Հա

Համայնք

05/11/2018 - 10:30

Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

«alikonline.ir» - Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում ս. պատարագը մատոյց Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթը վերջին ամիսներին հիմնական վերանորոգութեան ենթարկւեց, Իրանի եւ Հայաստանի ճարտարապետական խորհուրդների միացեալ ջանքերով, անմիջական հետեւողութեամբ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն՝ Շերլի Աւետեանի ցուցմունքներին, եւ հսկողութեամբ առաջնորդ Սրբազանի եւ Թեմական խորհրդի:

Գմբէթի կեղեւը հանդիսացող սրբատաշ քարերը համարակալւելով քակւեցին իրենց տեղերից եւ ապա գմբէթի միջուկի կիր ու շաղախը, հողն ու խիճերը դատարկւեցին, ու աղիւսներով փոխարինւեցին, մեծապէս թեթեւացնելով ընդհանուր կառոյցի ծանրութիւնը:

Օգտւելով շինարարական աշխատանքների սոյն առիթից, Թաւրիզում գծագրւեցին զոյգ խաչեր, հայկական ծաղկեայ ոճով, եւ արդիական կիզահատումով քանդակւեցին: Սոյն խաչերը փոխարինելու են մի քանի տասնամեակներ առաջ Վանքի զոյգ գմբէթների վրայ զետեղւած պատահական պատրաստութիւն ունեցող խաչերին, որոնք այնտեղ կանգնւել էին, տաճարի գմբէթները անխաչ չթողնելու բարի նպատակով:

Ս. պատարագի ընթացքում, ձեռամբ առաջնորդ Սրբազանի, հանդիսաւոր օծումը կատարւեց կենտրոնական գմբէթի խաչի: «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ, Սրբազան Հայրը բարձրացաւ խորան, որտեղ ըստ ծիսակարգի, նւիրագործւելիք խաչի լւացումը կատարւեց նախ ջրով, եկեղեցու բազմավաստակ սարկաւագ՝ բարշ. Վարդան Տէր-Մարտիրոսեանի միջոցով, որին յետոյ Տ. Մարտիրոս քահանան գինիով կատարեց երկրորդ լւացումը: «Առաքելոյ աղաւնոյ» շարականի կատարման միջոցին, ու սրբալոյս Միւռոնը հեղւեց սրւակի մէջ: Ապա, «Կոմիտաս» երգչախմբի եւ ներկայ հաւատացեալների խանդավառ «Ամէն ալէլուիա» երգով առաջնորդ Սրբազանը օծեց խաչի գագաթը եւ աջ ու ահեակ թեւերը, բամպակով ծածկելով նորօծ հատւածները:

Յառաջիկայ օրերին նորակերտ խաչը, որի գծագրման մէջ իր կարեւոր ներդրումը ունեցաւ թաւրիզահայ Համլէթ Նազարբէգեանը, զետեղւելու է Վանքի մեծ գմբէթի վրայ: Յայտնենք, որ յառաջիկայ շաբաթներին աւարտւելու է նաեւ երկրորդ գմբէթի խաչը, որը դարձեալ օծւելով զետեղւելու է հնագոյն եկեղեցու գմբէթի կատարին:

Առաջնորդ Սրբազանը իր քարոզում անդրադառնալով Սբ. Թադէի վանքի սրբավայրի պատմութեան եւ մեր ժողովրդի վրայ թողած խոր ազդեցութեան, այն արժանաւորապէս ներկայացրեց որպէս մեր ժողովրդի հաւատքի ծննդավայրը. «Առաքելութեան ուղարկեց Յիսուս իր աշակերտներին: Մենք Յիսուսի խաչը կրող առաջին ժողովուրդը եղանք: Ինչքան էլ որ ծանր եղաւ այն, մեր գլխի վրայ կրեցինք, ինչպէս այսօր, այս ծանր ու գեղակերտ խաչը օծեցինք, այն դնելու համար մեր տաճարի գլխի վերեւ: Եթէ խաչը տառապանք է խորհրդանշում, եթէ այն չարչարանքի ճանապարհ է, մենք խաչի ծանրութիւնից չվախեցող ժողովուրդ ենք…»,- ասաց Սրբազանը:

Իր քարոզի ընթացքում Սրբազանը բարձր գնահատեց այն մտածումը, որը ունեցել էր Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեանը, որ փափաք էր յայտնել բարերարը լինել երկու գմբէթների խաչերին, ի յիշատակ իր ծնողաց՝ Անդրանիկ եւ Լիլիկ Աւետեանների: Օրհնելով հանգուցեալների յիշատակը, Սրբազանը ասաց, որ երկար դարերի համար զոյգ գմբէթներին զետեղւող սոյն խաչերը, մնայուն աղօթք են դառնալու նրանց հոգիների խաղաղութեան: Սրբազանը նաեւ գնահատեց խաչերի գծագրութեան իր մեծ նպաստը բերած Համլէթ Նազարբէգեանին, որ իր արդի արհեստագիտութեան բոլոր հնարաւորութիւնները օգտագործելով լաւագոյն արդիւնքը ներկայացրել էր: Սրբազանը այս առիթով շնորհաւորեց Ազգային իշխանութեան, Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, Խնամակալ մարմինին եւ բոլոր այն վարպետներին, որոնք գմբէթի վերանորոգութեան ծանր աշխատանքը կատարել էին անտրտունջ:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, նորօծ խաչը զետեղւեց եկեղեցու դասում, եւ հաւատացեալ ժողովուրդը երկիւղածութեամբ մօտենալով համբուրեց այն, զօրանալով իր քրիստոնէական հաւատքում, եւ ըմբոշխնելով հայրերի ժառանգ թողած սուրբ աշխատանքի շարունակութեան վայելքը, մի բուռ խունկ ու աղօթք բարձրացնելով առ Աստւած, նախնիների անմեռ յիշատակին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։