Հա

Համայնք

27/10/2018 - 14:40

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պատգամաւորների, ինչպէս նաեւ Կրօնական եւ Թեմական խորհուրդների հետ, սոյն ժողովին մասնակցելու յատուկ հրաւէրով Թեհրանից Թաւրիզ էր ժամանել Ազգ. Կենտրոնական վարչութեան անդամ՝ Թովմաս Թովմասեան:

Բացման աղօթքից յետոյ, առաջնորդ Սրբազանը, որ անցեալ շաբաթ Անթիլիասի Մայրավանքում մասնակցել էր Ազգ. Կենտրոնական վարչութեան Միացեալ ժողովին եւ նոյն առիթով հանդիպում էր ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ, թեմի պատկառելի ժողովին յայտնեց Նորին Վեհափառութեան հայրապետական ողջոյնները: Ապա, նա արդիւնաւէտ նիստ ու արդիւնաշատ քննարկումներ մաղթեց ներկայ ժողովականներին:

Այնուհետեւ դիւանը իր որոշած օրակարգի հիման հետեւողաբար վարեց ժողովը, Ա. ատենապետ՝ Արմինէ Յովսէփեանի ղեկավարութեամբ, իր կողքին ունենալով Բ. ատենապետ Սաքօ Մէջլումեանին, Ա. ատենադպիր՝ Անահիտ Յակոբեանին եւ Բ. ատենադպիր Սարինէ Մեջլումեանին:  

Նախորդ ժողովի ատենագրութեան վաւերացումից յետոյ, կատարւեց հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնը, եւ սոյն կազմի զոյգ անդամներ ընտրւեցին Ռազմիկ Օրդուխանեանը՝ Թաւրիզից եւ Յարութ Մուրադեանսը Ուրմիայից, որոնք յաջորդ ժողովից սկսեալ իրենց աշխատանքին են լծւելու, հետեւելով թեմի հաշւական բոլոր ցուցակներին եւ նիւթական գործառնութեանց:

Դիւանի առաջարկով, Թեմական խորհուրդը պատրաստել էր տասամսեայ նիւթաբարոյական տեղեկագիր, որը ընթերցւեց Թեմականի ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանի կողմից: Ապա, ժողովականները հերթաբար լուսաբանական պատասխաններ ստացան իրենց հարցերին, յաւելումներ կատարելով եւ գնահատելով Թեմականի տարած աշխատանքը: Թեմական խորհրդի փոխ ատենապետ եւ հաշւական պատասխանատու Ալէն Սայադեանը, իր հերթին, ներկայացրեց խորհրդի նիւթական տասամսեայ ելեւմտական աղիւսակը, նաեւ ներկայացնելով Թաւրիզի եւ Ուրմիոյ յառաջիկայ նախահաշիւները, յետնեալ Աթոռատուրքերի պատկերը եւ այլ մանրամասնութիւններ:

Յաջորդ օրակարգով Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը մանրամասն ներկայացրեց շինարարական հսկայածաւալ աշխատանքների գործընթացը, միաժամանակ ահազանգ հնչեցնելով, որ նման ծրագրերով միայն կարելի է պայքարել բոլորին սպառնացող տնտեսական ճգնաժամի դէմ: Ժողովականները իրենց արտայայտութիւններով քաջալեր հանդիսացան, յիշեալ ծրագրերին, դրանց մէջ տեսնելով ո՛չ թէ սոսկ թեմի գոյապահպանումը, այլեւ դրա բոլոր կառոյցներին, կրթական հաստատութիւններին եւ միութենական աշխատանքներին անխուսափելի յառաջդիմութիւնը:

Կէսօրւայ ճաշի դադարից յետոյ, յատուկ օրակարգ յատկացւեց թեմի յառաջիկայ տարիների երկարատեւ ծրագրի մշակման ձեւին: Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի եւ Ազգային Ընդհ. ժողովի առաջարկով, Ազգ. Կենտրոնական վարչութիւնը միւս թեմերի շարքում, Ատրպատականի հայոց թեմին եւս յղել էր յատուկ պատգամ, երկար ժամկէտի վրայ թեմի վերակազմակերպումը ծրագրելու առումով: Օգտւելով Կենտրոնական վարչութեան անդամ Թովմաս Թովմասեանի ներկայութիւնից, ժողովը ուղղակի ունկնդրեց նրա տւած համապարփակ բացատրութիւնները, պահանջւած երկարատեւ ծրագրի մասին, որը իրերայաջորդ Թեմական խորհուրդների, ինչու չէ նաեւ Պատգամաւորական ժողովների աշխատանքն է հեշտացնելու, միաժամանակ ամուր հիմերի վրայ դնելով թեմը, կրօնական, ազգային, կրթական, մշակութային, շինարարական եւ այլ բնագաւառներում:

Դիւանի կողմից տրամադրւած քննարումների բաժնին լայն մասնակցութիւն բերելով բոլոր ժողովականները, իրենց շինիչ առաջարկներով օգտակար հանդիսացան եւ դիւրացրին Թեմական խորհրդի առօրեայ հեւքոտ աշխատանքը: Բոլորի կողմից գնահատւեց թեմի մարդոյժի հզօր կարողականութիւնը, ինչպէս նաեւ իրենց վստահւած գործին նւիրւած ազգայինների բացայայտ պատրաստակամութիւնը:

Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։