Հա

Համայնք

19/08/2018

«Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան պատւիրակութիւնը Ատրպատականի առաջնորդարանում

Շաբաթ առաւօտեան, 18 օգոստոս 2018-ի ժամը 10.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց, «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան անդամներից մէկ պատւիրակութիւն, գլխաւորութեամբ Արամ Ղազարեանի: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը:

«alikonline.ir» - Շաբաթ առաւօտեան, 18 օգոստոս 2018-ի ժամը 10.30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց, «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան անդամներից մէկ պատւիրակութիւն, գլխաւորութեամբ Արամ Ղազարեանի: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը: Պատւիրակութիւնը Փարիզից Թաւրիզ ժամանելով, Ատրպատականում իր շրջագայութիւնը սկսելուց անմիջապէս առաջ, փափաք էր յայտնել ստանալ առաջնորդ Սրբազան Հօր օրհնութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի պատմական վանքերի, յատկապէս Սբ. Թադէի վանքի վերանորոգման աշխատանքներում շուրջ երկու տասնամեակներ առաջ իր կարեւոր նպաստը բերած սոյն կազմակերպութիւնը, գլխաւորութեամբ ֆրանսիահայ Գեղամ Քեւոնեանի, երկար տարիներ ետք հետաքրքրութեամբ էր մօտենում պատմական վանքերին, մօտկից տեսնելու այն հսկայական վերանորոգութիւնները, որոնք կատարւում են մեր վանքերում: Ծանօթ է, որ վերանորոգութիւնները կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների պահպանման պետական հիմնարկութեան նիւթական աջակցութեամբ եւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան կողմից, առաջնորդ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի գիտութեամբ, ու սոյն հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեանի անմիջական հսկողութեամբ:

Առաջնորդ Սրբազանը համապարփակ ծանօթութիւն տւեց կատարւող աշխատանքների, ինչպէս նաեւ ընդհանրապէս մշակութային կոթողների ու սրբավայրերի ներկայ դրութեան մասին: Պատմական արժէք ունեցող եւ զբօսաշրջութեան համար պետական ցանկում ներառւած սրբավայրերից բացի, հեռաւոր շրջաններում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւած եկեղեցիների անմխիթար դրութեան մասին խօսելով, նա ասաց, որ տւեալ շրջանների կուսակալութիւնների եւ գիւղական խորհուրդների հետ կարելի գործակցութիւնը ծաւալւում է, փրկելու համար մեր կառոյցները գանձախոյզների ձեռքով աւերումից: «Դրանցից բացի, հսկայ գումարների կը կարօտի դրանց պահպանումը, փրկելու համար մեր պատմական կոթողները բնութեան կատարած յառաջատւական փլուզումից, այսինքն՝ ձեան եւ անձրեւների պատճառած քանդումներից»,- ասաց Սրբազանը:

Սոյն այցի առիթը պատեհ համարելով, առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան բերած նպաստը Ատրպատականի հայոց թեմի վանքերի պահպանման գործին, ասելով, որ «դա ազգասիրութեան շօշափելի օրինակ է, երբ այս երկրում ծնւած չլինելով, նոյնիսկ այս երկիրը անձամբ չայցելած անձեր, արտասահմանում իրարու մօտ գալով, միջոցներ են հայթայթել օժանդակելու հայոց վանքերի վերանորոգման աշխատանքներին, ի խնդիր հայ մշակոյթի պահպանման, այս պարագայում՝ հաւատաշունչ քարերի լեզւով արտայայտւած մշակոյթի»:

Հանդիպման երկրորդ բաժնում ներկաներին առիթ տրւեց իրենց հարցերը ուղղել, որոնց լուսաբանական պատասխաններ տրւեցին: Այս առիթով խօսք արտասանեց պատւիրակութեան ղեկավար Արամ Ղազարեանը, իր եւ կազմակերպութեան ուրախութիւնը յայտնելով, Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի աշխոյժ գործունէութեան, հայկական սրբավայրերու հոգածութեան համար:

«Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում, հայկական յուշարձանների հետքերով» գրքի մակագրութիւնը կատարելով «Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան, առաջնորդ Սրբազանը մէկ անգամ եւս գնահատեց նրանց նւիրումը եւ նոր յանձնառութիւնը, շարունակելու իրենց նպաստը բերել վանքերի վերականգնողական վեհ ծրագրերին:

Յայտնենք, որ պատւիրակութիւնը Թաւրիզի եկեղեցիներին այցելութիւն տալուց յետոյ, յառաջիկայ օրերին կը մեկնի Սբ. Թադէի, Սբ. Ստեփանոսի եւ Ծոր-ծորի վանքերը, ինչպէս նաեւ Սալմաստ եւ Ատրպատականի այլ շրջանները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։