Հա

Համայնք

14/03/2019 - 11:10

Վերանորոգւում է Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի մայր խորանը

Երեքշաբթի 12 մարտ 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, մօտկից հետեւելու համար վանքի տաճարի մայր խորանի գմբէթի վերանորոգութեան աշխատանքներին: 

«alikonline.ir» - Երեքշաբթի 12 մարտ 2019-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, մօտկից հետեւելու համար վանքի տաճարի մայր խորանի գմբէթի վերանորոգութեան աշխատանքներին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Յայտնենք, որ եկեղեցու ներքին պատերի որմնանկարների ընդհանուր վերանորոգութեան ծիրից ներս, մայր խորանի կիսակամարի որմնանկարներն էլ վերանորոգութեան ենթարկւեցին մասնագիտօրէն, թաւրիզեցի վարպետ վերանորոգող արւեստագէտ Ռեզա Գոլիի ձեռամբ, հայկական մանրանկարչութեան յատուկ Կենաց Ծառի եւ արարչագործութեան դրւագի համար օգտագործւած կանաչների ճոխ պատկերներով:

Տաճարի գաջւած ներքնամասի վրայ գունազարդ նկարչութիւնը, սկսեալ մայր գմբէթի բարձրագոյն կէտից, դարերի ընթացքում մասնաւոր վեհութիւն է տւել եկեղեցուն, հմայելով այցելուներին: Մայր խորանի կառոյցը, իր բարձրահասակ եւ նախշերով որմնանկարւած չորս սիւներով ու նրանց վրայ կանգնած ողորկ եւ կիսասրածայր գմբէթով, տաճարի արեւելեան կողմի տիրական ներկայութիւնը պարտադրում է հաւատացեալ ուխտաւորին:

Խորանի չորս սիւների վրայ կանգնած գմբէթը գաջաձոյլ եւ փայտահիւս միացեալ շինութիւն է, դարեր առաջ հայ վարպետների յղացքով իրագործւած: Խորանի տանիքից նետւած ութ սիւներ սլանալով միանում են վերեւի թօփիկ-գնդին, կազմելով խորանի գմբէթի կմախքը: Այս սիւներից մէկ հատը բացակայում է, անցեալում դժբախտ պատահարի բերմամբ ընկած լինելով: Սոյն սիւների ձուլման ընթացքում, սարքող վարպետը երեք փայտեայ ցպիկներ մխրճել է դրանց մէջ, այժմու երկաթեայ ձողերի փոխարէն, ապահովելով գմբէթի սիւների ներքին ամրութիւնը: Ապա, վարպետը գմբէթի արտաքին մասը ծածկելու համար, նրբահիւս եւ հեռւից ասեղնագործ հիւսւածքի տպաւորութիւն թողող փայտեայ մանր կտորներ իրարու է մեխել, վանդակեայ գեղեցիկ ճաղեր եւ ծածկեր ստեղծելով, կազմելու համար գմբէթի թմբուկը: Ապա, դէպի վերեւի կենտրոն ընթացող շեղակի մասերի բացութիւնները իրարու է միացրել, դարձեալ գաջից սարքած մանրանկարչական խորանի կամարներով, որոնք փչացած լինելով, փոխարինւեցին փայտեայ կրկնօրինակումներով: Առաջին իսկ հայեացքից, վարպետ որմնադրի եւ բարձրաճաշակ հիւսնի ձեռագործը երեւում է վերեւում:

Վերանորոգութեան ընթացքում այն ինչ որ կարելի էր փրկել նախկինից, վարպետ հիւսնի օգնութեամբ եւ ճարտարապետ Շերլի Աւետեանի ցուցմունքով փրկւում է, փայտեայ նոր կմախքով օժտելով խորանի գմբէթը: Հին գմբէթի պատառիկները հետագայում ցուցադրւելու են վանքի թանգարանում, որպէսզի հետաքրքրւող այցելուներ եւ յատկապէս հայ ուխտաւորներ իմանան, թէ ի՞նչ մեթոդներ են կիրառել մեր հայրերը, նման գմբէթաւոր կառոյց կազմելու համար դարեր առաջ:

Առաջնորդ Սրբազանը վարպետներին յանձնեց նաեւ մայր խորանի եւ ատեանի զոյգ խորանների գմբէթների նորաշէն մետաղեայ ականակուռ խաչերը, Համլէթ Նազարբէգեանի ձեւաւորմամբ, որոնք շուտով տեղադրւելու են նրանց վրայ: Նախկին արծաթեայ խաչերը այժմ գտնւում են Ատրպատականի հայոց թեմի թանգարանում, Դարաշամբ գիւղի հայաթափման օրերից վերցւած լինելով իրենց տեղերից, այդ օրերին անտիրութեան մատնւած վանքի անապահով միջավայրում չթողելու համար դարաւոր գանձերը:

Յայտնենք, որ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը նաեւ շքամուտք է ունենում Մաղարդայ սարի ստորոտում, նախքան վանքի բուն տարածք բարձրանալը, որտեղ մի քանի աստիճաններով վանք բարձրանալու ճանապարհը անջատւում է մայրուղուց, սրբավայրի տարածքի սկիզբը նշելով: Այստեղ հսկայ քառակուսի թաղարների ձեւով քարից կառուցւած ծաղկանոցները առաջին բարձր տպաւորութիւն են թողնում այցելուների վրայ:

Առաջնորդ Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց Ճարտարապետ Շերլի Աւետեանին, նրա օգնական եւ շինարարական աշխատանքներին հետեւող Ալէն Գրիգորեանին, իրազեկ դառնալով այն բծախնդիր աշխատանքին որ կատարւում է Դարաշամբի վանքում, պահպանելու հնագիտական արժէքը դրա եւ բոլոր իրերի հոգեւոր բնոյթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։