Հա

Համայնք

13/02/2019 - 08:41

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

Աստւածաշնչական երկրների շարքում իր պատւաւոր տեղը ունի Հայաստան աշխարհը, որի սրբազան լեռան՝ Արարատի վրայ հանգչեց նոր մարդկութեան սկիզբը խորհրդանշող Նոյեան տապանը:

Աստւածաշնչական ճշմարտութեան յենւած, հայ դպրութեան մեր մատենագիրները մեր ժողովրդի ծննդոցը ներկայացնելու միջոցին կամ մեր երկրի գաւառների անունները մեկնաբանելու ընթացքում կարեւոր նշումներ են կատարել, այս անունները առնչելով սուրբգրային պատմական դրւագների եւ յիշարժան դէպքերի:

Դրանցից է այժմ Իրանի հիւսիս-արեւմուտքում գտնւող Մարանդ քաղաքը, որտեղ, ըստ աւանդութեան, թաղւած է եղել Նոյից սերած համայն մարդկութեան մայրը՝ նրա կինը: Մենք այցելեցինք յիշեալ սրբավայրը, տւեալ վայրի մասին ընթերցումներ կատարելուց յետոյ:

Մարանդ քաղաքի անւան մեկնաբանութիւնը կատարում է 13-րդ դարի մեր մատենագիրներից Վարդան Արեւելցի պատմիչը, որին մէջբերում է Հ. Ղուկաս վրդ. Ինճիճեանը, յիշելով նաեւ եւրոպացի ճանապարհորդներ՝ Տաւեռնիէի1  եւ Շարդենի2  ճանապարհորդագրութիւնները, որովհետեւ նրանք եւս յիշում են Մարանդ քաղաքը, դրա անւան հայկականութիւնը, ինչպէս նաեւ Նոյի կնոջ այնտեղ թաղւած լինելը:

Հ. Ինճիճեանի գրքում Հայաստան աշխարհի գաւառների անունները մեկնաբանող գլխակարգման ներքեւ, Մարանդ անւան համար գրւել է. «Գաւառ ի Վասպուրական նահանգի, այլ ո՛չ հեռի յԱրարատեան լեռնէ, ուր աւանդութիւն ազգիս ասէ թաղեալ զկին Նոյի»3: Ապա շարունակում է. «Եւ սակս այսորիկ կոչեցեալ Մարանդ, որ է անուն հայկական մայր անդ. զի արդարեւ մայր էր համօրէն ծննդոց Նոյի որ անդ թաղեցաւ: Վասն այսր կարծեմ թաղեալ  անդանօր  եւ  բազմաց   ի  մեծամեծաց  Տաճկաց, տեղի սրբազան համարեալ եւ առ նոսա սակս անդ թաղեալ գոլոյ մօրն հասարակաց»4:

Եբրայական աւանդութեան համաձայն, Նոյի կնոջ անունը Նաամէ է, որի մասին արձանագրութիւն է պահւել Աստւածաշնչում, թէ նա Ղամէքի եւ Սելլայի աղջիկն է եւ Թոփել Կայէնի քոյրը5:  Հայկական աւանդութեան հետեւող եւ հայերից այս մասին իրենց լսած զրոյցները արձանագրող վերոյիշեալ երկու եւրոպացի ճանապարհորդների եւ Վարդան պատմագրի գրածի մասին Հ. Ինճիճեանը ասում է. «զորոյ եւ զանունն Նոյեմզարա արձանագրեալ ունին, որպէս կոչէ եւ Վարդան Աշխարհագիր»6: Այսինքն հայկական աւանդութեան համաձայն Նոյի կնոջ անունը Նոյեմզար7 է:

Հայկական գաւառների անունների մեկնաբանութեան վերոյիշեալ նոյն ցուցակը գլխաւորում է Ատրպատականի Հայոց թեմի հիւսիսային սահմանի նախկին շրջաններից, այժմ գրաւեալ Նախիջեւանի անունը, որտեղ ըստ աւանդութեան, իջեւանեց Նոյ նահապետը, տապանից դուրս գալուց յետոյ: Ըստ աւանդութեան նա թաղւել է Նախիջեւանի Զնաբերդ գիւղում: Նրա աւանդական գերեզմանի միակ լուսանկարը 1903 թւին իբրեւ բացիկ  տըպագրւել է,  իսկ  գերեզմանը  1930-ականներին ադրբեջանցիներ պայթեցրել են:

Գերեզմանի աւերակները մինչեւ 1948 մնացել են տեղում, որի վրայ նստում եւ դաս էին սովորում հայ աշակերտներ, ըստ այնտեղից գաղթած հայերի վկայութեան8: 1988-ից յետոյ զնաբերդցիները երբ շուրջ 1600 ընտանիքով ապաստանել են Հայաստան, նրանք տեղեկացրել են, թէ Նոյի գերեզմանի վայրում կառուցւելու էր «Թաւրիզ» անունով մէկ պանդոկ, որի շինարարութեան նախնական աշխատանքներին մասնակցել էին իրենցից ոմանք9

«Նախջուան» անւան համար նոյնիսկ Յովսէփոս Պատմիչի գրածը վկայակոչելով, Հ. Ինճիճեանը մէջբերում է կատարում. «Հայկազունք առհասարակ յայսմ վայրի աւանդեն Նոյի արարեալ զիւր նախկին իջեւան յետ ելանելոյ ի տապանէն, եւ աստանօր կալեալ զիւր բնակութիւն. եւ նորին աղագաւ այսպէս անուանեալ»10: Ապա անւան հայկականութեան մասին պարզապէս ասում է. «Եւ ահա բառքն են հայկականք, զնոյն նշանակութիւն ունին որով կոչեաց Նոյ եւ որդիք իւր, այսինքն է նախ իջեւան: Այս աւանդութիւն Հայոց զոր մեք լսեմք միշտ՝ է աւանդութիւն վաղեմի յոյժ ի  նախնի  նահապետաց իջեալ, յորոյ վկայութիւն ունիմք զՅովսեպոս»11: Նա մէջբերում է Յովսէփոսի գրութիւնը, որտեղ Պատմիչը ասում է, թէ հայեր այս վայրը անւանում են Աբովադիրիոն12, «զի անդանօր զնշխարս պահեալ տապանին մինչեւ ցայժմ ցուցանեն բնակիչք»13: Այսինքն՝ Նոյեան տապանի մասունքները պահւել էին եւ բնակիչները այցելուներին ցոյց էին տալիս դրանք: Յովսէփոսի սոյն տեղեկութիւնները, ըստ Հ. Ինճիճեանի, նաեւ գտնւում են Եւսեբիոսի14 պատմութեան մէջ:

Մարանդի յիշեալ մզկիթի պատասխանատուն իր աշխատանքային ժամից դուրս յատկապէս ժամանելով բացեց դուռը, որը  հին դռան կողքում էր կառուցւել: Պատմական դուռը միայն իբրեւ տեսք էր մնացել, պահպանելու համար դրա հնութիւնը: Ներքին հսկայ տարածութեամբ աղօթավայրի հարաւարեւմտեան անկիւնում, մեզ առաջնորդողը ցոյց տւեց մէկ պատւանդան, որի  ներքեւում, «վեց մետր խորութեան վրայ է գտնւում այն շիրմաքարը, որը ըստ աւանդութեան, Նոյի կնոջ գերեզմանաքարն է», ասաց նա: Դարերի ընթացքում կատարւած վերանորոգութիւնների ժամանակ, քարը ծածկւել է գետնի խորքում, «պահպանելու համար դրա սրբութիւնը», ինչպէս բացատրում  եւ  կատարւած  գործը արդարացնում էր մզկիթի պատասխանատուն: Վերանորոգութիւնների եւ աղօթավայրի ժամանակակից պատմութեան մասին, հարաւային պատի վերեւում, որտեղ այժմ քարոզաբեմն է, պարսկերէն լեզւով արձանագրւած մէկ յուշաքար կայ:

Ի դէպ, Իրանի Մշակութային Ժառանգութեանց  պետական հիմնարկութեան կողմից հրատարակւած զբօսաշրջային ուղեցոյցը, սոյն աւանդական գերեզմանի համար գրում է՝ «Նոյի մօր գերեզմանը», որը բացայայտ շփոթութիւն է, որովհետեւ Նոյի մայրը տապան մտնողների ցուցակում չկայ15:  Այս շփոթը կամ տրւած սխալ բացատրութիւնը «մայր» բառի պատճառով է եղել, որը հաւանաբար նրա (իմա՛ Նոյի կնոջ) «հասարակաց մայր»-ը լինելու գաղափարից է յառաջացել:

Նոյն առիթով, այցելեցինք Մարանդ քաղաքում գտնւող մէկ այլ պատմական յուշակոթող, որը նախապէս զրադաշտական կրօնի բագին է եղել, ապա վերածւել է հայկական եկեղեցու, իսկ աւելի ուշ՝ կերպարանափոխւել է մզկիթի: Սոյն աղօթավայրի պատասխանատուն ցոյց տւեց մեզ աղիւսահիւս գմբէթի թըմբուկի մէջում գտնւող խաչանշանները, որոնք վստահաբար դրա քրիստոնէական կենսագրութեան օրերի դրոշմն էին փաստում: Կառոյցի հարաւային պատի վրայ հսկայ եւ բարձրահասակ կրակարանի բաժին կայ, որի շուրջ Ղուրանից տողեր են քանդակւել, շինութեան իսլամութեան պատկանելուց յետոյ վստահաբար:

Նոյն անձը մեզ տեղեկացրեց նաեւ, որ այսօր Մարանդում  ապրում են ծագումով մէկ տասնեակ հայ աղջիկներ, որոնք մայր Հայաստանից հարս են եկել իրենց քաղաք եւ ընտանիք են կազմել, ամուսնանալով մուսուլմանների հետ: Սոյն դժբախտներից մէկն էր, ի դէպ, որ Թաւրիզ առաջնորդարան էր եկել մեզ մօտ, իր երեխու համար ինչ որ վկայագիր խնդրելու:

Իսկ մենք անընդհատ եւ անվհատ շարունակելու ենք նոր նիւթերի պեղման այս աշխատանքը, Ատրպատականի հինաւուրց մեր թեմի հեռաւոր եւ մերձաւոր բոլոր շրջաններում, հարստացնելու բանասիրութեան էջերը, մանրադէտի տակ բերելով մեր պատմութեան մառախլապատ ուղիները:

 

______________________________________

1- Ժան Բատիստ Տաւեռնիէ, Jean-Baptiste Tavernier, (1605-1689), Les six voyages de Jean Baptiste Tavernier, ecuyer baron d՚Au-bonne, qu՚il a fait en Turquie, en Perse, et aux Indes, pendant l՚espace de quarante ans, & par toutes les routes que l՚on peut tenir: accompagnez d՚observations particulieres sur la qualitռ, la religion, le gouvernement, les coutumes & le commerce de chaque paտs; avec les figures, le poids, & la valeur de monnoyes qui y ont court, Gervais Clouzier, Paris, 1676. Թանկարժէք քարերի վաճառական, ճանապարհորդ, ծնւել է Փարիզում: Նրա հայր Գաբրիէլը եւ հօրեղբայրը Մելքի, որը քարտէզագիրներ էին: 1630-1668 թւականներին վեց անգամ ճամբորդել է դէպի Պարսկաստան եւ Հնդկաստան:

2-   Ժան Շարդեն, Jean Chardin, (1643-1713), Voyages en Perse et aux Indes orientales. London, 1686. Ծնւել է մեծահարուստ վաճառականի ընտանիքում։ Հայրը ոսկերիչ է եղել, ինքը շարունակել է հօր գործը։ 1664 թւականին ձեռնարկում է մի ճանապարհորդութիւն։ Ճամբորդում է Կոստանդնուպոլսով եւ Սեւ ծովով՝ հասնելով Պարսկաստան, 1666 թւականի սկզբներին։ Նոյն թւականին Շահ Աբբաս Բ-ը Շարդենին նշանակում է իր ոսկէ արդուզարդի ձեռքբերման պատասխանատուն։ 1667 թւականի կէսերին Շարդենն այցելում է Հնդկաստան եւ վերադառնում Պարսկաստան մօտ երկու տարի անց։ 1670-ին վերադառնում է հայրենի Փարիզ։ 1671 թւակա-նի Օգոստոսին Շարդենը դարձեալ ճանապարհ է ընկնում դէպի Արեւելք։ Այս անգամ Կոստանդնուպոլսից Սեւ Ծովով անցել է Վրաստան, Արեւելեան Հայաստան եւ Պարսկաստան, 1672-1673 թւականներին։ Նրան ուղեկցել է նկարիչ Ժոզէֆ Գրելոն, ով ճանապարհորդութեան ընթացքում գծագրել է արժէքաւոր նկարներ:

3- Ինճիճեան, Ղուկաս վրդ., Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, Գ. հատոր, Վենետիկ, 1835:

4- Ինճիճեան, Ղուկաս վրդ., նոյն, անդ, էջ 16:

5- Հմմտ.՝ Ծն 5.22:

6- Ինճիճեան, Ղուկաս վրդ., նոյն, անդ:

7- Արեւելցին «Նեմզար» է հեգում Նոյի կնոջ անունը:

8- Տե՛ս Մարգարեան Ա., Մի լուսանկարի պատմութիւն, Ադրբէջանցիները պայթեցրել են Նոյի գերեզմանը,  https://niderlandakan.livejournal.com/27823.html

9- Նոյն, անդ:

10- Ինճիճեան, Ղուկաս վրդ., նոյն, անդ, էջ 13:

11- Ինճիճեան, Ղուկաս վրդ., նոյն, անդ:

12- Յունարէն բառ, որը նշանակում է «նախ իջեւան»:

13- Ինճիճեան, Ղուկաս վրդ., նոյն, անդ:

14- Կեսարիոյ Եպիսկոպոս (267-340), մատենագիր, հեղինակ «Քրոնիկոն» եւ «Եկեղեցական Պատմութիւն» թանկարժէք գործերի:

15- Հմմտ. Ծն 6.18, 7.7, 7.13, 7.21, 8.16, 8.18, 9.18,

Ժ. Տաւեռնիէ

Ժ. Շարդէն

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։