Հա

Համայնք

14/05/2019 - 11:00

Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

«alikonline.ir» - Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի գլխաւորած պատւիրակութեան մաս էին կազմում Պատգամաւորական ժողովի ատենապետ՝ Արմինէ Վահրամեանն ու Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը: Պատւիրակութիւնը երեկոյեան ժամը 4-ին ներկայանալով վերոյիշեալ ժողովին, նախապէս Պատգամաւորական ժողովի աշխատանքային բովից անցած նախածրագիրը ներկայացրեց Վեհափառ Հայրապետին եւ ժողովականներին:

Ողջունելով Ատրպատականի պատւիրակութեանը, Վեհափառ Հայրապետը ամփոփ անդրադարձաւ սոյն թեմի պատմական կարեւորութեանը, Հայ Եկեղեցու անդրա­նիկ թեմը լինելու իրողութեանը եւ եկեղեցական ու ազգային մեր պատմութեան համար այն բարձր նշանակութեանը, որով նա իր մէջ է ամփոփում մեր ազգի Լուսաւորիչ զոյգ առաքեալներից Սբ. Թադէոսի նահատակութեան սրբավայրը, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ սրբավայրեր:

Նորին Սրբութիւնը նաեւ պարզաբանեց աշխարհաքաղաքական այն իւրայատուկ դրւածքը թեմին, որով դարեր շարունակ հայ ժողովրդի զաւակները այս տարածաշրջանում խաղաղ համակեցութեամբ են գոյատեւել, տարբեր ազգերի ու կրօնների բազմագոյն միջավայրում:

Ատրպատականի առաջնորդ Գրիգոր Սրբազան ներածական ամփոփ զեկոյցով հանդէս եկաւ, թեմում բնակւող ժողովրդի տոկունութեան եւ իր ծննդավայրում արմատաւորւած լինելու իրողութեանն անդրադառնալով: Ազգային-եկեղեցական կեանքի բնականոն առօրեայի մասին խօսելով, նա իր երախտագիտութիւնը յայտնեց Իրանի Իսլամական Հանրապետութեան, այն առանձնաշնորհներին եւ դիւրութիւններին համար, որ հիւսիսային Իրանում, յատկապէս Ատրպատականում տրւում է մեր ժողովրդի զաւակներին:

Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը այնուհետեւ մանրամասն ներկայացրեց թեմի յառաջիկայ հնգամեայ գործունէութեան նախածրագիրը, դրա եկեղեցական, կրթական, մշակութային, միութենական եւ շինարարական տարբեր բաժիններով: Նախածրագիրը ընդգրկում էր թեմի հայաշատ զոյգ քաղաքների՝ Թաւրիզի եւ Ուրմիոյ, ինչպէս նաեւ Սալմաստի եւ այլ շրջանների աշխատանքային ծրագրերը, որոնցից ոմանք արդէն իսկ գործադրութեան նախնական փուլերում են գտնւում:

Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը մասնագիտական վերլուծումներով լուսաբանութիւն տւեց շինարարական բնագաւառի բոլոր նախածրագրերին, որոնցից ոմանք արդէն իսկ գործադրւել են, իսկ ուրիշներ իրենց նախնական քայլերն են վերցրել, հասութաբեր աղբիւրներ ստեղծելու համար թեմի գոյապահպանման: Աշխարհագրական սահմաններով ընդարձակ թեմի վերահսկողութեան դժւարութիւններին անդրադարձաւ նա, ցոյց տալով այն բացառիկ ճիգը, որը ի գործ է դրւում թեմում, հոգեւորական եւ աշխարհական մարդոյժի միացեալ աշխատանքով:

Պատւիրակութեան անդամները այնուհետեւ պատասխանեցին իրենց ուղղւած հարցերին, յատկապէս շեշտը դնելով Ատրպատականցի հայի իր հողերում մնալու եւ Հայաստանի սահմանակից հայութիւն լինելու գիտակից դերակատարութեանը վրայ:

Հանդիպման աւարտին, բոլոր ժողովականների ներկայութեան, Ատրպատականի հայոց թեմի անունից պատւիրակութիւնը Վեհափառ Հայրապետին նւիրեց Կիլիկիոյ Կաթողիկութեան զինանշանը կրող մետաքսահիւս թանկարժէք մէկ գորգ, հիւսւած Թաւրիզում, գորգարւեստի վարպետ Շաքէ Աբգարեանի ձեռամբ: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց սոյն նւիրաբերումը, որը հարստացնելու է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թանգարանի գորգարւեստի բաժանմունքի հաւաքածոն:

Նշենք, որ առաջնորդ Սրբազանը 7-9 Մայիս 2019-ին, Անթիլիասի Մայրավանքում մասնակցեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ նիստերին, իբրեւ անդամ սոյն մարմնին:

Յայտնենք, որ պատւիրակութիւնը շաբաթ 11 մայիս 2019-ի առաւօտեան նախաճաշի հիւրը եղաւ Նորին Սրբութեան եւ առանձին հանդիպում ունեցաւ նրա հետ: Ապա պատւիրակութիւնը նոյն օրը Թաւրիզ վերադարձաւ, հոգեպէս վերանորոգւած Հայ Եկեղեցու կենտրոնում եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Մայրավանքում լինելու բարի պատեհութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։