Հա

Համայնք

10/03/2019 - 09:30

Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի «Տաթեւ» պարախումբը տարեկան գեղեցիկ ելոյթով տօնեց իր հնգամեակը

«Տաթեւ»-ը արդէն տօնում է իր հիմնադրութեան հնգամեակը, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, գեղարւեստական ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի: 

Գրիգոր եպս. Չիֆթճեան. «Հիւսիսային իրանահայութեան ովասիս Ատրպատականի հայոց թեմի ջրերը յուզեցիք դուք այս երեկոյ»

 

«alikonline.ir» - Հայ Օգնութեան միութեան Թաւրիզի մասնաճիւղի հովանաւորութեան տակ գործող «Տաթեւ» պարախմբի անունը դեռ հինգ տարիներ առաջ հայ հասարակութիւնը լսեց, երբ 2015 թւին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի նշման ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի հովանաւորութեամբ, Սբ. Թադէի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան ընթացքում հանդէս եկաւ «Սասունցի Դաւիթ» էպոսի բացառիկ ներկայացմամբ, վանքի դարերի խորհրդով օծուն տարածքում:

«Տաթեւ»-ը արդէն տօնում է իր հիմնադրութեան հնգամեակը, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան, գեղարւեստական ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանրայայտ շնորհալի պարուսոյց ու Թեհրանի «Ակունք» պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչի բացառիկ կարողութիւններով օժտւած Կարինէ Մանուչերեանը արդէն օրեր առաջ Թեհրանից ժամանել էր Թաւրիզ, «Տաթեւ» պարախմբի ելոյթից առաջ վերջին գեղերանգները տալու ներկայացւելիք նիւթերին եւ արւեստի բարձրաճաշակ թելադրանքները կատարելու խմբի անդամներին:

Ելոյթը տեղի ունեցաւ ուրբաթ, 8 մարտ 2019 թ.-ին Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, նախագահութեամբ առաջնորդ Սրբազան Հօր: Ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Պատգամաւորական եւ Թեմական խորհրդի անդամներ, Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանը, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամները, Թեհրանի Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչական կազմը, գլխաւորութեամբ ատենապետ Արշաւիր Քեշիշեանի, ինչպէս նաեւ մշակութասէր թաւրիզահայեր:

Երեկոյթի բացման խօսքը կատարեց պարախմբի պատասխանատու եւ կազմակերպական աշխատանքների համադրող Նայիրի Դիլանեան, բարի գալուստ մաղթելով բոլորին, ինչպէս նաեւ շնորհակալութեան խօսք՝ ելոյթի նախապատրաստական աշխատանքներին իրենց գործօն մասնակցութիւնը բերած անձերին: «Տաթեւ» պարախմբի ծննդոցի պատմութեան ակնարկելով, նա ելոյթի ընթացքին մի քանի առիթներով խօսեց թէ ինչպէս հինգ տարիներ առաջ ծնունդ առաւ նման պարախումբ Թաւրիզում ունենալու գաղափարը: Նա կարեւորութեամբ յիշեց Կարինէ Մանուչերեանի անխոնջ ճիգն ու ջանքը, Թաւրիզում համաքագրելու պարախումբ, որը երկար տարիների խամրած երազը արթնացնելու էր այս համայնքում: Տեղական մակարդակի վրայ նոյն պարախմբից յառաջացած փորձավարներին ու օժանդակ այլ անձերին եւս իր շնորհակալութիւնը յայտնեց Նայիրի Դիլանեանը: Նա ելոյթի ընթացքին հայրենաշունչ ասմունքներով եւս ելոյթ ունեցաւ խլելով ներկաները գնահատական ծափողջոյնները:

Ելոյթի ծրագիրը յագեցւած էր հայկական, ռուսական, պարսկական, յունական, սպանական եւ արեւմտեան մէկ շարք երկրների պարատեսակներով, որոնք տարբեր ազգային աւանդութիւնների ճաշակը տւեցին հանդիսատեսին: Մեծերի, պատանիների եւ փոքրերի պարերը եւս իւրայատուկ մասնագիտութեամբ եւ արհեստավարժ շարժումներով իրականացւեցին, որոնք արդիւնք էին երկար փորձերի եւ տքնաջան աշխատանքի: Մեծերի արդէն կատարելագործւած պարերին յաջորդում էին փոքրերի յուսալից պարերը, որոնք շուտով արդէն յաջորդելու էին իրենց աւագ սերնդի աշխուժութեանը: Յատկանշական երեւոյթ էր տղաների մեծաթիւ ներկայութիւնը պարախմբում, որը իրանահայ իրականութեան մէջ հազւադէպ է: Նրանց տղամարդու խրոխտ պարերը հայկական լեռնաշխարհի համն ու հոտն էին հաղորդում սրահում նստած հանդիսատեսին: Միւս կողմից աղջիկների յաճախակի եւ տարբեր պարատեսակներով բեմ բարձրացումը բեմի փարթամութիւնը աւելացնում էր, շլացնելով ներկաների աչքերը ե՛ւ շարուժմների ե՛ւ տարազների բազմազանութեամբ:

Ելոյթի աւարտին խօսքը տրւեց Թեհրանի Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան ատենապետ Արշաւիր Քեշիշեանին, որը Թաւրիզ-Թեհրան մշակութային գործակցութեան ոլորտը կարօտով բացայայտեց: Նա յիշեց, որ թաւրիզահայ մեծանուն երաժիշտ Ժոռա Մինասեանը յաճախակի առիթներ էր ստեղծում գալու իր ծննդավայրը եւ ելոյթներ տալու այստեղ՝ Թաւրիզում: Նոյն համագործակցութեան շարունակութեան վրայ նա սիրով տեսաւ նաեւ «Տաթեւ» պարախմբի Թեհրանում ունեցած ելոյթը իրենց միութեան սրահում եւ յոյս յայտնեց որ կը շարունակւի փոխադարձ այցելութիւնների եւ համագործակցութեան դրական ուղին:

Գնահատական ծաղկեփնջեր ստացան փորձավարներ՝ Մանէ Նազարբէգեանը, Մարիա Գասպարեանը, ինչպէս նաեւ կազմակերպիչ-համադրող Նայիրի Դիլանեան եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանը: Ծնողների կողմից մէկական վարդով գնահատւեցին պարախմբի բոլոր անդամները:

Ապա գնահատանքներ բաշխելու համար բեմ հրաւիրւեցին առաջնորդ Սրբազանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, Հ.Օ.Մ.-ի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը: Հ.Օ.Մ.-ի վարչութեան եւ «Տաթեւ» պարախմբի անդամ-ուհիների կողմից մասնաւոր գնահատանքի արժանացաւ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանը, ներկաների որոտընդոստ ծափողջոյնների ներքոյ: Պարախմբի գերբը կրող յուշանւէրներ տրւեցին նաեւ Ազգային իշխանութեան, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան վարչութեան, «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի բարերար ընտանիքի անդամ եւ պարախմբին իր նիւթական ներդրումով օժանդակած Էլպիս Գասպարեան-Արզումանեանին, որը ստանձնեց նոյն ընտանիքի հարազատ՝ Էդիկ Գասպարեանը: Նոյն յուշանւէրից ստացաւ նաեւ պարախմբի կազմակերպական աշխատանքներին Թեհրանում եւ Թաւրիզում մեծապէս նպաստած թեհրանաբնակ Սեդա Ֆարհադեանը:

Եզրափակիչ եւ օրհնութեան իր պատգամը տալով, Սրբազան Հայրը նախ բարձր գնահատեց այն բոլոր անձերին, սկսեալ Հ.Օ.Մ.-ի վարչական անդամներից մինչեւ ամէնից փոքրիկ պարողը, որոնք այս աշխատանքի բաղկացուցիչ տարրերը լինելով մշակութային վայելք տւել էին Իրանի հիւսիսում գտնւող հայկական «ովասիս»-ում՝ Ատրպատականի հայոց թեմում ապրող հաւատաւոր ժողովրդին. «Հիւսիսային իրանահայութեան այս ովասիսին՝ Ատրպատականի Հայոց թեմի ջրերը յուզեցիք դուք այս երեկոյ»,- ասաց Սրբազանը բեմում կանգնած պարողներին եւ պատասխանատուներին: Ապա վերլուծելով երեկոյից բխած պատգամը, նա ասաց.- «Երեւակայութեան հրաշք թեւերով կարելի է այս երեկոյ թռչիլ այս սրահում, մտախոյզ կատարելու եւ պեղելու ներկաներից իւրաքանչիւրի մտածումն ու մօտեցումը սոյն ելոյթի մասին: Վստահաբար մէկը՝ որ տարազների սէր ունի դրանք ուսումնասիրեց, մէկը որ երաժշտութեան սէր ունի՝ ընտրւած երաժշտութիւնների տւեալ պարի հետ համատեղելիութիւնը քննարկումի ենթարկեց: Մէկ ուրիշը որ բեմական ձիրք ունի՝ ելոյթի բեմականութիւնը, պարողների համարձակութիւնը եւ մատուցման ձեւը արժեւորեց: Մէկ խօսքով իւրաքանչիւրդ ձեր օգտագործած ակնոցի ապակիների յետեւից նայեցիք այս բեմին: Սակայն ամէնից կարեւորը որ չէր նշմարւում, պարողների իրարու ունեցած գաղտնի հայեացքն էր, որ իրարհասկացողութեան նշանն էր, ի խնդիր համաչափութեան եւ ճիշտ վայրկեանի շարժւելուն: Մեր կեանքը հեռու չէ պարային այս հարթակից: Բոլորս էլ պարում ենք, երբեմն առանց իրարու նայելու, առանց աչքերի լեզւով խօսելու: Առանց խորհրդակցելու անում ենք գործեր, որոնք փչացնում են բոլորիս երջանկութիւնը: Եթէ այս երեկոյ այս տղաներն ու աղջիկները աչքերի լեզւով չխօսէին իրարու հետ, այս գեղեցիկ արդիւնքը չէր ստացւի: Ուրեմն սովորենք նրանցից եւ պահենք մեր կեանքում պարային համաչափութիւնը»,- ասաց Սրբազանը:

Սրբազանը նաեւ բարձր գնահատեց այն անձերին, որոնք մղիչ ոյժը հանդիսացել էին «Տաթեւ» պարախմբի հիմնադրման եւ վերելքին: Նրանց գլխաւորին եւ խմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեան-Սուքիասեանին Սրբազանը յատուկ գնահատագրի արժանացրեց, որտեղ արձանագրել էր. «Հայ մշակոյթի այս բնագաւառի՝ պարարւեստի մէջ Ձեր ունեցած վաստակը ինքնին վկայութիւն է Ձեր երկարամեայ նւիրումին, Սփիւռքի մեր օջախներում վառ պահելու դրա սէրն ու վեհ արժէքը, յատկապէս նոր սերնդի մեր մատաղատի զաւակների եւ երիտասարդութեան շարքերում:

Հայկական պարը, իր լեռնական քաջարի մարդու կշռոյթով, իսկ հայ կուսանաց հեզանազ շարժմունքով եւ թովիչ թրթիռով, անցած հինգ տարիների ընթացքում Դուք յաջողեցաք սերմանել Թաւրիզի հայ երիտասարդութեան սրտերում, բարձրացնելով մշակութային ճաշակը եւ մարդու որակը նրանց մէջ:

Պատմական խոր արմատներով յատկանշւող այս թեմում Ձեր կատարած հնգամեայ կարեւոր ներդրումով, մէկ խոր արմատ եւս նետեցիք այս հողում, որի արդիւնքը շա՜տ երկար ժամանակ վայելելու է Ատրպատականցի հայը, երախտապարտ մնալով Ձեզ»:

Առաջնորդ Սրբազան Հօր Գնահատագիրը ընթերցւեց Տ. Մարտիրոս քահանայի միջոցով, ապա Սրբազան Հայրը յանձնեց այն Կարինէ Մանուչերեանին:

Մշակութային վայելքը աւարտւեց փոխադարձ շնորհաւորութիւններով, երբ ներկաներից շատերը մօտենալով բեմին իրենց շնորհակալութիւնը յայտնեցին Կարինէ Մանուչերեանին, Նայիրի Դիլանեանին եւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան, նման ձեռնարկի կազմակերպման համար:

Յայտնենք, որ ելոյթի սկզբում ցուցադրւեց անցած հինգ տարիների ընթացքում պարախմբի կազմութեան նւիրւած տեսաերիզ, փորձերի եւ ելոյթների նկարներից կազմւած, որը պատրաստւել էր Սեւան Գասպարեանի միջոցով:

Ելոյթից յետոյ, Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը ընթրիքով պատւեց պարախմբին եւ հիւրերին: Նշենք նաեւ, որ դադարի միջոցին եւս ճոխ հիւրասիրութեամբ պատււեցին բոլոր հանդիսականները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։