Print this page
26/08/2018

Ատրպատականի հայոց թեմը մասնակցեց ՀՀ գիտութեան եւ կրթութեան 8-րդ խորհրդաժողովին

Հայաստանի Հանրապետութեան գիտութեան եւ կրթութեան նախարարութեան Համահայկական 8-րդ խորհրդաժողովը տեղի ունեցաւ 2-6 օգոստոս 2018-ին, Աղվերան գիւղում: Չորս օրերի վրայ երկարաձգւած նիստերը քննարկեցին յատկապէս Սփիւռքում հայերէն լեզւի հիմնահարցեր, առաջարկելով հաւանական լուծումներ, որոնք ընդհանրական բանաձեւում տեղ գրաւեցին խորհրդաժողովի աւարտին: 

«alikonline.ir» - Հայաստանի Հանրապետութեան գիտութեան եւ կրթութեան նախարարութեան Համահայկական 8-րդ խորհրդաժողովը տեղի ունեցաւ 2-6 օգոստոս 2018-ին, Աղվերան գիւղում: Չորս օրերի վրայ երկարաձգւած նիստերը քննարկեցին յատկապէս Սփիւռքում հայերէն լեզւի հիմնահարցեր, առաջարկելով հաւանական լուծումներ, որոնք ընդհանրական բանաձեւում տեղ գրաւեցին խորհրդաժողովի աւարտին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնն էին բերում համապատասխան նախարարութեան ներկայացուցիչները, իսկ Սփիւռքահայ գրեթէ բոլոր թեմերից ներկայացուցիչներ, թւով 120 հոգի, որոնց շարքում նաեւ իրանահայ երեք թեմերը: Ատրպատականի հայոց թեմը ներկայացնում էր Թաւրիզի Հայոց «Հայկազեան-Թամարեան եւ Սահակեան» դպրոցի տեսչուհի՝ Արմինէ Վահրամեանը, որ յատկապէս մասնակցեց քննարկումներին: Թեհրանից մասնակցում էին Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարեանը եւ նոյն խորհրդի անդամ Մելինա Բադալը, իսկ Սպահանից Դաւիթ Նարբէ Ջարդենը, որոնք յատուկ նիւթերով ելոյթ ունեցան:

Բացման պաշտօնական արարողութիւնը կատարւեց Երեւանի Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում, որտեղ բարի գալստեան խօսքերով հանդէս եկան ՀՀ կրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեան եւ Արցախի Հանրապետութեան կրթութեան եւ սպորտի նախարար Նարինէ Աղաբալեան: Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկիսի ողջոյնի խօսքը ընթերցեց Գեղանի Էթիեմեզեան: Մասնակիցներին յատուկ խօսք ուղղեց սփիւռքի նախարարի տեղակալ Դաւիթ Սարգսեան:

Օրակարգերը յագեցած էին կրթական բաւականին շահեկան նիւթերով եւ զեկոյցներով.- դասաւանդման մեթոդաբանութիւն, դասագրքերի պատրաստման նոր մեթոդների կիրառում, հոգեբանական մօտեցումներ յետ-Եղեռնեան ժամանակաշրջանի յատուկ, որոնք քննարկւեցին հարցպատասխանի ձեւով, մասնախմբերով, միօրեայ եւ ամենօրեայ դպրոցների համար ընտրւած: Մասնախմբերը նաեւ բաժանւած էին հայ լեզւի երկու ճիւղերի՝ արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի խմբերով, քննարկելու համար իւրաքանչիւրի դիմագրաւած դժւարութիւնները ե՛ւ միօրեայ ե՛ւ ամենօրեայ դպրոցների ենթահողի վրայ:

Խորհրդաժողովի օրերին եղան նաեւ գրքերի ցուցահանդէսներ, որտեղ ներկաները իրազեկ դարձան նոր հրատարակութիւնների, որոնք կարող են օգտագործել իրենց դասաւանդութիւններին առկից:

Հայերէն լեզւի նահանջը, յատկապէս իր արեւմտահայ ճիւղով, բաւական մտահոգիչ նիւթ հանդիսացաւ ժողովի մասնակիցների համար, ինչպէս որոշ գաղութներում հայկական դպրոցների փակման տխուր երեւոյթը: Քննարկւեցին պատճառները, կատարւեցին ախտաճանաչումներ, որոնք բոլորը կոչի եւ յայտարարութեան ձեւերի տակ, ինչպէս նաեւ բանաձեւի կէտերում արտացոլւեցին ժողովի աւարտին, իբրեւ ցնցիչ ահազանգ:

Համահայկական կրթական սոյն խորհրդաժողովը սպասւած աւանդական հանդիպումից աւելին էր, եւ պիտի այդպէս լինէր, որովհետեւ գաղութները առանձին-առանձին իրենց ցաւերն ու մտահոգութիւնները քննարկում են յաճախ, սակայն բոլորն էլ կարիք ունեն միասնաբար դրանք քննարկելուց յետոյ, լուծումների յանգելու:

Խորհրդաժողովի վերջին օրը ողջերթի ընթրիք տրւեց բոլոր մասնակիցներին, որի ընթացքում շնորհակալական խօսքով, իրանահայ երեք թեմերի անունից ելոյթ ունեցաւ Արմինէ Վահրամեանը, կրթութեան եւ գիտութեան նախարարութեան սոյն կարեւոր ձեռնարկը բարձր գնահատելով:

Ստորեւ ներկայացնում ենք Խորհրդաժողովի կոչը եւ ընդունւած բանաձեւը.

 

Կոչ՝ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի անունից

Վերջին տասնամեակներում ցաւալի իրողութիւն է դարձել Սփիւռքի ամենօրեայ դպրոցների փակումը: Մեր հայրենակիցներն առարկայական եւ զուտ անհատական պատճառներով հետզհետէ հեռանում են իրենց արմատներից:

Չթերագնահատելով Սփիւռքում գործող հայապահպան կազմակերպութիւնների գործունէութիւնը՝ այնուամենայնիւ յորդորում ենք կուսակցական, հասարակական, եկեղեցական, բարեգործական կազմակերպութիւններին՝ միաւորելու ջանքերը եւ կանխելու աղէտալի գահավիժումը:

Արժեւորենք հայ ուսուցչին, սատարենք մեր ընտանիքներին եւ յստակ դնենք հայ մնալու, հայերէն խօսելու պահանջը, չկորցնենք մայր հայրենիքի տեսլականն Ամարասից մինչեւ Վան:

Այս կոչը պահանջ է եւ անկասելի ցանկութիւն:

Ուրեմն՝ ազգովին դէպի Հայաստան, հայկականութիւն եւ ազգային միասնականութիւն: 

2-6 օգոստոս, 2018 թ.
Աղւերան

 

Յայտարարութիւն՝ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի

Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի մասնակիցներն իրենց խոր անհանգստութիւնն են յայտնում Հայաստանից հեռարձակւող հաղորդումների ոչ միայն հասանելիութեան, այլեւ կանոնական եւ հասկանալի հայերէնով ծրագրերի սակաւութեան կապակցութեամբ:

Հայրենիքից հեռարձակւող հաղորդումները եւ ֆիլմերը մեծ դեր ունեն Սփիւռքի մատաղ սերնդի համար ինչպէս հայերէնի իւրացման, այնպէս էլ հայրենաճանաչութեան եւ հայեցի դաստիարակութեան առումով:

Հրամայական անհրաժեշտութիւն է պատրաստել եւ հեռարձակել արեւմտահայերէնով հաղորդումներ՝ նպաստելով ուսումնական գործընթացին եւ հայակերտմանը:

Համահայկական կրթական խորհրդաժողովի մասնակիցները եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնն իրենց պատրաստակամութիւնն են յայտնում մասնակցելու եւ աջակցութիւն ցուցաբերելու հեռուստաալիքներին նոր ծրագրերը կեանքի կոչելու գործում:

2-6 օգոստոս, 2018 թ.
Աղւերան

 

Բանաձեւ՝ Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովի

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կազմակերպած Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովին մասնակցեցին աշխարհի 23 երկրների հայկական կրթական կառոյցների, Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ոլորտի շուրջ 120 ներկայացուցիչներ: Խորհրդաժողովում անցկացուեցին 8 լիագումար եւ մասնախմբերի 15 նիստեր: Համատեղ աշխատանքի ընթացքում հայեցի կրթութեան եւ դաստիարակութեան ոլորտում արձանագրւեցին հետեւեալ իրողութիւնները.

- Արդի Սփիւռքում նկատւում է հայ ինքնութեան գիտակցման եւ դրա զարգացման համար ուղենիշների պակաս.

- Սփիւռքի տարբեր երկրներում տեղի է ունենում հայկական ամենօրեայ դպրոցների փակում.

- Կրթական որոշ հաստատութիւններ գործում են հայեցի կրթութեան կազմակերպման համար ոչ բարենպաստ քաղաքական-իրաւական պայմաններում.

- Սփիւռքի տարբեր երկրներում բնակւող հայ երեխաների զգալի մասն ընդգրկւած չէ հայեցի կրթութեան կառոյցներում:

Ներկայացւեցին հետեւեալ հիմնախնդիրները.

- Սփիւռքում թոյլ է արտայայտւած միասնական կրթական քաղաքականութիւնը. բացակայում են կրթական ընդհանուր չափորոշիչներ, դրանցից բխող տարանջատւած ծրագրեր, կրթութեան կազմակերպման վերաբերեալ ուղղորդումներ, ինչպէս նաեւ Սփիւռքում ստեղծւած դասագրքերի եւ ուսումնական այլ նիւթերի գիտական գնահատականը.

- Արդի Սփիւռքում գործող մանկավարժներին փոխարինող (յատկապէս արեւմտահայերէնի) նոր սերնդի մանկավարժների խիստ կարիք կայ.

- Սփիւռքի հայկական կրթական հաստատութիւններին տրամադրւող դասագրքերի եւ ուսումնաօժանդակ այլ նիւթերի ցանկը մասամբ է համապատասխանում իրական կրթական կարիքներին.

- Վերջին տարիներին Սփիւռքի հայկական կրթօջախներում աւելացել է կրթութեան առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիւը, ինչը պահանջում է մանկավարժական լրացուցիչ հմտութիւններ:

Ելնելով վերոնշեալ իրողութիւններից եւ հիմնախնդիրներից անհրաժեշտ է.

- Մշակել հայ ինքնութեան ուղենիշ.

- Կրթական գործունէութիւնը Սփիւռքում վերածել լուսաւորչական լայնածաւալ գործունէութեան, սահմանել կրթական միասնական չափորոշիչներ՝ բացառելով միասնական դասագրքերի գաղափարը.

- Ուսումնամեթոդական եւ դասագրքաստեղծ գործունէութեան հիմքում դնել միասնական չափորոշիչներ՝ օգտագործելով նաեւ Սփիւռքում առկայ կրթական ներուժը.

- ժամանակակից քաղաքական եւ հասարակական մարտահրաւէրներին դիմադրելու նպատակով՝ կայացնել Սփիւռքի երկրներում մրցունակ, արդիական կրթական հիմնական եւ լրացուցիչ կրթութեան հաստատութիւններ.

- Օգտագործել արտաքին քաղաքականութեան միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթութեան ցանցի ընդլայման եւ բովանդակային զարգացման.

- Սփիւռքի կրթական գործունէութիւնը դիտարկել որպէս ՀՀ կրթութեան, գիտութեան եւ տնտեսական զարգացման համար ռազմավարական աղբիւր:

Վերոնշեալ տեսլականն իրագործելու նպատակով միջնաժամկէտ հեռանկարում պահանջւում է.

- Ստեղծել արագ արձագանգման մասնագէտների միջգիտակարգային խումբ, որը կը գործուղուի Սփիւռք՝ տեղային լուծումներ տալու նպատակով.

- Նպաստել Հայաստանում արդիւնաւէտ գործող եւ արդիական ուսուցում իրականացնող հաստատութիւնների հետ համագործակցութեանը, կիրառւող մեթոդիկայի եւ ծրագրերի ներդրմանը՝ մասնաւորապէս ծրագրաւորման եւ շախմատի ուղղութեամբ.

- Սփիւռքում կազմակերպել հայոց պատմութեան եւ հայրենագիտութեան այլ թեմաներով դասախօսութիւններ.

- Կատարելագործել Հայաստանում մանկավարժների պատրաստման ծրագիրը՝ նախատեսելով նաեւ մագիստրոսական խտացւած դասընթացներ, այդ թւում՝ արեւմտահայերէնի ուղղութեամբ.

- Վերապատրաստման ծրագրի հիմքում դնել հայ ինքնութեան ուղենիշներ, կրթական միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ այն դարձնելով առաւել հասցէական, առանձին համայնքների կրթական կարիքների վրայ հիմնւած, որպէս վերապատրաստման ձեւ կիրառել հեռավար ուսուցումը եւ վերապատրաստումը տեղում՝ գործուղւած մասնագէտների միջոցով, օգտագործել արտասահմանեան համալսարանների հենքը՝ տեղում ուսուցիչների պատրաստման եւ վերապատրաստման համար. և օգտագործել էլեկտրոնային բաց հարթակները հայերէնի եւ հայրենագիտութեան ուսուցման, օլիմպիադաների անցկացման եւ այլ միջոցառումների համար.

- Ձեռնամուխ լինել Սփիւռքում երիտասարդ մանկավարժներին աջակցելու եւ իրենց մասնագիտական գործունէութեան մեկնարկն ապահովելու համար հիմնադրամի ստեղծմանը.

- Հիմքեր ստեղծել Սփիւռքում մանկավարժներին եւ աշակերտների հայերէնի իմացութեան աստիճանը որակաւորելու համար՝ տրամադրելով համապատասխան պետական փաստաթուղթ.

- Իրականացնել ծրագրաստեղծ եւ դասագրքաստեղծ գործունէութիւն՝ հայերէնի ուսուցման հարցում յատուկ շեշտադրում անելով բանաւոր խօսքի զարգացմանը միտուած դասագրքերի եւ լրացուցիչ ընթերցանութեանը նպաստող գրքերի ստեղծմանը.

- Հայաստանում երեխաների համար կազմակերպել ամառային մասնագիտական ուղղւածութեամբ դպրոցներ՝ լեզւի, արւեստի եւ այլ առանձին հայագիտութեան ճիւղերի խորացւած ուսուցման նպատակով.

- Վրաստանի հետ միջպետական պայմանաւորւածութիւնների միջոցով նպաստել հայկական դպրոցներում հայերէնի՝ որպէս մայրենի լեզւի ճանաչմանը՝ պահպանելով շաբաթական 5 դասաժամ.

- Վրաստանի եւ Աբխազիայի հայկական դպրոցների համար իրականացնել դասագրքերի համապատասխանեցում գործող կրթական համակարգերին եւ ծրագրերին.

- ՌԴ-ի հետ միջպետական պայմանաւորւածութիւնների միջոցով նպաստել ՌԴ-ում հայաստանեան պաշտօնական կրթական փաստաթղթերի եւ դասագրքերի ճանաչմանը, հայաշատ վայրերում հանրակրթական դպրոցների ուսումնական պլաններում հայերէնի՝ որպէս ուսումնական առարկայի ներդրմանը, ինչպէս նաեւ համալսարաններում հայագիտական ամբիոնների եւ կենտրոնների հիմնադրմանը.

- Ձեռնամուխ լինել Ափիւռքում մէկօրեայ դպրոցների աջակցութեան հիմնադրամի ստեղծմանը:

Ելնելով տեղի ունեցած քննարկումներից եւ ներկայացւած առաջարկութիւններից, վերոնշեալ դրոյթներն իրագործելու նպատակով, խորհրդաժողովի մասնակիցները պատրաստակամութիւն են յայտնում մինչեւ հոկտեմբերի 30-ը ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն ներկայացնել.

ա. Տեղեկութիւններ տւեալ կրթական հաստատութիւնում օգտագործւող դասագրքերի վերաբերեալ.

բ. Ուսուցման հիմքում ընկած առարկայական եւ համալիր ծրագրեր.

գ. Հիմնական խնդիրները եւ դրանց լուծման վերաբերեալ առաջարկութիւնները:

2-6 օգոստոս, 2018 թ.
Աղւերան

Յարակից լուրեր