ առնչւած բոլոր սրբութիւնների. «Ինչքան մօտենանք նրան, այնքան աւելի ենք զգալու նրա մայրական սիրոյ ջերմութիւնը եւ խանդաղատանքը, սէրն ու հոգածութիւնը մեր կեանքի համար: Նրա հնազանդութեան օրինակը գերազանց է եւ բոլոր դարերի համար տիպար է մնալու: Նրա սրբութիւնը ճառագայթող է, ուստի առաքինութիւններով զարդարւելու ամենազդու ձեւը, Սբ. Կոյսին որդեգիր դառնալն է: Որդեգրւենք նրան, յաւերժօրէն զգալու համար նրա մայրական գգւանքը»,- ասաց Սրբազանը:

Ս. պատարագի աւարտին, Թաւրիզի եկեղեցիների Կանանց խնամակալ Մարմինի կողմից պատրաստւած խաղողներով լեցուն ծրարները զետեղւեցին եկեղեցու մուտքում զետեղւած սեղանի վրայ, որի վերեւում յարդարւել էր խաղողների ողկոյզներով զարդարուն հնամենի կամարը: Սոյն խաչկալի տակ կատարւեց խաղողօրհնէքի հանդիսաւոր արարողութիւնը: Ապա, Խնամակալ մարմինը սիրոյ սեղանով պատւեց հոգեւորականաց դասին եւ Ազգային Իշխանութեանը, որին մասնակցեցին նաեւ օտարերկրացի հիւրեր:

Նոյն օրը Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը: Սբ. պատարագը մատոյց եւ քարոզեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Եկեղեցու խնամակալ կանանց աշխատանքով պատրաստւել էին օրհնւելու խաղողների ծրարները, որոնք ներկայ հաւատացեալ ժողովրդի կողմից նւիրաբերւել էին եկեղեցուն: Սբ. պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 6-ին, Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում, դարձեալ Տէր Ներսէս քահանայի միջոցով, տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին օրհնւեց խաղողը եւ բաշխւեց գիւղի բարեպաշտ ժողովրդին:

Երկու եկեղեցիներում, Տէր Հայրը իր խօսած քարոզի միջոցով բացատրեց Սբ. Կոյսի երկրաւոր կեանքի աւարտից յետոյ դէպի երկինք վերափոխւելու քրիստոնէական սրբազան աւանդութիւնը:

Ապա տեղի ունեցաւ խոստովանանք եւ ժողովուրդը մօտենալով սուրբ խորանին, երկիւղածութեամբ ստացաւ Սբ. Հաղորդութիւն:

Յայտնենք, թէ Վերափոխման տօնի յաջորդ օրը՝ երկուշաբթի 15 օգոստոս 2018-ին, Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան արարողութիւններ, որոնց աւարտին թեմի քահանայ հայրերը գերեզմանօրհնէք կատարեցին:

Յարակից լուրեր

  • Սիրահարների տօնի առիթով ուրախ երեկոյ՝ Թաւրիզի Տաթեւ պարախմբի նախաձեռնութեամբ
    Սիրահարների տօնի առիթով ուրախ երեկոյ՝ Թաւրիզի Տաթեւ պարախմբի նախաձեռնութեամբ

    Սիրահարների տօնի հմայքը աւելացնող եւ երիտասարդութեան սիրտը գրաւող ծրագիր եղաւ, 15 Փետրւար  2019-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան սրահում կայացած ուրախ երեկոն, կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի հովանու ներքոյ գործող «Տաթեւ» պարախմբի:

  • Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում
    Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում

    Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։