Հա

Համայնք

31/12/2018 - 09:30

Կաղանդ պապին Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կրթօջախում

Ամանորի նախապատրաստման տօնական ժամանակահատւածը առաւել պայծառացաւ, երբ շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Կաղանդ պապին ժամանեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի յարկը: 

«alikonline.ir» - Ամանորի նախապատրաստման տօնական ժամանակահատւածը առաւել պայծառացաւ, երբ շաբաթ, 29 դեկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 4.30-ին, Կաղանդ պապին ժամանեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի յարկը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի անդամներ, Հայ Օգնութեան միութեան վարչութեան անդամներ, կրթօջախի ուսուցիչներ, ծնողներ եւ մանուկներ միասնաբար դիմաւորեցին Կաղանդ պապը, որ իր ընկեր կաղանդ պապի հետ եկել էր, իր խանդավառ ներկայութեամբ զւարճացնելու բոլորին:

Կրթօջախի սաների խանդավառ երգն ու պարը, նւագն ու ամանորի ասմունքները առաջնորդւեցին ուսուցչական կազմի անդամներ՝ Նայիրի Դիլանեանի, Անի Դիլանեանի եւ երգի ուսուցիչ Կարէն Սարգիսեանի կողմից:

Մտերմիկ հանդիսութեան ընթացքում բոլորը հիւրասիրւեցին, ծնողների եւ Հ.Օ.Մ.-ի մեծ ընտանիքի նւիրեալների կողմից:

Մանկապարտէզ-նախակրթարանի սաները բարի գալուստ մաղթեցին բոլոր ներկաներին, որոնք իրենց հետ միասին զւարճանալու համար էին եկել, Կաղանդ պապի բարի խորհուրդները լսելու: Երեխաները իրենց ազատ խաղերով, երգով ու պարով հարազատ տան միջավայր էին ստեղծել, ամանորի երգերի աշխոյժ կշռոյթի ներքոյ:

Օրւայ ամէնից ուրախալի պահը, բնականօրէն, նւէրների ստացման պահն էր: Բոլոր երեխաները երախտագիտութեամբ պարզում էին իրենց անմեղ ձեռքերը, Կաղանդ պապից ստանալու իրենց համար նախատեսւած Նոր տարւայ նւէրները, սակայն նախապէս նրանք իրենց սովորած արտասանութիւնն էին ասում, եւ առ ի գնահատանք, ստանում էին իրենց նւէրները:

Յայտնենք, որ նւէրները տրամադրւել էին Հ.Օ.Մ.-ի վարչութեան, մէկ քանի ՀՕՄ-ուհիների եւ Թաւրիզի հայոց դպրոցի տեսչուհի՝ Արմինէ Վահրամեանի կողմից: Հ.Օ.Մ.-ի վարչութեան կողմից նւէրներ ստացան փոքրերն ու մեծերը: Յատուկ նւէրներ նախատեսւել էին «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցիչներին՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների, Կարէն Սարգիսեանի եւ օգնականուհի՝ Կարինէ Գրիգորեանի համար: Ծնողները եւս, յարգանքի եւ երախտագիտութեան իբրեւ արտայայտութիւն, նւէրներ էին պատրաստել ուսուցիչների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։