Հա

Համայնք

16/08/2018

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդի այցը

Չորեքշաբթի, 15 օգոստոս 2018-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ Հէյդարիի այցը, որուն ընկերակցում էր նոյն բաժանմունքի խորհրդական Նէզիֆը: 

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 15 օգոստոս 2018-ի երեկոյեան ժամը 4-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակութային կցորդ Հէյդարիի այցը, որուն ընկերակցում էր նոյն բաժանմունքի խորհրդական Նէզիֆը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպմանը ներկայ գտնւեցին Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, Գագիկ Ջորջեանը եւ Վարդան Աբրահամեանը:

Իրանում հայութեան հնագոյն բնակավայրերը Ատրպատականի հայոց թեմում լինելով, մշակութային կցորդը յատուկ հետաքրքրութեամբ հետեւեց երկրում վաղ դարերից արմատաւորւած հայութեան անցեալի պատմութեան, եւ յատկապէս իր ուշադրութիւնը կենտրոնացրեց մշակութային այն հսկայական ժառանգութեան, որը հայեր կտակել են Իրանին, վանքերի, եկեղեցիների եւ այլ կոթողների ձեւի տակ:

Առաջնորդ Սրբազանը լայնօրէն անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակութային ժառանգութեանց պահպանման պետական հիմնարկութեան եւ Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկութեան կողմից կատարւող անդուլ ճիգերին, մշակութային արժէք ներկայացնող կոթողները կանգուն պահելու համար: Այս մասին նա յիշեց անցած շաբաթներին Միացեալ Նահանգներում իր հեղինակած գրքի զոյգ շնորհանդէսները (Գլենդէյլում եւ Ֆրէզնոյում) եւ Լոս Անջելէսում հեռուստացոյցի մէկ ժամեայ ուղիղ եթեր հաղորդումով ունեցած հարցազրոյցը, որտեղ դարձեալ շեշտել էր պետական միջոցներով Իրանի կատարած մեծ վերանորոգութիւնները հայկական վանքերում եւ եկեղեցիներում:

Սրբազան Հայրը նաեւ ցաւով անդրադարձաւ երբեմն հեռաւոր շրջաններում հայկական սրբավայրերի նկատմամբ տեղի ունեցած աւերիչ անպատասխանատու արարքներին, որոնց կանխարգիլումը անհրաժեշտ համարեց նա, նկատի ունենալով որ քանդւող կոթողները միայն հայկական պատմութեան տւեալ էջի փակումը չեն, այլեւ Իրանի մշակութային հարստութեանց բնաջնջումը:

Մշակութային կցորդ Հէյդարին, ընդհանուր գծերում իր պատկերացումը տւեց մշակութային արժէքների պահպանման եւ ապա մշակութային հարթակի վրայ համագործակցութեան երկկողմ ծրագիրների մշակում կատարւեց:

Աւարտին տեղի ունեցաւ նւէրների փոխանակում: Առաջնորդ Սրբազանը իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» գրքից մէկ օրինակ մակագրելուց յետոյ, կողմերը զրուցեցին դեսպանատան մշակութային բաժանմունքի հովանաւորութեամբ եւ աշխատանքով, դրա պարսկերէն թարգմանութիւնը լոյս ընծայելու մասին: Մշակութային կցորդ Հէյդարին Սրբազան Հօրը նւիրեց Հայաստանից իր հետ բերած եւ Հայաստանը յիշեցնող նւէր:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։