Հա

Համայնք

12/05/2019 - 09:00

Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

Ուրբաթ, 3 մայիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի չորրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Ուրբաթ, 3 մայիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, «Տէրունական աղօթք»-ով բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի չորրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պատգամաւորների, ինչպէս նաեւ կրօնական եւ թեմական խորհուրդների հետ, սոյն ժողովին մասնակցելու յատուկ հրաւէրով Թեհրանից Թաւրիզ էր ժամանել Իրանի Իսլ. խորհրդարանում հիւս. իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Բացման աղօթքից յետոյ, Պատգամաւորական ժողովի ա. ատենապետ Արմինէ Վահրամեանը ողջունեց ներկաներին, հակիրճ անդրադառնալով օրւայ օրակարգերին եւ դրանք արդիւնաշատ քննարկման ենթարկելու մեթոդներին:

Նախորդ ատենագրութեան ընթերցումից եւ վաւերացումից յետոյ, Դիւանի առաջարկով քննարկութեան դրւեց այն հնգամեայ ծրագիրը, որը ներկայացւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան: Յայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնութեամբ, Կիլիկիոյ Հայրապետութեան բոլոր թեմերի վերակազմակերպման երկարաժամկէտ ծրագրեր են պահանջւել թեմերի ազգային իշխանութիւններից, որոնք յառաջատեսիլ մօտեցումով կարգաւորելու են նրանց յառաջիկայ տարիների ազգային-եկեղեցական գործունէութիւնը:

Դիւանի խնդրանքով, թեմակալ առաջնորդը լայն բացատրութիւն տւեց պատրաստւած թղթածրարի գծով, դրա եկեղեցական, կրթական, մշակութային, բարեսիրական եւ շինարարական կէտերին անդրադառնալով: Առհասարակ թեմի միութիւնների եւ կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ յարակից մարմինների գործունէութեան լայնածիր պատկերը ամփոփող սոյն թղթածրարը համատեղ աշխատանքն էր միութիւնների եւ կազմակերպութիւնների, որոնք իրենց հնգամեայ ծրագրերը ներկայացրել էին առաջնորդարան:

Դիւանը ներկաներին տեղեկացրեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Մայրավանքէն ճշտւած թւականով հրաւէր ստացած լինելով, մեկնելու է Անթիլիաս, առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ, այնտեղ Վեհափառ Հօր ներկայացնելու համար ամբողջական թղթածրարը:

Այնուհետեւ դիւանը իր որոշած օրակարգի հիման հետեւողաբար վարեց ժողովը: Երկրի տնտեսական ներկայ դժւարին կացութեան հետեւանքով ստեղծւած նոր իրավիճակը բոլորի մտահոգութիւնը լինելով, ժողովականներ միասնաբար ելքեր որոնեցին, յատկապէս պաշտօնէութեան եւ ընդհանրապէս ազգային առաջնորդարանի վարչական կեանքի անխաթար պահպանման ի խնդիր: Եղան առաջարկներ, լքւած կալւածները հասութաբեր դարձնելու հեռանկարով, որոնց մասին լայն բացատրութիւններ տրւեցին Թեմական խորհրդի կողմից, գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

Քննարկութեան նիւթ դարձան Սալմաստ գաւառի կալւածային առկախ խնդիրները, որոնք մանրամասնութեամբ ներկայացւեցին Սալմաստի պատգամաւոր Ռուբէն Տէր Պօղոսեանի կողմից:

Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ» աղօթքով եզրափակւեց ժողովը, որից յետոյ առաջնորդարանի սեղանատանը սիրոյ սեղան տրւեց ներկաներին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

  • Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում
    Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, որտեղ հաւաքւեցին թաւրիզահայեր ընտանեկան եւ բարեկամական խմբերով:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։