Հա

Համայնք

14/07/2019 - 10:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

«alikonline.ir» - Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

 

«Ամառնամուտը հազիւ տեսած եւ գարնան ձիւնհալի պատճառով ցեխոտ ճանապարհների չորացումը սպասելուց արդէն անհամբեր դարձած, շուտով մեր «կարօտի երկիր» Ղարադաղ մեկնեցինք, շարունակելու համար մեզ այնքան հետաքրքրող անցեալը, մեր թեմի այդ տարածաշրջանում նախապէս ապրող հայութեան:

 

Մուտք

Անգութ խաների եւ ճանապարհ կտրող աւազակների անապահով միջավայրում՝ Ղարադաղի անմատոյց լեռներում եւ անգտանելի ձորերում թաքնւած շէներում դարերով ապրած հայ գիւղացին, մի կերպ գոյատեւել էր, երբեմն ինքնապաշտպանութեամբ յաղթելով եւ երբեմն էլ գլուխ ծռելով իրենից աւելի զօրաւոր բռնատէրին:

Թաւրիզից մինչեւ Քալէյբար արդէն մեզ համար սովորական ճանապարհ է դարձել, յատկապէս Ղարադաղի նախկին հայկական գիւղերի այցելութիւն տալու մեր ճամբորդութիւնների շարանում: Այդ երկար ճանապարհը հատելուց յետոյ, Ղարադաղի Քէյւան գաւառակը գնալու համար, դէպի հարաւ-արեւմուտք 17 կմ. եւս տարաւ մեզ մեր ամենագնացը, որտեղից էլ թեքւեցինք դէպի արեւելք եւ 16 կմ. հողաքանդ ճանապարհից, դժւարանցանելի կածաններից անցնելով, վերջապէս հեռւում, ձորի մէջ տեսանք տների կտուրներ, որոնք մեծ մասամբ կարմիր ներկւած թիթեղներով էին ծածկւած: Իրանում վերջին տարիների նորութիւն է, որ ձիւնից ու անձրեւից գիւղական տները պաշտպանելու համար, գունագեղ՝ կարմիր, կապոյտ, կանաչ եւ տարբեր գոյնի թիթեղեայ ծածկերով են փակում տանիքները, որոնք հեռւից, յատկապէս ձորամիջի տներին տալիս են իւրայատուկ գեղեցկութիւն: Մեր տեսած այս գիւղը Բերդ գիւղն էր, որին հիմա տեղացիները թարգմանաբար ասում են «Քալալու» (Թրգմ.՝ «Բերդ ունեցող գիւղ»): Բերդ գիւղը ծովից 1310 մետր բարձրութեան վրայ է գտնւում:

Առաջին իսկ հայեացքից փշաքաղւեց մեր մարմինը, որովհետեւ հեռւո՜ւմ, կիր-ճի մէջ մենաւո՜ր ծւարած այս գիւղը յան¬կարծ տեսաւ մեզ եւ վաղեմի բարեկամ գտած լինելու սիրազեղ կարօտով սկսեց կան¬չել մեզ դէպ իրեն…: Ճանապարհի դժւարութիւնները մոռացանք: Ինքնաշարժը թափ էր տալիս իւրաքանչիւր փոսի եւ քարի հանդիպելիս, սակայն ո՞վ էր ուշադրութիւն դարձնում դրա տնքտնքոցին: Կարօտը չէր խնայում մինչեւ անգամ դրա անիւներին: Նա իր ցածի զսպանակները ջարդելու գնով արագութիւն էր հաւաքում իր վեց մխոցային ուժեղ սրտում, վայրկեան առաջ մեզ հասցնելու մեր հեռաւոր հարազատին, որպէսզի իրար վզին պլլւէինք:

Շրջանը բերրի հողով հարուստ է, դրա համար էլ տեղ-տեղ վաչկատուն ընտանիքներ (իլաթներ) իրենց վրանները լարած, անասնապահութեամբ էին զբաղւած, օգտւելով դալար մարգագետիններից եւ ջրառատ գետերից: Տեղ-տեղ էլ գիւղացիներ հազարաւոր փեթակներ էին տեղադրած զինւորական կանոնաւոր շարքերի նմանողութեամբ, լեռնային բազմատեսակ ծաղիկներով լեցուն բնութիւնից իրենց մեղուներին հրապուրելու եւ ապա նրանց պատրաստած առողջարար բարիքից օգտւելու:

Մեր ճանապարհի ընթացքին գիւղացիք ցոյց տւեցին մեզ մէկ բարձր լեռ, որը կոչւում էր «էրմէնի տաղի» (Թրգմ.՝«Հայկական լեռ»): Ստեփանոս Օրբելեանի 1513 թւին արտագրւած «Պատմութիւն Նահանգին Սիսական» գրքի յետեւում, հետագային աւելացւել են Տաթեւի վանքին պատկանող գաւառների անունները, որտեղ Սբ. Թադէի վանքի հետ այս գիւղն էլ արձանագրւել է «Բերդին յետեւն» անւանումով:

Բերդ գիւղի հիւսիսակողմում, շուրջ երկու կլմ. հեռաւորութեան վրայ, լեռների անմատոյց բարձունքում են գտնւում Ուրարտական «Աւարսին» բերդի աւերակները: Բերդը ծանօթ է նաեւ «Սղընի բերդ» անունով: Այստեղ ոտքով բարձրանալը 6-7 ժամ կը քաշի: «Աւարսին»-ի վեհ բարձունքից Բերդ գիւղը երեւում է կիրճի մէջ: Գիւղը «Աւարսին» բերդի ստորոտի փէշերին եւ դրա մուտքի յետեւի կողմի ձորակում լինելուն, մեր նախնիք իրենց նոր բնակավայրը անւանել են «Բերդին յետեւն»: Սոյն անունը դարերի ընթացքում փոփոխութեան ենթարկւելով եղել է «Բերդին», «Բերդիկ» եւ ապա՝ պարզապէս «Բերդ», իսկ այսօր թուրքերը իրենց գիւղն անւանում են «Քալալու», որը վերոյիշեալ տեղանունի իմաստը շատ չի՛ փոխում:

 

Հայասէր բերդցիները

Գիւղ հասանք առաւօտեան, երբ իւրաքանչիւր ոք պատրաստւում էր իր դաշտի աշխատանքին: Այսօր Բերդը թրքաբնակ գիւղ է: Օտարականներիս մուտքը տեսնելով իրենց գիւղ, մի քանի անձեր շուտով մօտեցան մեզ, հարցնելով մեր այստեղ յայտնւելուն պատճառը: Փաստօրէն այլ ճանապարհ չկար այնտեղից անցնելով գնալու: Ուրեմն կա՛մ շփոթւել էինք ու այսքան երկար ճանապարհ կտրելով հասել այստեղ, եւ կա՛մ մի բան էինք փնտռում աշխարհի այս վերջի կէտին…:

Գիւղի թուրք կանայք գոյնզգոյն շորերով հաւաքւել էին հսկայ թթենու տակ եւ մի քանի հոգով սփռոց էին պահել, իսկ ծառի վրայ բարձրացած տղամարդը ծառը թափ էր տալիս, սպիտակ թութը անձրեւի նման տեղացնելով սփռոցի մէջ:

Ծառի տերեւների մէջ կորւած տղամարդը, որ ցածում գիւղացիների հետ մեր խօսակցութիւնից իմացել էր մեր հայ լինելը, եւ թէ հայութեան արմատներ փնտռելու էինք եկել իրենց գիւղ, վերեւից հայերէն լեզւով ձայնեց, ասելով.

- Բար լօ՜ս:

Լացելու չափ յուզւեցինք աննախադէպ սոյն երեւոյթի դիմաց, երբ գիւղի հայաթափումից շուրջ 75 տարիներ յետոյ, մանաւանդ նկատի ունենալով որ այդ թւից մինչեւ այսօր ընդհանրապէս ո՛չ մէկ հայ էր այցելել սոյն գիւղը, գտնւեց մէկ անձ, որը վստահաբար իր մեծ ծնողներից սովորել էր հայերէն լեզւով արեւածագին բարեւելու նախադասութիւնը: Զարմանալին այն էր, որ նա իր մտքում էր պահել այս զոյգ բառերը, ճիշտ ա՛յս րոպէի համար, մեր այցի առիթով անթառամ ծաղկեփունջ իբրեւ մատուցելու դրանք մեզ…:

- Բար լօ՜ս, կերտէշ (Թրգմ. «եղբայր»),- պատասխանեցինք, հարցնելով թէ ուրիշ ի՞նչ նախադասութիւններ կամ գէթ բառեր իմանում էր նա հայերէն լեզւով: Դժբախտաբար իր իմացած բառերի միակ զոյգն էր այս մեր մայրենիից, որը գանձի նման վառ էր պահել նա իր յիշողութեան մէկ ջերմ անկիւնում:

Մարդը շուտով ցած իջաւ ծառից, մինչ թրքուհիները աման բերելով լցրեցին սփռոցի մէջ թափւած թթից եւ հիւրասիրեցին մեզ: Առանց չափազանցելու, մեղրի քաղցրութիւնից մի քիչ նւազ էր Բերդ գիւղի մուտքին, Հայոց եկեղեցուց քիչ հեռու հայերի կողմից անցեալում տնկւած այս թթենու պտուղը, որը անյագօրէն կերանք արշալոյսին:

Ղարադաղի այլ գիւղերում երբեմն մեր դիմագրաւած դժւարութիւնները, գիւղացիների դժկամակութեան եւ կամակորութեան իմաստով, այս գիւղում երբեք չունեցինք: Երախտագէտ էին սրանք, իրենց գիւղի նախկին տէրերի՝ հայերի հանդէպ: Մէկ առ մէկ ցոյց էին տալիս նրանք հարիւրաւոր տարիք ունեցող ընկուզենիներին ու թթենիներին, երբեմն զգուշութեամբ ակնարկելով ոգելից ըմպելիներին, որոնք հայեր անցեալում պատրաստում էին դրանց պտուղներից…: Երանի՜ էին տալիս այն օրերին, երբ հայերի հետ իրենց նախնիք ապրում էին բարի դրացնութեամբ եւ համերաշխ կեանքով: Անշուշտ նրանք պատմութիւնից անտեղեակ էին մեծաւ մասամբ, սակայն յատուկ ուրախութիւն կար նրանց աչքերում, հայերիս հետ հանդիպելու առիթով:

 

Բերդ գիւղի Սբ. Յակոբ եկեղեցին

Գիւղի մուտքի ճիշտ ձախին, դէպի կողքի ձորը խրւած վիճակում, գրեթէ ճանապարհի բարձրութեան հաւասարւած կտուրով, քառանկիւն մէկ շինութիւն կայ, այժմ սիմենտով ծեփւած եւ տանիքը ձիւթապատ արծաթագոյն թղթով ջրամեկուսացւած, որը Բերդ գիւղի Սբ. Յակոբ եկեղեցին է եղել: Կառոյցը այնպէս էլ աչքի չի՛ երեւում: Վստահաբար անցեալին խաչ էր ունեցել կտուրում, որով հասկացւում էր դրա եկեղեցի լինելը:

Ղարադաղի այլ գիւղերում գտնւող մեր եկեղեցիների ճակատագրից տարբեր չի՛ եղել այս եկեղեցու ճակատագիրը, որը դարձեալ, գիւղի հիմնադիր հայերի դէպի Հայաստան ներգաղթից (1946 թ.) տասնամեակներ յետոյ փոխակերպւել էր մզկիթի, պարզապէս խորանի բաժինը հարթացնելով եւ տանիքի խաչը ցած բերելով:

7x5 մետր տարածքով եւ երկուսուկէս մետր բարձրութեամբ այս շինութիւնը արտաքնապէս եւ ներքնապէս կորցրել է իր հնութիւնը, որովհետեւ արտաքին մասի գիւղական անտաշ քարերը ծեփւել են, հաւանաբար անձրեւի ջրի ներս թափանցումը կասեցնելու համար, իսկ ներքին պատերն էլ սպիտակացւել են լուսաւորութեան համար:

Ի դէպ, մեր այցելութեան օրը գիւղը ելեկտրական հոսանքով էր օժտւում…: Սիւները գցել էին եւ ելեկտրական ընկերութեան բանւորները բարձրացել էին դրանց վրայ եւ լարեր քաշում մէկից միւսը: Մեր հարցին թէ մինչեւ հիմա ինչպէ՞ս էին ապրում… նկատի ունենալով 21-րդ դարի պայմանները աշխարհում, նրանք մեզ զարմացրին ասելով, որ յատուկ սարքեր են տեղադրել իրենց կտուրներում, արեւի ճառագայթներից օգտւելու եւ գիւղը գիշեր ատեն լուսաւորելու նպատակով: Անշուշտ շատ թոյլ լուսաւորում էր դա ըստ իրենց պատմածի եւ այլազան գործիքների օգտագործման համար չէր բաւարարում դրա ուժը: Ուստի, պետական միջոցներով Բերդ գիւղն էլ մեր այցելութեան օրւայ երեկոյեան լուսաւորւելու էր ելեկտրական հոսան-քով:

Մեր թեմի արխիւատնում պահպանւած տոմարների համաձայն, 1902 թւին Բերդ գիւղի ծխատէր իբրեւ յիշւում է Տ. Մուշեղ քհնյ. Տէր-Մինասեանը, որը ստորագրել է գիւղում տեղի ունեցած բոլոր խորհրդակատարութիւնների չափաբերական մատեանում: 1927-ին, նոյն գիւղի իբրեւ ծխատէր յիշւում է Տ. Յովսէփ քհնյ. Տէր-Յովսէփեանը: Նկատելի է, որ Ղարադաղցի քահանաներից շատերը, ինչպէս վերոյիշեալ երկուսը, իրենց ազգանունների առջեւ ունեն «Տէր» մակդիրը: Այս բարացուցիչ է, թէ նրանք քահանայի որդիներ կամ թոռներ են, որոնք հին աւանդութիւնը պահպանելով, շարունակել էին իրենց գերդաստանի քահանայական շառաւիղը, այսինքն իսկական քահանայական տոհմի պատմութիւն էին ստեղծել իրենց ընտանիքի համար:

Ինչպէս հարեւան գիւղերում, այստեղ եւս մզկիթի վերածւած սոյն եկեղեցին անգործածելի վիճակում է գտնւում այժմ, հաւանաբար գիւղում կրօնաւորի չգոյութեան պատճառով: Մէկ այլ վարկած եւս անվարան կարող ենք արձանագրել այստեղ, որ նոյնիսկ այցելու կրօնաւոր ունենալու հնարաւորութիւնից է զրկւել Բերդ գիւղը, բաւական հեռու եւ դժւար հասանելի լինելու պատճառով:

 

Բերդ գիւղի հայոց գերեզմանատունը

Մեզ հետ զրուցող գիւղացիները, որոնք արդէն «ողորմի» էին տալիս իրենց գիւղի հիմնադիր հայերի հոգիներին, յատուկ երկիւղածութեամբ եւ յարգանքով մատնանշեցին հարաւային բլուրը, որի կէսերին էր տեղակայւած Հայոց գերեզմանատունը, հսկայ ընկուզենիների շւաքի տակ ցանուցրիւ տեղադրւած շիրմաքարերով: Արձանագրութիւն ունեցող քարեր եւ սովորական ժայռաբեկորներ լցրել էին զառիթափ գերեզմանատունը, որի միջից ջորու ճանապարհ էր բացւել:

Հազիւ բարձրացած գերեզմանաքարերի մօտ եւ շնչասպառ լինելուց յետոյ հագստանալու նախապատրաստւած, մեզանից առաջ հսկայ ընկուզենու շւաքին նստած գամփռը կոկորդային բարկացկոտ ձայներով իր ներկայութիւնը հաստատեց: Լեռներից գիւղ դիմող գայլերի առաջը միայն նման շուն կարող էր առնել, իսկ մենք կեանքում առաջին անգամ էինք հանդիպում այսքան կատաղած շան, որի ձեռքից պրծում չունէինք ըստ երեւոյթին: Մեր ընկերներից մէկը մեզանից առաջ էր բարձրանում, ուստի նախ նրա դէմ դիրքորոշւեց շունը, բերնում եղած բոլոր շնատամները ցուցադրութեան հանելով: Մեզ ընկերակցողը սակայն, քաջասիրտ որսորդ էր: Նա երբ տեսաւ շան շարժւելն ու յարձակւելը, ձեռքի երկաթեայ գաւազանով անխնայ սկսեց հարւածել նրա վզին եւ ատամներին: Երկաթը ատամներին զարնւելիս, յիշեցնում էր վարպետ դաշնակահարի բթամատով, ամբողջ ստեղնաշարի վրայ մէկ ծայրից միւսը վազելու երաժշտութիւնը, որ բոլոր ձայների ճաշակը միանգամից է տալիս հիփնոսացած ունկնդրին: Այնքան արագութեամբ եւ յաճախականութեամբ էր հարւածում նա, որ շունը երեւի ատամները խնայելու համար, իր պոչը հաւաքեց եւ հեռացաւ մեզանից: Այլապէս, այդ օրւայ մեր աշխատանքային ծրագիրը փչացնելու էր տեղի այս քաջ պահապանը, որի ականջներն էլ մանկուց հատել էին:

Յիշեալ գերեզմանատնում արձանագրութիւն ունեցող քարերի նորագոյնը 1908 թւին, վաթսուն տարեկան հասակում վախճանած Քոխայ (գիւղապետ) Մարտինին (Մարտիրոս?) է պատկանում, որի գերեզմանաքարի վրայ կարդում ենք հետեւեալ արձանագրութիւնը. «այս է դապան լուսահոք-/ի մարդի Քոխաի/ վախճան է 1908 թ/ վին քար ամեն 60/ հասագի»:

Գիւղում դպրոցի չգոյութեան փաստը նկատի ունենալով, տառական սխալների եւ այլ թերութիւնների հանդիպելուց, ներողամիտ աչքով ենք ընթերցելու բնականաբար տապանաքարերի արձանագրութիւնները: Վերոյիշեալ գրութիւնն էլ իր ժամանակի համար փառաւոր պիտի համարել, երեւի կիսագրագէտ տիրացուի կամ տեղի քահանայի ցուցմունքով քանդակւած այս քարի վրայ:

Շիրմաքարերից ոմանք, յատկապէս անմշակ ժայռաբեկորների տեսք ունեցողները, գերեզմանատան միջից բացւած ջորու ճանապարհի կողքին են մնացել, իսկ մի մասն էլ գլտորւել է զառիթափից ցած եւ վերջին շունչն է առել մեծ ընկուզենիների բունի մօտ, եւ նրանց զարնւելով այնտեղ կանգ առնելու բախտին արժանացել:

«Հոգւոց» մրմնջացինք մեր պապերի հանգստարանում, որտեղ վերջին անգամ երեւի ութ տասնամեակ առաջ հայի ոտք էր հպել եւ խունկ ու մոմ էր վառւել: «Ողորմի» տւեցինք նրանց, ովքեր իրենց կրծքով պաշտպանել էին շինական անզէն ժողովրդին, հոգով ու սրտով կառչած պապենական հողին եւ ազգային արժանապատւութեանը»:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։