Հա

Համայնք

03/01/2019 - 09:40

2019 Նոր տարւայ խանդավառ դիմաւորում՝ Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականում ապրող մեր ժողովրդի զաւակները, թեմի տարբեր շրջաններում՝ առաջնորդանիստ Թաւրիզ քաղաքում, Ուրմիայում եւ գիւղերում, Ամանորի առիթով խանդավառ մտերմիկ եւ ժողովրդական հաւաքներ, ինչպէս նաեւ ընտանեկան հաւաքոյթներ կազմակերպեցին, ազգային հարուստ աւանդութիւններով եւ տոհմիկ շնչով նշելու համար 2019 Նոր տարւայ արշալոյսը:

«alikonline.ir» - Ատրպատականում ապրող մեր ժողովրդի զաւակները, թեմի տարբեր շրջաններում՝ առաջնորդանիստ Թաւրիզ քաղաքում, Ուրմիայում եւ գիւղերում, Ամանորի առիթով խանդավառ մտերմիկ եւ ժողովրդական հաւաքներ, ինչպէս նաեւ ընտանեկան հաւաքոյթներ կազմակերպեցին, ազգային հարուստ աւանդութիւններով եւ տոհմիկ շնչով նշելու համար 2019 Նոր տարւայ արշալոյսը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ոմանք իրենց տներում, ամանորի աւանդական կերակուրներով ճոխացւած սեղանների շուրջ համախմբւելուց, կամ՝ երիտասարդական խմբակներով ամանորը դիմաւորելուց բացի, տարիների սովորութեան համաձայն, Թաւրիզի հայոց ազգային դպրոցի տեսչութիւնը, ծնողական խորհրդի հետ միասին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում կազմակերպեց Նոր տարւայ դիմաւորութեան խանդավառ խրախճանք, մեծ ընտանիքի յատուկ նահապետական ժամանակաշրջանի բազմանդամ հաւաքները յիշեցնելով:

Խուռներամ բազմութեամբ յորդուն հանդիսասրահում, հարազատներով համախմբւած սեղանների շուրջ, հայկական աւանդական ուտեստներով եւ եղանակի մրգերով լեցուն, տարեվերջի հոգեվարքի եւ Նոր տարւայ ծննդեան ուրախալի պահը միասնաբար դիմաւորեցին Ատրպատականի հայորդիներ, իրենց հովանաւոր ունենալով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանին եւ Թեմական խորհրդին:

Երգերով ու պարերով խանդավառուած սրահը ժամանեց Սրբազան Հայրը, ընկերակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ Թեմական խորհրդի անդամների, իր հօտի հետ անցկացնելու տարւայ ամէնից իմաստալից երեկոն: Կատարւեց սեղանի օրհնութիւն, որից ՝յետոյ բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Թաւրիզի հայոց Ազգ. դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Սրտաբուխ մաղթանքներով, տեսչուհին բարի գալուստ մաղթեց բոլորին, միշտ յիշեցնելով Հայոց դպրոցի կարեւոր տեղն ու դերը մեր համայնքի կեանքում: Խորհրդալից խօսքերով, Արմինէ Վահրամեանը իր մտածումները բանաձեւեց Նոր տարւայ մասին, յոյս յայտնելով որ նորը եւս լեցւելու է մեր իրագործումներով:

Ապա, ծնողական խորհրդի անդամ Կարէն Սարգիսեանը բեմ բարձրանալով, պաշտօնապէս հրաւիրեց օրւայ երգիչներին եւ երաժիշտներին, որոնք Թեհրանից ժամանած լինելով, Թաւրիզահայ համայնքին պարգեւելու էին ուրախ եւ յիշատակելի պահեր:

Յայտնենք, թէ փոքրամասնութիւնների պետական բաժանմունք յատուկ ծաղկեկողով էր ուղարկել, շնորհաւորելու համար Ատրպատականի հայոց թեմում ապրող հայութեան Նոր տարին: Այս առիթով տեսչուհին ընթերցեց Փոքրամասնութիւնների տնօրէնութեան գրած պատգամը, ուղղւած Թեմակալ առաջնորդին, Ազգային իշխանութեան եւ ժողովրդի զաւակներին:

Դպրոցի տեսչութեան կողմից անակնկալ էր նախատեսւել շրջափակում, երբ իւրաքանչիւր սեղանից գրւած մէկական մաղթանք դէպի երկինք ուղարկւեցին, վառած լուսաւոր փուչիկների հետ միասին:

Կէս գիշերւայ ժամը 12-ին, երբ տեղի էր ունենանում ժամի փոփոխութիւնը, ներկայ բազմութիւնը միաբերան թւահաշւարկով դիմաւորեց Նոր տարին, հարազատ ու բարեկամ եւ ապա՝ ծանօթ-անծանօթ, ողջագուրւեցին սրահում, շնորհաւորելով Նոր տարին: Խանդավառ գիշերւայ ուրախութիւնը իր գագաթնակէտին հասաւ, երբ սրահ ժամանեց տարւայ ամէնից շատ սպասւած մարդը՝ Կաղանդ պապը: Նա շնորհաւորական խօսքերով ու խրատներով դիմեց ներկայ ժողովրդին եւ մաղթեց որ նոր տարին համայն աշխարհին բերի խաղաղութիւն, իսկ մարդկանց առողջութիւն ու սէր:

Օրւայ զոյգ վիճակախաղերը ունեցան իրենց բախտաւորները, իսկ վիճակախաղերի զարդերը պատրաստւել էին Ծնողական խորհրդի ժրաջան անդամների կողմից, որոնք ամբողջ գիշերւայ ընթացքում կազմակերպ աշխատանքով հիւրասիրեցին ներկաներին:

Նոր տարւայ առիթով իր պատգամը ուղղեց Առաջնորդ Սրբազանը, ողջունելով Ատրպատականի հայոց թեմի բոլոր զաւակներին, Թաւրիզում, Ուրմիայում, Սալմաստում, Գեարդաբադում, Ռահւայում եւ այլ շրջաններում բնակւող, մաղթելով, որ յուսալից աչքերով նայենք նոր տարւայ, երբեք չաւաղելով նախորդ տարում մեր կորցրածների համար:    Առաւօտեան ժամը 3-ին, հետզհետէ մեկնեց ժողովուրդը իր տունը, բացառիկ Նոր տարւայ խրախճանքի մասնակցած լինելու յիշարժան պահերով իր կեանքը հարստացրած:

Յայտնենք, որ Ուրմիահայ գաղութում եւս մեր ժողովրդի զաւակները հաւաքաբար դիմաւորեցին նոր տարին, քաղաքի շքեղ սրահներից մէկում համատեղւելով:

Խրախճանքին ներկայ գտնւեց Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը, Ազգային իշխանութեան՝ Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի անդամների հետ: Տէր հայրը շնորհաւորական խօսքի ընթացքում հաղորդեց առաջնորդ Սրբազան Հօր ողջոյնը ժողովրդին, նաեւ մաղթելով որ նոր տարին իր բարիքներով լիացնի բոլորին:

Ամանորի հաւաքոյթը, Ուրմիայում մանկական խաղերով եւ այլեւայլ անակնկալներով էր յագեցւել: Սլաքախաղի եւ այլ ժամանցի խաղերի սեղանների շուրջ խռնւելով, հաճելի պահեր անցկացրին ներկաները:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Շաբաթ 5 եւ կիրակի 6 յունւար 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի հաւատաւոր ժողովուրդը ազգային-եկեղեցական տօների հանդէպ նախանձախնդիր գիտակցութեամբ եւ հոգեւոր ցնծութեամբ նշեց Յիսուս Քրիստոսի Սուրբ ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։