Հա

Համայնք

20/04/2019 - 11:00

Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

«alikonline.ir» - Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Աւագ հինգշաբթի 18 ապրիլ 2019-ի առաւօտուն, Թաւրիզում եւ Ուրմիայում ս. պատարագ մատուցւեց ի յիշատակ Ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման վերնատան մէջ, Յիսուսի կողմից: Թաւրիզում Սուրբ պատարագը մատոյց հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիայում՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. աատարագի ընթացքում, ըստ Հայ Եկեղեցու աւանդութեան, քարոզի փոխարէն ընթերցւեց Սուրբ Բարսեղ Հայրապետի յորդորական աղօթքը, ուղղւած բոլոր ժամանակների քրիստոնեաներին՝ քահանաներին եւ ժողովրդին, մաքուր խղճմտանքով մօտենալու Սուրբ Հաղորդութեան խորախորհուրդ խորհրդին: Յորդորականը ընթերցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

Երեկոյեան ժամը 4-ին, տեղի ունեցաւ Ոտնալւայի արարողութիւնը, կատարողութեամբ հոգեւորականաց դասի: Առաջնորդ Սրբազանը ոտնալւայի կարգը Թաւրիզում կատարելով, տւեց իր պատգամը: Նա շեշտեց Քրիստոսի օրինակի մեծութիւնը: «Ցեխոտ, փոշոտ ու կեղտոտ ոտքերը, աշխարհի եւ աշխարհայինի, մեղքի ու յանցանքի մէջ խրւած լինելու մեր տխուր իրավիճակն են ներկայացնում»,- ասաց Սրբազանը եւ հոգեպէս զղջալու եւ մեր կատարած յանցանքների համար Աստծուց թողութիւն խնդրելու առիթ համարեց սոյն խորհրդալից արարողութիւնը: Ուրմիայում եւս, Տէր Հայրը իր քարոզում Քրիստոսի անսահման խոնարհութեան երեւոյթը շեշտեց, պատւիրելով նմանւել Նրան մեր բարեպաշտական կեանքում:

Այնուհետեւ կատարւեց ոտնալւայի արարողութիւնը: Առաջնորդ Սրբազանը եպիսկոպոսական իր հանդերձանքը հանելով, Քրիստոսի օրինակով մէկ ղենջակ կապեց, ու սկսեց Քրիստոսի տասներկու աշակերտները խորհրդանշող տասներկու անձերի ոտքերը լւանալ:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 8-ից մինչեւ կէս գիշեր տեղի ունեցաւ Խաւարման կարգը կամ ժողովրդական բացատրութեամբ «Լացի քիշեր»-ը Թաւրիզում եւ Ուրմիայում: Կարդացւեցին արարողակարգում նշւած խաչելութեան եօթը աւետարանական հատւածները: Ս. Սարգիս եկեղեցում բոլոր արարողութեանց երգեցողութիւնները կատարւեցին «Կոմիտաս» Դպրաց դաս երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ կրտսերաց Դպրաց դասի անդամները կատարեցին բուրվառակրութեան, մոմակրութեան եւ դպրութեան բոլոր պաշտօնները:

Ուրմիայում երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի»  երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի եւ մասնակցութեամբ դպրաց դասի անդամների: Ուրախալի էր երեւոյթը, երբ պարմանուհիներ մաս առ մաս կատարեցին աւետարանների ընթերցումը, նոր սերնդի մասնակցութեան գեղեցիկ օրինակ հանդիսանալով:

Իւրաքանչիւր աւետարանի ընթերցման աւարտին զոյգ մոմեր մարւեցին, խորհրդանշելով աշակերտների հետզհետէ հեռանալը Յիսուսի մօտից: Հաւատացեալ ժողովուրդը իւրաքանչիւր աւետարանի ընթերցման պահին դաստակի յատուկ թելի վրայ մէկ հանգոյց կապեց հին աւանդութեան հետեւելով, որպէսզի մինչեւ Համբարձում իր ձեռքի վրայ իբրեւ զօրութիւն պահպանի Աւետարանների պատգամները:

Յատկապէս Արեւմտեան Հայաստանի՝ Կիլիկիոյ քաղաքների եւ գաւառների եկեղեցիներից յիշատակ մեզ հասել է այս աւանդութիւնը, որը մեր եկեղեցու բարեպաշտական մէկ արտայայտութիւնը լինելուց բացի, մեր երազի հայրենիքի պահանջատիրութեան հետապնդումն է, միշտ անձնապէս յիշելու եւ ուրիշներին էլ յիշեցնելու մեր ազգային դատը, մեր կորուսեալ հայրենիքի վերադարձը իր իսկական տէրերին:

Տարւայ ամէնից խորհրդաւոր պահին, երբ եկեղեցու բոլոր ճրագները մարւեցին ու խաւար տիրեց, լսւեց Յիսուսի ողբը «Ո՞ւր ես մայր իմ» ողոգական ձայնով երբ նա Գողգոթայի բարձունքին մենակ էր մնացել իր տառապանքի մէջ, մարդկութեան փրկութեան ի խնդիր:

Եկեղեցու խորհրդաւոր մթութեան մէջ, առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը, շեշտելով դաւադրութեան, դաւաճանութեան ու մատնութեան խաթարիչ երեւոյթները մարդկութեան կեանքում: «Մենք երբեմն դժգոհում ենք երբ մենակ ենք մնում, մեր ընկերներն ու բարեկամները հեռանում են մեզանից: Պիտի յիշենք, թէ Յիսուսի մերձաւորները եւս հեռացան նրանից եւ մենակ մնաց նա Գողգոթայի բարձունքին: Միւս կողմից, դարձեալ դժգոհում ենք ու բողոքում, երբ մեր կեանքում հանդիպենք դաւադրութեան, երբեմն առանց իմանալու թէ ո՞վ է դաւադիրն ու մատնիչը: Պիտի յիշենք, որ Յիսուսի ամենից վստահելի տասներկու անձերից մէկը մատնեց նրան աւագ քահանաներին, որպէսզի դատապարտւի եւ խաչւի, եւ այն էլ՝ վասն երեսուն արծաթի»,- ասաց նա:

Մինչեւ ուշ գիշեր տեւած արարողութեան աւարտին, «Խաչի քո Քրիստոս» փառաբանական երգի երգեցողութիւնը կատարւեց եւ Կենաց Փայտի օրհնութեամբ արձակւեց բարեպաշտ ժողովուրդը ի խաղաղութիւն:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմը վշտակցում է Վեհափառ Հայրապետին Վեհամօր վախճանման տխուր առիթով

    Կիրակի, 15 սեպտեմբեր 2019 թ.-ին, 91 տարեկան հասակում Լիբանանում վախճանւեց մեր սիրեցեալ Վեհափառ Հայրապետի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի մայրը՝ Վեհամայր Լուսին Քեշիշեանը:

    Այս տխուր առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը յատուկ ցաւակցագիր ուղղեց Վեհափառ Հայրապետին, թեմի Պատգմաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային բոլոր կառոյցների ու ժողովրդի անունից վշտակցելով Նորին Սրբութեան եւ համայն հարազատներին:

  • Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի
    Խաչվերացի տօնը Ատրպատականի հայոց թեմում եւ ողջերթ Ուրմիայի հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի

    Մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի սուրբ խաչափայտի գերեդարձի տօնի՝ Խաչվերացի առիթով, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ եւ կատարւեց ռեհանազարդ խաչով անդաստան:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Դուգիդարա գիւղում

    Ատրպատականի ամէնից ընդարձակ եւ լեռնային խիստ բնութեամբ յատկանշւող շրջաններից է Ղարադաղը, որտեղ մեր թեմի անցեալի բնակավայրերի՝ գիւղերի եւ դրանցում գտնւած եկեղեցիների ու գերեզմանատների մասին ուսումնասիրութիւններ է կատարում առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Երկուշաբթի, 9 սեպտեմբեր 2019 թ.-ին, Սրբազան Հայրը մեկնեց Ղարադաղի Դուգիդարա գիւղը, ուսումնասիրելով տեղի եկեղեցին եւ գերեզմանատունը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը իր մասնակցութիւնն է բերելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» գիտաժողովին (6-7 սեպտեմբեր 2019, Երեւան)

    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը պաշտօնական հրաւէր ստացած լինելով Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի վարիչ՝ դոկտ. Վարդան Ոսկանեանի կողմից, որը անձնապէս Թաւրիզ էր այցելել եւ հանդիպում ունեցել Սրբազան Հօր հետ, մեկնեց Երեւան, իր մասնակցութիւնը բերելու եւ բանախօսելու «Սալմաստի պատմութիւնն ու մշակոյթը» խորագրեալ գիտաժողովին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։