Հա

Համայնք

22/04/2019 - 12:30

Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

«alikonline.ir» - Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

 

1. Թաւրիզում.-

Սբ. Զատկւայ տօնի առիթով, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Բերդաթաղի (Ղալա) Ս. Աստւածածին մայր եկեղեցում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, որը նաեւ այս առիթով տւեց իր պատգամը:

Ս. Խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ սարկաւագաց եւ դպրաց դասերի անդամները: երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Գործք Առաքելոցից Ճաշու Գրքի ընթերցումը կատարեց Էմելիա Աբրահամեանը:

Ս. Խորանին սպասարկում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ սարկաւագաց եւ դպրաց դասերի անդամները: երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Գործք Առաքելոցից Ճաշու Գրքի ընթերցումը կատարեց Էմելիա Աբրահամեանը:

Իր պատգամում, առաջնորդ Սրբազանը Սուրբ Յարութիւնից յետոյ Փրկչին առաջին երեւումը ներկայացնելով գերեզմանի պարտէզում, որտեղ ենթադրւել էր իր հետեւորդների կողմից թէ պարտիզպանն է, բացատրեց Փրկչին անմիջական ներկայութիւնը մեր կողքում, սակայն մեր կողմից ուշադրութեան պակասը նրա աստւածային ինքնութեան. «Մեր կեանքում, Աստծուն կամ Նրա ուղարկած ընտրեալ մարդկանց մենք դասում ենք երկրորդական մակարդակի անձերի խմբում, առանց անդրադառնալու, որ նրանք յատուկ նպատակով մեզ մօտ են ուղարկւել, Աստծու զօրութիւնը փոխանցելու մեզ»,- ասաց Սրբազանը: Նա այս առիթով ողջունեց թեմի բոլոր զաւակներին, որոնք իրենց ծառայական առաքելութեամբ վառ են պահում ազգային բոլոր կառոյցները Թաւրիզում, Ուրմիայում, Սալմաստում եւ այնտեղ որտեղ դեռեւս հայեր ապրում են մեր թեմի տարածքում:    

Ս. պատարագից յետոյ, Ղալայի մայր եկեղեցու շրջափակում բոլոր ներկաները մասնակցեցին հաւկթախաղի: «Արարատ»-ի Թաւրիզի մասնաճիւղի պատրաստած գունագեղ հաւկիթների առատ տրամադրումը մեծ խանդավառութիւն ստեղծեց աւագ թէ կրտսեր սերնդի մեր զաւակների մօտ, որոնք տօնի յատուկ այս խաղով ուրախացան:

Եկեղեցական արարողութիւնից յետոյ, գաւթի մուտքին առաջնորդ Սրբազանը ընդունեց բոլոր երեխաներին, Խնամակալ մարմնի կողմից պատրաստւած եւ տօնի խորհուրդը ուսուցող նւէրներ բաշխելով նրանց: Ապա, մանկական կերպարներ՝ նապաստակ եւ բադիկ ծպտազգեստով անձեր յանկարծ յայտնւեցին բակում, զւարճացնելով երեխաներին: Ապա, զատկական տօնի խորհուրդ իբրեւ, առաջնորդ Սրբազանը բերել տւել էր նորածին գառնուկ, որը շոյելու եւ սիրելու առիթ ունեցան երեխաները:

Նոյն օրը երեկոյեան ժամը 6-9-ի միջոցում, Առաջնորդ Սրբազանը եւ Ազգային իշխանութիւնը ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունեց այցելութիւնը ազգային միութիւնների, կազմակերպութիւնների, կրթական հաստատութիւնների, մշակութային ընկերակցութեանց, բարեսիրական միութեանց եւ անհատ ազգայինների, բարեմաղթութիւններ փոխանակելով նրանց հետ:

 

2. Ուրմիա.-

Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում  Զատկական  ս.  պատարագը մատոյց եւ յաւուր պատշաճի քարոզեց, ծխատէր՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեան:

Խորանին սպասարկում էր կրտսերաց դպրաց դասը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Կանուխ ժամերից ուրմիահայ հաւատացեալներ մեծ թւով ներկայ գտնւեցին ս. պատարագին եւ հաղորդւեցին Քրիստոսի մարմնով եւ արիւնով: Տէր հայրը իր քարոզում շեշտեց Յիսուսի փրկագործական խորհուրդը, որով նա մեղաւոր մարդկութեան համար յանձն էր առել խաչի մահը:

Եկեղեցու Խնամակալ մարմնի կողմից եկեղեցին յարդարւել էր տօնի յատուկ զարդարանքով, իսկ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի օրեր առաջ նախապատրաստւած լինելով հաւկթախաղին, գունագեղ հարիւրաւոր հաւկիթներ պատրաստել էր, որոնք շրջափակում յաւելեալ խանդավառութեան առիթ հանդիսացան:

Նշենք, թէ Զատկի նախորդ օրը՝ շաբաթ 20 ապրիլի երեկոյեան, Թաւրիզում եւ Ուրմիայում Ճրագալոյցի ս. պատարագ մատուցւեց եւ աւետւեց Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը: Յայտնենք, թէ Ճրագալոյցի առիթով ժամերգութիւն տեղի ունեցաւ նաեւ Գեարդաբադի Սբ. Գէորգ եկեղեցում, Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով:

Եկեղեցական արարողութիւնները եւ ազգային հնադարեայ աւանդութիւնները հոգեպէս զօրանալու առիթ հանդիսացան բոլոր մասնակցող հաւատացեալների համար: Եկեղեցին վերանորոգւեց, հայ հաւատացեալի ջերմեռանդ աղօթքով:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։