Հա

Համայնք

18/06/2019 - 11:00

Հանդիսաւոր ս. պատարագ Մուժումբար գիւղի Ս. Հռիփսիմէ եկեղեցում Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօնի առիթով

Երկուշաբթի, 17 յունիս 2019 թ.-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց նախկին հայաբնակ Մուժումբար գիւղը, Թաւրիզից 50 կմ. դէպի հիւսիս-արեւելք, որտեղ կանգուն է դեռ, ֆեդայական հերոսական անցեալ ունեցող գիւղի Սբ. Հռիփսիմէ պատմական եկեղեցին, տօնակատարելու համար նաեւ եկեղեցու անւան տօնը:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 17 յունիս 2019 թ.-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց նախկին հայաբնակ Մուժումբար գիւղը, Թաւրիզից 50 կմ. դէպի հիւսիս-արեւելք, որտեղ կանգուն է դեռ, ֆեդայական հերոսական անցեալ ունեցող գիւղի Սբ. Հռիփսիմէ պատմական եկեղեցին, տօնակատարելու համար նաեւ եկեղեցու անւան տօնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազան Հօր ընկերակցում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, եկեղեցու տիրացու բարշ. Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանը: Հաւատացեալների փոքրիկ մէկ խմբի ներկայութեան, առաւօտեան ժամը 11-ին սկիզբ առաւ եպիսկոպոսական հանդիսաւոր պատարագը, որը մատուցում էր թեմակալ առաջնորդը: Սուրբ պատարագի երգեցողութիւնը տասնամեակներ յետոյ նորից արձագանգում էր լայնանիստ սիւներով եռանաւ եկեղեցու սրբազան կամարների տակ:

4-րդ դարի հիմքեր ունեցող հեթանոսական մեհեանի վրայ 9-13-երորդ դարերի կառոյց հանդիսացող քարաշէն բերդանման եկեղեցու խորհրդաւոր կամարների տակ, հողածածկ երկթեք տանիքի կենտրոնում գտնւող լուսամուտից ներս ցաթող արեւի շողը լուսաւորում էր եկեղեցու ներքնամասը: Սբ. պատարագի սկզբին, մայր խորանի վրայ կատարւեց սրբապատկերի օծումը, շարունակելու համար եկեղեցական արարողութիւնը:

Սրբազան Հայրը Սրբալոյս Միւռոնը հեղուց սրւակի մէջ, ապա օծեց Սրբուհի Հռիփսիմէի պատկերի գագաթը եւ աջ ու ահեակ կողմերը: Այնուհետեւ նորօծ սրբապատկերը կախւեց Խորանի վրայ, եկեղեցու մեծանուն սրբուհիներից եւ Մուժումբարի եկեղեցու բարեխօս սրբի՝ Սուրբ Հռիփսիմէի յիշատակը յաւերժացնելով:

Խորանի երգեցողութիւնը կատարւեց Թաւրիզի հոգեւոր հովիւի միջոցով, իսկ պատարագի սրբազան երգեցողութիւնը կատարւեց ներկայ հաւատացեալ ժողովրդի կողմից:

Առաջնորդ Սրբազանը պատմական եկեղեցու սուրբ բեմից տալով օրւայ քարոզը, շարականի բառերը փոխ առնելով «Տօնեսցուք ստուգութեամբ ի հնձանս նոցունց, զի արբեալք լիցուք անմահական բաժակաւն…»,- ասաց, շնորհաւորելով ներկայ հաւատացեալներին, հոգեհարազատ Ատրպատականի հայոց թեմի պատմութեան հետ այսքան մօտկից հաղորդ լինելու բախտի համար:

Նախկին հայաբնակ Մուժումբար գիւղը հայաթափւել է անցած դարի կէսերին: Թուրքերով բնակւած գիւղի նորեկները յարգանքով են վերաբերւում հայերի թողած կարեւոր յիշատակի՝ Սբ. Հռիփսիմէ եկեղեցու հանդէպ: Երկրի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը եւս յատուկ հոգատարութիւն է ցուցաբերում կրօնական սոյն կառոյցի նկատմամբ, որտեղ ամէն տարի Սրբոց Կուսանաց տօնի առիթով եկեղեցական արարողութիւն է տեղի ունենում: Եկեղեցական սոյն արարողութեամբ վերաշնչեցին եկեղեցու պատերի աղօթաբոյր քարերը, երբ հոգեւորականաց դասը կատարեց Սրբոց Հռիփսիմեանց նւիրւած «Անձինք նւիրեալք» շարականը:

Սբ. պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, բոլոր ննջեցեալ մուժումբարցիների հոգւոց խաղաղութեան համար: Յատկապէս յիշւեցին այն երկու նահատակ ֆետայիները՝ Արտեմ Ռազմիկը եւ Նիկոլ Գանձակեցին, որոնք զոհւել էին Իրանի առաջին յեղափոխութեան տարիներին, թուրքական բանակի դէմ մարտերի ընթացքում, պաշտպանելու համար Սբ. Հռիփսիմէ բերդանման եկեղեցում ապաստանած գիւղի հայութեանը:

Յարակից լուրեր

  • 120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից
    120-ամեայ նամակ Սուրբ Թադէի վանքից

    Այս օրերին երբ պատրաստւում ենք մեր հաւատքի ծննդավայր Սուրբ Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութեան, վերանորոգելու մեր քրիստոնէական հաւատքն ու ազգային պատկանլիութիւնը, մեր աչքերը յետադարձ հայեացքով սեւեռում ենք վանքի ժամանակակից պատմութեան, հաղորդւելու անցեալով եւ տեսնելու այն անձուկ կացութիւնը որին մատնւել էր հոգեւոր եւ ազգային այս կենտրոնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում

    Մեր թեմի տասնամեակներից ի վեր հայաթափւած տարածքներում, գաւառներում ու գիւղերում բազմաթիւ են այնպիսի յիշատակներ՝ եկեղեցիներ, դպրոցներ եւ գերեզմանատներ, որոնք պատմական անցեալի մշուշից դուրս է բերում թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հետազօտական այցելութիւններ տալով հեռաւոր շրջաններ: Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին Սրբազան Հայրը այցելեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)
    Եռօրեայ ուխտագնացութիւն դէպի Սբ. Թադէոս առաքեալի վանք (25, 26 եւ 27 յուլիս 2019 թ.)

    Այսու յայտնում ենք սիրելի ուխտաւոր հաւատացեալներին, թէ այս տարի Սբ. Թադէոս Առաքեալի Վանքի Ուխտագնացութիւնը բարձր արտօնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի տեղի է ունենալու յուլիս ամսի 25, 26 եւ 27-ին (3, 4 եւ 5 մորդադ) կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։