Հա

Համայնք

26/12/2018 - 11:00

Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդ Սրբազանները Աբադանում

Հարաւային Իրանում, նախկին հայաբնակ երկու համայնքները՝ Աբադան եւ Ահւազ, պատմական օրեր ապրեցին, երբ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդ Սրբազանները միասնաբար այցելութիւն տւեցին վերոյիշեալ երկու շրջանները:

«alikonline.ir» - Հարաւային Իրանում, նախկին հայաբնակ երկու համայնքները՝ Աբադան եւ Ահւազ, պատմական օրեր ապրեցին, երբ Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդ Սրբազանները միասնաբար այցելութիւն տւեցին վերոյիշեալ երկու շրջանները: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հրաւէրով Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդներին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան մեկնեց Աբադան, մասնակից դառնալու տեղի հայոց Սբ. Կարապետ եկեղեցու մայր խորանի նոր սրբապատկերի օծման արարողութեան, ինչպէս նաեւ նախկին հայկական դպրոցում պատմական լուսանկարների ցուցասրահի բացման հանդիսաւոր արարողութեան:

Կիրակի գիշեր, 23 դեկտեմբեր 2018-ին Ահւազ ժամանելով, երկուշաբթի 24 դեկտեմբերին, Սրբազան Հայրը մեկնեց Աբադան, որտեղ նախորդ գիշեր ժամանել էր արդէն Սպահանի հայոց թեմի առաջնորդը, ընկերկացութեամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչ Նահապետ Մելիքեանի եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսէսեանի: Սոյն արարողութեան ներկայ գտնւելու համար, Աբադան էր ժամանել նաեւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան տնօրէն՝ ճարտարապետ Շերլի Աւետեանը, իր ամուսնու Գէորգի եւ նոյն հիմնարկութիւնում վերանորոգութեանց պատասխանատու Ալէն Գրիգորեանի, որոնք սոյն եկեղեցու վերանորոգման աշխատանքին մօտկից հսկել էին, տարբեր առիթներով անձամբ ներկայ գտնւելով Աբադանում:

 

Այցելութիւն Աբադանի հայոց ազգ. գերեզմանատուն

Աբադան ժամանելով, զոյգ առաջնորդ Սրբազանները եւ իրենց ընկերակիցները ուղղւեցին հայոց ազգային գերեզմանատունը, որը վերջին ամիսներին, Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկութեան կողմից ցանկապատւել էր եւ արահետներով եւ սալարկւած մայթերով էր օժտւել: Սպահանի ազգային իշխանութեան ներկայացուցիչների ձեռամբ ծաղկեպսակի տեղադրումից յետոյ, Աբադանից եւ Ահւազից ժամանած հայորդիների ներկայութեան, Սրբազան Հայրերը հոգեհանգստեան արարողութիւն կատարեցին, յիշելով բոլոր այն ննջեցեալներին, որոնք այս գերեզմանատանը հանգչում էին:

Ցուցասրահի բացման հանդիսութիւն

Նոյն օրը, երեկոյեան ժամը 5.00-ին, Աբադանի եկեղեցու շրջափակում, նախկին հայկական «Ադաբ» դպրոցի շէնքում տեղի ունեցաւ բացումը պատմական լուսանկարների ցուցասրահի, որը ծրագրւել եւ իրագործւել էր Իրանում եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան կողմից:

Սոյն բացման յատուկ հրաւէրով ներկայ գտնւեց «Արւանդ» ազատ գօտու տնօրէնի տեղակալ՝ Թեմինիան եւ օգնական Սէյէդին: Նշենք, որ յիշեալ ազատ գօտու հովանաւորութեամբ էր կատարւել սրահի վերանորոգութիւնը: Շերլի Աւետեանը մանրամասն բացատրութիւններ տւեց ներկայացւած լուսանկարների մասին, որտեղ ցուցադրւել էին հայկական դպրոցի հանդէսներից, Սպահանի հայոց թեմի առաջնորդների հովւական այցերից, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ երանաշնորհ Հայրապետներից Տ. Տ. Խորէն Ա կաթողիկոսի հովւապետական այցից յիշարժան եւ պատմական լուսանկարներ: Սպահանի հայոց թեմի առաջնորդը եւ ազգային իշխանութեան ներկայացուցիչները իրենց շնորհակալութիւնը յայտնեցին «Արւանդ»-ի տնօրէնութեան, ինչպէս նաեւ Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկութեան տնօրէնութեան, որոնք հայ համայնքի հանդէպ յարգանքի բացառիկ արտայայտութիւն էին դրսեւորել, սոյն ցուցասրահի յարդարմամբ:

 

Սբ. Կարապետ եկեղեցու սրբապատկերի օծում

Բացման հանդիսութիւնից յետոյ, ժամը 5.30-ին, Սրբազան Հայրերի կողմից եկեղեցու դասում Կանոնական աղօթքի կատարումից յետոյ սկսւեց մայր խորանի նոր սրբապատկերի օծման կարգը:

Լւացման արարողութիւնից յետոյ, Սրբազան Հայրերը հերթով օծեցին Աստւածամօր սրբապատկերի գագաթը եւ աջ ու ձախ թեւերը: Իւրայատուկ նկարչութեամբ իրագործւած սոյն պատկերը ներկայացնում էր Սբ. Կոյս Մարիամին, գրկին Յիսուս մանուկով, Հայ եկեղեցու աւանդութեան հարազատութեամբ:

Աղօթքների կատարումից յետոյ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը այս առիթով իր գոհունակութիւնը յայտնեց, որ Սպահանի հայոց թեմը, իբրեւ բախտակից Ատրպատականի հայոց թեմին, ինք էլ հեռաւոր շրջաններում համայնքներ ունեցած լինելով անցեալում, ներկայիս այդ շրջանների եկեղեցիների պահպանութեան պարտաւորութիւնը ունի դրւած իր ուսերին: Նա իր գնահատանքը յայտնեց Սպահանի հայոց թեմի Թեմական եւ Կրօնական խորհուրդներին, ու յատկապէս Շերլի Աւետեանին, որ Իրանի տարբեր շրջաններում լինելով, ամբողջանւէր աշխատանքով լծւել է մեր սրբավայրերի պահպանութեան նւիրական գործին: Ի վերջոյ Սրբազան Հայրը իր եղբայրական սէրը յայտնեց Սպահանի հայոց թեմի առաջնորդին, միասնաբար սոյն արարողութիւնը կատարելու իրեն ուղղւած հրաւէրի համար:

Սպահանի հայոց թեմի առաջնորդ՝ Սիփան Սրբազան, իր հերթին, եղբայրական սիրով ողջունեց Ատրպատականի առաջնորդի ներկայութիւնը Աբադանում, եւ ուրախութիւն յայտնեց զոյգ թեմերի միջեւ սերտ համագործակցութեան առիթով: Նա գնահատանք յայտնեց բոլոր երախտաւորներին, որոնք հոգածութեամբ հետեւում են թեմի եկեղեցիների անաղարտ պահպանութեան գործին, լինեն դրանք ազգային իշխանութեան ներկայացուցիչներ եւ կամ Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկութիւնը եւ դրա ներկայացուցիչ տնօրէն՝ Շերլի Աւետեանը:

 

Հանդիպում պետական ներկայացուցիչների հետ

«Արւանդ» ազատ գօտու տնօրէնի տեղակալ Թեմինիան իր ընկերակիցներով երկու առիթներով հանդիպում ունեցաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սրբազանի եւ Ազգային իշխանութեան ներկայացուցիչների հետ, պանդոկի ժողովասենեակում, իր յարգանքը արտայայտելով հայ համայնքի նկատմամբ: Քննարկւեցին հարաւային Իրանում հայկական սրբավայրերի պահպանման եւ վերանորոգման գործընթացի առնչւած ծրագրերը: Այս առիթով, ընդարձակ լուսաբանութիւններ տրւեցին Շերլի Աւետեանի կողմից, որոնք բոլորը միտւած էին հայկական սրբավայրերի անաղարտ պահպանման:

Հանդիպման աւարտին, Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկութեան կողմից պատրաստւած յուշանւէրներ յանձնւեցին տեղակալին եւ իր երկու օգնականներին, Սպահանի առաջնորդ Սրբազանի ձեռամբ:

Նոյն գիշեր, Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկութեան տնօրէնութիւնը յատուկ ընթրիքով պատւեց զոյգ առաջնորդ Սրբազաններին եւ նրանց ընկերակցող հիւրերին, արաբական աւանդական մէկ ճաշարանում:

 

Այց Ահւազի հայոց ազգային գերեզմանատուն եւ եկեղեցի

Յաջորդ առաւօտ, երեքշաբթի 25 դեկետմեբր 2018-ին, Սպահանի հայոց թեմի  առաջնորդն  ու Ազգային իշխանութեան ներկայացուցիչները այցելութիւն տւեցին նախ Ահւազի հայոց ազգային գերեզմանատուն եւ ապա քաղաքի Սբ. Մեսրոպ եկեղեցին:

Գերեզմանատանը Սրբազան Հօր կողմից «Հոգւոց» աղօթքով յիշատակւեցին բոլոր հանգուցեալները: Յատուկ աղօթք կատարւեց նաեւ այն հայ նահատակի շիրմին, որը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի զոհերից է եւ թաղւել է սոյն գերեզմանատանը: Աղօթքին ներկայ գտնւեցին քաղաքապետարանի մշակութային բաժնի կրօնական պատասխանատուն, իր ընկերակիցներով: Ապա, տեղի հայերի ներկայացուցիչների կողմից բացատրութիւններ տրւեցին գերեզմանատան ներկայ իրավիճակի մասին, որ անմիջական կարիք ունէր պահպանութեան եւ վերանորոգման:

Յայտնենք, որ նոյն առաւօտ, քաղաքապետարանի մշակութային բաժանմունքում հանդիպում էր կայացել Սրբազան Հօր եւ Ազգային իշխանութեան եւ սոյն բաժնի պատասխանատուների միջեւ:

Ապա, Սրբազան Հայրը իր ընկերակիցներով այցելեց Հայոց եկեղեցին, ծանօթանալով այն անմիջական կարիքներին, որոնք անհրաժեշտ են կառոյցի պահպանման համար:

Հարաւային Իրանում մաշւած հայ համայնքների կրօնական յիշատակներով ապրելու եւ նրանց սրբավայրերին ուխտի գնալու մեծ նշանակութիւն ունեցաւ սոյն այցելութիւնը: Հոգեւորական դասի եւ աշխարհական ժողովականների ներկայութիւնը մեծ ոգեւորութիւն ստեղծեց Աբադանի եւ Ահւազի փոքրաթիւ հայ համայնքներում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։