Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:
«alikonline.ir» - Երկուշաբթի, 17 սեպտեմբեր 2018-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Ազգ. առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանի Ա խորհրդական Էդւարտ Խաչատրեանի եւ ՀՀ հիւպատոս՝ Գարիկ Գրիգորեանի այցը: Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Երկու դիւանագէտները, Իրանում իրենց պաշտօնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, եկել էին Ատրպատական, ծանօթանալու Սրբազան Հօրը, թեմի մասին տեղեկութիւններ ստանալու եւ փոխադարձ գործակցութեան հնարաւորութիւնների շուրջ խորհրդակցելու:
Առաջնորդ Սրբազանը համապարփակ ծանօթութիւն տւեց թեմի պատմութեան, վարչական կառոյցի, Թաւրիզի, Ուրմիայի եւ Սալմաստի համայնքների հոգեւոր եւ կրթական կեանքի, գործող Միութիւնների եւ Կազմակերպութիւնների առօրեայ աշխատանքների եւ ընդհանրապէս թեմի ժողովրդի մասին: Վարչական մէկ շարք աշխատանքների մասին լուսաբանութիւն տւեց Թեմական խորհրդի ատենապետը, նոյնիսկ ներկայ տնտեսական դժւարին պայմաններում՝ ժողովրդի դիմացկուն նկարագիրը ցոյց տալով:
Այս առիթով, յատկապէս տեսնելով հայրենի դիւանագէտների մասնաւոր հետաքրքրութիւնը Ատրպատականի հայկական ժառանգութիւնների նկատմամբ, առաջնորդ Սրբազանը նրանց նւիրեց «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում» գրքի Ա հատորից մէկական օրինակ, յոյս յայտնելով, որ շուտով երկրորդ հատորը կը գայ շարունակելու սոյն ժառանգութեանց ցուցակագրման աշխատանքը:
Հանդիպման աւարտին, հիւրերը շրջագայեցին Ազգային առաջնորդարանի զանազան բաժանմունքները, մօտկից ծանօթանալով թեմի վարչամեքենային եւ պաշտօնէութեան առօրեային:
Կէսօրին, քաղաքի գլխաւոր հիւրանոցում, հայրենի դիւանագէտները Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի ճաշի հիւր եղան: