Հա

Համայնք

25/04/2019 - 10:20

Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

«alikonline.ir» - Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարեդարձի առիթով, հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, որի շրջափակում է գտնւում հայ ֆիդայիների աճիւնների վրայ կանգնած Նահատակաց յուշարձանը, Ալեքսանդր Թամանեանի նախագծմամբ:

Եպիսկոպոսական սուրբ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի: Խորանին սպասարկում էին սարկաւագաց եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

«Հայր Մեր»-ից առաջ Սրբազան Հայրը տւեց իր պատգամը, Քրիստոսի «ես եմ մի վախենաք» խօսքը բնաբան վերցնելով, որը ուղղւած տեսաւ մեր ազգին երբ նա տագնապի մէջ է յայտնւել պատմութեան հոլովոյթում. «Բոլոր ժամանակներում, Քրիստոնէութեան հետեւորդ մեր ազգը երբ հալածանքի եւ կոտորածի է ենթարկւել, իր ականջներում լսել է մեր Տիրոջ քաջալերող ձայնը որ ասում է՝ Ես եմ մի՛ վախեցէ՛ք: Այս քաջալերական խօսքն է որ պատճառ է հանդիսացել մեր ազգի տոկունութեան, որով նա կարողացել է փիւնիկի նման վերյառնել մոխիրներից, նոյնիսկ անապատի աւազներից եւ Ցեղասպանութեան անդարձ ճանապարհից…»,- ասաց Սրբազանը: Ապա, նա անդրադարձաւ աշխարհա-քաղաքական շահերի զոհ մեր ժողովրդի նահատակներին, ասելով որ նրանց արեան գինը սակարկութեան նիւթ չէ. «Մենք միշտ պատրաստ ենք երախտագիտութիւն յայտնելու եւ բարեկամ կոչելու այն ազգերին, որոնք ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը: Բայց նոյն Եւրոպան չէ՞ր որ մերժեց Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսին, երբ նա ափ էր առնում Եւրոպայի դռները, արդարութիւն աղերսելով…»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա նա կոչ ուղղեց թեմի բոլոր հայութեան, տէր կանգնելու մեր նահատակների կտակին. «Մեզ բաժին ընկած պարտականութիւնն է մեր սուրբ նահատակների կտակին հաւատարմութիւն, այսինքն՝ հաւատարմութիւն մեր կրօնին, մեր ազգին ու մեր հայրենիքին: Մենք ջարդւելով բնաջնջւող ժողովուրդ չենք: Մենք մեր հաւատքով, մեր մշակոյթով ու մեր պատմութեամբ դէպի յաւերժութիւն ընթացող ազգ ենք»,- եզրակցրեց Սրբազան Հայրը:

Սբ. պատարագի աւարտին սկաւուտական կանոնաւոր շարքերը կանգնեցին եկեղեցու ատեանում, յարգանքի կեցւածքով մասնակից դառնալու մայր խորանի վրայ տեղի ունենալիք Բարեխօսական կարգին: Սրբազան Հօր գլխաւորութեամբ ընթերցւեցին աղօթքներն ու յատուկ շարականները, որոնք մեր նահատակների սրբադասման առիթով խմբագրւել էին Հայ Եկեղեցու սրբադասման յանձնախմբի կողմից: «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքով յիշւեցին մեր մէկուկէս միլիոն Նահատակները, որոնք հաւատքի եւ հայրենիքի համար թափեցին իրենց սուրբ արիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի երդման արարողութիւնը տեղի ունեցաւ խմբապետների առաջնորդութեամբ:

Երդման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ ծաղկեմատոյց, երբ ներկայ ամբողջ ժողովուրդը մօտեցաւ յուշարձանին, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կողմից պատրաստւած ծաղիկները խոնարհելով Նահատակաց Յուշարձանին: Ապա, թեմում գործող բոլոր կազմակերպութիւններն ու միութիւնները մօտեցան Յուշարձանին, միասնական խոնարհումով յարգելով սրբերի լուսերամի անմահ ճանապարհորդ մեր նահատակների յիշատակը:

Պահանջատիրական պայքարի աննահանջ երթի իբրեւ ջահակիր, Ատրպատականում ապրող հայութիւնը իր բոլոր կազմակերպութիւններով, միութիւններով եւ ժողովրդական խաւերով, յարգանքի իր տուրքը ընծայեց մեր մէկուկէս միլիոն սուրբ զոհերին, վերանորոգելով իր հաւատարմութեան ուխտը, հանդէպ նրանց կտակին:

Յարակից լուրեր

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 12 հոկտեմբեր 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով:

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։