Հա

Համայնք

09/06/2019 - 08:20

Աատրպատականի հայոց թեմի առաջնորդը այցելեց Մահլազանի վերանորոգւող Սբ. խաչ եկեղեցին, Խոյում

Երեքշաբթի, 4 յունիս 2019 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ժամանեց Խոյ, ուղղւելու համար նախկին հայաբնակ Մահլազան գիւղը, որտեղի հայաբնակչութեան կողմից յաւերժական յիշատակ իբրեւ կանգուն է մնացել հայոց Սբ. Խաչ եկեղեցին:

«alikonline.ir» - Երեքշաբթի, 4 յունիս 2019 թ.-ի կէսօրին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան ժամանեց Խոյ, ուղղւելու համար նախկին հայաբնակ Մահլազան գիւղը, որտեղի հայաբնակչութեան կողմից յաւերժական յիշատակ իբրեւ կանգուն է մնացել հայոց Սբ. Խաչ եկեղեցին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Կանոնական աղօթքից յետոյ, առաջնորդ Սրբազանը տեղեկացաւ եկեղեցու վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Իսլամական Հանրապետութեան Հնապահպան հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ:

Առաջնորդ Սրբազան Հօր անդրանիկ այցը նոյն եկեղեցին տեղի էր ունեցել 2013 թւին, նոյն օրը՝ 4 յունիսին, երբ տեսնելով դրա անմխիթար ու լքեալ վիճակը, նա յոյս էր յայտնել, որ անպայման մէկ օր հերթը գալու էր քարաշէն սոյն եկեղեցու վերանորոգութեան, իբրեւ պատմական յուշարձան խոյեցի ու յատկապէս մահլազանցի հայերի:

18-րդ դարի կառոյց, քառանկիւն շինութեամբ եկեղեցու աղիւսաշէն գմբէթը քայքայւած լինելով, փուլ գալու վտանգի տակ էր գտնւում: Վարպետ որմնադիրը դրա թուլացած աղիւսների ամբողջ ծակտիկները վերստին լցրել էր, ամրացնելով ընդհանուր մարմինը, դրան նախապատրաստելով կրել քրիստոնէութեան խորհրդանիշ խաչը:

Եկեղեցու ներքնամասի սպիտակացրած պատերի գաջը տեղ-տեղ թափւած լինելով, ամբողջովին վերանորոգւել էր, պահպանելով գմբէթում գծանկարւած ճառագայթաձեւ կարմիր գծերը, որոնք երկու տեղ՝ ե՛ւ գմբէթի կենտրոնից ե՛ւ խորանի կիսակամարից իջնում են կամարաձեւ:

Կատարւած աշխատանքը սովորական վերանորոգում կարելի է անւանել, որովհետեւ եկեղեցու նախկին գաւթի բաժինը թողւել է կիսափուլ վիճակում: Այն եռակամար գաւիթը, որը երեւում է հին լուսանկարներում, պահպանւել է այնպէս ինչպէս որ է, այսինքն հիմքերից բարձրացող մէկուկէս մետրանոց սիւների ձեւով, որոնք յուշում են կամարակապ հաստարմատ գաւթի անցեալի շքեղութիւնը:

Եկեղեցին ցերեկ աչքով իսկ բաւարար լուսաւոր չէ, նեղլիկ եւ բարձրադիր պատուհանների պատճառով: Սրա համար, եւ գիշեր ատեն եւս այցելուներ ընդունելու հնարաւորութիւն ունենալու նպատակով, վերանորոգման ընթացքում պատերի եւ սիւների խորշերում ելեկտրական հոսանքով լոյսեր վառելու հնարաւորութիւն է ստեղծւել:

Եկեղեցու ընդհանուր սպիտակացման ծիրից ներս են մտել նաեւ բոլոր պատերի վրայ եղած խորշերը, որոնցից շատերը սրբանկարների պահարաններ են պատերի մէջ: Զոյգ աւանդատներն էլ իրենց պատերի խորշերով վերանորոգւել եւ սպիտակացւել են: Վերջապէս, դռների եւ պատուհանների ամբողջացումից, ինչպէս նաեւ խորանի քար-սեղանի զետեղումից յետոյ, կարելի է լինելու վերաօծման արարողութիւնը կատարել Սրբազան Հօր ձեռամբ:

Յոյս ունենք նաեւ, որ սոյն վերանորոգութիւնից յետոյ աւելի նւազելու են եկեղեցու կողքում գտնւող հայոց գերեզմանատան քարերի տակում գանձ փնտռելու պատճառով գործւած աւերները, գանձնախոյզների կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։