Հա

Համայնք

17/09/2018 - 10:00

Տօն Խաչվերացի եւ ռեհանզարդ խաչով անդաստան՝ Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի 16 սեպտեմբեր 2018-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:

«alikonline.ir» - Կիրակի 16 սեպտեմբեր 2018-ին, Խաչվերացի տօնի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում: Տարիների աւանդութիւնը շարունակելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եպիկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան քաղաքամասում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում եւ իր պատգամը յղեց թեմի ժողովրդին. իսկ Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, նշելու համար 628 թ.-ի քրիստոնէութեան մեծ յաղթանակը, որով Քրիստոսի խաչափայտը գերութիւնից տունդարձ ունեցաւ Հերակլ Կայսեր եւ քրիստոնեայ երկրների կողմից մղւած հաւատամարտի հետեւանքով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազան Հօր կողքին, Սբ. խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ սարկաւագաց եւ դպրաց կրտսերաց դպրաց դասերը, մոմակրութեամբ, քշոցակրութեամբ եւ բուրռակրութեամբ: Օրւայ Ճաշու գիրքը ընթերցեց Էմելիա Աբրահամեանը: Երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում՝ «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Սրբազան Հայրը իր քարոզում քրիստոնէութեան մեծագոյն խորհրդանիշի՝ Սբ. Խաչի վերացման պատմական դէպքը նկարագրելով ցոյց տւեց, որ դէպի Երուսաղէմ իր վերադարձի ճամբի վրայ խաչափայտը վերացնելը, կամ բարձրացնելը, քրիստոնեաների համար պատիւ համարւեց. «Սակայն այսօր, մենք, իբրեւ քրիստոնեաներ, հեռու ենք այն զօրաւոր հաւատքից, որը ունեցան այն քրիստոնեաները, որոնք պատւով խաչը իրենց ուսերին կրեցին ամբողջ ճանապարհի ընթացքում: Ո՞ւր է մեր հաւատքը: Խաչի իմաստը՝ զոհողութիւն է, որ մեր Տէրը յանձն առաւ մեղաւոր մարդկութիւնը փրկելու համար: Սակայն այսօր, մենք, նւազագոյն նեղութեան կամ դժւարութեան դիմաց ընկրկում ենք: Դա նշանակում է, որ մենք խաչ կրելու պատրաստակամութիւն չունենք: Այնքան թուլացել է մեր հաւատքը, որ կեանքի դժւարութիւնների խաչերը աւելի ծանր ենք նկատում, քան՝ մեր Տիրոջ կրած խաչը»,- ասաց Սրբազան Հայրը, անդրադառնալով ներկայ աշխարհում, մարդկութեան կեանքում յայտնւող տեսակ-տեսակ դժւարութիւններին եւ կացութիւններին: Ապա, նա խօսեց մարդկութեան խաղաղ կեանքը վրդովող մարդկանց, լինենք դրանք համաշխարհային դէմքեր, ազգային դէմքեր կամ սովորական մարդիկ. «Մարդ կայ որ անհանդուրժող իր բնաւորութեամբ, չի ցանկանայ ուրիշների համար խաղաղ ու երջանիկ կեանք: Նա անընդհատ ծրագրեր է մշակում, չարի հետ գործակցում, որպէսզի խանգարի ուրիշների անդորրը: Այս տեսակ մարդիկն էլ, բարի մարդկանց համար խա՛չ են լինում, որոնք կամքից անկախ շալակում են նրանց իրենց ողջ կեանքի ընթացքում, համբերելով նրանց պատճառած վնասներին, եւ յուսալով որ Աստւած անպայման մէկ օր պիտի վերցնի իրենց ուսերից այս մարդ-խաչերին, ու հայրական սիրով վարձատրի մինչեւ վերջ համբերողին», ասաց Սրբազանը:

Սբ. պատարագի աւարտին, դպրաց դասի անդամներից կազմւած թափօրով, եւ ռեհանազարդ խաչի գլխաւորութեամբ, ներկաները շրջափակ առաջնորդւեցին, որտեղ կատարւեց Խաչվերացի աւանդական մեծահանդէս թափօրի եւ անդաստանի արարողութիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ներկայ հաւատացեալները խաչը ծածկած ռեհաններից վերցրեցին, նրա բուրումնաւէտութիւնը միասին տանելու համար իրենց տները:

Ապա, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմինի անդամուհիների կողմից, եկեղեցու շրջափակում կանգնած տաղաւարի ներքեւ տրւեց սիրոյ սեղան, որին մասնակից դարձան Հոգեւորականաց դասը, ինչպէս նաեւ Ազգային Իշխանութիւնը եւ հիւրեր: Այսպիսով, Մարալանի այգու տարեկան պատարագների հինգերորդ եւ վերջինն էլ մատուցւեց, յառաջիկայ տարի դարձեալ նոյն սրբավայրում հանդիպելու քաղցր յոյսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։