Հա

Համայնք

21/07/2019 - 10:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ղասումաշէն գիւղում

Մեր թեմի տասնամեակներից ի վեր հայաթափւած տարածքներում, գաւառներում ու գիւղերում բազմաթիւ են այնպիսի յիշատակներ՝ եկեղեցիներ, դպրոցներ եւ գերեզմանատներ, որոնք պատմական անցեալի մշուշից դուրս է բերում թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հետազօտական այցելութիւններ տալով հեռաւոր շրջաններ: Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին Սրբազան Հայրը այցելեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը:

«alikonline.ir» - Մեր թեմի տասնամեակներից ի վեր հայաթափւած տարածքներում, գաւառներում ու գիւղերում բազմաթիւ են այնպիսի յիշատակներ՝ եկեղեցիներ, դպրոցներ եւ գերեզմանատներ, որոնք պատմական անցեալի մշուշից դուրս է բերում թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, հետազօտական այցելութիւններ տալով հեռաւոր շրջաններ: Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին Սրբազան Հայրը այցելեց Ղարադաղի նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

 

Մուտք

«Ղարադաղի լեռնային եւ անտառախիտ բնութեան նման խիստ եւ արահետանման ճամբաների պէս ոլորապտոյտ, տարածաշրջանի հայաբնակչութեան պատմութիւնն էլ ամէն անգամ մեզ առաջնորդում է դարձդարձիկ ճանապարհներից, մինչեւ գտնենք մեր փնտրած գիւղն, ուսումնասիրելու համար անցեալում այնտեղ ապրած մեր պապերի կեանքն, իր շօշափելի մանրամասնութիւններով:

Բնականօրէն գերեզմանաքարերը անխօս վկաներ են, երբեմն նոյնիսկ իրենց նւազած թւով: Իրենց ծանրութեան բերմամբ տեղից անշարժելի շիրմաքարերից պոկւած պատառիկներն իսկ չեն դադարում պատմել անցեալին ապրած մարդկանց մասին, իրենց վրայ մնացած հայերէն գէթ մէկ տառով...:

Երկուշաբթի, 15 յուլիս 2019 թ.-ին հասանք նախկին հայաբնակ Ղասումաշէն գիւղը: Թաւրիզից Քալէյբար հասնելուց յետոյ, այնտեղից բռնեցինք հարաւ-արեւմուտք ուղղութիւնը եւ ապա դէմքներս դարձրեցինք արեւելք, նոր ծագող արեւը ողջունելով իբրեւ աստւածապարգեւ շնորհք այդ օրւայ համար, եւ 48 կմ. լեռնային հողաքանդ ճանապարհի տաժանքը կրելով հասանք Ղասումաշէն: Ծովից բարձրութիւնը 1260 մետր է: Ճանապարհը վայրէջք էր տանում մեզ ոլոր-մոլոր քայլերով, որի իւրաքանչիւր պտոյտին, բնութեան հրաշալի մէկ տեսարան էր պարզւում մէկ աջ կողմի լեռների կախարդական գեղեցկութեամբ, մէկ՝ ձախ կողմի մոգական ծառերի եւ առասպելական մարգագետինների կանաչով: Այս հրաշալիքները դիտելու պահին, մէկ կողմից միշտ մտածում էինք, որ սրանք Շւէյցարիայո՞ւմ պիտի լինեն անպայման որ մարդիկ խօսեն, նկարեն, ալբոմներ հրատարակեն ու գովերգեն բնութեան շքեղութիւնը…: Աննման գեղեցկութեամբ Ղարադաղը, իր նախկին հայաբնակչութեան ճակատագրից հեռու չէ՛ այսօր իբրեւ բնութիւն: Երկուսն էլ դառն ու դաժան ճակատագրի զոհ են գնացել, իսկ բնութիւնը մինչեւ այսօր շարունակում է մնալ զոհի դիրքերում, հակառակ չքնաղ տեսքին եւ բնական հարուստ հանքերին՝ ոսկի, պղինձ, երկաթ:

Միւս կողմից ափսոսում էինք աշխարհում ցիրուցան ղարադաղցի հայերի համար, որոնք եթէ ապահովութիւն ունեցած լինէին իրենց պապենական գիւղերում, իրենց հողին կառչած էին մնալու եւ մեր ազգի համար խտացած մարդկային հարստութեան էին վերածւելու այս անառիկ լեռներում:

 

Հարազատ դիմաւորում Ղասումաշէնում

Ճանապարհի վերջին պտոյտն էլ հազիւ կատարած, երեւացին գիւղի տների կտուրները եւ մարդահասակ վայրի խոտերի միջից մեզ նայեցին երկու գիւղացիներ, իրենց տան դռան մօտիկ կանգնած: Բարեւեցինք իրար, իսլամական «Սելամ Ալէյքում» ողջունաձեւով:

Գիւղի հայկական անունը՝ Ղասումաշէն, նրանք թարգմանել էին «Ղասըմ Քենդի», որը պարզապէս թարգմանութիւնն է հայերէնի՝ «Ղասումի գիւղ», եւ գրել էին այն դէպի իրենց գիւղը տանող ճանապարհի դարձւածքի ցուցանակին:

Ստեփանոս Օրբէլեանի 1513 թ.-ին ընդօրինակւած «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքի վերջում աւելացւած գաւառների ցուցակում, Ղարադաղի գաւառներում գտնւած գիւղերի շարքում, Ղասումաշէնի հին անունը կարդում ենք «Իսախանի շէնն» կոչմամբ, որովհետեւ այն եղել է Մելիք Իսախանի ժառանգութիւնը: Հնաբոյր այս անւան փոփոխութիւնը շատ աւելի ուշ է տեղի ունեցել, երբ վերոյիշեալ Մելիքի ծոռներից մէկը Ղասումը իբրեւ ժառանգորդը իր պապիկի, ժառանգել է գիւղը: Գիւղատէրերի գլխաւոր դերակատարութիւնը իրենց գիւղում բնակւող եւ խաղաղ կեանքով ու վարուցանքով ապրել փափագող գիւղացու պաշտպանութիւնն էր հարստահարող խաներից եւ ինքնահռչակ ձորապետերից, որոնք իրենց գոյութիւնը պահպանում էին երկրագործ ժողովրդին թալանելով եւ նոյնիսկ սովամահ անելով, եթէ նկատի չունենանք նաեւ կատարւած սպանութիւնները, ցուցաբերւած ընդդիմութիւնների հետեւանքով:

1946 թ.-ի տւեալներով, շուրջ 35 տուն գոյութիւն ունէր Ղասումաշէնում, 210 հոգի բնակչութեամբ, իսկ այսօր՝ 2019 թ.-ին, շատ աւելի քիչ բնակչութիւն ունի գիւղը, շուրջ 20 տուն, որոնք բոլորն էլ թուրքեր են: Նրանք հայերի դէպի Հայաստան ներգաղթից յետոյ տիրացել են հայկական գիւղին, յատկապէս օգտւելու հայերի յարդարած արգաւանդ վարելահողերից:

Մեր բարեւին «Ալէյքում էլ-սելամ» պատասխանելու միջոցին, երկու գիւղացիների դէմքերի վրայ իւրայատուկ ուրախութիւն նշմարեցինք: Նրանք արդէն կռահել էին, որ մենք հայեր ենք: Այլապէս օտարականի արտաքինով մինչեւ այս խուլ անկիւնը ո՞վ էր գալու եւ ի՞նչ փնտռելու:

Նրանք անմիջապէս թէյով ուզում էին պատւել եւ հակառակ իսլամական օրէնքին, տուն էին հրաւիրում, իրենց կանանց պատւիրելով հիւրասիրել մեզ: Սակայն մենք ժամ չկորցնելու համար միայն սառը ջրով բաւարարւեցինք: Ըստ երեւոյթին հայերի հետ յաճախ էին հանդիպում այս մարդիկ վերջին տարիներին, մտածում էինք մենք, եւ չուշացաւ մեր գուշակութեան դրական պատասխանը: Մեզ դիմաւորողները ասացին, որ արմատներով ղասումաշէնցի մէկ հայ ընտանիք է եկել Թեհրանից եւ իր արձակուրդն է անցկացնում պապենական գիւղում…: Այս անհաւատալի մէկ դէպք պէտք էր համարել:

 

Հանդիպում ղասումաշէնցի հայերի հետ

Արմատներով ղասումաշէնցի հայերը զարմացել էին մեր ներկայութիւնից, ինչպէս մենք՝ իրենց ներկայութիւնից: Այս բնաւ մտքով անցնելու բան չէր բոլորիս համար:

Հօրենական կողմից ղասումաշէնցի Ռուբիկը իր կնոջ եւ զաւակների հետ ամէն տարի ամառը գալիս էր գիւղ մի շաբաթով եւ հիւրասիրւում այն տնում, որը իրենց հօրենական տունն էր եղել եւ որը վաճառել էին նրանք գիւղացիներից մէկին: Այնքա՜ն հարազատութիւն եւ ընկերութիւն էր ստեղծւել նրանց միջեւ, որ ընտանիքները բացւել էին իրար: Հողը՝ այգին, դաշտն ու արտը, գիւղի ջուրն ու օդը, մի խօսքով հայրենի գետինը ինք, եղբայրացրել էր երկու տարբեր կրօնների եւ երկու տարբեր ազգութիւնների պատկանող ընտանիքներին: Այս էր անակնկալ հրաշքը, որի վկան հանդիսացանք մենք Ղասումաշէնում:

Ռուբիկենք իրենց հետ Թեհրանից Ղասումաշէն էին բերել մինչեւ իսկ իրենց տան շնիկը, որը վայելում էր բոլորի խնամատարութիւնը: Արմատներով ղասումաշէնցին նաեւ զարմացրեց մեզ ասելով, որ առողջական որոշ խնդիրներ, որոնք նեղացնում են իրենց, ինքնաբերաբար լուծւում են այստեղ՝ գիւղում, եւ կազդուրւած հոգով եւ մարմնով վերադառնում են նրանք մայրաքաղաք՝ Թեհրան: Ի՞նչ է այս եթէ ոչ հողի ուժը, որի մասին ճառեր են արտասանւում, խորհրդապաշտական պատգամներ են տրւում բեմերից, որոնք բոլորն էլ մնում են գաղափարի սահմաններում: Հողի ուժը մարդ կարող է զգալ իր սեփական հողում, նրա վրայ կանգնած, նստած կամ պառկած դիրքով…:

 

Ղասումաշէն գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցին

Գիւղի մուտքին, ձախ կողմում գտնւում է Ղարադաղի գրեթէ բոլոր գիւղերի հայկական եկեղեցիների ճարտարապետական կառոյցը ունեցող քառանկիւն շինութեամբ եկեղեցին, որը ազգային առաջնորդարանի մեր տոմարներում արձանագրւած խորհրդակատարութիւնների էջերում ներկայացւում է Ս. Յովհաննէս անունով:

10x8 մետր տարածքով եւ երկուսակէս մետր բարձրութեամբ եկեղեցին քարաշէն է, լեռնային անտաշ սեւ քարերով կերտւած, որի տանիքը գերանահիւս եւ հողածածկ է: Եկեղեցին աւերակ վիճակում է գտնւում: Դուռը գտնւում է հիւսիս-արեւմտեան անկիւնում, իսկ դրանից մի քիչ հեռւում է գտնւում 2x2 մեծութեամբ մէկ պատուհան, որը շատ հաւանաբար աւելի ուշ բացւել է, երբ գիւղացիների ասելով, երկար տարիներ առաջ մզկիթի է վերածւել այն: Սակայն ներկայիս փլատակ է:

Եկեղեցու տանիքը, որի հարաւ-արեւմտեան մասը թափւել է, գերանասիւների վրայ է կանգնել: Վեց գերաններ պահում են տանիքի ծանրութիւնը, իւրաքանչիւրի վերեւի մասը այնպէս կիսակլոր դէպի յետ յղկւած, որ կարողանայ տանիքի կենտրոնական հաստ գերանը իր մէջ ընդունել, բթամատի եւ ցուցամատի կիսակլոր երկեղջիւր դիրքով:

Ի դէպ, արմատներով ղասումաշէնցի Ռուբիկը մեր ներկայութեան յանձն էր առնում եւ խոստում տալիս մեզ, վերանորոգել Ս. Յովհաննէս եկեղեցին, իսկ գիւղի մէկ այլ մասում նրանց համար նոյնանման տնակ սարքել իբրեւ մզկիթ:

 

Զիւադիր օջախը (սրբավայր)

Գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցուց բացի, տարեց ծերունին, որ մեզ դիմաւորող մարդու ծանր լսողութիւն ունեցող հայրն էր, պատմեց մէկ սրբավայրի մասին, որին հայերը Զիւադիր էին անւանում: Լեռների վրայ գտնւող բոլոր սրբավայրին Ղարադաղի հայերը ասում են օջախ:

Գիւղի հարաւակողմում երեւացող լեռան գագաթի հարթութեան վրայ դրա տեղը մատնանշելով, ծերունու որդին ասաց, թէ այնտեղ կար անանուն սուրբի գերեզմանաքար, հայերէն արձանագրութեամբ, որի վրայ հրեշտակներ էին քանդակւած: Սոյն գեղաքանդակ տապանաքարը, ըստ նրա ասածի, իր վերեւի մասում ունէր թաղակապ ծածկ:

Ծերունու որդին պատմում էր, որ հայերը ամռան ընթացքին հանդիպած տօն օրերին այնտեղ էին գնում, մատաղ էին անում եւ նոյնիսկ գիշերում այդ հարթավայրում: Մեր հարցին, թէ ինչո՞ւ չեն մնացել այս կառոյցի աւերակները այսօր, կամ չկայ այդ քանդակազարդ տապանաքարը, նա տխուր հայեացքով եւ դժգոհանքով ասաց, թէ գանձախոյզներ ամէն տեղ ոսկի են փնտռում, մինչեւ իսկ սրբերի գերեզմաններում…:

Ծերունին, որ լաւ չէր լսում մեր զրոյցը, շարունակում էր յիշել ղասումաշէնցի այն հայերին, որոնց ճանաչել էր իր երիտասարդութեան: Նրանց շարքին էին Արտեմին, Աշոտին, Երւանդին, Յարութիւնին, որոնց ազնւութեան մասին վկայում էր նա յուզւած:

 

Ղասումաշէն գիւղի հայոց գերեզմանատունը 

Գիւղի մուտքի ձախին, առաջին նեղ հողից բացւած ճանապարհը բարձրացնում է մեզ Ղասումաշէնի հայոց գերեզմանատան տարածքը: Տարբեր չափի քարեր, ոմանք խաչազարդ եւ արձանագրութիւններով, իսկ ոմանք սովորական անմշակ սալատապանների տեսքով փռւած են լեռնալանջի թեքութեան վրայ:

Ղասումաշէնցի հայերի եւ անձնապէս մեզ եւ մեր ընկերակիցների համար չափազանց յուզիչ եղաւ հոգեհանգստեան արարողութիւնը գիւղի գերեզմանատնում, հանգուցեալներ՝ Բենիկի եւ Ռուբէնի գերեզմանաքարերի առջեւ կանգնած, նրանց հարազատների ներկայութեան…: Զուգադիպութիւնները, ամէնից ճշգրիտ ժամադրութեամբ իսկ կարելի չի լինում նախօրօք տնօրինել:

Ղասումաշէնցի հայ ընտանիքը այնքան մոմ էր վառել, որ հնամաշ տապանաքարի երեսը ծածկւել էր հալւած մեղրամոմով: Իրենց հարազատները երկա՜ր էին սպասել որ նրանք այցի գային եւ մանաւանդ խունկ ու մոմ վառէր իրենց վրայ, յիշելով անցեալը, որ այս լեռներում ապրել էին իրենց նախնիք եւ փակել իրենց աչքերը բնական պարիսպներով շրջապատւած Ղասումաշէնում:

Տապանաքարերի նորագոյններից էր 1954 թ.-ին վախճանւած Հանազանդ Ղասեմեանի գերեզմանաքարը, որը ըստ երեւոյթին Մելիք Իսախանի ծոռան՝ Ղասեմի գերդաստանից լինելով, կրել էր Ղասեմեան ազգանունը: Նա ծնւել էր 1889 թ.-ին: Նրա շիրմաքարի վերեւի մասը, որտեղ նաեւ նրա պատկերն էր, ջարդել էին գանձախոյզներ եւ պոկել դրա վրայից մարմարեայ խաչը:

Դուրս էինք գալիս Ղարադաղի հողերից, երբ ծուխ նշմարեցինք կանաչապատ լեռների բարձունքում: Մեզ թւաց թէ ածուխ էին պատրաստում անտառում: Թաւրիզ հասնելուն, լուրերից իմացանք որ Ղասումաշէնի խիտ անտառներում հրդեհ էր բռնկւել եւ շուրջ 5 հեկտար վառւել էր...»:

Յարակից լուրեր

  • Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)
    Թաւրիզի Գ․ Հայագիտական գիտաժողով (Թաւրիզ-Ջուլֆա, 27 եւ 30 սեպտեմբեր 2019)

    Երրորդ տարին լինելով տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական գիտաժողովը, ուրբաթ 27 եւ երկուշաբթի 30 սեպտեմբեր 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարանում՝ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան կենտրոնատեղիում եւ Մաղարդայ Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում, թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր Ս․ եպս․ Չիֆթճեանի հովանաւորութեամբ եւ թեմի կազմակերպութեամբ, մասնակցութեամբ մէկ տասնեակ հայագէտների եւ յարակից բնագաւառների մասնագէտ ուսումնասէրների Թաւրիզից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Շւէյցարիայից եւ Թուրքիայից։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սարդու գիւղում

    Մեր թեմի նախապէս հայաբնակչութեամբ յորդուն բնակավայրերում՝ գաւառներում եւ գիւղերում գտնւող եկեղեցիների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 23 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Սարդու գիւղը, որը այսօր անմարդաբնակ եւ աւերակ է:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։