Հա

Համայնք

14/10/2018 - 11:00

«Յիմ Կիլիկիա»

Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Մեծի Տանն Կիլիկիոյ ազգընտիր Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան յիսնամեակի առիթով

 

Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

…Եւ երգւեց այս երգը, ու երգւելու է դեռ երկա՜ր, յուզախառն, վարանոտ, տեսլապաշտ ելեւէջումներով, ծիծառի ի բոյն դառնալուն ուղեկից լինելու միամիտ տենչով ու անրջական թռիչքներով, եւ վերջապէս Կիլիկիոյ հողում հանգչող մեր մեծափառ արքաների աճիւններին միախառնւելու Ռուսինեան կտակով:

Իրեն «արեւ» պարգեւած հողից վտարանդի Նահապետը մեր լեզուների երաժշտականութեամբ լացեց անցեալ տասնամեակներին, ողբալով չմեռնող փառքը երազի հայրենիքի: Իր յուշերի մեղեդին մելամաղձոտ հիւսելու հետ, վերապրումի յամառութիւնը երգեց նա, այն ընդունելով զերթ առաքինութիւն անօրինակ, մարելու համար Հայոց ցեղասպանութեան յանկարծական բռնկումները, վերապրողների հրկիզւած սրտերում մորմոքող: Այդ բոցի յարածուփ ալիքը հարւածել էր տուն ու դպրոց, եկեղեցի եւ գործատեղի, ագարակ ու այգի, առանց սակայն խլել կարողանալու վերադարձի ճամբի քարտէզը, նոյնիսկ աքսորական մեռելների կմախքացած ափից, մատոսկրներով պինդ սեղմւած:

Մահւան ձագարը դէպի անդունդ էր մղում, անապատի աւազի պէս աղացւելու դատապարտւած մի ազգ ամբողջ, անորոշութեան մութուլուսի տւայտանքին յանձնելով նրան: Բայց յանկարծ, մեր նորագոյն պատմութեան մահաստւեր ցանցառ տողերը խտացան, իր առաքելութիւնը ո՛չ միայն վերագտած, այլեւ նորովի իմաստաւորած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեամբ: Նա յաջողեց թշնամու խտահիւս ուռկանը պատռել ու դուրս գալ ազատութեան, ծիծաղագեղ ափունքին Անթիլիասի, որտեղ իր մակոյկը վերանորոգելով, վերածեց այն անխորտակելի նաւի, Սփիւռքի ալետատան ծովի մէկ ափից միւսը նաւելով անվեհեր:

Նաւապետների լուսերամի շարունակականութիւնը ապահովւեց Երկնաւորից, լուսաւորիչ առաքեալների յաջորդականութիւնը վստահելով Լուսաւորչի Տան անձնւէր զաւակներին: Անտակ ծովերի մութ խորութիւնը, եւ կամ խաղաղ ու արծաթափայլ լճերի բիւրեղեայ մակերեսը ճաքեցնող նաւը Կիլիկեան, իր վտանգալից ճամբորդութիւններով, ալ ու ալւան պատկեր տւեց սփիւռքի նորաձեւ քարտէզին, դրա թեմերը վերածելով կամրջւած կղզեակների ակնախտիղ լուսապատկերի:

Լիալուսնով լուսաւորւած գիշերւայ մէջ, պայծառ մէկ դէմք ցաթեց մեր նորօրեայ պատմութիւնը երկնող կարմիր թանաքի կաղամարի մէջ արիւնի: Լիբանանի դաժան պատերազմի տարիներ, դժնդակ օրեր, տժգոյն գաղութ, որը պիտի վերստին գունաւորւէր: Նորարարութեան ծրագրերի երանգապնակը իր բթամատով ամուր բռնած, Նա օգտագործեց նորագոյն վառ երանգները եկեղեցու այժմէականութիւնը խորհրդանշող: Նա իր վրձինը ընտրովի քսելով բազմագոյն երանգապնակին, որոշակի զարկեց, խայթեց ու խթանեց անգոյն պաստառը, ժողովրդի սառած մտքի քառակուսի շրջանակի վրայ ձգւած: Նոյն պաստառի գունագեղ անդաստանի շրջանակից, Կիլիկեան դաշտերի թոռոմած ծաղիկները դարձեալ նայեցին կենսատու արեւին: Հողը պարարտացաւ, աւիշը եռաց, ծիլը ժայթքեց, մրջիւնները զօրակոչի ենթարկւեցին սպառազինւած, մողէսները տաքացրեցին իրենց բազմանկիւն նախշերով պաղ կաշին, լերկ ժայռաբեկորների վրայ զգաստ կանգնած, խլուրդները իրենց լպրծուն սողանքի յետեւում արծաթափայլ ուղիներ նկարեցին ջանասիրութեամբ եւ թշնամու ամայացրած պարտէզը վերստին ցանկապատւեց, անձնդիր Մշակի վեհափառ նւիրման բարացուցիչ հանդիսանալով:

Նրա բամբ ձայնով երգւած «հորովել»ը գեղջուկ, աւելի՛ հաստատ խրեց խոփը, եզների ուսերին ծանրագոյն ճնշելով երկնատուր լուծը ոսկեզօծ, իսկ մաճի վրայ ամուր դրւած ձեռքը Օծեալի, ուղի՛ղ բացեց ակօսները անծայրածիր, տարիների համար ձիգ, իսկ վաղւայ համար՝ շա՜տ խոր: Ակօսների ամէնից խորունկի մէջ տնկւեց հաւատքը երկնալոյս, եւ ո՛չ թէ այնտեղ թաղւեց: Լոյս հաւատքը գերեզման չունի՛: Հաւատքո՛վ կան այն ամէնը, որոնք ստեղծւած են Աստծու կողմից եւ արարւած՝ մարդկանց աստւածատուր շնորհքներով: Հաւատքի ծնունդ Մարդը, իբրեւ հաւատաւոր հացթուխը վանքի, մանրիկ աշակերտները հացի թարմ պատառների պէս բաշխեց սեղաններին՝ սոված ազգիս կարօտեալներին, ուղղակի դրանք պոկելով թոնրի տաքուկ պատերից՝ Դպրեվանքի ժառանգաւորների ազազուն շարքերից:

Լուսաշաւղի Ճանապարհորդը, հողանիւթեայ կեանքի գիտակից բաժնի կէսից աւելին նւիրաբերեց գերանձնական գաղափարների իրագործման: Ոգեղէն արժէքներ՝ ուսում ու կրթութիւն, լոյս ու գիտութիւն, կրօնք ու մշակոյթ, հոգի ու շունչ, միտք ու թռիչք իմացական, որոնց հետ նաեւ նիւթեղէնը՝ շէնք ու կառոյց, նոր իմն արժեւորւեցին ու բարեզարդւեցին: Սակայն, հողի ընդերքից կանչող ձայնը Նահապետի, դեռեւս ողբում է «յիմ Կիլիկիա»-ն:

Սսոյ Մայրավանքի բարձր պարիսպների խրոխտ աւերակների ցածում, խայթող տատասկ է աճել: Բայց քրիստոնէական արդարութիւնը համամիտ չէ՞ որ ջախջախւի գլուխը վիշապի, որ հարիւր տարիներ իր փայփայած օձերի թոյնը սրսկեց դէպի իրաւունք տանող կուսական մարգագետինի վրայ, որտեղ ամէն առաւօտ եղեամն է շաղւում արծաթահոս: Ինչո՞ւ խափանել ճանապարհը կանաչ, երբ ամբողջ մէկ ազգի ոտնահարւած սրբութիւնները իր ուսերին վերցրած, իրաւունքատէրը դիմում է քաղաքակիրթ մարդկութեան ատեաններին, յանուն իրաւունքի եւ արդարութեան: Նահապետը կանգ է առնում սրբերի մատուռից խոյացող գանկաշար սիւնի առջեւ, դրանք եւս իր հետ տանելու «յիմ Կիլիկիա»:

- Ո՛չ միայն ուզում եմ գնալ, այլեւ ննջել «յիմ Կիլիկիա»,- բացագանչում է նա: Բայց գոյութիւն ունի՞ Մայրավանքը Մեծն Կիրակոսների, այնտե՞ղ է մնացորդացը օձերի բերդին Լեւոնների, ընդունելո՞ւ է արդեօք Հայոց առիւծասիրտ արքաները իր գոգում ծրարած հողը ինձ:

Ե՛րգն է բալասանը դարերի կոտտացող վէրքի: Ուրեմն՝ երգելու ենք: Երգելու ենք աննահանջ, որպէսզի երբ աշխարհը դադարի խղճալուց, հողը ի՛նք խղճայ, ու իրականացնելով «յիմ Կիլիկիա»-յի Նահապետեան ցանկութիւնը, պարուրի մեր հոգին անիմանալի սիրով եւ քաղցր երազի գաղտնիքները բացելու միտող նրբակրկիտ մատներով:

Իցի՜ւ Ռուսինեանը տեսած լինէր Անթիլիասը, նախքան նւիրականացնելը իր կտակի, կամ՝ «յիմ Կիլիկիա» դրոշմով կնքելուց առաջ ազգիս դարաւոր երազը: 

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

Առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի

Թաւրիզ, 13 Հոկտեմբեր, 2018

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։