Հա

Համայնք

07/05/2019 - 13:00

Գնդ. Էմիլ Յակոբեանի «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» կոթողային գրքի շնորհանդէսը Թաւրիզում

Չորեքշաբթի 1 մայիս 2019-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, եւ նախաձեռնութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան ու համագործակցութեամբ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների տեսչութեան, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի շէնքի յարկի տակ տեղի ունեցաւ հանգուցեալ գնդապետ՝ ճրտ. Էմիլ Յակոբեանի հեղինակած «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» գրքի շնորհանդէսը, մասնակցութեամբ մեծ թւով թաւրիզահայերի եւ նոյն դպրոցի վաստակաւոր ուսուցիչ-ուսուցչուհիների։

«alikonline.ir» - Չորեքշաբթի 1 մայիս 2019-ի երեկոյեան, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, եւ նախաձեռնութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան ու համագործակցութեամբ Թաւրիզի հայոց ազգային դպրոցների տեսչութեան, Թաւրիզի ազգային «Թամարեան» դպրոցի շէնքի յարկի տակ տեղի ունեցաւ հանգուցեալ գնդապետ՝ ճրտ. Էմիլ Յակոբեանի հեղինակած «Թաւրիզի Հայկազեան-Թամարեան դպրոցի պատմութիւնը» գրքի շնորհանդէսը, մասնակցութեամբ մեծ թւով թաւրիզահայերի եւ նոյն դպրոցի վաստակաւոր ուսուցիչ-ուսուցչուհիների։ Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Իւրայատուկ շնորհանդէսի վայրը՝ որը գրքի պատմութեան կայացման իսկական տեղն էր, առաւել եւս շեշտում էր անցեալ պատմութեան անցած չլինելը, այլ նոր շնչով շնչաւորւած լինելը: Դպրոցի կամարակապ սրահի մէջ, դասարանների կողքում կազմակերպւած շնորհանդէսի բացման խօսքը արտասանեց Ռիթա Զարիֆեանը,  որից յետոյ գիրքը ներկայացրեց Միութեան վարչութեան եւ դպրոցների հոգաբարձութեան անդամ դոկտ. Վարդան Սիմոնզը, բացատրութիւններ տալով գրքի տարբեր բաժինների, դպրոցի գործունէութեան շրջանների եւ պատմական իրադարձութիւնների մասին, յատուկ ներկայացնելով դպրոցի հայ տեսուչների կենսագրական գծերը, ունեցած դերն ու աւանդը։ Դոկտ. Սիմոնզ պատեհ առիթ համարեց գրքի բովանդակութեան ճամբով, պատմութեան որոշ մանրամասնութիւններ լուսարձակի տակ բերելու, որոնք այլապէս մոռացութեան էին տրւելու:

Դոկտ. Սիմոնզ գրքի հեղինակի կենսագրական ամփոփ գծերը եւս ներկայացրեց, յատկապէս նոր սերնդին ծանօթացնելու այս մեծ հային, որ իր ապրած կեանքի մեծ մասը ազգային ծառայութեան անդաստանում անցկացրեց: Նա ասաց, որ հանգ. գնդ. ճրտ. Էմիլ Յակոբեանը (1924-2001) 55 տարի ամենայն նւիրւածութեամբ ծառայել է Ատրպատականի հայոց թեմի ազգային մարմիններում։ Մեծանալով իր հօրեղբօր՝ ազգային, հասարակական եւ կուսակցական գործիչ ու Թաւրիզի ազգային դպրոցի բազմամեայ ուսուցիչ եւ տեսուչ՝ Գասպար Յակոբեանի շնչի տակ, նրա մէջ կոփւել է ազգային նկարագիր։ Դեռ 17 տարեկանում նա ընտրւել է Թեմական խորհրդի կազմի մէջ եւ վարել ատենադպիրի, ապա եւ ատենապետի պաշտօնները։ Իր կեանքի վերջին տարիներին եւս զբաղեցրել է Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետի պաշտօնները եւ հենց առաջնորդարանի ժողովասրահում աւանդել իր հոգին։ Միաժամանակ աւարտած լինելով սպայական համալսարան, 33 տարի ծառայել է Իրանի բանակում, ստանձնելով պատասխանատու պաշտօններ, արժանանալով պարգեւատրումների եւ շքանշանների։

Նա եղել է Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ, Հայոց դպրոցի հոգաբարձու, «Ռոստոմ-Գասպար» գրադարանի տնօրէն, թեմի պատմական վանքերի նորոգութեան աշխատանքների գործօն մասնակից եւ ուխտագնացութիւնների կազմակերպման հիմնադիրներից։ Իր ազգային բոլորանւէր ծառայութիւնների համար արժանացել է «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ձեռամբ։

Նա մեծ սէր է ցուցաբերել Հայոց պատմութեան եւ գրականութեան հանդէպ. ընթերցել, ուսումնասիրել եւ ապա նաեւ գրել է պատմաբանասիրական աշխատութիւններ։ Նրա բազմաթիւ ուսումնասիրական յօդւածները տպագրւել են հայկական մամուլում եւ աշխատութիւնների մի մասը լոյս են տեսել։

Ապա հրաւիրւեց դպրոցի ներկայիս տեսչուհի Արմինէ Վահրամեանը, որը ուրախութիւն յայտնեց օրւայ առիթով, շնորհաւորելով հեղինակի ընտանիքին, ապա իր յուշերը պատմեց հանգ. Էմիլ Յակոբեանի հետ ունեցած համագործակցութիւնից՝ սկսեալ պատանի տարիքից Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար» գրադարանին կից պատանեկան ու երիտասարդական բաժանմունքում հանգուցեալի եւ մի քանի այլ ազգայինների ղեկավարութեամբ անցկացրած շրջանից եւ դաստիարակչական աշխատանքներից, մինչեւ ազգային կեանք անցնելն ու անդամակցելը թեմի Պատգամաւորական ժողովին եւ Թեմական խորհրդին։ Նա կարճ ակնարկ ունեցաւ Թաւրիզի կրթական անցեալին, նամանաւանդ օրիորդաց դպրոցների կառուցմանը եւ անդրադարձաւ Հայոց դպրոցի դաստիարակչական կարեւորագոյն դերին հայ պատանու ազգային նկարագրի կերտմանն ի խնդիր:

Յուզիչ ու միանգամայն գօտեպնդիչ եղաւ պահը, երբ իր սրտի խօսքը արտասանելու համար բեմ հրաւիրւեց հանգուցեալ հեղինակի դուստր եւ գրքի գլխաւոր խմբագիր՝ Անահիտ Յակոբեանը: Նա պատմեց իր հօր աշխատանքային առօրեայից, պատմութիւնը ուսումնասիրելու անյագ սիրուց, որ պատճառ էր դարձել սոյն գրքի պատրաստութեանը: Դժբախտաբար հեղինակը չտեսաւ դրա հրատարակութիւնը, սակայն այն իր կտակը հանդիսացաւ մեր թեմին եւ Թաւրիզի հայոց դպրոցին, որոնց հանդէպ պաշտամունքի հասնող սէր ունէր նա, ասաց Անահիտ Յակոբեանը: Նա բացատրութիւններ տւեց գրքի հրատարակման գործընթացի մասին, քանի որ իր ջանքերով եւ հետեւողականութեամբ էր իրականացել գրքի հրատարակումն ու նրա մէջ տեղ գտած տարբեր ժամանակաշրջանների պատկերների հաւաքագրումը։ Այս կապակցութեամբ նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն անձանց, որոնց օժանդակութիւնը վայելել էր արխիւային պրպտումի այս աշխատանքի ընթացքում։

Թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիրոր եպս. Չիֆթճեանը բեմ հրաւիրւելով «Հոգւոց» աղօթքը արտասանեց հանգուցեալ հեղինակի հոգու համար, կողքին ունենալով Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանին:  Ապա, նա օրհնեց գիրքը, որից յետոյ գրքի օրինակներից եւ «Թամարեան» շէնքի մանրակերտ արձաններից նւիրւեցին Թաւրիզում գործող բոլոր ազգային միութիւններին, հաստատութիւններին եւ Մարմիններին։ Նաեւ գրքից օրինակներ նւիրւեցին դպրոցում աշխատող եւ հանգստի կոչւած հայ ուսուցիչ-ուսուցչուհիներին ու հոգաբարձութեան հին ու նոր անդամներին, ինչպէս նաեւ կեանքից հեռացած ուսուցիչների ընտանիքների անդամներին։

Կոթողային սոյն հրատարակութեան շնորհանդէսը ողջունելով, առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց սոյն աշխատութիւնն իրականացրած հանգուցեալ հեղինակի ջանասիրութիւնն ու նւիրւածութիւնը համայնքի պատմութեան. «Բառարանային արժէք ունի այս գիրքը, որի միայն առաջին հատորն ունենք մենք մեր ձեռքերում այսօր: Այս դպրոցի պատմութիւնը սակայն չի՛ աւարտւում այս հատորով: Մեր հաւատքով, մեր կապւածութեամբ, մեր գործնական մասնակցութեամբ շարունակելու ենք լոյսի այս տան ուղին, նոր պատմութիւններ կերտելով ու նոր հատորներ աւելացնելով այս կոթողային գրքին»,- ասաց Սրբազանը: Ապա, նա հեղինակի մտաւորական արժանիքներին անդրադառնալով, ասաց. «Անձնապէս գնդ. Էմիլ Յակոբեանի հետ ծանօթութիւն չեմ ունեցել դժբախտաբար, ո՛չ էլ նրա հետ ազգային կեանքում գործելու պատիւն եմ ունեցել: Միայն մէկ առիթով Անթիլիասի Մայրավանքում զրոյց եմ ունեցել արխիւային նիւթերի շուրջ, եւ խօսել են Մելիք-Թանգեան Սրբազանի նամականիի մասին, որից ինք նիւթեր էր ուղարկում Կաթողիկոսարանի ՀԱՍԿ Հայագիտական տարեգրքի համար: Իմ ունեցած կարճ զրոյցը նրա հետ տպաւորել էր ինձ: Պարզւել է ինձ համար նրա ներհուն մտաւորականի եւ ազգի խնդիրներով սրտցաւ մարդու կերպարը:

Սրբազան Հօր քաջալերական խօսքերից յետոյ, ներկայ մշակութասէր ժողովուրդը դիտեց կազմակերպիչ յանձնախմբի կողից պատրաստւած լուսանկարչական ցուցահանդէսը, որը կազմւել էր գրքի էջերից քաղւած աշակերտութեան եւ ուսուցիչ-ուսուցչուհիների պատմական նկարներից:

Համալսարանական միութեան կողմից բոլոր ներկաները հիւրասիրւեցին, որի ընթացքում հանդիսականները առիթ ունեցան զրուցելու Թեհրանից եկած նախկին թաւրիզահայերի եւ միմեանց հետ, յիշելով իրենց մանկութիւնն ու վաղ երիտսարդութիւնը նոյն դպրոցի կամարների ներքեւ:

Յայտնենք որ գրքի հրատարակութիւնը տեղի է ունեցել Թեհրանի «Նայիրի» հրատարակչատան միջոցով, 2018 թւականի վերջերին։ Այն բաղկացած է 415 էջից եւ ներկայացնում է Թաւրիզի հայութեան ու Լիլաւա թաղի կրթական համառօտ պատմութիւնը, դպրոցների հիմնադրումն ու շէնքերի կառուցումը, տարբեր ժամանակաշրջանների անցուդարձերը, հոգաբարձութեան եւ ուսուցչական կազմերը, արձանագրութիւններ, տեղեկագրեր, զեկոյցներ, հայ տեսուչների եւ փոխտեսուչների կենսագրութիւնն ու գործունէութիւնը եւ ի վերջոյ, 1963-1997 թ. դպրոցն աւարտած աշակերտների անւանացանկը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։