Հա

Համայնք

26/08/2018 - 09:00

Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Սեւահող գիւղում

Ատրպատականի հայոց թեմի ե՛ւ կանգուն ե՛ւ խոնարհւած եկեղեցիների եւ պատմական կոթողների տեղագրութեան աշխատանքը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Ղարադաղի Սեւահող գիւղի աւերակները, որտեղ խոնարհւած վիճակում է գտնւում Սբ. Սարգիս եկեղեցին:

Առաջնորդ Սրբազանի տւած այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմի ե՛ւ կանգուն ե՛ւ խոնարհւած եկեղեցիների եւ պատմական կոթողների տեղագրութեան աշխատանքը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Ղարադաղի Սեւահող գիւղի աւերակները, որտեղ խոնարհւած վիճակում է գտնւում Սբ. Սարգիս եկեղեցին:

Առաջնորդ Սրբազանի տւած այցի նկարագրականը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

«Անյոյս աշխատանք էր Սեւահող գիւղը գտնելը: Յուսահատւելու ամէն պատճառ ունէինք: Հեռաւորութիւնը, ճանապարհների չգոյութիւնը, անմարդաբնակ տարածաշրջանը, անտառախիտ բնութիւնը, գազանների կողմից յարձակման ենթարկւելու վախը եւ վերջապէս՝ անօրինակ յոգնութիւնը: Սակայն, Սեւահող գնալը անհրաժեշտ էր, Ղարադաղի Մնջըւան գաւառակի վերջին գիւղն էլ տեղագրելու եւ յիշեալ գաւառակի բոլոր գիւղերի նկարագրական ցուցակն ամբողջացնելու նպատակով: Փաստօրէն երկիցս այցելել էինք Վինա, Քէշիշ Ղշլաղը, Ամրադուլ, Քարագլուխ եւ Վարդանաշէն գիւղերը, եւ հիմա հերթը եկել էր Սեւահողին, իր աւարտին հասցնելու համար Մնջըւան գաւառակին տւած մեր այցելութիւնը:

 

Մինչեւ 1957 թ. գոյատեւած գիւղը

Սեւահողը Ղարադաղի այն միակ գիւղն է եղել, որ բնա՛ւ չի ընդունել կեղեքող խաներին հպատակւել, իր գոյութիւնը պահպանելու համար, այլ՝ իր սեփական ոյժերին է վստահել: Սեւահողի բնակիչները, որոնք 1912 թւի վիճակագրական տւեալների համաձայն 25 տուն էին հաշւում, շուրջ 150 անձերով. իսկ 1946 թւին երբ 50 տուն էին, շուրջ 300 բնակչութեամբ, դէպի Հայաստան ներգաղթի կոչերին չեն անսացել, եւ մնացել են իրենց գիւղում: Նրանք 1957 թւից յետոյ լքում են իրենց պապենական գիւղը, եւ տեղափոխւում Թաւրիզ եւ Թեհրան: Նրանցից ոմանք հետագայում հաստատւում են հայրենիքում, իսկ այնտեղից էլ փոխադրւում Միացեալ նահանգներ: Այսօր սեւահողցիների կարելի է հանդիպել ինչպէս Իրանում, այնպէս էլ Հայաստանում եւ Լոս Անջելէսում:

Գիւղատէրերի կամ խաների հովանաւորութիւնը մերժող գիւղը, պարտաւոր էր նաեւ ինքնապաշտպանութեամբ ապահովել իր բնակութեանը: Այս գործում յայտնի ընտանիք է եղել Մելիք Մուշգամբարեան ընտանիքը, նրանց գլխաւոր՝ Աւետիս աղայի հովանաւորութեամբ, ինչպէս նաեւ հետագայում՝ Արսէն Մելիք-Մուշգամբարեանի:

Մեկնում դէպի Սեւահող գիւղ

29 յունիս 2018-ին, հասնելով Ղարադաղի Մնջըւան գաւառակը, ուղղւեցինք դէպի Սեւահողի գիւղատեղը: Ցանւած ցորենի հանդերի միջից էինք անցելու մեր մեքենայով, եթէ դա կարողանար իր չորս անւադողերի ամենագնաց հնարաւորութեամբ չխռւել փափուկ հողի մէջ:

Ցորենի հունձքից յետոյ, յարդը որաներ կազմած եւ նոյն աշխատանքը շարունակող երկու գիւղացիները, մեր ճանապարհի վրայ, երկնքից ուղարկւած մարդիկ թւացին մեզ մի պահ այդ անմարդաբնակ վայրում, երկնքի կապոյտի տակ միակ մարդ արարածները լինելով այդ հանդերում:

- «Գարաթօփրախ»-ը գիտէ՞ք որ կողմում է,- ասացինք, իսլամական բարեւը տալուց յետոյ:

Այո՝, ծանօթ էր իրենց այս անունը, որը հայերէն «Սեւահող» անւան թուրքերէն թարգմանութիւնն է: Գիւղատեղը իմանում էին նրանք, սակայն չուզեցին մեզ ընկերակցել: Իրենց նշած մօտակայ տեղը, պարզ է որ հեռու էր լինելու, որովհետեւ գիւղացու համար մօտ թւացող իւրաքանչիւր տեղի հեռաւորութիւնը պէտք է բազմապատկել անգամ երեք…: Մեզ ընկերակցել չփափագելու նրանց որոշումը ինքնին նախաբան պէտք էինք համարել մեր առջեւ ցցւելիք յառաջիկայ դժւարութիւններին: Նրանք միայն բաւականացան ձեռքի հորիզոնական պարզումով ցոյց տալ ուղղութիւնը Սեւահողին: Նրանք էլ զարմացել էին, որ վաղո՜ւց անմարդաբնակ դարձած գիւղում ի՞նչ էինք անելու, կամ ընդհանրապէս ի՞նչ էինք փնտռում այս վայրերում: Նրանք պարզ իմանում էին թէ ինչպիսի դժւարութիւններ էին սպասում մեզ, իսկ մենք այս մասին ոչինչ չէինք իմանում դեռ:

Մեքենան իջեցրինք քարքարուտ ձորը, այն յոյսով, որ այնտեղից անպայման մի ճանապարհ կը լինի: Սակայն ցից ձորը իջնելուց յետոյ, մեքենայի զգուշաւոր սահանքը հասցրեց մեզ մի ժայռի դիմաց, որտեղ ստիպողաբար կանգ առանք: Սոյն մուգ կարմրագոյն ժայռի վրայից քալելով անցքի մաշւած արահետ կար: Նախքան ոտքով մեր ճամբան շարունակելու ծրագրի եզրակացութեան հասնելը, մեծ դժւարութեամբ մեքենայի առաջամասը շուռ տւեցինք այն ուղղութեամբ, որ իջել էր ձորը: Մեր ճանապարհակիցները երկմտւեցին: Նրանցից երկուսը առաջարկում էր հրաժարւել օրւայ առաքելութիւնից, իսկ միւս երկուսը քաջալերական խօսքերով սրտապնդում էր նրանց, ոտքով շարունակելու ճանապարհը անտառի միջով, անպայման գտնելու համար Սեւահողը:

Ենթադրաբար երեք կիլոմետր ճանապարհը, անտառի վերիվայրումներով, վերածւեց հինգ կիլոմետրի: Ինչքան մօտենայինք Սեւահողի գիւղատեղին, այնքան ­քան աւելի կարմրում էր հողը, գրեթէ սեւ գոյնի մօտենալով, յոյս ներշնչելով մեզ, որ ի վերջոյ գտնելու էինք գիւղը: Ուրեմն իրենց գիւղի անունը մեր նախնիք ընտրել էին նայելով հողին ու քարերին, որոնք բոլորն էլ սեւ գոյնն էին յիշեցնում:

Մէկ ձորակ եւս անցնելուց յետոյ, ահա մեր դիմաց երեւաց մէկ բլրակ, որի վրայ պարզ երեւում էր սեւ քարերով եկեղեցու աւերակը:

 

Սեւահողի Սբ. Սարգիս եկեղեցին

Եկեղեցու աւերակի երեւումը թէպէտեւ արագացրեց մեր քայլերը, սակայն արդէն երեք ժամւայ հետիոտն եւ մացառուտ ճանապարհը մեր ոտքերը ջարդել էր, բառի բուն իմաստով: Իրենց հայ մշակներից լքւելով անտէր մնացած թթենիներ անխնամ աճել էին ու բնութեան ընձեռած աւիշով մեծացել, սեւ թութերով լցնելով իրենց ճիւղերը: Դրանց շւաքի տակ կանգնած, մէկ կողմից օգտւում էինք քաղցրահամ պտղից, միւս կողմից վայելում էինք բնութիւնը. իսկ Սեւահող գիւղի կենտրոնական բլրի վրայ կանգնած Սբ. Սարգիս եկեղեցու աւերակի տխուր տեսարանից մղկտւում էր մեր սիրտը եւ միաժամանակ ալեկոծւում մեր հոգին…:

Ազգային առաջնորդարանի մեր մատեաններից գտանք եկեղեցու անունը, որտեղ մինչեւ 1957 թիւը եկեղեցական խորհուրդներ են տեղի ունեցել, որոնց արձանագրութիւնը պահւել է գիւղի խորհրդակատարութեանց մատեանում, որը գիւղի փակումից յետոյ փոխանցւել է Թաւրիզ:

Եկեղեցին տեղական, լեռնային սեւ եւ անտաշ քարերով հիւսւած 8x5 մետր քառանկիւն կառոյց է, որի պատերը ամէն կողմից շուրջ երկուքուկէս մետր բարձրութեամբ դեռեւս կանգուն են: Հաւանաբար դա ունեցել է 7 մետր բարձրութիւն: Տանիքը հաւանաբար երկթեք էր, ինչպէս Ղարադաղում մեր հանդիպած գրեթէ բոլոր եկեղեցիների ընդունած ճարտարապետութիւնը, սակայն այն թափւել է եւ դրա գերաններն անգամ անյայտացել են: Վստահաբար երբ հարեւան գիւղացիները իմացել էին սեւահողցիների գիւղը լքելու մասին, մի առ ժամանակ անց եկել ու տարել էին ինչ որ իրենց համար պէտք էր, որոնց շարքին՝ եկեղեցու տանիքի գերանները, դուռն ու պատուհանները: Ի դէպ, մէկ պատուհանի տեղը երեւում էր հիւսիսային պատի վրայ, որը 40x20 սմ. է: Դռան տեղը գտնւում է հարաւային պատի վերջաւորութեան:

Եկեղեցու ներքնամասը ամբողջութեամբ խոտերով է լցւած, ինչը բացայայտ ցուցանիշ է, որ փայտածածկ տանիքը հողաշէն էր, եւ գերանների վերացման պահին հողը թափւել էր եկեղեցու ներսը: Արեւելեան, կամ՝ խորանի կողմը նոյնպէս աւերակ է, ո՛չ մի հետք գոյութիւն չունի խորանի քարի կամ բեմի աստիճանների:

Մարդահասակ աճած խոտերի եւ փշերի յորձանուտում անկարելի եղաւ նաեւ գտնել եկեղեցու արձանագրութեան քարը, եթէ նման վիմագիր արձանագրութիւն երբեւէ գոյութիւն ունեցել էր այս եկեղեցու դռան ճակատում, կամ այլուր:

 

Սեւահողի հայոց գերեզմանատունը

Այն բլուրը, որտեղ կանգնել է Սբ. Սարգիս եկեղեցին, շուրջ 500 մետր, յատկապէս հարաւ-արեւմտեան կիսակլորը, ծածկւած է տապանաքարերով, որոնք գրեթէ բոլորը, բացի մի քանի ժայռաբեկորային նմոյշներից, ունեն արձանագրութիւն: Տապանաքարերից ոմանք խաչաքանդակներ ունեն, քահանայական ձեռաց խաչի նմանութեամբ փորագրւած: Չգտենք եթէ հոգեւորականների տապատաքարեր են: Մնացածները, ընդհանրապէս անհամաչափ քառակուսիի տեսք ունեն, որոնք քառանկիւն լինելու համար աւելի երկար պէտք է տաշւած լինէին:

Գերեզմանաքարերի արձանագրութիւնները կիսագրագէտ եւ ո՛չ գրաբարի եւ ո՛չ էլ աշխարհաբարի տիրապետած մարդու գործ են: Գրեթէ բոլոր գրութիւնները աչքի են ընկնում տառական կոպիտ սխալներով, որոնք չեն խնայում նաեւ անձնանուններին: Տառատեսակները բաւականին յաջող քանդակագործութեան տեսք ունեն, սակայն կանոնաւորութենէ շատ զուրկ են: Յաճախ միայն մահւան թւականները նշւել են այնտեղ, մոռանալով հանգուցեալների ծննդեան թւականների եւս նշումը:

Մեզ չյաջողւեց Սեւահողում ինքնապաշտպանութեան հռչակ ունեցած նշանաւոր ընտանիքի՝ Մուշգամբարեանների դամբանաքարերը գտնել, սակայն մէկ քանի քարերի վրայ ուշադրութիւն դարձրեցինք: Նրանց շարքում էին Միրզա Աղաջանեանի եւ նրա որդու գերեզմանաքարերը: Հօր գերեզմանի վրայ կարդում ենք. «Այս է տապան/ լուսահոգի ա/[ղ]աջանիան/ միրզայի [Ծննդեան եւ մահւան թւականները չկան, քարը կոտրւած ըլինելու պատճառով]»: Նրա որդու գերեզմանաքարի վրայ կարդում ենք. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ/ ՈՕՐԹԻ ՄԻՐԶԱ(Յ)Ի/ ԹԱՎԱՐ ՊԵԴՐՕ-/ՍԵԱՆ ՎԱԽՃԱՆ Է 1910 Թ:»:

Գերեզմանատնից եւ եկեղեցու տարածքից աւելի ցածր փռւած է եղել գիւղը, որի արօտավայրերը իրենց սեւագոյն հողով դեռեւս մնում են, սակայն անտառացած վիճակում: Նոյն հողերի կողքին, նշմարեցինք հայկական տների աւերակներ, որոնք հազիւ կէս կամ մէկ մետր բարձրութեամբ, յատակագծի ձեւով, աչքով են անում խոտերի միջից, դարձեալ սեւ քարերից սարքւած:

Միակ յիշատակը, որ կարողացանք գտնել եւ մեզ հետ բերել Սեւահողից, ջորիի ժանգոտւած եւ շատ նախնական պատրաստութիւն ունեցող պայտ էր, որը ի պահ դրեցինք Ղարադաղից մեր բերած յիշարժան քարերի, փայտերի եւ այլ յիշատակների կողքին:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։