Հա

Համայնք

15/04/2019 - 14:10

Ծաղկազարդը անակնկալներով խանդավառեց Ատրպատականի հայոց թեմի մանուկներին

Մարդկութեան Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի իւրօրինակ ու անչափելի խոնարհութեան ու հեզութեան տօնի՝ Ծաղկազարդի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնները իւրայատուկ խանդավառութեամբ լցրեցին հոգիները, մասնակից բոլոր հաւատացեալների, թեմի տարբեր շրջաններում:

«alikonline.ir» - Մարդկութեան Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի իւրօրինակ ու անչափելի խոնարհութեան ու հեզութեան տօնի՝ Ծաղկազարդի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնները իւրայատուկ խանդավառութեամբ լցրեցին հոգիները, մասնակից բոլոր հաւատացեալների, թեմի տարբեր շրջաններում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզում եւ Ուրմիայում, թեմի երկու հայաշատ քաղաքներում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում տեղի ունեցած արարողութիւնների ընթացքում օրհնւեցին արմաւենու եւ ուռիի ոստերը, եւ ապա, յետմիջօրէին Դռնբացէքի արարողութիւն կատարւեց:

Կիրակի 14 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմում մատուցւած պատարագով եւ մանուկների թափօրով, հաւատացեալ ժողովուրդը միասնաբար մուտք գործեց Յիսուսի տնօրինական կեանքի վերջին շաբաթը, որը մեր եկեղեցու տօնակարգում կոչւում է Աւագ շաբաթ՝ տարւայ ամենամեծ շաբաթը:

Ծաղկազարդի տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի կողմից յայտարարւած լինելով Հայ մանուկների օր, յատուկ միջոցներով մանուկները հրաւիրւել էին մասնակից լինելու տօնի յաղթական խորհրդին, քայլելու Յիսուսի թափօրի շարքերում եւ ապա զւարճանալու եկեղեցու սրբացնող միջավայրում: Նրանց դէմքին երեւում էր ցնծութիւնը, երբ զանազան միջոցներով նրանց խանդավառելու ծրագրեր էին մշակւել եկեղեցիների Կանանց խնամակալ մարմնի անդամների կողմից:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Երգեցողութիւնը քառաձայն կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Ուրմիայի Սուրբ Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Երգեցողութիւնը կատարեց «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Առաջնորդ Սրբազանը իր հոգեւոր պատգամում բարձրաձայնեց Աստւածորդու անսահման խոնարհութիւնը, որը իբրեւ օրինակ ծառայեցրեց իր բոլոր հետեւորդներին, համայն մարդկութեան. «Թագաւորի մեծութիւնը նրա փառքի կամ նիւթական հարստութեան մէջ չէ՛, այլ այն յարգանքի՝ որը նրա հպատակները տածում են նրա հանդէպ: Երկնաւոր թագաւորի համեստութիւնը տեսնելով, հաւատացեալ հետեւորդները նրա հեծած իշուկի ոտքերի առջեւ փռում էին իրենց հանդերձները, յարգանքի բացառիկ արտայայտմամբ»,- ասաց Սրբազանը եւ ապա յաւելեց. «Այս խոնարհութեան դասը նրա անձի միջից ուղղւած է այսօր մեզանից իւրաքանչիւրին: Հազիւ մէկ փոքր գործ իրականացրած, մեծացնում ենք, եւ ոչ միայն մենք մեզ փառաւորում են, այլեւ ուզում ենք որ ամէն մարդ փառաւորի մեզ, գնահատի մեր կատարածը, իբրեւ թէ աշխարհի ստեղծագործութեան չափ մէկ մեծ հրաշք: Իր համեստութեան համար փառաւորւեց աստւածորդին իր Հօր կողմից, որովհետեւ խոնարհութեամբ հնազանդւեց Նրա կամքին»,- եզրակացրեց Սրբազանը, կոչ ուղղելով օգտւելու Ծաղկազարդի առիթից եւ համեստացնելու մեր անձերում բոյն դրած գոռոզութիւնը: Սրբազան Հայրը կոչ ուղղեց բոլոր ծնողներին, իրենց երեխաների կրօնական դաստիարակութեան առաւել հոգածութեամբ մօտենալ, մեր եկեղեցու սէրը վառելով նրանց հոգում:

Եկեղեցական արարողութեան աւարտին, սկուտեղների մէջ օրհնւեցին ուռիի ոստերը, որոնք պատրաստւել էին Կանանց խնամակալ մարմնի կողմից: Երեխաների համար տասնեակներով փուչիկներ պատրաստւել էին, տօնական մթնոլորտը առաւել ջերմացնելու համար: Մանուկների թափօրը ընթացք առնելով եկեղեցուց, ուղղւեց դէպի հիւսիսային բակը եւ ապա եկեղեցու շուրջ պտտւելով վերադարձաւ գաւթի մուտքին:

Մանկական թատերական կերպարներ զւարճացրին մանուկներին, իրենց ներկայութեամբ եւ կազմակերպած խաղերով:

Նոյն օրը երեկոյեան ժամը 5-ին, դարձեալ Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում հանդիսապետութեամբ առաջնորդ Սրբազան Հօր կատարւեց Դռնբացէքի խորհրդալից արարողութիւնը, որի աւարտին Քրիստոսի երկրորդ գալստեան խորհրդով լցւած պատգամ տւեց Սրբազան Հայրը: Նշենք, թէ աստւածաշնչական ընթերցումները կատարեց Նելլի Միսակեանը եւ Էլինա Անտոնեանը, իսկ վարագոյրի բացումը կատարեց Դարել Նազարբէգեանը:

Իր քարոզում, Սրբազանը ներկայացրեց մարդկային սրտի մաքրութեան մասին Յիսուսի պատւէրը, որը Նա արտայայտել էր դեւերից մաքրւած հոգու պատկերով. «Փորձութիւնը միշտ ներկայ լինելով մեր կեանքի իւրաքանչիւր քայլափոխին, մեր սրտի եւ հոգու մաքրութիւնը կարող է արատաւորւել, ինչպէս մեր Տէրը ասում, չար ոգին երբ տեսնի իր նախկին բնակարանը մաքրւած եւ յարդարւած, իրենց աւելի վատ ուրիշ չար ոգիներ էլ կը վերցնի եւ միասին կը գան ու կը բնակւեն այնտեղ, եւ այն մարդու դրութիւնը աւելի՛ վատ կը լինի քան նախապէս էր: Հետեւաբար մեր հոգու եւ սրտի մաքրութեանը միշտ նախանձախնդիր ենք լինելու, որպէս նախապատրաստութիւնը Տիրոջ դիմաւորելու: Այս է հոգեւորապէս արթուն եւ պատրաստ լինելու կերպը»,- ասաց Սրբազանը:

Նոյն երեկոյեան ժամը 4-ին, Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւն եւ Դռնբացէքի արարողութիւն, Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցաւ: Դարձեալ նոյն օրը երեկոյեան ժամը 7-ին, Ուրմիայի Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում եւս, Տէր հօր միջոցով կատարւեց Դռնբացէքի արարողութիւնը: Երկու եկեղեցիներում տւած իր քարոզի ընթացքում, Տէր հայրը բացատրեց Ծաղկազարդի եւ աշխարհի վախճանի խորախորհուրդ պատգամները, յորդորելով հաւատացեալներին արթուն եւ պատրաստ լինել Քրիստոսի երկրորդ գալստեան:

Ծաղկազարդով եւ Դռնբացէքի իմաստալից արարողութեամբ, մեր սուրբ եկեղեցու բարեպաշտ զաւակները Ատրպատականի հայոց թեմում, մուտք գործեցին Աւագ շաբաթւայ խորհրդալից օրերի ժամանակահատւած, հոգեպէս լցւելու համար մեր Տիրոջ երեքամեայ առաքելութեան իւրաքանչիւր պահւայ շնորհքներով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։