Հա

Համայնք

15/12/2018 - 10:10

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Ուրբաթ, 14 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

«alikonline.ir» - Ուրբաթ, 14 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պատգամաւորների, ինչպէս նաեւ կրօնական եւ թեմական խորհուրդների հետ, սոյն ժողովին մասնակցելու յատուկ հրաւէրով Թեհրանից Թաւրիզ էին ժամանել Ազգ. Կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը, եւ Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Բացման աղօթքից եւ ներկայութեան ստուգումից յետոյ, Պատգամաւորական ժողովի ա. ատենապետ Արմինէ Վահրամեանը ողջունեց ներկաներին, ուրախութիւն յայտնելով կանոնաւոր գումարումների համար, եւ ընթացիկ տարւայ վերջին ժողովը լինելուն, շնորհաւորեց բոլորին, յառաջիկայ Նոր տարւայ եւ Սբ. Ծննդեան տօների առիթով:

Նախորդ ատենագրութեան ընթերցումից եւ վաւերացումից յետոյ, առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը: Նա գնահատեց բոլորի նախանձախնդրութիւնը, թեմի յառաջընթացի ի խնդիր: Աւարտին, նա յայտնելով թեմի հովանաւորութեամբ եւ տեղական բարձրամակարդակ ֆիլմարտադրութիւն ունեցող հիմնարկութեան աշխատանքով իրականացւած Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի վաւերագրական ժապաւէնի հրապարակման լուրը, առաջին օրինակները յանձնեց Թեհրանից ժամանած երկու պատւական գործակիցներին:

Խօսքը տրւեց դոկտ. Կարէն Խանլարեանին, որը միշտ հիւսիսային իրանահայութեան թեմը հանդիսացող Ատրպատականին զօրավիգ, իր բոլոր կարելիութիւնները ի սպաս է դնում, թեմում ապրող հայութեան կարիքներին ունկնդիր: Դոկտ. Խանլարեանը գնահատելով թեմում տարւող աշխատանքը, ժողովականներին իրազեկեց երկրի քաղաքական, տնտեսական եւ ընդհանրապէս շրջանային իրավիճակի մասին:

Խօսք տրւեց նաեւ Կենտ. Վարչութեան անդամ Թովմաս Թովմասեանին, որ իր ուրախութիւնը յայտնեց երկրորդ անգամ սոյն պատկառելի ժողովին իր մասնակցութեան համար: Թեմի կազմակերպւածութիւնը եւ Վեհափառ Հայրապետի հայրական թելադրանքին անսալով հնգամեայ աշխատանքային ծրագրաւորում կատարելու պարտաճանաչութիւնը գնահատանքի արժանի համարեց նա, միաժամանակ վերստին շեշտելով թեմերի վերակազմակերպման անհրաժեշտ հրամայականը:

Այնուհետեւ դիւանը իր որոշած օրակարգի հիման հետեւողաբար վարեց ժողովը: ժողովը հաստատեց Թեմական խորհրդի կողմից ներկայացւած Ուրմիոյ Գործակալական խորհրդի հնգանուն կազմը, որը յառաջիկայ շրջանում գործելու է համարատու լինելով Թեմական խորհրդին: Թեմական խորհուրդը նաեւ ներկայացրեց մէկ զեկոյց, որը ներառում էր Ուրմիոյ կալւածային մէկ խնդիր եւ լուսաբանութիւն տւեց ժողովին, յիշեալ գործառնութեան նիւթական ճշգրիտ պատկերի մասին:

Պատգամաւորական սոյն ժողովի աշխատանքային օրակարգի առիւծի բաժինը խլեց Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի թելադրութեամբ, Ազգ. Ընդհանուր ժողովի որդեգրած այն ուղեգիծը, որ Կիլիկեան Սբ. Աթոռի բոլոր թեմերին էր վերաբերւում, վերակազմակերպութեան երկարաժամկէտ ծրագրով ներկայանալու Անթիլիաս: Ուստի, թեմում գործող բոլոր կառոյցների համատեղ աշխատանքով եւ Թեմական խորհրդի համադրողական ճիգերով, պատրաստւել էր թեմի հնգամեայ ծրագրի խտացումը:

Երկարատեւ ընթերցմամբ եւ իւրաքանչիւր գլխակարգի աւարտին քննարկումներով ընթացաւ սոյն ծրագրի վերատեսութիւնը, մասնակցութեամբ ներկայ բոլոր պատգամաւորների: Նախորդ ժողովի ընթացքին լուսաբանւած լինելով սոյն ծրագրի կազմութեան ձեւի մասին, Թեմական խորհուրդը յստակ առաջադրանքներով եւ իրողապաշտ ոգով ներկայացրել էր մեր թեմի կարողականութիւնը՝ եկեղեցական, կրթական, միութենական, մշակութային, նիւթական, կալւածային, շինարարական եւ այլ բնագաւառներում: Ծրագիր, որը փաստօրէն հեշտացնելու է թեմի աշխատանքը, հեռանկարային յստակ հորիզոն դնելով նրա առջեւ:

Դիւանի ա. ատենադպիր Անահիտ Յակոբեանի կողմից ընթերցւեց սոյն ծրագիրը, իւրաքանչիւր բաժնի աւարտին արձանագրելով հարկ եղած յաւելումները, որոնք ժողովականների կողմից առաջարկւեցին: Յառաջիկայ օրերին, յիշեալ յաւելումները նկատի ունենալով, կատարւելու են հիմնական սրբագրութիւնները, այն ամբողջական ձեւի մէջ դնելու եւ փոխանցելու Անթիլիասի Մայրավանք, յարմար առիթով ներկայացնելու Վեհափառ Հայրապետին եւ Կենտրոնական վարչութեան:

Առաջնորդ Սրբազան հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • «Միայն ուժի դիրքերից է հնարաւոր զսպել ԱՄՆ-ին». Կարէն Խանլարեան
    «Միայն ուժի դիրքերից է հնարաւոր զսպել ԱՄՆ-ին». Կարէն Խանլարեան

    Միայն ուժի դիրքերից պէտք է խօսել ԱՄՆ-ի հետ, քանի որ փորձը ցոյց է տւել, որ միայն այդպէս է հնարաւոր զսպել այդ երկրին: Այս մասին «Ֆարս» լրատւական գործակալութեան հետ զրոյցում ասել է Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։