Print this page
13/08/2018 - 12:00

Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

 «Որդեգրւենք Ս. Կոյս Մարիամին եւ յաւերժօրէն զգանք նրա մայրական գգւանքը»

Ատրպատականի հայոց առաջնորդ՝

Գրիգոր եպս. Չիֆթճեան

 

«alikonline.ir» - Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 12 օգոստոս 2018-ին, Թաւրիզի Մարալան թաղամասի պատմական Սբ. Աստւածածին մատուռում եպիսկոպոսական հանդիսաւոր սբ. պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ըստ աւանդութեան տօնելու համար նաեւ սոյն ուխտավայր-մատրան անւանակոչութեան օրը: Խորանին սպասարկում էին Թաւրիզի Հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը եւ Սարկաւագաց, կիսասարկաւագաց եւ դպրաց դասերը: Երգեցողութիւնը քառաձայն կատարւեց Թաւրիզի «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ՝ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզի բնաբանը վերցրել էր օրւայ շարականից, երբ Սուրբ Կոյսի թաղման համար հաւաքւած առաքեալները եւ նորադարձ քրիստոնեաներից մտերիմ անձեր, նրա անշնչացած մարմնի շուրջ ներբող էին հիւսում ասելով. «Օրհնեալ ես ամենօրհնեալդ ի կանայս»: Ապա, ներկայացնելուց յետոյ Սուրբ Կոյս Մարիամի դէպի երկինք վերափոխման աւանդապատումը, Սրբազան Հայրը խօսեց Աստւածամօր տիպարի մասին, իբրեւ հիմքը ընտանեկան յարկի եւ դրա հետ առնչւած բոլոր սրբութիւնների. «Ինչքան մօտենանք նրան, այնքան աւելի ենք զգալու նրա մայրական սիրոյ ջերմութիւնը եւ խանդաղատանքը, սէրն ու հոգածութիւնը մեր կեանքի համար: Նրա հնազանդութեան օրինակը գերազանց է եւ բոլոր դարերի համար տիպար է մնալու: Նրա սրբութիւնը ճառագայթող է, ուստի առաքինութիւններով զարդարւելու ամենազդու ձեւը, Սբ. Կոյսին որդեգիր դառնալն է: Որդեգրւենք նրան, յաւերժօրէն զգալու համար նրա մայրական գգւանքը»,- ասաց Սրբազանը:

Ս. պատարագի աւարտին, Թաւրիզի եկեղեցիների Կանանց խնամակալ Մարմինի կողմից պատրաստւած խաղողներով լեցուն ծրարները զետեղւեցին եկեղեցու մուտքում զետեղւած սեղանի վրայ, որի վերեւում յարդարւել էր խաղողների ողկոյզներով զարդարուն հնամենի կամարը: Սոյն խաչկալի տակ կատարւեց խաղողօրհնէքի հանդիսաւոր արարողութիւնը: Ապա, Խնամակալ մարմինը սիրոյ սեղանով պատւեց հոգեւորականաց դասին եւ Ազգային Իշխանութեանը, որին մասնակցեցին նաեւ օտարերկրացի հիւրեր:

Նոյն օրը Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի ունեցաւ խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը: Սբ. պատարագը մատոյց եւ քարոզեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Եկեղեցու խնամակալ կանանց աշխատանքով պատրաստւել էին օրհնւելու խաղողների ծրարները, որոնք ներկայ հաւատացեալ ժողովրդի կողմից նւիրաբերւել էին եկեղեցուն: Սբ. պատարագի երգեցողութիւնը կատարւեց եկեղեցու «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 6-ին, Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում, դարձեալ Տէր Ներսէս քահանայի միջոցով, տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի աւարտին օրհնւեց խաղողը եւ բաշխւեց գիւղի բարեպաշտ ժողովրդին:

Երկու եկեղեցիներում, Տէր Հայրը իր խօսած քարոզի միջոցով բացատրեց Սբ. Կոյսի երկրաւոր կեանքի աւարտից յետոյ դէպի երկինք վերափոխւելու քրիստոնէական սրբազան աւանդութիւնը:

Ապա տեղի ունեցաւ խոստովանանք եւ ժողովուրդը մօտենալով սուրբ խորանին, երկիւղածութեամբ ստացաւ Սբ. Հաղորդութիւն:

Յայտնենք, թէ Վերափոխման տօնի յաջորդ օրը՝ երկուշաբթի 15 օգոստոս 2018-ին, Թաւրիզում եւ Ուրմիայում տեղի ունեցան Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան արարողութիւններ, որոնց աւարտին թեմի քահանայ հայրերը գերեզմանօրհնէք կատարեցին:

Յարակից լուրեր