Հա

Համայնք

20/04/2019 - 12:20

Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

«Այստեղ չէ՛, որովհետեւ յարութիւն առաւ»

(Մտ. 28:6)

 

Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

Քրիստոսի Յարութեան նախորդած տառապանքը, խաչի անդարձ ճանապարհորդութիւն եղաւ: Մարդացեալ Աստւածը մահու սիւն բարձրացւեց՝ ի խնդիր մեր մեղքերի քաւութեան եւ թողութեան:

Չարչարանքի այս ուղու վրայ բուսած տատասկների վրայով բոկոտն քայլող աստւածորդին, մորմոքող ցաւերի կտտանքի առջեւ եւ խաչի ծանրութեան ներքոյ ծնրադիր լինելով հանդերձ, յուսափայլ աչքերով նայեց երկնքի զենիթին, ամբողջական վստահութեամբ Հօր ձեռքերին յանձնելով իր հոգին: Դատավարութիւնը կատարւել էր, դատապարտութիւնը ստորագրւել եւ պատիժը իրագործւել, իսկ արագահաս մահը թակել էր արդէն Նրա կեանքի դուռը ժամանակաւորապէս, իր անխուսափելի պահանջը ներկայացնելով:

«Հա՛յր, ազատի՛ր ինձ այս ժամից…», «Հա՛յր փառաւորի՛ քո անունը» (Հմմտ. Յհ.12:28): Արդար եւ խաղաղասէր մարդկանց սրտից բխած փրկութեան հոգեխռով աղօթքն է այս, եւ ո՛չ թէ աշխարհային պատիւների արժանացման սին ձգտում: Խաչի չարչարանքը կրելիս, միթէ Փրկիչը երկրաւոր պարգեւների՞ հետամուտ էր, կամ թագաւորական գահ էր փնտրում Գողգոթայի բարձունքում: Տառապանքի բաժակը ցմրուր ըմպած Որդին, ժամանակը յարմար էր համարում փոխւելու առ Հայր, աւարտելով անարգական մահւան տխուր մասը իր երկրաւոր առաքելութեան:

«Արդարների փրկութիւնը Տէրիցն է: Նա նրանց զօրութիւնն է նեղութեան ժամանակում» (Հմմտ. Սղ. 37:39) խոստումը, անկրկնելի Արդարի համար Յարութեան առաւօտեան իրականութիւն դարձաւ, երբ լուսափայլութեամբ յայտնւած երիտասարդը աւետեց նրա մարմինը խնկելու եւ օծելու համար գերեզման եկողներին, ասելով. «Չէ՛ աստ, քանզի յարեա՜ւ» (Մտ. 28:6): Տառապանքի էջը փակւել էր, ցաւերի դեղագիրը պատռւել, պատանքը դէն գցւել, արցունքով տամկացած աչքերը հարազատ մարդկանց՝ ուրախութիւն էին արեւում, իսկ խոցող գեղարդներն ու բիրերը, քնից ընկողմանած պահապանների թմրած ձեռքերում, անզօր ու անպէտ իրերի էին վերածւել:

Տառապողը յաղթական էր դուրս եկել իր Հրաշափառ Յարութեամբ, իսկ մահավճռի թշւառական հեղինակները, իրենց արքունական փառքի բազմոցների մեղկ փափկութեանն էին ապաւինել, առաւե՛լ եւս լրբացած, նոր ստերի յանգաւորումները եղանակելով բանաստեղծօրէն:

Մահկանացու այս կեանքի ամենօրեայ օրակարգի վրայ է երեւում տառապանքը: Կա՞յ միթէ, կամ կարելի՞ է նմոյշի համար իսկ գտնել մէկ անձ այս աշխարհում, որը տառապանքի բովից անցած չլինի: Անկարելիութիւն է այս, որովհետեւ տրտմութեան հովտում ապրող մարդու բնութեան մաս են կազմում ցաւն ու վիշտը, խոցն ու վէրքը, մեղքն ու զղջումը, ողբն ու լացը, տանջանքն ու… համբերութիւնը:

Ոմանք յաղթանակի պահին սպասելուց յոգնած՝ յուսահատւում են: Նրանց անհատական կեանքի բառարանից աննշան քայլերով հեռանում է համբերութիւն բառը, իր ոտնահետքերն էլ ջնջել փորձելով առյաւէտ: Դրա փոխարէն նոր եւ անհամեմատելիօրէն անյարիր բառեր են սպրդում ներս ու երբեմն անջնջելի թանաքով տպագրւում այնտեղ, ուղեղի ծանրակշիռ մամլակի տակ սեղմւելով, թուլացնելով մարդու դիմադրողականութիւնը կամ կեանքի դէմ պայքարելու ոգին:

Զայրոյթ, բարկութիւն, անարգանք, հայհոյութիւն, ոխ եւ քէն, նախանձ եւ ատելութիւն, ոճիր ու սպանութիւն նոր բառերն են կազմում համբերութիւնը կորցրած մարդու առձեռն բառարանի: Բառեր, որոնցից ո՛չ մէկը Փրկիչը արտասանեց իր տառապանքի դաժան գագաթնակէտում, այլ միայն լսեց խաչի ցածում կանգնած իր դահիճներից, կրելով նրանց պատճառած ֆիզիկական եւ հոգեկան ցաւերը:

Ժամանակաւոր էին սակայն, տառապանքի համար նախածրագրւած այս բոլոր բռնազբօս միջոցները, որովհետեւ կարճ ժամանակ յետոյ, Յիսուսի Յարութեամբ միջոցներն ու գործադրողները հաւասարապէս չքւելու էին, ոչնչութեան պատմագրքի անճանաչելի էջերում անյայտանալով:

Կարո՞ղ ենք զինւել այս յոյսով: Սրերով ու բիրերով պաշտպանւելու կարիք չունենք, որովհետեւ յարուցեալ մարմնի սրբազան զգեստի մէջքին ճշմարտութիւնն է կապւելու իբրեւ անքակտելի գօտի, իսկ զրահը լինելու է արդարութիւնը (Հմմտ. Եփս. 6:14), երանական դրախտի խճուղուց առաջնորդելու համար մեզ անմահութեան գլգլացող աղբիւրի ջրերին:

Յարուցեալ Փրկչի յաղթական կերպարը շատ աւելի յուսալից է ու խօսուն, քան տառապանքի անելից դուրս գալու համար թափւած մարդկային բոլոր տեսակի ճիգերը: Եթէ տառապանքից յետոյ կայ յարութիւնը եւ անմահութիւնը, ընդամենը համբերութիւն է պէտք, դէպի իր աւարտին մղելու սահմանւած ժամանակը:

«Մէկ կեանք տառապա՛նք», «մէկ կեանք անարգա՛նք», «մէկ կեանք չարչարա՛նք» եւ նման դժգոհանքի արտայայտութիւնների հականիշ պիտի արձանագրենք «մէկ կեանք համբերութի՛ւն» քրիստոնէական առողջարար մտածողութիւնը, որպէսզի կարողանանք Քրիստոսի հետ յարութիւն առնել, Նրա հաւատացողների փաղանգին մաս կազմելով, որովհետեւ երանելի են նրանք, որոնք Նրան հաւատացին եւ մեռան (Հմմտ. Ա. Թս. 4:13):

Տառապանքից յետոյ փառաւորւելու, այսինքն տառապանքի նկուղից դուրս գալու հոգեկան բաւարարւածութիւնը, Քրիստոսի յարութեան օրինակից ենք սովորում մենք, որ դառնութեան բաժակը կամաւորաբար ըմպելուց յետոյ, Հօր աջ կողմը նստելու փառքին արժանացաւ, երկնային աննիւթեղէն գոյութիւնների ոգեղէն նւիրապետութեան երկրպագութիւնն ու խնդակցութիւնը ընդունելով (Հմմտ. Եբր. 8:1):

Տառապանքի ծոցում ճմլւող եւ կրակից պատրաստւած շապիկի մէջ կապկպւած ձեռքերով տանջահար մեր մարմինը երբ վերջապէս անշնչանայ մէկ օր, ցաւն ու վիշտը, լացն ու ողբը, աղի արցունքն ու կեանքի լեղին պիտի դադարեն ազդեցութիւն գործելուց մեր վրայ: Ոգեղէն այն մարմինը, որը զգենալու ենք յարուցեալ կեանքում, անխոցելի է լինելու մարդկային ձեռքերի միջոցով մեզ պատճառւող տանջանքներից: Այն ժամանակ, դեռեւս մեզ խորտակելու անյագ մոլուցքով լցւած մարդիկ երբ փնտրեն նոյնիսկ մեր դին կամ աճիւնները, գէթ սրբապղծելու համար, չեն գտնելու մեր մահւան փոսում, որովհետեւ հասարակաց դատաստանի առջեւ է կանգնելու իւրաքանչիւր մարդ, իր յարութեամբ հետեւելով մեռելներից յարութիւն առածների առաջնեկին՝ Քրիստոսին (Հմմտ. Ա. Կրն. 15:20):

Այս հաւատքի մէջ տկար մարդը, նոյնիսկ եթէ տառապանքով լի կեանքով է ապրում, չի՛ կարող լուսազգեստ հրեշտակի հետ աւետել Քրիստոսի Յարութիւնը, ասելով՝ «Չէ՛ աստ, քանզի յարեա՜ւ». իսկ Քրիստոսով յուսադրւած տառապողները, մինչեւ անգամ ննջածները շարունակելու են իրենց սրբասաց օրհներգութիւնը, փառաւորւելու խոր յոյսով: Նրանք միշտ հաւատքով ողջունելու են միմեանց այս կեանքում եւ հանդերձեալում, ասելով.

- Քրիստոս Յարեա՜ւ ի մեռելոց:

- Օրհնեա՜լ է Յարութիւնն Քրիստոսի, Ամէն:

ԳՐԻԳՈՐ ԵՊՍ. ՉԻՖԹՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Ս. Զատիկ - 21 Ապրիլ 2019

Ազգային առաջնորդարան, Թաւրիզ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։