Հա

Համայնք

21/07/2019 - 10:40

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի Սկաուտական խորհրդի կազմակերպած բացօթեայ նախաճաշը

Ուրբաթ, 19 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 9-ից սկսած ազգային առաջնորդարանի այգում, բացօթեայ նախաճաշ էր կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաուտական խորհրդի խմբապետական կազմի նախաձեռնութեամբ, բարձր ճաշակով յարդարւած սեղաններով, համադամ տեսականիով որին ներկայ գտնւեցին թաւրիզահայեր:

«alikonline.ir» - Ուրբաթ, 19 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան ժամը 9-ից սկսած ազգային առաջնորդարանի այգում, բացօթեայ նախաճաշ էր կազմակերպւած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սկաուտական խորհրդի խմբապետական կազմի նախաձեռնութեամբ, բարձր ճաշակով յարդարւած սեղաններով, համադամ տեսականիով որին ներկայ գտնւեցին թաւրիզահայեր: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչ անդամների ներկայ գտնւեց նախաճաշին, քաջալերելով Սկաուտական կազմը, որի նոր եռանդը բացայայտ էր մեծաթիւ մասնակցութեամբ:

Ճոխ բուֆէի դասաւորումը տքնաջան աշխատանքով կատարել էին Սկաուտական կազմի երէց անդամ-անդամուհիները, որոնք նաեւ յատուկ վրան էին լարել տւել, արեւից պաշտպանելու համար հիւրերին: Սոյն առիթը եւ համայնքի զաւակների մտերմութիւնը բացայայտող խօսքերով, Սկաուտական խորհրդի խմբապետական կազմի անունից ներկաներին բարի գալուստ մաղթեց Շաքէ Մարգարեանը: Առաջնորդ Սրբազանը օրհնեց սեղանը եւ ապա հայկական մեղմ երաժշտութեան հաճելի նւագներով ժողովուրդը մօտեցաւ սեղաններին, վայելելու համար հիւրասիրւած նախաճաշը:

Սրբազան Հայրը այս առիթով խօսք առնելով, իր բարձր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան Սկաուտական խորհրդի պատասխանատուներին. «Բոլորս էլ ունենք մեր առօրեան, որը երբեմն այնքան խճողւած է, որ արեւածագից առաջ ոմանք փորձում են հասնել իրենց աշխատատեղիները: Այսպիսի առիթներ, այս ժամերին մենք ընդհանրապէս չունենք, իրար հետ ժամ անցկացնելու: Սկաուտական խորհուրդն է, որ տարին գէթ մէկ անգամ առաւօտեան այս հովին մեզ համախմբում է, միասին լինելու»,- ասաց Սրբազանը, գնահատելով երիտասարդական սոյն շարժման ղեկավարներին՝ մասնաճիւղի վարչութիւնից սկսեալ մինչեւ բոլոր յանձնախումբերը:

Համադամ նախաճաշից յետոյ շարունակւեց ժողովրդական խանդավառ հաւաքը, սկաուտական խաղերի կազմակերպումով: Բոլոր ներկաները, սկսած Սրբազան Հայրից, մասնակցեցին յատկապէս պարան ձգելու խաղին, որոնք սկաուտներ իրենք ղեկավարում էին: Կշեռքի գուշակման խաղի յաղթող յայտարարւեց Բաբգէն Մանուկեան:

Ծրագրի վերջին բաժնով, ներկաները հրաւիրւեցին մրգերի եւ քաղցրեղէնի վայելքին յատկացւած անկիւնը շրջափակի, որտեղ ներկաները տնական խմորեղէնի եւ այլ քաղցրաւէնիքների ճաշակը ստացան: Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութիւնը նոյն օր կէսօրին յատուկ ճաշով պատւեց բոլոր այն անդամներին, որոնք այնքան բծախնդրութեամբ պատրաստել էին նախաճաշի սոյն հանդիպումը թաւրիզահայութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։