Հա

Համայնք

25/06/2019 - 10:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից «Կիլիկեան ասպետ»-ի կարգի շքանշան՝ կրթօջախի բարերարուհի՝ Էլպիս Գասպարեանին

Շաբաթ, 22 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի փառապանծ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում:

Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամավերջի հանդէսը

 

«alikonline.ir» - Շաբաթ, 22 յունիս 2019 թ.-ի երեկոյեան ժամը 8-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը եզրափակեց իր ուսումնական-կրթական տարին, ամավերջի փառապանծ հանդիսութեամբ, որը տեղի ունեցաւ Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ տեղի ունեցած հանդիսութեան ներկայ գտնւեց Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շէնքի բարերար ընտանիքի դուստր՝ Էլպիս Գասպարեան-Արզումանեանը, որը շարունակելով իր հօր եւ եղբօր՝ հանգուցեալներ՝ Արսէն եւ Ռաֆֆի Գասպարեանների 50 տարիներ առաջ կատարած բարերարութեան աշխատանքը, մեծապէս օժանդակում է կրթօջախին, իր կարեւոր ներդրումը ունենալով դրա կրթադաստիարակչական եւ շէնքի վերանորոգման բոլոր ծախսերին: Բարերարուհուն Թեհրանից ընկերանցում էին ընտանեկան հարազատներ՝ Ռուբինա Ղարակէօզեանը եւ տէր եւ տիկին Հենրիկ եւ Շաքէ Ահարոնեանները:

Հանդիսութեանը ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան ներկայացուցիչներ՝ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը, Թաւրիզում գործող ազգային միութիւնների եւ կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ ու հարազատներ:

Բացման խօսքը կատարեց, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ատենապետուհի Անահիտ Յովսէփեան, նշելով որ սոյն հանդիսութիւնը մի գեղեցիկ էջ պիտի աւելացնի Ատրպատականի Հ.Օ.Մ.-ի 129-ամեայ պատմութեան մատեանում. «129 տարի իրանահայութեան մէջ կեանք ունեցող Հ.Օ.Մ.-ի գործունէութեան անբաժանելի մասն է եղել, ու շարունակում է մնալ կրթական գործը, որպէս անյետաձգելի եւ անբեկանելի աշխատանք»: Ատենապետուհին հակիրճ ակնարկով ներկայացրեց Ատրպատականի աթոռանիստ Թաւրիզում Հ.Օ.Մ.-ի ծաւալած հարիւրամեայ աշխատանքը, կանանց տարբեր-տարբեր անուններով ծնունդ առած միութիւնների ճամբով, որոնք ի վերջոյ միանալով եկել են մէկ երդիկի տակ՝ Հ.Օ.Մ.-ի մեծ ընտանիքի անւան ներքոյ: Անահիտ Յովսէփեան յատկապէս ողջունեց բարերար ընտանիքի անդամ եւ ինքնին կրթօջախի բարերար Էլպիս Գասպարեան-Արզումանեանի ներկայութիւնը սոյն հանդիսութեան, որով պատււած էր Հ.Օ.Մ.-ի ընտանիքը եւ թաւրիզահայութիւնը ընդհանրապէս: Ատենապետուհին վարչութեան անունից շնորհակալութիւն յայտնեց կրթօջախի ուսուցչական կազմին եւ պաշտօնէութեան, ինչպէս նաեւ բոլոր այն անձանց որոնք օժանդակել էին սոյն ծրագրի կազմակերպական աշխատանքների յաջողութեան:

Վարագոյրը բացւելուն, իրենց փոքրիկ աթոռակների վրայ երեւեցին երեխաները, որոնք մէկ քանի վայրկեան յետոյ միացան իր թովիչ ձայնով բեմը ծաղկեցնող Ռեբեքա Սարգիսեանի երգին, Սիլւա Կապուտիկեանի «Խօսք իմ որդուն» քերթւածի իմաստալից բառերով. «Ու տե՛ս, որդի՛ս, ո՛ւր էլ լինես, այս լուսնի տակ ո՛ւր էլ գնաս, թէ մօ՛րդ անգամ մտքից հանես՝ քո մայր լեզուն չմոռանա՛ս…»:

Հանդիսութեան գեղարւեստական բաժնի բացումը կատարելով, ուսուցչուհի Նայիրի Դիլանեանը ներկայացրեց իւրաքանչիւր երեխայի նկարագրային ածականը, որով նա ճանաչւել էր կրթական կեանքի դասարանային օրերին: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց իր պաշտօնակիցներին՝ Անի Դիլանեանին, Կարէն Սարգիսեանին, օգնականուհի Կարինէ Գրիգորեանին եւ յատկապէս Հ.Օ.Մ.-ի վարչութեան, հաւաքական ուժերով աշխատանքը յառաջ տանելու համար ամբողջ տարեշրջանի ընթացքում:

Գեղարւեստական ծրագրի ընթացքում երգերով եւ արտասանութիւններով, կրթօջախի երեխաները ներկայացրին իրենց սովորածները, ղեկավարութեամբ իրենց ուսուցիչներին՝ Նայիրի եւ Անի Դիլանեանների եւ երգի ուսուցիչ՝ Կարէն Սարգիսեանի, որը երգեհոնով նւագակցում էր բոլորին:

Հանդիսութեան շքեղ մասը կազմեցին Ալիս եղոյեանի եւ Միրօ Աբրահամեանի մենակատարութիւնների ազգասիրական եւ հայրենասիրական երգով, որոնց երգեհոնով ընկերակցում էր Կարէն Սարգիսեանը: Բեմի փայլը աւելացաւ, երբ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի «Տաթեւ» պարային համոյթի մեծերն ու փոքրերը հերթաբար խանդավառեցին ներկաները, համաչափ պարերով, հայկական մշակոյթի ակունքը բացելով բոլորի դիմաց: Պարերի ընդմիջման ընթացքում հայրենասիրական ասմունքով հանդէս եկաւ շնորհալի ասմունքող Նայիրի Դիլանեանը:

Կարճ դադարից եւ ընդհանուրի հիւրասիրութիւնից յետոյ, ծրագրի երկրորդ բաժնում վկայականաց բաշխման արարողութիւնը կատարւեց: Բեմ հրաւիրւեցին առաջնորդ Սրբազանը եւ մասնաճիւղի ատենապետուհին, որոնք նախակրթարանի առաջին դասարանի չորս շրջանաւարտներին յանձնեցին վկայականները, իսկ մանկապարտէզի ութ աշակերտներին՝ իրենց շրջանաւարտութեան վկայականները: Նրանք աջահամբոյրով առաջնորդ Սրբազանին ձեռամբ ստացան իրենց վկայականները:

Առաջնորդ Սրբազանը իր պատգամը սկսեց յուզումնախառն բառերով, խնդրելով Աստծուց որ իր մանկութիւնը յետ վերադարձնի իրեն. «Գուսան Աշոտը Հով սարերից եւ Մով սարերից խնդրում է մանկութիւնը իրեն վերադարձնել ծաղիկներից: Մանկութեան անհոգութեան եւ մեր ծնողնրի հովանաւորութեամբ ապրելու օրերը ո՞վ պիտի չուզենար յետ ստանալ: Սակայն բոլորս էլ իմանում ենք, որ ի՛նչ էլ իբրեւ փոխարժէք տանք, դրանք յետ չեն վերադառնար մեզ», ասաց Սրբազան Հայրը, բարձր գնահատելով ամբողջ տարւայ ընթացքում կրթօջախի կազմի եւ Հ.Օ.Մ.-ի վարչութեան կատարած աշխատանքը:

Սրբազանը դրւատիքի խօսքերով դիմելով բարերարուհի Էլպիս Գասպարեանին, ասաց թէ սոյն երեկոն ի պատիւ նրան, ուզում է վերնագրել «Պատիւս արժանաւորաց» տիտղոսով. «Հաւատացեալ բառը միայն իր կրօնական տարազաւորումով պիտի չըմբռնենք: Իւրաքանչիւր գործի յաջողութեան համար հաւատք է պէտք եւ նւիրում»,- ասաց Սրբազանը եւ վերյիշեցրեց յիսուն տարիներ առաջ ազգային բարերարներ Արսէն եւ Ռաֆֆի Գասպարեանների հաւատաւոր գործը՝ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շէնքի կառուցումը, որոնց բարերարութիւնը շարունակողն է նրանց դուստր եւ քոյր՝ Էլպիս Գասպարեան-Արզումանեանը:

Սրբազան Հայրը իր խօսքերի աւարտին յայտնեց, թէ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մտայղացմամբ որոշւել էր արժանի պատիւ ընծայել Էլպիս Գասպարեան-Արզումանեանին, որ իր հօր եւ եղբօր՝ հանգուցեալներ Արսէն եւ Ռաֆֆի Գասպարեանների ազնւական գործի շարունակողն էր հանդիսանում, միշտ իր ուշադրութեան կենտրոնում ունենալով «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանը Թաւրիզի: Առ այդ նրանք յատուկ նամակով դիմելով իրեն, խնդրել էին Հայրապետական բարձր տնօրինութեամբ արժանի շքանշանի շնորհում բարերարուհուն: Ուստի Սրբազան Հայրը յայտնեց, որ որդիաբար խնդրամատոյց էր եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին, եւ Նորին Սրբութիւնը «ԿԻԼԻԿԵԱՆ ԱՍՊԵՏ»-ի շքանշանով պարգեւատրում է Էլպիս Գասպարեան-Արզումանեանին: Ապա, Սրբազան Հայրը բեմ հրաւիրելով բարերարուհուն, յոտընկայս ունկնդրող հանդիսականների առջեւ ընթերցեց Նորին Սրբութեան սրբատառ կոնդակը, որտեղ Վեհափառ Հայրապետը իր վկայութիւնն էր բերում Էլպիս Գասպարեանի բարերարական ընտանեկան աւանդութեան մասին, իր երջանկայիշատակ նախորդներէն Տ.Տ. Խո­րէն Ա կաթողիկոսի կողմից բարերար հօրը եւ եղբօրը պարգեւատրումը վերյիշելով նոյն՝ «ԿԻԼԻԿԵԱՆ ԱՍՊԵՏ»-ի կարգի շքանշանով: Վեհափառ Հայրապետը նաեւ կարեւորութեամբ շեշտում է Էլպիս Գասպարեանի հայրենասիրական ոգին, որով նա Հայաստանում եւս մէկ քանի դպրոցների վերանորոգման բարերարն է հանդիսացել, ի յիշատակ իր հանգուցեալ ամսունու՝ Խաժակ Արզումանեանի:

Ի վերջոյ Սրբազան Հայրը Վեհափառ Հայրապետի կողմից իրեն տրւած քաղցր պարտականութիւնը կատարելով, Էլպիս Գասպարեան-Արզումանեանի լամբակին զետեղեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «ԿԻԼԻԿԵԱՆ ԱՍՊԵՏ»-ի շքանշանը, ներկայ հանդիսականների որոտընդոստ ծափողջոյնների ներքոյ:

Հ.Օ.Մ.-ի վարչութիւնը, «Տաթեւ» պարային համոյթի ծնողները եւ անդամները առանձին-առանձին նւէրներով պատւեցին պարգեւատրեալ բարերարուհուն, նրան յայտնելով իրենց յարգանաց հաւաստիքը:

Հանդիսութիւնից յետոյ, «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի շքեղ շէնքի հաւաքավայրում ընդունելութիւն տեղի ունեցաւ, որը ձեռնհասօրէն վարեց Կարէն Սարգիսեանը: Առաջնորդ Սրբազանը այս առիթով եւս իր բարձր գնահատանքը յայտնեց «ԿԻԼԻԿԵԱՆ ԱՍՊԵՏ»-ի շքանշանակիր բարերարուհուն եւ նրան ընկերկացող հիւրերին, նրանցից իւրաքանչիւրին նւիրելով իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի առաջին հատորից: Նւէրները հիւրերին յանձնւեցին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանի կողմից:

Երեկոյի մտերմիկ հաւաքոյթի ընթացքում երգերով եւ ասմունքներով ելոյթ ունեցան Նայիրի Դիլանեանը եւ երաժիշտ Վարդան Վահրամեանը: Բարերար ընտանիքի կողմից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ ընտանիքի հարազատ՝ Հենրիկ Ահարոնեանը, իր ուրախութեան անչափելի զգացումները արտայայտելով թաւրիզահայ համայնքին, Հ.Օ.Մ.-ին եւ ազգային իշխանութեան:

Գիշերւայ ուշ ժամին ներկաները հեռացան ազգային առաջնորդարանի շրջափակից, պատմական եւ յիշատակելի օր անցկացրած լինելու մեծ գոհունակութեամբ:

Յարակից լուրեր

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։