Հա

Համայնք

07/01/2019 - 10:10

Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնը Ատրպատականի հայոց թեմում

Շաբաթ 5 եւ կիրակի 6 յունւար 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի հաւատաւոր ժողովուրդը ազգային-եկեղեցական տօների հանդէպ նախանձախնդիր գիտակցութեամբ եւ հոգեւոր ցնծութեամբ նշեց Յիսուս Քրիստոսի Սուրբ ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները:

«alikonline.ir» - Շաբաթ 5 եւ կիրակի 6 յունւար 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի հաւատաւոր ժողովուրդը ազգային-եկեղեցական տօների հանդէպ նախանձախնդիր գիտակցութեամբ եւ հոգեւոր ցնծութեամբ նշեց Յիսուս Քրիստոսի Սուրբ ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօները: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տարիների աւանդութեան համաձայն, Սբ. Ծննդեան տօնի առիթով, Իրանի Իսլամական Հանրապետութեան Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականների բարձրաստիճան անձնաւորութիւններ պաշտօնական յարգանք են ընծայում մեր ժողովրդի զաւակներին, Թաւրիզում ներկայ գտնւելով առաջնորդ Սրբազանի մատուցած եպիսկոպոսական հանդիսաւոր սուրբ պատարագին եւ շնորհաւորելով նրա եւ նրա գործակից ազգային իշխանութեանը, ինչպէս նաեւ թեմի համայն ժողովրդին, բարեմաղթութիւններ կատարելով:

 

Ճրագալոյցի ս. պատարագ

Շաբաթ, 5 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի Հայոց թեմի եկեղեցիները լուսաւորւեցին մոմեղինօք եւ բուրեցին խնկեղինօք, երբ բարեպաշտ ժողովուրդը ներկայ գտնւեց Սբ. պատարագին, նախապատրաստւելով այն «Մեծ եւ սքանչելի Խորհրդին», որ աշխարհի մարդկութեան կեանքը խաղաղութեամբ բարեզարդելու եւ մարդու հոգեկան փրկութիւնը ապահովելու աստւածային ծրագիրն ունէր:

Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, իսկ խորանին սպասարկեց՝ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս հհնյ. Պասիլեանը: Թաւրիզում ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում՝ «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Տարիների աւանդութեան համաձայն, նոյն օր, յետ միջօրէի ժամը 4-ին, Ուրմիոյ Քահանան Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում Ճաշու Ժամերգութեան «Ողորմեա»-ները կատարեց, եւ ապա Քրիստոսի մարմնով եւ արեամբ հաղորդեց գիւղում ծոմապահութիւն կատարած ժողովրդին:

 

Սուրբ Ծննդեան տօնը Թաւրիզում

Կիրակի, 6 յունւար 2019-ի առաւօտեան ժամը 11-ին, Թաւրիզի Բերդաթաղի (Ղալա) Սբ. Աստւածածին մայր եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ մատոյց, Քրիստոսի Մկրտութեան ջրօրհնեաց արարողութիւնը կատարեց եւ այս առիթով իր առաջնորդական պատգամը յղեց ժողովրդին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

Պետական բարձրասիտճան պատասխանատուներ եկեղեցական արարողութեան ներկայ գտնւեցին: Նրանց շարքում էին Նահանգապետի քաղաքական խորհրդական Օսթադ Ռահիմի, Փոքրամասնութիւնների ընդհ. տնօրէն Մոհամադփուռ, բաժանմունքի պատասխանատուներ, Թաւրիզի քաղաքապետական խորհրդի նախագահ՝ Աքբարնեժաթ, Թաւրիզի երրորդ քաղաքամասի քաղաքապետի տեղակալ՝ Բաղայի, քաղաքապետարանի կանաչապատման ընդհ. տնօրէն՝ Մոդաբբեր, Իրան-Հայաստան բարեկամութեան հիմնարկութեան տնօրէն՝ Նազիֆի, որի ընկերակցում էր նոյն հիմնարկութեան անդամ եւ Երեւանի պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանը եւ մի շարք պետական գրասենեակների բարձրաստիճան պատասխանատուներ, որոնք դիմաւորւեցին Թեմական Խորհրդի անդամների կողմից:

Իր պատգամը յղելով թեմի ժողովրդին, առաջնորդ Սրբազանը Ծննդեան տօնը առիթ համարեց անդրադարձ կատարելու Աստծու հայրութեան ու հոգածութեան այն մեծ եւ հզօր գաղափարին, որը յաճախ թերահաւատ մարդկանց մտքում բացակայ է. «Յիսուսի անունը Էմմանուէլ կոչւեց, ըստ երկնառաք հրեշտակի հրահանգի: Աստւած մեզ հետ: Սրանից մեծ յո՞յս մարդկութեան: Վախի ու տկարութեան պահերին ինչքա՜ն ուզում ենք որ մէկը լինի, ուժեղ, յաղթանդամ, հուժկու, որպէսզի մեզ հետ դիմադրի այն վտանգին, որը սպառնում է մեզ: Կեանքը բազմաթի՜ւ ականներով սալարկւած գետին ունի, որտեղերից ամէն օր քայլում ենք: Եթէ Աստւած մեզ հետ լինի, ինչի՞ց պիտի վախենան: Առաքեալը ասում է՝ եթէ Աստւած մեզ հետ է, ո՞վ կարող է հակառակւել մեզ», ասաց Սրբազանը, մեծ ոյժ ներարկելով երբեմն կեանքի դժւարութիւններից ընկճւող եւ նեղութիւնների յորձանուտում գալարւող հաւատացեալներին:

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ Յիսուսի Սուրբ Մկրտութեան ու աստւածայայտնութեան արարողութիւնը խաչահանգիստով: Խաչքաւորի պատիւը տրւեց Յարութ Մկրտիչեանին, որը ջրից դուրս բերւած արծաթեայ պատմական խաչը ձեռքերում պահելով, համբուրել տւեց բոլոր հաւատացեալներին: Սրբալոյս Միւռոնով սրբագործւած ջուրը ապա բաշխւեց բոլոր հաւատացեալներին:

Ս. պատարագի մատուցումից անմիջապէս յետոյ, բարեպաշտ ժողովրդի ներկայութեան, առաջնորդ Սրբազանը շնորհակալութեան խօսքով հանդէս եկաւ, ներկայ պետական պատասխանատուներին յայտնելով իր երախտագիտութիւնը, տօնական օրերի առիթով նրանց ցուցաբերած յարգանքին եւ սիրոյ համար հանդէպ մեր թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդին: Նա ողջունեց երկրի հոգեւոր առաջնորդ Այաթ. Խամէնէին, առողջութիւն եւ երկար կեանք մաղթելով նրան, ինչպէս նաեւ ողջունեց Ատրպատականի նահանգապետի, Թաւրիզի քաղաքապետի, ներկայացուցիչներին եւ Փոքրամասնութեանց հիմնարկութեան ընդհ. տնօրէնի եւ Իրան-Հայաստանի բարեկամութեան հիմնարկութեան պատասխանատուի եւ նոյն հիմնարկութեան անդամ եւ Երեւանի պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ Դոկտ. Վարդան Ոսկանեանի ներկայութիւնը եկեղեցում: Ապա, անդրադառնալով տօնի խորհրդին, Սրբազանը ասաց թէ Յիսուսի ծնունդը եւ այս աշխարհում նրա աստւածայայտութիւնը ուրիշ բան չէր, եթէ ոչ՝ մարդկային հոգու խաղաղութեան տենչի պատասխանը. «Բոլոր կրօններն էլ խաղաղութիւն են տենչում: Յատկապէս տառապող ազգեր, ինչպէս սիրիացիները, պաղեստինցիները, բոլորն էլ իրենց արդար իրաւունքների յետեւից են ընկել, նախ եւ առաջ խաղաղութիւն փնտռելով: Սակայն առանց արդարութեան՝ խաղաղութիւն չի՛ լինում: Աղօթենք որ արդարութիւն հաստատւի աշխարհում, որպէսզի նրան հետեւի խաղաղութիւնը», ասաց Սրբազանը եւ յոյս յայտնեց, որ աստւածային կրօնների հետեւորդները միասնաբար կը կարողանան մարդկութեան սրտի ու հոգու միակ տենչին՝ խաղաղութեան տեղ տալ այս կեանքում, իրենց ամբողջական գործակցութեամբ:

Շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ Փոքրամասնութեանց հիմնարկութեան ընդհ. տնօրէն դոկտ. Մոհամմեդփուռ, Յիսուսի ծննդեան առթիւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին, ազգային իշխանութեան եւ համայն ժողովրդին հաղորդելով իր եւ պետական մարմինների շնորհաւորանքը:

Ապա խօսք տրւեց նաեւ դոկտ. Վարդան Ոսկանեանի, որը իր շնորհաւորանքը հաղորդելուց բացի, անդրադարձաւ Իրան-Հայաստան դարաւոր բարեկամութեան, պատմութեան բոլոր պայմաններում: Վ. Ոսկանեան բարձր գնահատեց Ատրպատականի Հայոց թեմի ժողովրդի կապւածութիւնը իրանական հայրենիքին եւ քաջալերեց մնալ Ատրպատականում, իբրեւ կարեւոր գաղութ եւ թեմ, սահմանակից մայր հայրենիքին:

Ղալայի Մայր եկեղեցու դահլիճում, յաւարտ սուրբ պատարագի, առաջնորդ Սրբազանը եւ Ազգային իշխանութիւնը ընդունեցին պետութեան ներկայացուցիչներին, որոնք մօտիկից ծանօթացան թեմում կատարւող աշխատանքների տարբեր բնագաւառներին: Սրբազան Հօր ձեռամբ յուշանւէրներ բաշխւեցին բոլորին, որոնք պատրաստւել էին Խնամակալ Մարմնի կողմից: Այստեղ շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, ամփոփ տեղեկութիւններ տալով թեմի գործունէութեան մասին:

Սուրբ Ծննդեան տօնը Ուրմիայում

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում առաւօտեան ժամը 10.30-ին Սբ. Ծննդեան պատարագ մատոյց եւ քարոզեց՝ Հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, իսկ ս. պատարագի երգեցողութիւնը կատարեց եկեղեցու «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի: Տէր հայրը իր քարոզում, Ս. Ծննդեան տօնի առիթով աղօթք բարձրացրեց առ Աստւած աշխարհի խաղաղութեան համար, նշելով որ Խաղաղութեան Իշխանն է Յիսուս, որ աշխարհ գալով իր փրկչական արիւնը թափեց մարդկութեան փրկութեան ի խնդիր: Խաչքաւորի պատիւը շահեց Արտաւազդ Քազարեանսը, որը ջրից դուրս բերւած արծաթեայ խաչը ձեռքերում պահելով, համբուրել տւեց բոլոր հաւատացեալներին: Սրբալոյս Միւռոնով սրբագործւած ջուրը ապա բաշխւեց բոլոր հաւատացեալներին:

Հաւատացեալ ժողովուրդը եկեղեցում եւ շրջափակում մեծաթիւ ներկայութեամբ, տօնական ուրախութեամբ ողջունեց իրարու, փոխանակելով տօնի յատուկ շնորհաւորանքը. «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»: 

Ս. պատարագի աւարտին տեղի ունեցաւ Յիսուսի Մկրտութեան արարողութիւնը, խորհրդանշելով Նրա աստւածայայտնութիւնը եւ փրկագործական առաքելութեան ու երեքամեայ երկրաւոր քարոզչութեան սկիզբը:

 

Ս. Ծննդեան տօնը Գեարդաբադում

Կիրակի, 6 յունւար 2019-ի կէսօրից յետոյ ժամը 2.30-ին, Գեարդաբադի Ս. Գէորգ եկեղեցում Ս. Ծննդեան տօնի առիթով տեղի ունեցաւ ժամերգութիւն եւ Ջրօրհնէք, Ուրմիոյ ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Հաւատացեալ ժողովուրդ հաղորդւեց Քրիստոսի Սուրբ Մարմնով եւ Արիւնով:

Յայտնենք, թէ յաջորդ օրը՝ Յիշատակ Մեռելոցի առիթով, Թաւրիզի Ս. Շողակաթ եկեղեցում եւ Ուրմիայում տեղի ունեցան հոգեհանգիստ եւ գերեզմանօրհնէք: Ապա, քահանայ հայրերը սկսեցին օրհնել թեմի զաւակների տները, Ս. Ծննդեան աւետիսը հաղորդելով բոլոր հայկական օջախներին:

Յարակից լուրեր

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Շահինշահրում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ՝ Շահինշահրում

    Շահինշահրի Սրբոց Վարդանանց եկեղեցում, մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ ճրագալոյցի առիթով ս. եւ անմահ պատարագ մատուցւեց շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, իսկ Ծննդեան տօնի առթիւ՝ կիրակի՝ յունւարի 6-ի առաւօտեան տեղի ունեցաւ ս. եւ անմահ պատարագ ու Ջրօրհնէքի կարգ՝ արժ․ Տ․ Սահակ քհնյ․ Մինասեանի միջոցով։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում
    Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առթիւ ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եկեղեցիներում

    Շաբաթ՝ 2019 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ, Ս. Ստեփանոս, Ս. Ներսէս եւ Ս. Աստւածածին եկեղեցիներում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով։ Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։