Հա

Համայնք

23/06/2019 - 11:30

Թաւրիզի հայոց ազգային դպրոցի ամավերջի հանդիսութիւն. «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրւեցին՝ տեսչուհի Արմինէ Յովսէփեանuը, Ռիմա Աղաջանեանը եւ Անահիտ Յակոբեանը

Հինգշաբթի 20 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ Թաւրիզի Ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցի 2018-2019 տարեշրջանի փակման եւ վկայականաց բաշխման հանդիսութիւնը:

«alikonline.ir» - Հինգշաբթի 20 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, տեղի ունեցաւ Թաւրիզի Ազգային «Թամարեան-Սահակեան» դպրոցի 2018-2019 տարեշրջանի փակման եւ վկայականաց բաշխման հանդիսութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսութեանը Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, ուսուցիչներ եւ ծնողներ, ինչպէս նաեւ Հայ դպրոցի առաքելութեան եւ գաղութի կեանքում դրա առանցքային դերին հաւատացող հայորդիներ:

Հայերէնի ուսուցչուհի Լուսիկ Դանղեան կատարեց բացման խօսքը, գոհունակութեան անբացատրելի զգացում արտայայտելով հայոց դպրոցի մէկ տարեշրջան եւս եզրափակելու ուրախ առիթը ողջունելով. «Դպրոցական տարեշրջանի աւարտը խորհրդանշող հանդիսութիւնը ունի հրաշալի խորհուրդ. այսօր աշակերտները մի քանի ամսով հրաժեշտ են տալիս դպրոցին: Այսօր դասերի եւ դասամիջոցների եւ գրաւոր աշխատանքների, քննութիւնների անվերջանալի թւացող ուղին աւարտւած է: Չմոռանանք որ ամէն սկիզբ աւարտ ունի, բայց ամէն աւարտ մի նոր սկիզբ է…»:

Այս տարի դպրոցի աշակերտութիւնը իբրեւ բեմական ելոյթ պատրաստել էր Թաւրիզ քաղաքի հայկական կեանքի պատմութեան մասին տեղեկատւական ամփոփ ծրագիր: Աշակերտ-աշակերտուհիներ հերթաբար ելոյթ ունեցան, կարճ պարբերութիւններով անգիր ներկայացնելով Թաւրիզ քաղաքի պատմութեան վերաբերող հատւածներ, քաղաքում հայկական ներկայութեան առաջին նշոյլներից, մինչեւ եկեղեցաշինութիւն, Ատրպատականի վանքերի պատմութիւն, թեմի հոգեւորական եւ աշխարհիկ ղեկավարման կանոնագրութիւն, թեմում գործող Միութիւնների եւ Կազմակերպութիւնների գործունէութիւն եւ այլ հետաքրքրական մանրամասնութիւններ: Աշակերտներից ոմանք չորս հոգանոց խմբական երգերով, իսկ ոմանք էլ անհատական ասմունքներով հանդէս եկան, գեղարւեստական յայտագրին տալով իւրայատուկ որակ:

Գեղարւեստական ծրագրի ընթացքում դպրոցի երգչախումբը կատարեց մի քանի երգեր, որոնք բծախնդրօրէն եւ անսակարկ աշխատանքով սովորեցրել էր դպրոցի երգչախմբի երաժիշտ-ղեկավար Ռագնէթ Սաֆարեանը:

Շրջանաւարտ դասարանի աշակերտները, որոնք բեմավարութիւնը ստանձնել էին, յատկապէս Նարէ Սայեադեանը եւ Մեղմիկ Ոսկանեանը, մէջընդմէջ խոնարհագոյն գզացմամբ երախտագիտութիւն յայտնեցին տեսչութեան, ուսուցչակազմին եւ յարակից կառոյցներին, խոստանալով միշտ յիշել Հայոց դպրոցը իրենց ողջ կեանքում:

Այնուհետեւ Սաթիկ Բաբայեան ներկայացրեց պարսկերէն եւ հայերէն առարկաներում յաջողութիւններ արձանագրած աշակերտների անւանացանկերը, որոնք հանդիսութեան ընթացքում գնահատւելու էին: Նա նաեւ ներկայացրեց ուսումնական տարւայ բարոյական զեկոյցը եւ կազմակերպւած մշակութային ձեռնարկների եւ ազգային տօների ամփոփումը, որոնց մասնակից էին եղել ե՛ւ աշակերտութիւնը ե՛ւ համայնքի զաւակները: Յիշատակութեան արժանացան նաեւ տեսչուհու եւ ուսուցչակազմի արձանագրած յաջողութիւնները պետական կրթական խորհրդի աշխատանքներում:

Տեսչական խօսքով եւ ապա նիւթական զեկոյցով հանդէս եկաւ հայոց դպրոցի տեսչուհի՝ Արմինէ Յովսէփեանը. «Այս փոքրիկները մէկ կրթական տարեշրջան փայլուն ներկայացան: Ուստի, իրենց փայլուն աշխատանքի, ուսուցման կարգի եւ իրենց տքնաջան գործի համար, նրանք արժանի են մեր բոլորի գնահատանքին: Քիչ առաջ այս բեմում ներկայացրեց իրենց նիւթը եթէ նկատի միայն ունենանք, առանց նրանց ունեցած ուսումնական յաջողութիւններին, արդէն իսկ բաւարար է, որ վստահ լինենք, թէ նրանք միշտ փայլունը եւ լաւագոյնն են կատարում: Ի սրտէ, յուզումնախառն զգացումներով շնորհաւորում եմ բոլորին: Երեսուն տարին քիչ է որ բոլորեմ, սակայն ինձ թւում է, որ այսօր մեր փոքրիկներին պիտի շնորհաւորենք մենք, ինչպէս նաեւ նրանց ուսուցիչներին, ծնողներին եւ ի վերջոյ շնորհաւորենք Հայ դպրոցին: Նրանք Հայ դպրոցը պահեցին իր բարձրութեան վրայ:

«Այս տարւայ մեր բեմական ներկայացումը Թաւրիզահայ համայնքի մասին էր: Երեխաները դժւար թւականներ եւ պատմութեան երբեմն մանրամասնութիւններ ի մտի պահելը ամէն մարդու գործ չէ: Սա ցոյց է տալիս, որ մեր նոր սերնդի զաւակները իրենց վտիտ ուսերի վրայ վերցրել են արդէն Թաւրիզահայ համայնքը, իր բոլոր դժւարութիւններով ու նախաձեռնութիւններով»:

Վերջապէս Արմինէ Յովսէփեանը կոչ ուղղեց միասնակամ լինել, հակառակ երբեմն գոյութիւն ունեցող տարաձայնութիւններին:

Իր խօսքի ընթացքում, տեսչուհի Արմինէ Վահրամեանը ներկայացրեց նիւթական զեկոյցը, որը երկրի ներկայ տնտեսական դժւարին պայմաններում, հերոսական ջանքերով ի կատար էր ածւել:

Շրջանաւարտից սոյն հանդիսութեան կարեւորագոյն պահին, աւարտական դասարանի երեք աշակերտները՝ Անտրու Մկրտիչեան, Մեղմիկ Ոսկանեան եւ Նարէ Սայադեան բեմ հրաւիրւեցին, ստանալու համար իրենց վկայականները Սրբազան հօր ձեռամբ: Բեմում առաջնորդ Սրբազանի կողքին էին Թաւրիզի հոգեւոր հովիւը, Պատգամաւորական ժողովին անդամ դոկտ. Արա Մելիքեանը, Թեմական խորհրդի անդամներ՝ Համազասպ Ոսկանեանը եւ Ալէն Սայադեանը, Հոգաբարձութեան նախագահ Հենրիկ Սայադեանը եւ անդամ դոկտ. Վարդան Սիմոնզը: Դպրոցի աշակերտներից նրանք ովքեր հայերէն եւ պարսկերէն առարկաներում, ինչպէս նաեւ արւեստի եւ մարզական բնագաւառում յաջողութիւններ էին արձանագրել, գնահատւեցին յատուկ վկայագրերով եւ նւէրներով:

Տեսչութեան կողմից շնորհակալութեան խօսք լսեցին եւ նւէրով գնահատւեցին համակարգչային հարցերում դպրոցին օգտակար հանդիսացած Համլէթ Նազարբէգեանը, հիւանդապահուհի Նանի Շահմուրադեանը, գրադարանավարներ՝ Միշա Բուդաղեանը, Շաքէ Ջանանեանը եւ Վահագն Տէր-Պետրոսեանը: Գիւղատնտեսութեան ճարտարագէտ Գագիկ Ջորջեանին եւս շնորհակալութիւն յայտնւեց, իր աշխատանքի բնագաւառներում Հայոց դպրոցին օժանդակելու համար: Մասնաւոր շնորհակալութիւն յայտնւեց եւ նւէր յանձնւեց Ռագնէթ Սաֆարեանին, որ սիրայօժար ստանձնել էր դպրոցի երգչախմբի վերակազմաւորման աշխատանքը եւ երկրորդ տարին լինելով բեմ էր բարձրացրել աշակերտներին: Յատկապէս գնատահւեցին նաեւ ծնողական խորհրդի անդամներ, որոնք իրենց երկրորդ տունն են դարձրել Հայոց դպրոցը: Նշենք, որ սրահի պատասխանատու Մօսիկ Ալեքսանեանը եւ ձայնի հաղորդավար Վարդան Սարգիսեանը իրենց աշխատանքը կատարեալ նախածրագրել էին, հանդիսութեան յաջողութիւնը ապահովելով:

Ապա տեղի ունեցաւ վկայականաց բաշխումը աւարտական դասարաններին եւ Ուղեցոյց օղակ բարձրացող աշակերտների համար, վկայագրի ձեւով:

Հանդիսութեան եզրափակիչ եւ օրհնութեան խօսքը ասաց առաջնորդ Սրբազանը, գնահատելով բոլորի նւիրեալ աշխատանքը, ինչպէս նաեւ օրհնելով բոլոր աշակերտներին. «Մնայուն աշակերտներ ենք այս կեանքում: Դասարաններում դաս սովորելուց յետոյ, կեանքի մէջ կարեւոր սովորելիքներ ունենք: Մարդ ճանաչելու դասը, ամէնից դժւար առարկաներից մէկն է «կեանքի դպրոց»ի: Գիրք կարդալը, ասում են, չորս ամսից կը սովորես, բայց «մարդ կարդալ» սովորելու համար, երբեմն քառասուն տարի իսկ բաւարար չէ», ասաց Սրբազանը: Ապա, նա կոչ ուղղեց բոլորին, ծնող¬ներից սկսած մինչեւ համայնքի պատասխանատուներին, ասելով. «Մէկ աչքով չնայենք այս աշակերտներին: Սրանք են մեր ապագան: Երկու աչքով նայենք նրանց, նոյնիսկ եթէ նրանք այժմ օգուտ չեն տալիս մեզ: Ո՞ր մէկ տնկին առաջին օրւանից պտուղ կտայ: Բոլորն էլ ժամանակի կը կարօտեն: Այնշթայնը չորս տարեկանում խօսել սկսել է, եօթ տարեկանում կարդալ սովորել է…: Ժոզէֆ Բեթհովէնը դադաղ լինելու պատճառով յուսահատւել են…: Ուալթ Դիզնիին գործից դուրս են դրել նոր գաղափարներ չունենալու համար…: Էտիսընին դպրոցից դուրս են դրել թոյլ աշակերտ լինելու պատճառով…: Բայց այս մարդիկ աշխարհին նոր ընթացք տւեցին ամէն իմաստով»,- ասաց Սրբազանը, գնահատելով նոր սերնդի աշխոյժ ներկայութիւնը համայնքի կեանքում:

Առաջնորդ Սրբազանը գնահատելով ուսման ու կրթութեան ոլորտում գործող բոլոր անձանց նւիրեալ աշխատանքը, յայտնեց որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանքի էր արժանացրել երեք անձնաւորութիւնների՝  Թաւրիզի  Հայոց  դպրոցի տեսչուհի Արմինէ Յովսէփեան-Վահրամեանին, գիւղատնտեսութեան ճարտարագէտ Ռիմա Աղաջանեանին եւ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան նախագահ՝ Անահիտ Յակոբեան-Մելիքեանին, նրանց շնորհելով «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Սրբազան Հայրը իր սրտի խօսքը արտասանելուց յետոյ պարգեւատրւող երեք անձերի նւիրաբերման մասին, ընթերցեց Նորին Սրբութեան կոնդակները եւ իւրաքանչիւր պարգեւատրեալի լամբակին զետեղեց Վեհափառ Հայրապետի ուղարկած շքանշանը: Պարգեւատրեալները յուզումով եւ երախտագիտութեան բորբ զգացումներով ընդունեցին Հայրապետական գնահատանքը: Առաջնորդ Սրբազանը դարձեալ խօսք առնելով ասաց.- «նման գնահատանքներ աւելի պարտաւորեցնող են դարձում այն ստացողներին, առաւել նւիրումով փարելու մեր ազգային սրբութիւններին՝ ազգին, եկեղեցուն, Հայ դպրոցին ու Հայ մշակոյթին, որոնցով է ծաղկում հայ կեանքը, ապահովելու համար մեր ժողովրդի յաւերժութիւնը»:

Ներկայ հանդիսականների եւ ընդհանրապէս թեմի զաւակների համար սոյն հանդիսութիւնը եւ կատարւած պարգեւատրումները խթան հանդիսացան առաւել նւիրումով ու զոհաբերութեան ոգով ծառայելու ազգին, եկեղեցուն եւ յատկապէս նոր սերնդին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ եւ Սրբազնագոյն Հայրապետի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի պաշտօնական յատուկ նամակով շնորհաւորեց Նորին Սրբութեան, Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի սրտին թարգմանը հանդիսանալով:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը եզրափակեց իր 2018-2019 կրթական տարեշրջանը
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը եզրափակեց իր 2018-2019 կրթական տարեշրջանը

    Չորեքշաբթի, 12 յունիս 2019 թ.-ին, բարձր հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապարտէզի 2018–19 տարեշրջանի աւարտական հանդէսը եւ վկայականաց բաշխումը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։