Հա

Համայնք

07/01/2019 - 11:10

Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

«alikonline.ir» - Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Մուտքին, բարձրաստիճան կրօնաւորը ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի եւ խորհրդի անդամների եւ նահատակների հարազատներ՝ Վահրամ Դաւթեանի եւ նրա դստեր՝ Նարինէի կողմից:

Աղօթապետը ողջունելով ներկաներին, Ամանորի եւ Քրիստոսի Սբ. Ծննդեան առիթով շնորհաւորանք ներկայացրեց բոլորին, միշտ յիշելով որ իրանահայ համայնքը անբաժան մասնիկն է Իրանի Իսլամական Հանրապետութեան, որոնք եւ Յեղափոխութեան եւ պարտադրեալ պատերազմի ամէնաթէժ տարիներին, կանգնել են այս երկրի կողքին, իբրեւ պարտաճանաչ քաղաքացիներ:

Նահանգապետ Փուրմոհամմեդին, իր հերթին, Ամանորի առիթով շնորհաւորական խօսք ուղղեց զոյգ նահատակների ընտանիքին, գովեստի արտայայտութիւններ ունենալով նաեւ Ատրպատականում ապրող եւ թեմի հովանաւորութիւնը վայելող հայ համայնքի մասին:

Առաջնորդ Սրբազանը երախտագիտական խօսքով հանդէս եկաւ, ի տես այն վեհանձն կեցւածքին, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ցուցաբերում է հանդէպ նահատակներին, եւ յատկապէս տօնական այս օրերին, հայ նահատակների ընտանիքներին: Նա ասաց, որ երբ հայ նահատակների արիւնը միախառնւել է իրենց մուսուլման եղբայրների արեան, ուրեմն մենք չենք կարող բաժանւել իրարից, ո՛չ էլ հակառակւել իրարու:

Իր խօսքի աւարտին, առաջնորդ Սրբազանը «Հոգւոց» աղօթքը կատարեց, յիշելով բոլոր նահատակներին, հոգեւ խաղաղութիւն մաղթելով նրանց համար եւ մխիթարութիւն՝ նրանց հարազատներին,

Հիւրասիրութեան ընթացքին, զոյգ նահատակների հարազատ՝ Վահրամ Դաւթեան շնորհակալութեան խօսքով հանդէս եկաւ, ոգեւորւած արտայայտւելով այաթ. Ալէ Հաշեմի եւ նրա հօր հայասիրութեան մասին, որոնք երկրի ամենադժւարին օրերին հայ համայնքի կողքին կանգնեցին: Մուսուլման եւ քրիստոնեայ եղբայրութեան մասին խօսելով, նա օրինակ տւեց Միանդաբի գաղութը, որտեղ ծնւել եւ ապրել էր նա իր երիտասարդական կեանքը, եւ որտեղ զոյգ կրօնների հետեւորդները ապրում էին առանց խտրականութեան:

Տօնական օրերի խանդավառութեանց եզրափակումից առաջ, աղօթապետի եւ նահանգապետի մեծ ուշադրութիւնը հայ համայնքի նկատմամբ, քաջալերական կարեւոր քայլ հանդիսացաւ Ատրպատականի հայոց թեմի համար ընդհանրապէս եւ հայ նահատակների ընտանիքի համար՝ մասնաւորապէս:

           

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։